HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Երևանում տրոլեյբուսի միակ կին վարորդը վթարներից խուսափելու համար միշտ զիջում է

Երևանում 10 համարի տրոլեյբուս նստող ուղևորները վաղուց արդեն ընտելացել են, որ վարորդը կարող է նաև կին լինել: Շատ ուղևորներ տրոլեյբուսի միակ կին վարորդ Էմմա (Էլմիրա) Մանյանին ասում են, որ հեռվից տեսան՝ ղեկին ինքն է, այդ պատճառով որոշեցին տրոլեյբուս նստել, թե չէ ուրիշ տրանսպորտից էին օգտվելու: Հաճախ են ուղևորները մոտենում ու հաճոյախոսում կին վարորդին:

Մինչդեռ 32 տարի առաջ, երբ Էմման Մանյանը նոր էր սկսել տրոլեյբուս վարել, թե տղամարդ, թե կին ուղևորները վատ էին վերաբերվում: «Իրենք էն աստիճան զարմացած էին, էն աստիճան չէին ընդունում կին վարորդին, որ նույնիսկ հենց դեմը վիրավորում էին: Մենակ իմ մասին չի խոսքը, բայց ինձ նույնպես վիրավորում էին, որ կին է ու վարորդություն է անում, «ո՞նց, քեզ գործ չե՞ս ճարել, եկել ես, ի՞նչ գործ ես անում»»,- պատմում է 60-ամյա Էմմա Մանյանը:

Ղեկին լինելը նրա մանկության երազանքն էր, որը երբեք չփոխվեց, և ճանապարհը նրան բերեց դեպի տրոլեյբուս: Ծնունդով ալավերդցի տիկին Էմման հիշում է, որ երբ ինքը փոքր էր, Ալավերդիում Ռիմա անունով մի աղջիկ հացի մեքենա էր վարում: Էմմայի մայրն էլ կռունկավար է աշխատել երկար տարիներ և դստերն ամեն ինչով օգնել է, որ հասնի սիրած աշխատանքին:

Երբ Էմմա Մանյանը նոր էր սկսել տրոլեյբուս վարել, ևս մի քանի կին վարորդ կար: «Նրանցից ընդամենը մեկը թե երկուսը դիմացավ 8 տարի: Երևի չսիրեցին, կամ իրենց համար չէր էս աշխատանքը: Իրենք իմ նման չէին երազել: Կամաց-կամաց մնացի մենակ ես»,- ասում է Էմմա Մանյանը:

Երևանում տրոլեյբուսի մոտ 50-60 տղամարդ վարորդ կա՝ գումարած դեպոյի աշխատողները: Արդեն քանի տարի է, տղամարդ վարորդներն իրենք են կազմակերպում և հենց պարկում նշում միակ կին վարորդի տարեդարձը, իսկ տիկին Էմմայի 60-ամյակը «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի ղեկավարությունը նշել է մեծ շուքով: «Ես իմ ընկերական շրջապատից շատ գոհ եմ: Ոչ մեկից մի հատ թթու խոսք չեմ լսել»,- ասում է Էմմա Մանյանը:

Նա օրական կատարում է 6 պտույտ և «Երևանի էլեկտրատրանսպորտին» ամեն օրվա վերջում պետք է վճարի 14.500 դրամ հասույթ, որը երբեմն չի հավաքվում: Տիկին Էմման ստանում է 65-75 հազար դրամ աշխատավարձ: «Առավոտ՝ ժամը 7:10, մտնում եմ գիծ, իրիկունը՝ 7:30, դուրս եմ գալիս»,- ասում է նա:

Եթե տիկին Էմման հնարավորություն ունենար ուրիշ մասնագիտություն ունենալու, ապա նորից կընտրեր տրոլեյբուսի վարորդի աշխատանքը: Բայց նաև շատ է սիրում կինոարվեստը: Դերասան դառնալը եղել է մեկ այլ երազանք: Էմմա Մանյանը խաղացել է Ալավերդու թատրոնում, երգել ժողգործիքների համույթում: Բայց «ղեկն ավելի ուժեղ եղավ»:

Էմման Մանյանը կարգավորում է տրոլեյբուսի հոսանքընդունիչը

Տիկին Էմման ունի 3 երեխա ու 7 թոռնիկ: Ժամանակին Էմմայի աղջիկն ուզել է շարունակել մոր աշխատանքը, բայց մայրը թույլ չի տվել: Հետո էլ 17-ամյա թոռը՝ Վաչիկն է ուզել շարունակել տատիկի աշխատանքը, բայց տատը նորից չի համաձայնել:

«Ասեցի՝ չէ, բալես: Ոչ միայն տրոլեյբուսը, այլ ընդհանրապես վարորդությունը հիմա մեր քաղաքում շատ դժվար գործ է դառել: Ինչ իմանամ, վթարներից մեկը իմ էրեխուն բաժին չի հասնի: Վախեցել եմ դրանից: Ես շատ դժվարությունների մեջով եմ անցել, մինչև էս հարգանքին, էս սիրուն արժանացել եմ: Ուղղակի էդ դժվարությունները չեմ ուզում՝ իրեն բաժին ընկնեն»,- ասում է Էմմա Մանյանը:

Վաչիկն արդեն մոռացել է տրոլեյբուսի մասին և զբաղվում է տատի մյուս սիրած աշխատանքով՝ դերասանությամբ. սերիալներում է նկարահանվում: Տիկին Էմման ասում է, որ ուրեմն Վաչիկն իր չափ չի սիրել տրոլեյբուսը:

32 տարվա ընթացքում շատ վթարներ են եղել տիկին Էմմայի տրոլեյբուսի մասնակցությամբ, այդ թվում նաև՝ տիկին Էմմայի սխալի հետևանքով, բայց, բարեբախտաբար, ոչ մի մարդ չի տուժել:

«Փառք Աստծու, միայն ժեշտին է եղել: Եթե կլինի վարորդ ասի՝ ես դեպք չեմ արել, չհավատաք: Մինչև դեպք չանեն, վարորդ չեն կարող դառնալ: Մեր մեքենան շատ մեծ է. պատկերացրու՝ մի հատ մեքենայի վրայով անցնեմ. էդտեղ ի՞նչ կլինի: Ուղղակի աշխատում ենք ամեն անգամ զիջողի դերում լինենք: Տղաներն էլ են շատ զգույշ և լավ են վարում: Մերոնց նման նորմալ քշող չկա»,- ասում է տրոլեյբուսի վարորդը:

Եթե տիկին Էմման Երևանի երթևեկություն դրվածքը փոխելու իրավասություն ունեցող պաշտոնյա լիներ, ապա առաջին հերթին այնպես կաներ, որ խախտում անողը միանգամից պատժվեր՝ անկախ նրանից՝ «ոսկի՞», թե՞ սովորական համարանիշով մեքենա է, տրոլեյբո՞ւս է, թե մարդատար թանկարժեք ավտոմեքենա:

«Կամերաներ են դրել: Ես էնքան էլ չեմ հավատում դրան, որովհետև մարդիկ լավ էլ խախտում են, էդքան գումար որտեղի՞ց են տալիս: Պետք չի, որ կամերաներ դրվեն: Պետք է, որ մարդու ուղեղում լինի կամերան, որ մարդը իմանա՝ ինքը քշում է մարդու, մեքենայի վրա, մեքենան կջարդի, ինքը չի իմանում՝ ներսը զոհ կլինի՞, թե՞ չէ»,- ասում Էմմա Մանյանը:

Նա համարում է, որ քաղաքի երթևեկության մեջ ամենակարևոր տրանսպորտը տրոլեյբուսն է, քանի որ դրանից օգտվում են մեծահասակները, մշտական տոմս ունեցողները, հիվանդները, աղքատները, հաշմանդամություն ունեցող անձինք:

«Նրանք մեր ավագներն են եղել, մեր նախնիներն են եղել: Նրանց հանդեպ ես հարգանք չեմ տեսնում: Աղբի արկղի մոտ ես տեսնում եմ հերթ կանգնած, ու սիրտս շատ է ցավում, բայց ոչինչ անել չեմ կարող: Ես պապիկ ուղևորներ շատ ունեմ, որ իրենք անտեր են: Ծերերին ոչ մեկը հաշվի չի առնում: Եթե ես սեփական մեքենա քշեի, ես կկանգնեի, իրենց կվերցնեի, կտանեի-կբերեի»,- ասում է տրոլեյբուսի վարորդը:

Հաճախ, երբ տիկին Էմման տեսնում է, որ տարեց ուղևորն ինքնուրույն չի կարողանում տրոլեյբուս բարձրանալ կամ իջնել, իսկ օգնող չկա, ղեկը թողնում, մոտենում և օգնում է: Հաճախ էլ, երբ վարորդը տեսնում է, որ տրոլեյբուսում նստած երիտասարդներն իրենց տեղը չեն զիջում մեծահասակներին, ինքն է ասում, որ «մի հատ տեղ տվեք»:

Տիկին Էմման զարմանում է, որ երբ ինչ-որ ծերունի փորձում է ձեռնափայտի շարժումով կանգնեցնել երթուղային տաքսին, վարորդը չի կանգնեցնում՝ մտածելով, որ այդ ուղևորը վճարունակ չէ: «Ախր իրենց սրահում ուղևորներ կան, գոնե նրանցից ամաչեն, գոնե ցույց տան ձևական, որ հարգում են մեծերին»,- ասում է տրոլեյբուսի վարորդը:

Շատ է լինում, որ ուղևորները մոտենում են տիկին Էմմային և ասում, որ ուղեվարձը չեն կարող վճարել: Վարորդը նրանց ասում է, որ «չկա՝ չկա, դրանով աշխարհը չի փլվելու»: Լինում է հակառակը. ուղևորն ունի մշտական տոմս, բայց անպայման ուզում է վճարել վարորդին: Ոմանք մշտական տոմսի վրա ուղեվարձի հետ կոնֆետ են դնում:

«Ասենք թե մի մեծ բան չի, չէ՞, բայց ես էնքան եմ գնահատում դա: Էդ մարդու սրտից անցավ, որ ինձ հյուրասիրի: Դա հնարավոր չի չգնահատել: Համ էլ տղաներից ես համարյա չեմ էլ լսում, որ իրենց կոնֆետ կամ ամառը միրգ հյուրասիրեն, իսկ ես հաճախակի եմ ստանում»,- ասում է կին վարորդը:

Տրոլեյբուսում վեճեր, նույնիսկ կռիվներ շատ են եղել, հատկապես երբ հարբեցողներ են նստում: Տիկին Էմման ստիպված է հարթել այդ միջադեպերը, կարգի հրավիրել ուղևորներին: Երբեմն, երբ վարորդն է նյարդայնացած լինում, ուղևորներն իրար ասում են, որ կինը օրական հազար մարդու հետ է շփվում, իրենք ճանաչում են իրենց վարորդին: «Էնքան գոհ եմ, չեք պատկերացնի: Էդտեղ իմ շնորհակալությունը հայտնեք իմ ուղևորներին»,- ասում է Էմմա Մանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter