HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Համակարգիչը մտավ-չմտավ՝ ավանդական արհեստների դեմքերը դարձան սև, ինչպես դարբին Աշոտի ձեռքերը

Հայաստանում միայն մեկ ուսումնական հաստատություն է պատրաստում դարբինների

Քուրայում մոտ 800 աստիճան տաքություն է: Դարբին Աշոտը տաքացնում է երկաթը, որ իր ուզած ձևը տա դրան: Դարբինը համոզված է, որ երկաթը չի կարող չենթարկվել: Երկաթը, երբ մտցնում ես կրակի մեջ, դառնում է սովորական կոճի թելի նման, պարզապես այն չես կարող մատներով բռնել, հանգույց անել. «երկաթին պետք է մուրճով հասկացնես»: Դարբինը կատակում է, որ ամռանն ավելի հով է. երբ կրակի մոտից հեռանում ու կանգնում ես արևի տակ, ավելի հով է թվում:

Աշոտ Գալստյանն աշխատում է միայն սև մետաղով՝ երկաթով, քանի որ մյուս մետաղների հետ աշխատանքը, որն անում են, օրինակ, դրոշմահատները, քանդակագործները, ձուլողները, ավելի նուրբ է: «Ես չեմ սիրում նուրբ աշխատանքներ տանելը՝ չնայած ես երկաթով շատ հնարավոր է՝ նույն բանը էլի ստանում, ինչ պղնձի հետ աշխատողը, ուղղակի իմս մի քիչ կոպիտ կստացվի»,- ասում է դարբինը:

Աշոտ Գալստյանը դարբին է աշխատում արդեն մոտ 30 տարի: Այս տարիների ընթացքում նա ուզել է դարբինների պատրաստել, բայց երիտասարդները չեն ուզել: Չորս երիտասարդ մի որոշ ժամանակ սովորել է Աշոտի մոտ, «երկու հատ երկաթ խփել են, իմացել են, թե երկաթը ոնց է ծռվում», տեսել են, որ աշխատանքը ծանր է, մտածել են, թե դժվարությամբ կարող են փող վաստակել այդ արհեստով, և կիսատ թողել-գնացել են: Այս պահին դարբինը մեկ աշակերտ ունի: Աշոտն իր տղային էլ է դարբնություն սովորեցրել, բայց քանի որ տղան ևս սեր չունի դարբնության նկատմամբ, այլ կրթություն է ստացել և այլ աշխատանքով է զբաղվում:

Աշոտ Գալստյանը մոտ 2 տարի առաջ Երևանի թիվ 10 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենին առաջարկել է, որ դարբնագործություն դասավանդի: Տնօրենը պատասխանել է, որ երիտասարդները չեն ուզում դարբին դառնալ: «Հետքի» հետ զրույցում ուսումնարանի փոխտնօրեն Անահիտ Միքայելյանն ասաց, որ իրենք չունեն և երբևէ չեն ունեցել դարբնի մասնագիտություն, նման բաժին: «Մենք, իրոք, դիմորդներ չենք ունեցել, որովհետև եթե պահանջարկ լիներ, մենք, բնականաբար, մասնագիտությունը կներառեինք մեր մասնագիտությունների ցանկում»,- ասում է Անահիտ Միքայելյանը: Երևանի թիվ 10 արհեստագործական ուսումնարանում դասավանդվում են զարդակիրառական արվեստներ և ավտոփականագործություն:

Կրթության և գիտության նախարարության Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության աշխատակից Մարիամ Սարգսյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում դարբիններ պատրաստում է միայն մեկ ուսումնական հաստատություն՝ Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանը:

Ուսումնարանում այս պահին 19 երիտասարդ է սովորում դարբնագործություն: Ուսուցումը մեկ տարով է: Գյումրիում այս ուսումնական տարում դարբին դառնալու համար դիմել էր 20-ից ավելի երիտասարդ, բայց քանի որ սահմանված հայտը 20 հոգանոց էր, ուսումնարանը միայն 20 հոգու է կարողացել ընդունել:

Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Գրիգոր Մկրտչյանը նշում է, որ ուսանողներին դարբնագիտություն դասավանդող վարպետի հայրն էլ է դարբին եղել: «Սովորաբար դարբնությունը պապենական արհեստ է»,- ասում է տնօրենը:

Գրիգոր Մկրտչյանի խոսքով՝ ի տարբերություն մայրաքաղաքի՝ հանրապետության երկրորդ քաղաքում չկա դարբինների սպասվող պակասի խնդիր, քանի որ Գյումրին արհեստների քաղաք է: «Դարբինները, դեռ հնուց պահպանված, որակով, լավ, մեր լեզվով ասած ուստեքը, տարիքավոր մարդիկ դեռ կան: Այսօր Գյումրիում ամենալավը ապրում է հենց դարբինը, որմնադիրը, լավ փայտի գործ անողը»,- ասում է Գրիգոր Մկրտչյանը:

Ուսումնարանի տնօրենը դարբնության նկատմամբ հետաքրքրության պակասելը բացատրում է նրանով, որ սովորաբար մեծ քաղաքներում ավելի ձգտում են «կուլտուրական բաների», օրինակ՝ համակարգչի ուսուցման: «Համակարգիչը մտավ-չմտավ՝ ավանդական արհեստների դեմքերը մի քիչ սևացան: Բայց դրան անձամբ ես դեմ եմ, ես համարում եմ, որ ավանդական արհեստների վերականգնումն ու զարգացումը առաջնային խնդիր է այսօր մեր հանրապետության համար»,- ասում է Գրիգոր Մկրտչյանը:

Ֆրեզող բանվորից ու խառատից դեպի կյանքի ամենասիրած աշխատանք՝ դարբնություն

30 տարի առաջ Աշոտ Գալստյանն այլ արհեստ ուներ. աշխատում էր որպես ֆրեզող բանվոր, հետո խառատ: «Որտեղ որ ես աշխատում էի, նոր դարբին բերեցին: Իր անունը Վահագն էր, ազգանունն էլ՝ Թումանյան, ինքն էլ՝ դսեղցի»,- պատմում է Աշոտը: Նա տեսել է, թե ինչպես է Վահագնը աշխատում երկաթի ու կրակի հետ, հավանել դարբնությանը, թողել խառատությունը և Վահագնին ասել, որ իրեն դարբնություն սովորեցնի:

Հետո Աշոտը ևս 2 վարպետի մոտ է սովորել: Թեև Վահագն Թումանյանը 20 տարի առաջ մահացել է, բայց Աշոտն ասում է, որ առաջին ուսուցիչը հիմա էլ հոգեպես ներկա է իր աշխատանքային առօրյայում, և չկա փորձառության մի աստիճան, որից այն կողմ դարբինն այլև կարիք չունի հիշելու առաջին ուսուցչի խորհուրդները:

«Ես հիմա էլ սովորելու բան ունեմ: Ինչքան աշխատում ես, էնքան սովորելու բան կա: Եթե մարդ արհեստ է ընտրում, որ ուրիշ բան չի կարողանում անի, ինքը էդ արհեստը չի սիրում, չի էլ սովորի, ինքը չի հասնի մի առավելագույն մակարդակի, որ ասեն՝ էս մարդը արհեստավոր է: Եթե աշխատանքը առանց սիրելու անես, չի կարող վերջնահաշվարկում էնքան գեղեցիկ բան ստացվի, որ բոլորի դուրը գա: Հա, մի քիչ մրոտ աշխատանք է, մի քիչ ձեռներդ սևանում են, մի քիչ շատ ենք քրտնում, բայց էդ չի նշանակում, որ էդ աշխատանքը չպիտի անենք»,- ասում է Աշոտ Գալստյանը: Նա 2 տարի առաջ ստացել է ժողովրդական վարպետի կոչում:

Աշոտին պատվիրում են երկաթից պատրաստվող ամեն ինչ՝ դարպասներ, պարիսպներ, պատուհանների, աստիճանների ճաղավանդակներ, բազրիքներ, բուխարու պարագաներ, կախիչներ: Աշոտը հիմնականում աշխատում է իր իսկ պատրաստած գործիքներով՝ մուրճ, ունելի, կտրող, հարթեցնող, կլորացնող գործիքներ: Դարբինը նախկինում պատրաստում էր նաև մեխահան գործիքներ, քլունգներ, քարտաշի կացիններ, բայց հիմա արդեն գործիքներ ոչ ոք չի պատվիրում:

«Ես չգիտեմ քար տաշող, որ հիմա կա, աշխատում է, որ քարտաշի կացին սարքենք: Հիմա քարը կտրում են, ցեխով կպցնում են պատին: Շատ հազվադեպ քանդակագործներ կան, որ իրենց պետք են գալիս էդ ձևի գործիքներ, էն էլ «Վերնիսաժում» վաճառում են»,- ասում է դարբինը և հավելում, որ միայն դարբիններն ու քարտաշները չեն, որ պակասում են. Աշոտը Հայաստանում աշխատող միայն երկու կավագործի մասին է տեղյակ:

Նա ևս արհեստագործների թվի նվազելը բացատրում է նրանով, որ այսօր աշակերտների մեծ մասը ձգտում է դեպի առաջնակարգ տեխնոլոգիաներ, և «ամեն մեկը ուզում է դառնա էն կծած խնձորի տերը» (նկատի ունի տեղեկատվական տեխնոլոգիաներ նախագծող և արտադրող «Apple» ընկերությունը, որի լոգոտիպը կծած խնձոր է - հեղ.): «Բայց էդ ձև չի կարող լինի»,- ասում է Աշոտ Գալստյանը և հավելում է, որ «կծած խնձորի տեխնոլոգիաներով» պատրաստում են նոր, հզոր հաստոցներ, որոնք առանց դարբնի միջամտության և կրակի, կարող են սառը վիճակում մետաղին տալ պետք եղած ձևը: Հայաստանում շատերն արդեն ձեռք են բերել այդ հաստոցներից:

«Մնում է ընդամենը մի հատ զոդող, որ դրանք կպցնի իրար, ներկեն, ու պատրաստի գեղարվեստական աշխատանք է դառնում, բայց դա բուտաֆորիա է: Մետաղի վրա որ ձեռքի աշխատանք չկա, մարդու շունչ չի կպել, դա չի կարող գեղարվեստական տեսք կամ հոգի ունենա»,- ասում է դարբինը: Բացի դրանից՝ այդ հաստոցները աշխատում են ավելի փափուկ մետաղներով, իսկ փափուկ մետաղից պատրաստված իրը հետո կիրառության մեջ էլ կարող է լինել «ավելի փափուկ», քան ավելի ամուր մետաղից պատրաստվածը:

30 տարվա դարբնի երազանքը սեփական դարբնոց ունենալն է

Դարբնի կերպարը հանդիպում է տարբեր ազգերի դիցաբանություններում՝ հայկական, հունական, հռոմեական, հնդկական, կելտական: Աշոտը դա բացատրում է նրանով, որ դարբնագործությունը բոլոր արհեստների հայրն է, առաջին արհեստը:

«Բոլոր ազգերն էլ, ուզեն թե չուզեն, մետաղի հետ աշխատել են: Բոլորն էլ մինչև հիմա էլ աշխատում են: Ես պատմաբան չեմ, բայց իմ հասկանալով՝ եթե մարդ սկսել է քար տաշի կամ, ասենք, նետ, աղեղ, նիզակ սարքի, մետաղը որ սկսել են մշակել, էդ դարբինն է սկսել անել: Կացին որ ստեղծել են, ամենաառաջինը փայտ են կտրել, դարբինն է, չէ՞, սարքել»,- ասում է Աշոտը:

Հարցին, թե դարբին լինելով՝ Հայաստանում հնարավո՞ր է ընտանիք պահել՝ նա պատասխանում է. «Փառք Աստծու, ես պահում եմ», թեև հավելում է, որ հարկերը շատ բարձր են: Աշոտին հրավիրում են արտերկիր աշխատելու, բայց նա հրաժարվում է, ուզում է Հայաստանում մնալ:

Աշոտը վստահեցնում է, որ եթե հնարավորություն ունենար նորից մասնագիտություն ընտրելու, ապա կընտրեր դարբնի աշխատանքը: «Իմ աշխատանքում ամենահետաքրքիր բանն է, որ արդեն լրիվ վերջացրել ես աշխատանքը, նստում ես, որ հանգստանաս, նայում ես, ինքդ քեզ ասում ես՝ էս ինչ սիրուն բան եմ սարքել»,- ասում է դարբինը:

Նրա երազանքը սեփական դարբնոց ունենալն է: Այժմ Աշոտը դարբնոցում աշխատում է վարձակալությամբ: Դատելով այսօրվա հողի գներից՝ դարբինը հավանական չի համարում, որ իր երազանքը կիրականանա: Նոր տարածք գտնելը դժվար է: Բացի դրանից՝ այժմ դարբնոցում կան 10-12 տոննա երկաթ ու գործիքներ, որոնք նոր տարածք տեղափոխելը և տարածքը աշխատելուն պատրաստելը կտևի 3-6 ամիս:

Այս 10-12 տոննա երկաթի մեջ Աշոտի դարբնոցի պատից կախված է իր առաջին աշխատանքը: «Ուր գնացել եմ, հետս ման է գալիս: Թող ման գա հետս»,- ասում է դարբինը: 30 տարվա վաղեմության աշխատանքը անավարտ մոմակալ է, որը պատրաստելիս Աշոտը, մուրճից բացի, ոչ մի ուրիշ գործիք չի օգտագործել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter