HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ-թուրքական առեւտուր. ինչու՞ պետությունը չի պաշտպանում քաղաքացու եւ իր շահը

«Հետքը» նախկինում մի քանի անգամ անդրադարձել է հայ-թուրքական, ավելի կոնկրետ՝ Երեւան-Ստամբուլ-Երեւան ուղեւորաբեռնափոխադրումներին:

Հիշեցնենք, որ առ այսօր Թուրքիան արգելում է հայաստանյան համարանիշներով 16-ից ավելի տեղ ունեցող մեքենաների մուտքն իր տարածք: Մինչեւ 16-տեղանոց հայաստանյան մեքենաները, որոնք գերազանցապես միկրոավտոբուսներ են, մեծամասամբ զբոսաշրջիկներ են տեղափոխում Արեւմտյան Հայաստան: Իսկ ավելի մեծ ավտոբուսները հիմնականում ուղեւորափոխադրումներ են կատարում դեպի Ստամբուլ: Ժամանակին այդ ավտոբուսները թուրքական էին, հետո՝ 2011-ի վերջին, Վրաստանը արգելեց, որ դրանք իր տարածքով անցնեն դեպի Հայաստան, ու արդյունքում գիծը սկսեցին շահագործել վրացական ավտոբուսները: Երեւան-Ստամբուլ-Երեւան ուղերթը մեծամասամբ սպասարկում է հայ առեւտրականներին, որոնք տարբեր տեսակի ապրանք են բերում Թուրքիայից: Շեշտենք, որ ավտոբուսների հետ մեկնում են նաեւ բեռնատար մեքենաներ՝ «ֆուռեր», որոնք էլ տեղափոխում են բեռները: Դրանք նույնպես նախկինում թուրքական էին, ապա դարձան վրացական:

Ընդ որում՝ Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղի պաշտոնապես գոյություն չունի: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը չի իրականացնում շահագործողների մրցույթ, հետեւաբար, չի տալիս նաեւ որեւէ լիցենզիա, քանի որ գիծը համարվում է տուրիստական: Իսկ դրա պատճառն այն է, որ ՀՀ-ն Թուրքիայի հետ չունի պաշտոնական հարաբերություններ: ՏԿՆ-ի կայքի համաձայն՝ ՀՀ-ից միջպետական երթուղիներ են գործում դեպի ԼՂՀ, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Հունաստան:   

Երեւան-Ստամբուլ-Երեւան եւ Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ ուղերթները չնայած իրականացնում են վրացական մեքենաները, սակայն գծի շահագործողները հայկական ու թուրքական ընկերություններ են: Այսինքն՝ նրանք պատվիրատուներն են, վրացիները՝ իրականացնողները: Այդուհանդերձ, երթուղու մի քանի ավտոբուսներ ներկայում թուրքական են, իսկ վրացական համարանիշ ունեցողների մեջ կան այնպիսիք, որոնց տերերը հայերն են, պարզապես գրանցել են Վրաստանում՝ առկա արգելքները հաղթահարելու համար:   

Վրացական կողմը կիրառում է մեկ ուրիշ քայլ նույնպես: Ավտոբուսների բեռնախցիկները այդ երկրի տարածքում կնքվում են, որպեսզի այնտեղ գտնվող ապրանքը ճանապարհին վաճառքի չհանվի: Կնիքը պատռող վարորդը նախկին 500-ի փոխարեն 2011-ի նոյեմբերից տուգանվում է արդեն 5.000 լարիով (1.250.000 դրամ): Իսկ կնիքը պատռվում է ոչ թե միտումնավոր, այլ ստիպված, երբ անհրաժեշտ է լինում խցիկից, օրինակ, նոր ակ վերցնել՝ վնասվածը փոխելու համար: Նման իրավիճակներից խուսափելու համար մեր հյուսիսային հարեւանները ժամանակին առաջարկում էին խցիկի բեռները տեղափոխել վրացական բեռնատար, որն առանձին դրանք կհասցներ մինչեւ թուրք-վրացական սահման: Իսկ հետո Վրաստանը հայ-թուրքական երթուղու մեքենաների նկատմամբ գործող «տարանցիկի» փոխարեն որոշեց կիրառել նոր մաքսային ռեժիմ՝ «վերաարտահանում», ինչը նախատեսում էր մաքսային վճարների գանձում: Սա հանգեցրեց հայկական եւ թուրքական ընկերությունների դժգոհություններին, որի արդյունքում վրացիներն, ըստ էության, հետ կանգնեցին իրենց քայլից: Վրաստանի գործողությունների վերաբերյալ մեր հարցմանը ՀՀ-ում այդ երկրի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին այդպես էլ չպատասխանեց. մեզ տեղեկացրել էին, որ նամակն ուղարկվել է Թբիլիսի՝ արտգործնախարարություն, սակայն հետագայում որեւէ արձագանք չստացանք:     

Հայ-թուրքական ուղեւորաբեռնափոխադրումներն ակնհայտորեն ձեռնտու են Վրաստանին, եւ վերջինս, օգտվելով իր հարեւանների հարաբերություններից, փակ սահմանից ու իր՝ տարանցիկ երկիր լինելուց, առիթը բաց չի թողնում պարբերաբար խաղի իր նոր կանոնները սահմանել:

Այսպես. բանից պարզվում է՝ թուրք-վրացական սահմանի Սարպի վրացական անցակետում եղել է հետեւյալ գործելաոճը. մեկնող ուղեւորների ցուցակները վերցնելուց հետո հսկիչները պահանջել են վերադառնալիս նույն քանակով ու անձանցով գալ: Սա առնվազն զարմանալի է, որովհետեւ Թուրքիան տուրիստներին տալիս է 30-օրյա մուտքի վիզա, եւ առեւտրականներից մեկն, օրինակ, կարող է մնալ այդ երկրում ավելի երկար, քան մյուսները, որոնք, որպես կանոն, վերադառնում են մեկ շաբաթ անց: Ակնհայտ է, որ սա սահմանափակում է անձի ազատ տեղաշարժվելու միջազգային իրավունքը: 

Անհանգստացնողն այստեղ հայկական կողմի պասիվ կեցվածքն է: «Հետքի» անանուն աղբյուրը, որն անմիջական կապ ունի այս ոլորտի հետ, նշում է, որ դաշտը շատ բաց է ու չկարգավորված: Փաստորեն, տրանսպորտի ու կապի նախարարությունն ասում է, որ ինքը կապ չունի տուրիստական երթուղու հետ, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապեսյանն էլ մեզ հայտնել էր, որ փոխադրող ընկերությունները հաշվետու չեն իրենց, վարչությունը սպառիչ ինֆորմացիա չունի դրանց մասին, եղածն էլ ստացվում է ընդհանուր շփումներից:

Այնինչ պարզվում է՝ այս բացթողումները հարուստ հող են ստեղծում ՀՀ-ի հանդեպ ոչ բարյացկամորեն տրամադրված հարեւանների հատուկ ծառայությունների համար: Ավտոբուսների վարորդները վրացիներ ու թուրքեր են: Եղել են դեպքեր, երբ թուրք վարորդներն իրենց հետ վերցրել են ուղեւորների ցուցակները: Նշենք, որ դրանք լինում է ուղեկցողի մոտ, որը տվյալ ընկերության աշխատող է: Առեւտրով զբաղվող Գեւորգը, ով նախկինում հաճախ է օգտվել հայ-թուրքական երթուղուց, մեզ հետ զրույցում նշեց, թե դա նորմալ է, քանի որ, օրինակ, կարող են դժբախտ պատահարներ տեղի ունենալ, եւ պետք է փոխադրում իրականացնող ընկերությունն ունենա անձանց տվյալները: Մյուս կողմից՝ ցուցակները այսպես թե այնպես ներկայացվում են սահմանապահներին, այսինքն՝ հատուկ ծառայությունները ստանում են այդ տվյալները հենց առաջին ձեռքից: Սակայն միեւնույնն է՝ զարմանալի է, որ եթե կա ընկերության ներկայացուցիչ անձ՝ ուղեկցող, ով հենց պատասխանատու է ուղեւորների տեղափոխման եւ հարակից հարցերի համար, էլ ինչու՞ պիտի վարորդն իր հետ վերցնի ցուցակը:

Միամիտ կլինի կարծել, թե թուրքական հատուկ ծառայությունները չեն հետաքրքրվում փոխադրումներ կատարող ընկերություններով՝ լինեն թուրքական, թե հայկական, կամ այն մարդկանցով, որոնք մշտապես Երեւանից Ստամբուլ եւ Ստամբուլից Երեւան են մեկնում՝ լինեն վարորդներ, թե ուղեւորներ: Մանավանդ որ հայ ուղեւորների մեջ կան այնպիսիք, ովքեր գերազանց տիրապետում են թուրքերենին, ու ինչպես մեզ պատմեց պարբերաբար Թուրքիա գնացող առեւտրականներից մեկը՝ Նինան, կան ուղեւորներ, որոնք շատ մոտ են թուրք վարորդների հետ եւ ուղեւորության ընթացքում նստում են նրանց հարեւանությամբ ու ամբողջ ճանապարհին զրուցում թուրքերեն:

Կարճ ասած՝ Թուրքիայում առեւտուր անող եւ դրանով ապրող հայաստանցին, ասել է թե՝ այս կամ այն կերպ այդ երկրից կախում ունեցող անձը շատ լավ թիրախ է օտարերկրյա համապատասխան կառույցների համար՝ թե տվյալների հավաքագրման եւ թե այլ բնույթի գործողությունների համար:

Երեւանի եւ Ստամբուլի միջեւ ուղեւորաբեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին եւ այլ մանրամասների կանդրադառնանք առաջիկայում: 

Մեկնաբանություններ (1)

Ed
Anter yerkira Hayastan@. Ov inchpes uzum varvuma inqnishxan ays petutyan het.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter