HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նովոսելցովոյում վաղնջական ժամանակների կյանքով են ապրում

Լոռու մարզպետի կարգադրությամբ մարզի համայնքերում վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խումբը 2012թ. նոյեմբերի 30-ին մարզի Նովոսելցովո գյուղում պարզել է, որ համայնքապետ Ռուբեն Դավոյանը համայնքի բյուջեի «տրանսպորտային նյութեր» հոդվածով 2010թ. ծախսել է 100 հազար դրամ, 2011 թ.` 200 հազար, 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ 149,9 հազար դրամ: Համայնքապետի կատարած ծախսերը մեծ չեն, սակայն հարցն այն է, որ Նովոսելցովո համայնքի հաշվեկշռում գրանցված կամ վարձակալված ավտոմեքենա չկա:

Համայնքապետ Ռ. Դավոյանը հանձնաժողովին հայտարարել է, թե գնված բենզինը ծախսել է իր անձնական ավտոմեքենան համայնքապետարանի կարիքների համար օգտագործելու ընթացքում, սակայն իր փաստարկը հիմնավորող փաստաթղթեր չի ներկայացրել:

Ռուբեն Դավոյանը բյուջեի գումարներով, առանց հիմնավորող փաստաթղթերի, 2011թ. գնել է 150 հազար դրամի շինանյութ: Համայնքի բյուջեի ծախսումներից  հանձնաժողովը հայտնաբերել է նաև ֆինանսական այլ խախտումներ: Նովոսելցովո համայնքի բյուջեի 2012թ.-ի տարեկան եկամուտները կազմել են 5,7 մլն դրամ, փաստացի մուտքերը կազմել են 4,1 մլն դրամ: Ռուբեն Դավոյանը բյուջեի 66,5%-ը հատկացրել է աշխատավարձի վճարմանը, միաժամանակ փաստաթղթերով չի հիմնավորում մնացած 33,5%-ի ծախսումը:

Նովոսելցովոյի 200-ից ավելի բնակիչներն ապրում են վաղնջական ժամանակների կյանքով: Անանցանելի են գյուղ տանող և գյուղամիջյան ճանապարհները: Գյուղը մանկապարտեզ և դպրոց չունի: Դպրոցահասակ 16 երեխա սովորում է հարևան Սարատովկա գյուղի դպրոցում, որը Նովոսելցովոյից 5 կմ հեռու է:

«Գյուղում անգամ խանութ չունենք, տան պակասը գնելու համար կիլոմետրերով ճամփա ենք գնում: Մի երկու մետր հեռավորությամբ գազի տրուբեն ա գնում, մեկը չկա, որ ասի՝ էդ գործը բզի, առաջ գնա: Որ հարմարություն չկա, մարդիկ ո՞նց են գյուղում մնալու»,- ասում է Արտակ Անտոնյանը, ով Ռուսաստանում աշխատած  փողով է պահում գյուղում ապրող իր ընտանիքը:

Վերջին տարիներին Նովոսելցովոյում լուծվել է միայն ջրամատակարարման խնդիրը: «Ջրագիծ եմ սարքել, գյուղի զարգացման ծրագրով ենք սարքել, 62 մլն դրամ է ծախսվել»,- ասում է համայնքապետը: Ամեն տարի Նովոսելցովոյից 100 տղամարդ է մեկնում արտագնա աշխատանքի՝ գյուղի 620 գլուխ անասունի խնամքը թողնելով կանանց:

Համայնքապետարանը համայնքի զարգացման 2013-2016 թթ. քառամյա զարգացման ծրագիր չունի: Քառամյա զարգացման 2009-2012 թթ. ծրագրում Ռ.Դավոյանը համայնքի թույլ կողմերը համարել է համայնքի ճանապարհների և խմելու ջրի ներքին ցանցի անմխիթար վիճակը, գյուղում ծնելիության նվազումը, արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թիվը, հասարակական տրանսպորտի բացակայությունը և գյուղի կրթական ցածր մակարդակը:

Համայնքի ուժեղ կողմեր է համարել գյուղից 2 կմ վերև գտնվող տորֆի հանքը, գյուղի բնական ջրերի մեծ պաշարները, հանգստի գոտի ստեղծելու պայմանները, ջրային ավազահանքի առկայությունը և ձկնաբուծությունը զարգացնելու մեծ հնարավորությունը:

Ռոբերտ Դավոյանը իր պաշտոնավարման տարիներին այդպես էլ չի վերացրել համայնքի թույլ կողմերը, իսկ համայնքի զարգացման գործում առկա ուժեղ կողմերը նպատակային չի օգտագործել:

«Ալեզի» ՍՊԸ-ն Նովոսելցովոյին հարող Ձորագետ գետի վրա արդեն 7 տարի շարունակ կառուցում է «Տաշիր ՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանը: Վերջինիս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006թ. ապրիլի 19-ին  տված լիցենզիան ուժի մեջ է եղել մինչև 2008թ. ապրիլի 19: Լիցենզիան վաղուց կորցրել է իր ուժը:

«Հէկ-ի շինարարության տերն սկզբում Անդրանիկ Քարամյանն էր, հետո թողեց գնաց, հիմա Սերգեյ Մուրադյանն է գործ անում»,- ասում է Ռուբեն Դավոյանը: «Քարամյանը հէկ-ը վաճառե՞լ է Մուրադյանին»,- հարցնում եմ համայնքապետին: «Չի վաճառել, ինչ-որ հարցեր կային, թողեց-գնաց, փաստորեն»,- պատասխանում է Ռուբեն Դավոյանը:

Հէկ-ի գործարկման վերաբերյալ հանրային քննարկումների, սեփականատիրոջ փոփոխման և մի շարք այլ հարցերի համայնքապետ Ռուբեն Դավոյանը հստակ պատասխաններ չտվեց. «Դե, սա երկար խոսակցություն է, սա բնապաշտպանություն, ասենք ջուրը մերը չի արդեն: Ջուրն արդեն Անդրանիկ Անդրեասյանից է վերցնում: Մենք հէկ-ի տարածքն ենք տվել, 2005թ.-ից այդ գործարքը գնում ա»:

Համայնքապետը տեղյակ չէր նաև «Տաշիր ՀԷԿ-1»-ի կառուցելուց հետո գյուղին հարող Ձորագետի բնապահպանական ռիսկերից, սակայն ասաց, որ «Ալեզի» ՍՊԸ-ն իրեն հատկացված 2,15 հա հողի համար տարեկան 34 հազար դրամ հարկ է վճարում համայնքի բյուջեին:

Նովոսելցովոյի խնդիրների վերաբերյալ «Հետքը» մեկնաբանություններ խնդրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից: «Նովոսելցովոն բնակչության թվի հետ կապված, իրոք, խնդիրներ ունի: Մենք ունենք 16 համայնքներ, որտեղ նախադպրոցական և դպրոցական ուսուցման խնդիրը բաց է: Դա պայմանավորված է բնակչության ցածր թվաքանակով: Շատ լուրջ խնդիր է: Հետագայում միգուցե գնանք նրան, որ համայնքի համար մի միկրոավտոբուս գնելու միջոցով կազմակերպենք երեխաների ուսուցման գործը»,- ասաց մարզպետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter