HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Օքսանայի հաջողության մեկնարկը հայկական կինոյում՝ «140 դրամ»-ով

Սրճարանում Օքսանան «խոստովանեց», որ նույնիսկ պատվեր տալու համար իր իմացած հայերենը չի հերիքում, ու ծիծաղեց: Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում է ապրում, բայց այս ընթացքում իր անելիքների մեջ չի մտցրել հայերեն սովորելը: Հայաստանյան միջավայրին հարմարվելու փոխարեն, ասում է, փորձել է հասկանալ այն: Արդյունքում, «զգացել է, որ ինքը պատկանում է այստեղին»:

Օքսանան ծնվել է Բաքվում: Հայրը բաքվեցի է, մայրը՝ Սյունիքի Քարահունջ գյուղից: Սումգայիթյան դեպքերի ժամանակ ընտանիքը գաղթել է Հայաստան: Այնուհետև նրանք փախստականի ապաստարան են ստացել ԱՄՆ-ում ու մեկնել Դետրոյթ քաղաք: Օքսանան մեծացել է Դետրոյթում. 23 տարի այնտեղ է ապրել:

«Գիտեք, ես ինձ տանն եմ զգում ամեն տեղ, շուտ եմ հարմարվում, սովորում,- ասում է նա,- դա երևի նրանից է, որ անընդհատ տեղափոխվել ենք: Բայց շատ եմ մտածել, թե ինչ է հայրենիքը: Ես սիրում եմ Հայաստանում ապրելը, որովհետև այստեղ գտել եմ մարդկանց,  որոնց հետ կարողանում եմ քննարկել ինձ հետաքրքրող ծրագրերը: Այսինքն՝ ինձ համար հայրենիքը լեռները չեն, ինձ այստեղ պահում են մարդիկ, որոնց հետ ես ինձ կապված եմ զգում»: Սկզբում, ասում է, դժվար էր, ամեն կողմից հայրենակիցները «անհասկանալի բացասական տրամադրվածությամբ» հարցնում էին, թե ինչու է ինքը եկել Հայաստան:

Ինչու ամերիկյան թրիլլերի դերասանուհին որոշեց գալ Հայաստան

Օքսանան ինքնուրույն է գտել ԱՄՆ-ից Հայաստան գալու «ճանապարհը»: 2011թ. իմացել է «Birthright Armenia» («Դեպի Հայք») ծրագրի մասին, որը հովանավորում է երիտասարդ սփյուռքահայերին գալ ու ապրել Հայաստանոււմ՝ այդ ընթացքում նրանց պարտավորեցնելով զբաղվել կամավորական աշխատանքով: Որոշում է դիմել ծրագրին ու «փորփրել այն միջավայրը, որտեղ իր արմատներն են»: Մինչև Օքսանայի հետ զրուցելը դիտել էի ամերիկյան «Մայքլ Սմիթի մահը» (“The Death of Michael Smith”) թրիլլերից հատվածներ, որոնցում օրիորդ Վարենի (Miss Warren) դերը խաղում է Օքսանան: Ֆիլմը հաջողություն է ունեցել, 2007թ. մրցանակ է շահել նոր կայացող ռեժիսորների ու դերասանների համար նախատեսված Սլեմդանսի ֆիլմերի փառատոնում:

Սևամորթ խաղընկերոջ կողքին ֆիլմում այնքան են ընդգծվում Օքսանայի հայկական դիմագծերը, որ դրանց հետքերով ԱՄՆ-ից Հայաստան հասնելը թվում է նույն ֆիլմի բնական «շարունակությունը»:

Հայաստան գալու առաջին ամիսներին Օքսանան կամավորական աշխատանքով է զբաղվել Երևանի «Բարս մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայում: Կամավորական սկզբունքներով երկրորդ աշխատանքը «Հայաստանի մանուկների հիմնադրամում» էր: Այնտեղ լուսանկարչական դասընթացերի ծրագիր է իրականացրել Մյասնիկյան գյուղի (Արմավիր) երեխաների համար: Այս աշխատանքի ընթացքում էլ որոշում է, թե ինչ սցենար է ունենալու իր ապագա ֆիլմը:

«140 դրամ»

Փոքրիկ Էդոն առաջին անգամ գնում է խանութ: Պետք է քրոջ համար կաթ առնի: Մայրը նրան տալիս է տան վերջին փողը`140 դրամ: Խանութում պարզվում է, որ 140 դրամը քիչ է, որովհետև կաթն արդեն  թանկացել է: Էդոն կանգնում է սառնարանի առաջ ու նայում է կաթի տուփին: Եվ երբ վաճառողը մի պահ դուրս է գալիս խանութից,  արագ վերցնում է կաթի տուփը, թաքցնում է բլուզի տակ, իր 140 դրամը դնում է վաճառողի սեղանին ու վազելով հասնում տուն: Տանը մորը ոչինչ չի պատմում գողության մասին, բայց երեկոյան չի իջնում բակ խաղալու:

«140 դրամ» ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Օքսանան է: Պատմում է, որ երբ արդեն գրել էր սցենարը, սկսում է գումար հայթայթել «Քիքսթարթեր» օնլայն դրամահավաք հարթակում, որը ստեղծված է` դոնորների առցանց ներդրումների միջոցով ստեղծագործական տարբեր ծրագրեր հովանավորելու համար: Հարթակում հովանավորների միջոցով Օքսանան մոտ 7000 դոլար գումար է հավաքում, որով էլ կարողանում են սկսել ֆիլմի նկարհանման աշխատանքները: Նկարահանումները կատարվել են Երևանում՝ Շենգավիթում, դերասանները հայեր են, աշխատակազմի անդամները` նույնպես: Վերջնական մոնտաժման աշխատանքները կատարվել են ԱՄՆ-ում:

15 րոպեանոց ֆիլմի սցենարը ծնվել է Մյասնիկյան գյուղի երեխաների հետ աշխատանքի ժամանակ՝ պատմում է Օքսանան, երբ տեսնում էր, թե «փոքրիկները որքան են զգում այն միջավայրը, որում ապրում են»: Ֆիլմում Էդոն գողություն անելուց հետո չի իջնում բակ խաղալու. միանգամից մեծանում է ու որոշում է չխաղալ: Նրա «հասուն պահվածքը»  բնական է՝ ասում է Օքսանան: Պատմում է, որ երբ Մյասնիկյանում երեխաների հետ լուսանկարչական ծրագիր էր իրականացնում, ուզում էր ոչ այնքան նրանց լուսանկարել սովորեցնել, որքան տեսնել, թե երեխաների աչքն ինչ է նկատում այն աշխարհում, որտեղ  ապրում են, և ասում է, որ նրանք կարողանում են «գիտակցել իրենց սոցիալական վիճակը»: Էդոն երեխա է, բայց «գիտի, որ ինչ որ բան տեղի է ունեցել, վատ է զգում, շփոթված է»: «Եվ ես ոչ թե ուզում եմ պատմել, թե որքան աղքատ է այդ ընտանիքը, այլ ցանկացել եմ ցույց տալ միջին խավի հային, ով ամեն վայրկյան կարող է «ընկնել», բայց գոյատևում է»,- ասում է Օքսանան:

«140 դրամ» ֆիլմը 2012թ. պատվավոր մրցանակի է արժանացել նաև Տորոնտոյում (Կանադա) անցկացվող հայկական «Նուռ» 7-րդ ամենամյա կինոփառատոնի ժամանակ: 

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը «140 դրամ»-ն  ընտրել է որպես Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքում մարտի 16-23 կայանալիք միջազգային կինոփառատոնի  մասնակից ֆիլմ  «Սփյուռք. Ատոմ Էգոյանը և Հայաստանը» անվանակարգում: Այս անվանակարգում մրցող ֆիլմերը չորսն են` Ատոմ Էգոյանի «Արարատ», Սերգեյ Փարաջանովի «Սայաթ Նովա», Ռոբերտ Գոդիկյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» և Օքսաննա Միրզոյանի «140 դրամ» ֆիլմերը: Վերջինս հանրային դիտման ենթակա չէ մինչև փառատոնը. ստորև ներկայացվող տեսանյութում նկարահանման աշխատանքներն են, նաև` որոշ կադրեր ֆիլմից:

 

«Ես ուզում եմ, որ դուք բացահայտեք երիտասարդ ռեժիսորի Երևանում նկարահանած այս կարճ գեղարվեստական ֆիլմը, որն իմ կարծիքով շատ խոստումնալից է»,- գրել է Ատոմ Էգոյանը Ֆրիբուրգի կինոփառատոնի պաշտոնական կայքում` նշելով, որ Օքսանայի ֆիլմը փառատոնին մասնակից դարձնելով` փորձել է ցույց տալ հայկական կինոյում «հայ երիտասարդ ռեժիսորների վառած հույսը»:

«140 դրամից» հետո Օքսանան մի քանի նոր ֆիլմ նկարելու ծրագրեր ունի Հայաստանում, այժմ համագործակցում է «One Armenia» հասարակական կազմակերպության հետ: «Ես չեմ հասկանում, երբ այստեղ փորձում են հոլիվուդյան չափանիշներով ֆիլմեր նկարել: Կան մարդիկ այստեղ, ովքեր իսկապես օրիգինալ բաներ են նկարում, բայց ինձ դուր չի գալիս նրանց` արևմուտքին նմանվելու ցանկությունը»,- ասում է Օքսանան՝ ավելացնելով, որ «հայկական ֆիլմը համաշխարհային կինոյում եզակի դարձնելը հնարավոր է. կան չափազանց տաղանդավոր մասնագետներ, անհրաժեշտ տեխնիկա, ամեն տեսակի բնություն»: Ասում է, որ ռեժիսորները այստեղ կարող են օգտվել ևս մեկ առավելությունից. ֆիլմ նկարելը Հայաստանում անհամեմատ էժան է, և գաղափարը իրագործելու համար այնքան մեծ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում, որքան, օրինակ, ԱՄՆ-ում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter