HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի կնոջ պատմություն

Տատը շանը Թիֆլիս էր տարել՝ ցորենի հետ փոխելու, հետն էլ մի քանի մանր-մունր բան՝ սուջուխ, հոնի մուրաբա, որ գոնե էրկու կոպեկ էլ փող ունենա: Չէր դիմացել, կոնֆետի խանութ էր մտել ու շշմել, թե ասեղնագործ օձիքով կինն ինչպես է միանգամից մի ամբողջ կիլո շոկոլադ գնում:

«Վայ թե էրեխեքը չգիտեն էլ, որ բացի «մոմպասիից», շոկոլադ էլ կա աշխարհում»,- անցել էր մտքով ու միանգամից որոշում կայացրել, որ ինքն էլ իրավունք ունի տնեցիներին ուրախացնել: Միայն թե խանութպանը խորհուրդ է տվել. «Էդ քեզ համար չի, մոքիր, ավելի լավ է՝ բարձիկ կոնֆետ առնես»:

Մեկ ուրիշը պատմեր, չէր հավատա, որ էդ պահին կարող էր էդքան համարձակություն ունենալ ու ամբողջ չորս ռուբլիի վճարել… մի քանի հարյուր գրամ «Весна» շոկոլադի համար: Չի էլ մտածել՝ ի հեճուկս խանութպանի՞, թե՞ իր բախտի. գնեց կոնֆետը՝ ծախսելով անգամ ավտոբուսի հետդարձի տոմսի փողն ու ստիպված եղավ իրենց գյուղ՝ Բրանեն, ոտքով հասնել:

Երբ տուն մտավ, արդեն կեսգիշեր էր: Հանկարծ ոտքերին քսմսվելով ինչ-որ կենդանու մռմռոց լսեց: Սկզբում մտածեց, թե հոգնածությունից աչքին տեսիլքներ են երեւում, բայց երբ ավագ դստեր անկողնու մոտ հանգչող ճրագը մոտեցրեց անկոչ հյուրին՝ հազիվ զսպեց ուրախությունը. 14 կիլո ցորենի հետ փոխած շունը փախել էր նոր տիրոջից ու իրենից առաջ տուն հասել: Չէր հիշում, թե վերջին անգամ երբ էր այդքան երջանիկ եղել: Անգամ վախեցավ, որ չլինի առավոտ քնով անցնի ու չկարողանա աղջիկներին զարմացնել շոկոլադով:

Անձայն բարձրացրեց ամուսնու անկողնու վերմակի մի անկյունը եւ մի կերպ տեղավորվեց թախտի եզրին: Ամուսնու Ցար մականվան մասին միայն գյուղում չէ, որ լեգենդներ էին պատմում. նա «ճորտատիրական» կարգեր նաեւ տանն էր հաստատել, ու ոչ ոք չէր կարող անգամ ժպտալ, եթե Սլագեդանի Սարոն հավես չունի:

Հազիվ էր հոգնած ոտքերը մի քիչ հանգստացրել, հանկարծ մտաբերեց, որ ավագ դստերը խոստացել էր շուտ արթնացնել. գուլպաների ունեցած չունեցած մի զույգ «պադվիսկաների» հերթը նրանն էր, չորս քույրերից օրը մեկը հագնում էր, բայց անկարգ Հասոն մեկ- մեկ հաջողացնում էր շուտ արթնանալ ու հերթը խառնել:

Մարուսն էդ օրերին շատ տխուր էր. Պապն արգելել էր մթնով դաս սովորել, ասելով, թե ավելորդ նավթ են վառում, գրքերը պատուհանից շպրտել էր, իսկ առավոտյան նկատել, որ էշը կերել էր գրքերը:

Նրանց ժամացույցը Սեթո պապն էր. Գիշերվա որ ժամին էլ արթնանում էր, կանչում էր աղջիկներին. «Էլ քունս չի տանում, ժամն է, վեր կացեք»:

Քանի անգամ են հարեւան Կողբ գյուղ հասել, որտեղ դպրոցն էր, երբ դեռ կեսգիշեր էր: Ոնց էր երազում Մարուսը, որ մի օր վերջապես էդ ամենը կավարտվի: Չստացվեց: Էդ տարվա մեղրն առնող չեղավ, չկարողացավ Երեւան գնալ ու ընդունելության քննություններին մասնակցել: Հաջորդ տարի էլ երկու քույրերն ավարտեցին. մայրը կտրուկ պայման դրեց՝ էնտեղ ընդունվեն, որ ուսման տարիները չորսից չավելանան:

Երկու քույրերով մանկավարժական ընդունվեցին. «շուստրի» Հասոն հաջողացրեց անասնաբուժական, բայց հաջորդ տարի արդեն ավագ քույրը ստիպված եղավ հեռակա փոխել, որովհետեւ Ցար Սարոն որոշել էր, որ կրտսեր դուստրը բժիշկ պիտի դառնա ու իր ոտքերի քամին բուժի:

Լուռ ու մունջ Լուսիկի հույսն էլ էն էր, որ մի օր կամուսնանա ու այս ամենի մասին անգամ հիշողություններ չի պահի: Ոնց ուրախացավ, որ սիրահարվեց աշխարհից հեռու մի գյուղացի երիտասարդի. անգամ ուշադրություն դարձնելու ժամանակ էլ չունեցավ, որ էդ գյուղում զարմանում էին, թե ներքնակի վրա քնելուց առաջ շոր են փռում. Էմմա մորքուրը դեռ երբ էր, որ Թիֆլիզից իրենց համար սավաններ էր բերել…

Չտրտնջաց անգամ, երբ պղնձե կժով մի քանի կիլոմետրից ջուր էր կրում: Միայն մի անգամ նեղսրտեց, որ ջուրն անխնա են օգտագործում. սկեսուրն ութ ամսական հղի կնոջ աչքի առաջ հենց փողոցում դատարկեց կուժն ու հրամայեց. «Դե հիմա նորից լցրու, որ էլ կարգադրություններ չանես»:

Չէր էլ կարա, անգամ հանդիմանել չէր կարող, թե ինչպես է, որ առաջնեկն իրեն էդպես էլ մայրիկ չկանչեց. տան մոր միակ տիտղոսակիրը սկիսուրն էր, ու քանի գլուխ ուներ ամուսինը, որ օրացույցում տոն օրերի մասին նշումներ կատարեր, շշուկով անգամ գոնե տոնի մասին խոսեր: Չէ՜, ինչ նվեր, էն ե՜րբ էր, որ ունեցած չունեցած միակ մատանին ծախեցին ամուսնու հորեղբոր թաղման ծախսերի համար:

Տարիների հետ տոնական օրերի խորհուրդն էլ մոռացավ, վրա հասան անգամ ժամանակներ, երբ ամեն ինչ կտար, միայն թե չտեսներ, թե ինչպես են գործընկեր կանանց դեմքերը փայլում տոնի հաջորդ օրերին. եթե նվեր էլ չէին ստացել, գոնե մի գիշերը նրանց երջանիկ լինելու հույս էր ներշնչել…

Միայն մի անգամ ամուսինն ուշ երեկոյան տուն եկավ այն ժամանակ շատ հայտնի «Красни Москва» օծանելիքի տարբեր տարողությամբ մի ամբողջ տուփով: Չնկատեց էլ, որ ամուսինը չափից ավելի հարբած է. կայծակի արագությամբ մտքի մեջ բաժանեց սրվակներն ու ձեռքը մեկնեց առաջին իսկ պատահածին. «Շուտ չե՞ս ոգեւորվում, էդ մեկը հաստատ քոնը չի»: Մեխանիկորեն ափի մեջ առավ երկրորդ սրվակը, հետո երրորդը, չորրորդը… Անգամ ամուսնու ձայնը չլսեց. «Թող բոլորը վերցնեն, եթե քեզ հասնի, նոր… »:

Հիշում է միայն, որ գյուղական տան պատշգամբում օծանելիքի խտացված հոտը խեղդում էր կոկորդը. գլխապտույտը չէր թողնում հասկանալ կատարվածը: Կամաց-կամաց կարծես թե հիշողությունը տեղի տվեց, եւ մտաբերեց, թե ինչպես զայրութից մեկը մյուսի հետեւից դատարկեց օծանելիքի շշերը: Անգամ ամուսնու ձեռքի ծանր հարվածից չընկրկեց: Սթափվեց միայն տարիներ անց, երբ մի օր դեմքին շպրտեցին, թե անգամ ծաղիկներ ստանալու համար արժանի պետք է լինել. ինչ երեխաներ պարգեւելու մասին է խոսքը. աշխարհը քեզնով չի ավարտվում, արգանդ ունենալ ու ծնել կարող են նաեւ ուրիշ կանայք:

Ճիշտ էին: Չէր կարող առարկել: Փոխարենը ստիպված էր ընդունել, որ բոլոր կանայք ծնելու, սնելու կարողություն ունեն ու ինքը դրանցից մեկն է: Ընդամենը: Կարեւոր չէ՝ ում համար: Անգամ կարիք չկա մտածելու, որ դու կարող ես Ուրիշ լինել գոնե մեկի համար:

Ու ինքն արդեն չի հավատում բոլոր այն կանանց, ովքեր ավելի շատ ինքնախաբեության համար լուսանկարվում են ամսագրերում, կեղծ ժպտում էկրանին, հանդիսույթներին, թե իրենք միակն են, թե իրենց գիշերը հեչ էլ սուտի-մուտի չի: Չի կարող էդպես լինել, քանի բոլոր կանայք երջանիկ լինելու իրավունք ունեն, քանի երիցուկներով էլ «սիրում է, չի սիրում» վիճակ հանող տղամարդիկ չկան, քանի ուրախանում ենք, երբ տուն ենք դառնում ու տեսնում, որ մեզ ընտելացրածներն արդեն տանն են…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter