HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ելենա Խաչատրյան. Եվրոպայի չեմպիոն, ով երազում է ներկայացնել Հայաստանը

Բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստի Եվրոպայի չեմպիոն Ելենա Խաչատրյանի երազանքը Հայաստանի դրոշի տակ աշխարհի չեմպիոն դառնալն է: 27-ամյա Ելենան Գերմանիայում բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստի բաց ու փակ առաջնությունների չեմպիոն է և այդ երկրի դրոշի տակ է դարձել Եվրոպայի չեմպիոն:

Ելենային Գերմանիայից հիմա էլ առաջարկում են վերադառնալ, շարունակել մարզումները Ֆրանկֆուրտի թիմում և Գերմանիան ներկայացնել բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի առաջնությանը, բայց Ելենան չի համաձայնում և 3 տարի շարունակ Հայաստանում դեռևս ապարդյուն հովանավոր է փնտրում:

«Նույն եռանդով և նույն ուժով ես շարունակում եմ հովանավոր փնտրել: Ես ասում եմ՝ դա ուղղակի ժամանակի հարց է»,- հույսը չի կորցնում Ելենան՝ չնայած վերջին մենամարտը 3 տարի առաջ է անցկացրել, երբ վերադարձավ Հայաստան: Խնդիրը բարդանում է նրանով, որ Հայաստանում չկա բրազիլական ջիու-ջիթսուի ֆեդերացիա:

Ով Ելենային ճանաչում է, խորհուրդ է տալիս դիմել Գագիկ Ծառուկյանին: Այս 3 տարվա ընթացքում Ելենան իրեն հովանավորելու խնդրանքով նույն նամակը Գ.Ծառուկյանին ուղարկել է այն բոլոր տեղերը, որտեղ հնարավոր է կապ հաստատել վերջինի հետ. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե, Ազգային ժողով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, նույնիսկ Կոնյակի գործարան:

«Քանի որ ես ոչ մի պատասխան չեմ ստանում, ըստ այդմ հասկանում եմ, որ իմ նամակները տեղ չեն հասնում, որովհետև կարելի է նաև գրավոր կամ հեռախոսազանգով ասել՝ «մենք հետաքրքրված չենք»: Թեև, անկեղծ ասած, ինձ շատ քիչ բաներ կարող են զարմացնել, բայց նման բանը ինձ հաստատ կզարմացնի, որ, ասենք, այդքանից հետո չփորձեն զանգահարել, ասենք՝ օրինակ, «մենք հետաքրքրված չենք»»,- ասում է Ելենա Խաչատրյանը:

Նա կարծում է, որ ինչպես սովորաբար լինում է ջիու-ջիթսու մարտարվեստում, ինքն էլ մինչև 30-33 տարեկանը կկարողանա դուրս գալ գորգ և հաղթել: Ելենան ընդհանուր սպորտի մարզչի մասնագիտություն է ստացել Գերմանիայի սպորտի ինստիտուտում: Նա սկսել է մարտարվեստով մարզվել 15 տարեկանում Էջմիածնում, իսկ մեկ տարի անց դարձել Հայաստանի ջիու-ջիթսու մարտարվեստի բաց առաջնության չեմպիոն:

Ելենան մարտարվեստը համարում է մի ուրիշ աշխարհ: «Ես զգում էի, որ դա իմն է, ու որ ես ինձ կարող եմ դրսևորել սպորտային կյանքում: Դա երազանք էր: Ճիշտ կռվելու ունակությունն էր ինձ գրավում, ոչ թե, ասենք, փողոցային ինչ-որ կռիվներ: Ես ինքս էնպիսի անձնավորություն եմ, որ ինչ-որ մի տեղ տեսնեմ ինչ-որ մեկին նեղացնում են և այլն, կմոտենամ, կհարցնեմ: Այ, եթե հարկ լինի, այդ ժամանակ կարելի է նաև ցուցաբերել մարտարվեստային ունակությունները»,- պատմում է Ելենան և հավելում, որ մինչ այժմ կարիք չի եղել, որ իր ուժը կիրառի գորգից դուրս. բառերով ասել է, և իրեն հասկացել են:

Երբ ծնողներն իմացան, որ Ելենան մարտարվեստն է ընտրել որպես մասնագիտություն ու ճանապարհ, հարգեցին այդ որոշումը: Բայց Էջմիածնում դպրոցի ուսուցիչներից ոմանք Ելենային խորհուրդ տվեցին. «Դու բավականին լավ ես սովորում՝ մարզիկ դառնալու համար: Ընտրիր սպորտի հետ կապ չունեցող մասնագիտություն»: Ելենայի համար վիրավորական էր ուսուցիչների այն տեսակետը, որ եթե մարդ խելք ունի, ուրեմն կարիք չկա, որ սպորտով զբաղվի:

Ելենա Խաչատրյանն անցկացրել է ավելի քան 20 պրոֆեսիոնալ մենամարտ և ոչ մի պարտություն չի կրել: «Ամեն հաղթանակից հետո երբեք չեմ մտածել՝ ես հաղթեցի, վերջ, ինձանից լավը չկա, ես արդեն կարող եմ հանգիստ ձեռքերս-ոտքերս ծալել և նստել: Բացարձակապես: Երբ ես չցանկանամ արդեն մենամարտել, այդ ժամանակ ձեռքերս կծալեմ և կնստեմ՝ առանց սպորտային նորարարությունների: Հաղթանակը ինձ միշտ մղել է նոր հաղթանակների: Ես զգացել եմ այդ մարզումների արդյունքը, բայց ես մարզվել եմ դրա համար, ես տանջվել եմ դրա համար, և ես նույն տեմպով շարունակել եմ տանջվել, որ մյուս հաղթանակներին էլ հասնեմ»,- ասում է Ելենան:

Հարավային Գերմանիայի առաջնության ժամանակ Ելենան տեսավ, որ դահլիճում մենամարտելու պատրաստվող մարզուհիներ չկան, միայն մարզիկներ են: Ֆեդերացիայի նախագահը Ելենային հայտնեց, որ իր հետ մենամարտելու համար գրանցված մարզուհիները չեն եկել, և մենամարտերի վերջում իրենք գավաթը կտան Ելենային: Ելենան ասաց, որ ավելի լավ է մենամարտի ու պարտվի, իսկ հենց այնպես իրեն տրված գավաթը չի վերցնելու:

Քիչ անց ֆեդերացիայի նախագահն առաջարկեց, որ Ելենան մենամարտի տղամարդ մարզիկի հետ: Հարավային Գերմանիայի առաջնության ժամանակ պատահածը բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստում առաջին դեպքն էր, երբ կին մարզիկը մենամարտում է տղամարդ մարզիկի հետ:

«Տղամարդը ֆիզիկապես ավելի ուժեղ է: Դե, աղջիկը ինչքան էլ մարզվի, բնական է՝ տղայի նման ֆիզիկապես ուժեղ չի լինի: Ես արդեն իմ ենթագիտակցության մեջ գիտեի, որ ես ֆիզիկապես իր հետ մրցելու հնարավորություն չունեմ: Ես իր հետ աշխատում էի տեխնիկապես, այսինքն՝ ինքը միշտ ուզում էր ինձ ուժով սաստել, իսկ ես տեխնիկապես դուրս էի գալիս այդ ուժի տակից: Ինքը փորձեց ինձ գցում կատարել, ես տեխնիկայով այնպես արեցի, որ չընկա գցումը, այլ ինքը ընկավ, ես միանգամից դիրքը պահեցի, հետո արդեն ձեռքի կոտրող հնարքով հաղթեցի, հանձնվեց»,- պատմում է Ելենան:

Այժմ նա աշխատում է պետական ուսումնական հաստատության անվտանգության ծառայությունում որպես անվտանգության աշխատակից: Անվտանգության ծառայության մնացած բոլոր աշխատակիցները տղամարդ են: Ելենայի պարտականություն է պահպանել կարգուկանոնը, կանխել ուսանողների շրջանում վեճերն ու միջադեպերը:

Անվտանգության տղամարդ աշխատակիցները հրազեն են կրում են, իսկ Ելենան՝ էլեկտրաշոկ ու մահակ և չի տիրապետում հրազենի: «Ճիշտն ասած, ներկա պահին չէի էլ ցանկանա, որովհետև ես չեմ պատկերացնում ինձ ինչ-որ մեկի վրա կրակելիս: Ես ավելի շատ կարող եմ մենամարտել հենց ձեռքերով, քան ինչ-որ մեկի վրա կրակել: Քանի որ ես աղջիկների պահպանությամբ եմ ավելի շատ զբաղվում, ես, օրինակ, չեմ պատկերացնում, որ ինչ-որ աղջկա ես կարող եմ կրակել»,- ասում է նա:

Մահակն ու էլեկտրաշոկը ևս Ելենան դեռ չի կիրառել որևէ մեկի դեմ և հուսով է՝ «էդպես էլ կշարունակվի»: Էլեկտրաշոկին դիմելը նա ծայրահեղ միջոց է համարում, քանի որ դա կարող է մարդու առողջությանը մեծ վնաս հասցնել:

«Քանի որ ինձ ճանաչում են սպորտային տեսակետից, մարդիկ էնպիսի տպավորություն ունեն, որ ես բոլորին ծեծելով ման եմ գալիս: Բայց ինչի համար՝ չգիտեմ: Հետո որ շփվում ենք, իրենք ժամանակի ընթացքում ասում են. «Ելեն, գիտե՞ս, սկզբնական շրջանում ես պատկերացնում էի՝ քեզ հետ խոսել չի լինի բացարձակապես»: Եթե ֆիզիկապես ուժեղ ես, չի նշանակում, որ պետք է ներխուժես ուրիշների կյանք և ֆիզիկապես իրենց նեղություն պատճառես»,- ասում է Ելենան:

Եղել է, որ որոշ տղաներ վախեցել են Ելենայի ուժից: Ելենան սկզբում չէր ուզում հավատալ, որ տղան կարող է վախենալ աղջկա ուժից, բայց հիմա ընդունում է, որ իրենից «իրոք վախեցել են»: Նա այդ տղաներին բացատրում է, որ «ինչքան էլ ես ուժեղ լինեմ, դու տղա ես, դու ինձանից ուժեղ ես, ի՞նչ կապ ունի՝ ես ինչքան եմ մարզվել. ես աղջիկների համար եմ ուժեղ, բայց քեզ համար՝ այդքան էլ չէ»:

«Երբ ասում են՝ տղա, իմ ենթագիտակցության մեջ արդեն պատկերացնում եմ ինչ-որ ուժեղ անձնավորություն, բաց որ կան թույլ աձնավորություններ, ես չեմ փորձում պատկերացնել»,- ասում է Ելենան:

Չնայած իր ֆիզիկական ուժին՝ նա ավելի կարևոր է համարում հոգեպես ուժեղ լինելը, և եթե ընտրություն կատարելու լիներ, ապա կնախընտրեր հոգեպես ուժեղ լինել: Ելենան ասում է, որ ոչ միշտ է գործածում իր ֆիզիկապես ուժը, իսկ կյանքում կան այնպիսի որոշումներ, որոնք կայացնելու համար անպայման պետք է հոգեպես ուժեղ լինես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter