HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ֆլեյրինգը պարտադիր չէ, բայց ցանկալի է

Ելենան պատրաստվում է ամբողջ կյանքում բարմեն լինել

«Բարմենների մեջ արտահայտություն կա, ասում են` եթե քեզ հարցնում են «Ի՞նչ ես անում», ու դու ասում ես «Ես աշխատում եմ բարմեն», ուրեմն դու բարմեն չես: Եթե քեզ հարցնում են «Ի՞նչ ես անում», դու պիտի ասես «Ես բարմեն եմ»»,- ասում է 24-ամյա Ելենան ու հավելում, որ իսկական բարմենը աշխատանքից առաջ եւ հետո էլ մտածում է կոկտեյլների ու բարի մասին, երազում կարող է ինչ-որ նոր կոկտեյլ տեսնել:

Ելենան 3 տարի է` բարմեն է աշխատում, Բարմենների ասոցիացիայի անդամ է եւ նշում է, որ Հայաստանում եւս 4 աղջիկ բարմենի է ճանաչում: Ելենան երազել է բարմեն դառնալու մասին, բայց Հայաստանում երբեք աղջիկ բարմենների չի տեսել ու մտածել է, որ դա միայն տղայի աշխատանք է:

Նա պատահաբար հանդիպել է հայտարարության, որ պահանջվում է բարմենի օգնական աղջիկ, եւ որոշել, որ կարեւորը բարի ներսում լինելն է: Ելենան սկսել է բարմենի օգնական աշխատել Բարմենների ասոցիացիայի անդամ Արտյոմ Խաչունցի մոտ ու բացահայտել, որ անհնարին բան չկա` աղջիկն էլ կարող է բարմեն լինել:

«Չեմ ասում, թե հիմա մեծ բարմեն եմ, բայց նրա համար, որ ես հիմա կարող եմ ինձ բարմեն կոչել, կանգնել «ստոյկայի» հետեւում կամ, ասենք, նույնիսկ մրցույթի մասնակցել, Արտյոմ Խաչունցի վաստակն է, ով ինձ սովորեցրել է»,- իր ուսուցչի մասին պատմում է Ելենան:

Երբ նա առաջին անգամ բար է մտել` որպես բարմենի օգնական, ընդամենը երկու խմիչքի մասին գիտեր` մարտինիի եւ հայկական շամպայնի, բայց բարում միայն վիսկիի 20 տեսակ է եղել:

Ելենան ստացել է այլ մասնագիտություն` սոցիալ-մշակութային սերվիս եւ տուրիզմ: Բայց երբեք չի աշխատել իր մասնագիտությամբ եւ արդեն չի էլ պատրաստվում: «Ցանկալի է, որ աշխատանքը մարդու համար միայն փող վաստակելու միջոց չլինի, մասնագիտությունը լինի ապրելակերպ, մտածելակերպ: Բարմենությունը իմ ապրելակերպն է»,- ասում է Ելենան:

Երկար ժամանակ աշխատող բարմենը հաճախորդի տեսքից կարող է հասկանալ, թե նա ինչ խմիչք է ուզում, ինչ տրամադրություն կամ նույնիսկ ինչ խնդիր ունի: «Դեսպանատան աշխատողների նման, որոնք դեմքից արդեն հասկանում են` ով է ուզում փախչի, ով չի ուզում»,- կատակում է Ելենան:

Մարդիկ կան, ովքեր բար են գալիս պարզապես խոսելու համար: Նստում են բարի կանգնակի մոտ ու ժամերով պատմում իրենց անձնական կյանքը: Ելենան լսում է նրանց` թեկուզ լսելու միջոցով օգնելու համար, փորձում մտնել նրանց դրության մեջ:

Իսկ այն հաճախորդներին, ովքեր ուղղակի ուզում են «ցույց տալ իրենց» ու պատմում են իրենց հողամասերի, առանձնատների մասին, Ելենան ստիպված է լսում, քանի որ չի ուզում նեղացնել: «Բարմենը պիտի հոգեբան լինի»,- ասում է Ելենան: Նրա սենյակի ամբողջ հատակը շշերով է ծածկված:

Նա մասնակցել է Բարմենների ասոցիացիայի կազմակերպած ֆլեյրինգի (flairing) դասընթացներին, բայց հիմա ինքնուրույն է պարապում: Ֆլեյրինգը բարմենական արվեստ է, երբ բարմենը խմիչքը մատուցում է հետաքրքիր ձեւով` շիշը, սառույցը, գործիքները օդ նետելով եւ պտտեցնելով: Անցյալ տարի Ելենան առաջին անգամ մասնակցել է բարմենների միջազգային մրցույթի հայաստանյան ընտրական փուլին:

Նա միակ աղջիկն է եղել մրցույթի մասնակից բարմենների մեջ եւ իր զբաղեցրած 3-րդ տեղը մեծ արդյունք է համարում: «Բարմենությունը ինձ համար արվեստին մոտիկ բան է»,- նշում է Ելենան: Նա ուզում է ավելի կատարելագործվել ֆլեյրինգի եւ կոկտեյլներ պատրաստելու մեջ:

Ֆլեյրինգ. օդ թռչող շշեր, հմայված հաճախորդներ

Ֆլեյրինգը սկսել է զարգանալ 150 տարի առաջ, երբ Պրոֆեսոր մականունով ամերիկացի բարմեն Ջերրի Թոմասը (Jerry Thomas) նկատեց, որ մարդկանց դուր է գալիս, երբ ինքը շիշը, սառույցը, գործիքները օդ է գցում, հետո նոր խմիչքը լցնում բաժակի մեջ:

Շատ ավելի ուշ` «Կոկտեյլ» կինոնկարի (1988 թ., դերերում` Թոմ Քրուզ, Բրայան Բրաուն) էկրան բարձրանալուց հետո, ֆլեյրինգն ավելի հանրաճանաչ դարձավ: Շատերը ֆլեյրինգը նույնացնում են կրկեսում ձեռնածության հետ:

Սակայն 2009 թ. հիմնադրված «Բար-շոու» ֆլեյրինգի զարգացման ՀԿ-ի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը նշում է, որ դա սխալ պատկերացում է, եւ կրկեսում չկոտրվող առարկաներով են ձեռնածություն անում, իսկ բարմենն աշխատում է լիքը եւ ապակե շշերով:

Ֆլեյրինգը շատ զարգացած է ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Չինաստանում, Թայվանում, Ճապոնիայում, Ավստրալիայում: Վերջին տարիներին սկսել է զարգանալ Ռուսաստանում: Ֆլեյրինգին տիրապետելը պարտադիր չէ բարմեն աշխատելու համար: Աշոտի խոսքերով` Հայաստանում ֆլեյրինգին չտիրապետող բարմեններն ավելի շատ են:

Ֆլեյրինգի երկու տեսակ կա` աշխատանքային ու ցուցադրական: Աշխատանքային ֆլեյրինգի ժամանակ շշի կեսից ավելին լիքն է: Ցուցադրական ֆլեյրինգ հիմնականում անում են բեմի վրա, մրցույթների ժամանակ: Այս դեպքում շշի մեջ խմիչքն ավելի քիչ է` 30-70 միլիլիտր, քանի որ շիշն անընդհատ պտտվում է, շարժումներն ավելի բարդ են եւ անկանոն: Ֆլեյրինգի ժամանակ շիշը միշտ բաց է:

Բարի այցելուներին հատկապես ոգեւորում է կրակով արվող ֆլեյրինգը: Շշի ծայրին հատուկ կտոր է ամրացվում, որը սպիրտային խմիչքի հետ սկսում է այրվել: Կրակ ստանալու համար վառելանյութ չի օգտագործվում: Կրակով արվող ֆլեյրինգը բարդ է եւ վտանգավոր. այն կարող է անել միայն երկար տարիների փորձ ունեցող բարմենը:

Կրակն օգտագործվում է նաեւ որոշ կոկտեյլներ պատրաստելիս: Կան, այսպես կոչված, երկար եւ կարճ խմվող կոկտեյլներ: Երկար խմվող կոկտեյլը խմում են ձողիկով, րոպեների ընթացքում: Կարճ խմվող կոկտեյլ է, օրինակ, B52-ը (անվանումն առաջացել է համանուն ռմբակոծիչ ինքնաթիռից):

B52-ը լցվում է փոքր բաժակի մեջ, վառվում է, եւ կրակը հանգելուց հետո խմվում է մեկ ումպով: Կարճ խմվող կոկտեյլների մեջ թունդ ալկոհոլային խմիչքներ (աբսենտ, սամբուկա, կուանտրո լիկյոր) կան, որոնք այրվելու հատկություն ունեն: Կարեւոր է, որ հաճախորդը տեսնի, թե ինչպես է կոկտեյլն այրվում:

Հայաստանում ալկոհոլային խմիչքների օգտագործման մշակույթը ցածր մակարդակի վրա է: «Բար-շոու» ՀԿ-ի փոխնախագահ Սամվել Ասոյանի խոսքերով` մարդիկ չգիտեն, թե ինչի համար են վիսկին, ջինը, ռոմը, ծանոթ են միայն օղուն, գինուն, գարեջրին ու հայկական կիսաչոր շամպայնին:

«Չգիտեն, թե կոկտեյլը ինչ բան է, ինչի համար են խմում: Իրենց համար մեկ է. այնքան որ իրենց տրամադրությունը բարձրացնի, կամ արյունները սկսեն եռալ: Օրինակ` կարող է սեղան գցեն ընկերական շրջապատում, մի քանի լիտր օղի խմեն: Բայց այդ մի քանի լիտրի փոխարեն մարդը, օրինակ, կարող է 100-150 գրամ որակյալ վիսկի, ինչ-որ ռոմ կամ խառնուրդ խմել. ավելի լավ տրամադրություն կտա, ավելի հանգիստ կլինեն, չեն արբի, չեն սկսի խնջույքից հետո իրար ծեծել եւ այլն»,- ասում է Սամվելը:

Միաժամանակ նա նշում է, որ Հայաստանում կոկտեյլները թանկ արժեն: Օրինակ, եթե 50 գրամ վիսկու ինքնարժեքը մոտ 700 դրամ է, ապա Հայաստանում բարեր կան, որտեղ այդ 50 գրամը 3 անգամ թանկ` 2.000-2.500 դրամով է վաճառվում: Շատերը նախընտրում են նույն գումարով մեկ շիշ օղի գնել:

Հայաստանում բարմենն աշխատում է օրական 12-13 ժամ եւ միջինը ստանում 6.000 դրամ աշխատավարձ: Բարերի տերերը որպես բարմեն աշխատանքի են ընդունում այն մարդուն, ով ավելի քիչ աշխատավարձ է պահանջում: Սրա հետեւանքով սպասարկման մակարդակն իջնում է:

«Իսկ, օրինակ, Եվրոպայում երբ իմանում են, որ դու բարմեն ես, բոլորը սկսում են քեզ հետ շփվել, որովհետեւ սրճարանի, բարի տերը բարմեն է վերցնում խելացի, զարգացած, ակտիվ, ավելի դրական, խարիզմատիկ, շփվող մարդուն»,- ասում է Աշոտը:

Հայաստանյան բարերում սպասարկման որակը եւ բարմեն-հաճախորդ հարաբերությունները, Սամվելի խոսքերով, «դեռ վետերոկի մակարդակից չեն բարձրացել». հաճախորդներն ընդամենը ուտում-խմում եւ անգամ կոպտում են սպասարկման ոլորտի աշխատողին, իսկ վերջինն էլ սպասում է, թե երբ է տվյալ հաճախորդը թեյավճար թողնելու եւ գնալու:

«Բար-շոու» ՀԿ-ն կազմակերպում է ֆլեյրինգի դասընթացներ, որոնց հատուկ հրավիրում է աղջիկների: Սամվելի խոսքերով` հատկապես բեմական ֆլեյրինգ շոուների ժամանակ աղջիկների կարիք կա:

«Քանի որ Հայաստանում զարգացած չի, աղջիկները կոմպլեքսավորված են: Այս բնագավառում տեղ չկա ամաչկոտ աղջիկների համար, որովհետեւ ամեն աշխատանք, ամեն մի փորձ իրենց համար դժվարություն է լինելու: Զանգում են, խոսում ենք, հասկանում ենք, որ տվյալ աղջիկը չի կարող այստեղ լինել: Շատերը շատ հեշտ, մակերեսային են պատկերացնում այս աշխատանքը»,- նշում է Սամվելը: Իսկ տղաների համար ֆլեյրինգի դասընթացներ «Բար-շոուն» կազմակերպում է 2009 թ.-ից:

Արամի երազանքը լավագույն ֆլեյրինգիստ դառնալն է

Արամը 1 տարի է` ֆլեյրինգ է սովորում «Բար-շոու» ՀԿ-ում, այդ ՀԿ-ի անդամ է: Նա մոտ 3 տարի է, ինչ զբաղվում է բարմենությամբ: Նորաբաց սրճարանները, ակումբները, կարաոկեները, դիսկոտեկները նրան հաճախ են հրավիրում` ֆլեյրինգ ցուցադրելու եւ կոկտեյլներ պատրաստելու: Արամը բարմեն է աշխատում գիշերային ակումբում եւ երկու օրը մեկ է աշխատանքի գնում, որ ցերեկները կարողանա ֆլեյրինգ սովորել:

24-ամյա Արամի երազանքը ֆլեյրինգի աշխարհի որեւէ հեղինակավոր մրցույթի մասնակցելը եւ 1-ին տեղը զբաղեցնելն է, գոնե լավագույն հնգյակի մեջ ընդգրկվելը:

Նա նշում է, որ առնվազն 3-4 տարի պետք է ֆլեյրինգ պարապի` միջազգային մրցույթում արդյունքի հասնելու համար. այդպիսի մրցույթներում հաղթած բարմենները երկար տարիներ են պարապել:

Աշխարհի ամենահայտնի բարմեններից մեկը` ֆլեյրինգի աշխարհի մրցույթների բազմակի հաղթող, արգենտինացի Քրիստիան Դելպեշը (Christian Delpech) մոտ 15.000 դոլար է պահանջել` Հայաստան գալու եւ ելույթ ունենալու համար: Հայկական կողմը չի կարողացել վճարել նրան:

Ֆլեյրինգի ժամանակ հաճախ շշերը կոտրվում են, երբեմն վնասում բարմենին: Մեր հարցազրույցի ժամանակ Արամի աչքի տակ կապտուկ կար, իսկ ձեռքին` քերծվածքներ: «Դե, չես կարող խուսափել էդպիսի բաներից, ինչքան էլ զգույշ լինես: Ես նորմալ եմ վերաբերվում, եթե, ասենք, մի հատ թեթեւ վնաս լինի»,- ասում է Արամը:

Նա օրը 6.000-8.000 դրամ է աշխատում, բայց իր աշխատավարձը պատկերացնում է առնվազն 10.000 դրամ, քանի որ լուրջ ուսումնասիրում է ֆլեյրինգ, որը յուրահատուկ հմայք է տալիս բարմենի աշխատանքին ու գրավում հաճախորդներին: Ֆլեյրինգի պարապմունքների մեջ մտնում է նաեւ մասնագիտական գրականություն կարդալը եւ խմիչքների պատմությունը սովորելը:

«Եթե դու բարմեն ես աշխատում, քո գործը միայն այն չէ, որ սուրճ եփես, ինչ-որ հյութ լցնես կամ թեյ սարքես: Պետք է իմանաս, ասենք, որ խմիչքը ինչ համի է, որը որտեղ է արտադրվել, արտադրության պրոցեսը ինչպես է, որ հաճախորդին պատասխանես, ինքն էլ գոհ մնա: Առանց դրա` դու չես կարող լավ բարմեն լինել»,- ասում է Արամը եւ հավելում, որ այդ գիտելիքներն անհրաժեշտ են, որ հանկարծ բարմենը չասի, թե տեկիլան կակտուսից են պատրաստում: Իրականում տեկիլան պատրաստվում է ագավայից, որը նույնպես Մեքսիկայում աճող բույս է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter