HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունը վաճառել է ոռոգման ջրի խողովակաշարը. գյուղացիները մնացել են առանց ջրի (վիդեո)

ՀՀ կառավարության 2012թ. նոյեմբերի 29-ի թիվ 1490-Ա որոշումով «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին թույլատրվել է օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող` 6000 մետր երկարության Արեւշատի առաջին աստիճանի պոմպակայանի մղման (d=1420 մմ տրամագծով) խողովակաշարը:

1420 մմ տրամագծով խողովակաշարերը եղեն են 3-ը: Դրանցից մեկն անցյալ տարի են ապամոնտաժել եւ տարել, մեկը հիմա եւ չի բացառվում, որ մյուսն էլ մոտ ապագայում կարժանանա նույն ճակատագրին:

Նշված խողովակաշարերը պոմպակայանի միջոցով ոռոգման ջուր են մատակարարել հատկապես Արարատյան դաշտավայրի գյուղացիներին:

Էջմիածին քաղաքի «Զվարթնոց գյուղ» անունով հայտնի թաղամասի բնակիչները զբաղվում են հիմնականում հողագործությամբ: 3 փողոցների բնակիչներ իրենց հողատարածքները ոռոգում են հենց այդ խողովակաշարերից եկող ջրով եւ հիմա կանգնած են փակուղու առջեւ, թե ինչպես են ոռոգելու իրենց հողակտորները:

Կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը 2013թ. փետրվարի 28-ին հաստատել է խողովակաշարի հանձնման-ընդունման ակտը, ըստ որի` ստեղծված հանձնաժողովը «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ին եւ «Մետէքսիմ» ՍՊԸ-ին է հանձնել, իսկ նշված ընկերություններն էլ ընդունել են «կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանն ամրացված  399 մլն դրամ վաճառքի գնով` 168 մլն 452 հազար 700 դրամը սկզբնական, 49 մլն 188 հազար 207 դրամը` հաշվեկշռային արժեքով, 6000 մետր երկարությամբ խողովակաշարը:

Ըստ պետռեգիստրի կայքէջի, «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ հիմնադիրներից մեկը` Ժորժիկ Աբրահամյանը, Իրանի քաղաքացի է:

«Մետէքսիմ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանի մարտի 19-ի գրավոր կարգադրությունից երեւում է, որ ընկերությանը նշված 6 կմ խողովակաշարից պատկանում է միայն 2.2 կմ, իսկ մնացածը` «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ինն է:

«Մետէքսիմ» ՍՊԸ-ն մարտի 19-ից սկսել է խողովակաշարի կտրման եւ տեղափոխման աշխատանքները:

Շաբաթ օրը զվարթնոցցիները բողոքի ձայն էին բարձրացրել եւ արգելում էին «Մետէքսիմ» ՍՊԸ-ի բանվորներին կտրել եւ տեղափոխել խողովակաշարերը: Մոտ 5 տասնյակի հասնող բնակիչներ պահանջեցին իրենց ներկայացնել փաստաթղթեր, որ խողովակաշարը օրինական են ապամոնտաժում, ապա պահանջեցին, որ պատասխանատուներն անձամբ ներկայանան եւ բացատրություններ տան:

Շինաշխատանքների ղեկավարը բողոքող բնակիչներին ներկայացրեց փաստաթղթերը, իսկ «Մետէքսիմ» ՍՊԸ-ի թիվ 1 տեղամասի պետ Արմեն Եփրեմյանը եւ տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանը տեղում բացատրեցին, որ իրենք մասնակցել են աճուրդին եւ խողովակաշարերը գնել են, եւ այդ մասով իրենք որեւէ մեղավորություն չունեն:

Բնակիչները ապամոնտաժված խողովակների վրա հայտնաբերեցին զոդման եղանակով փակված այն անցքերը, որտեղից իրենք ոռոգման ջուր են ստացել: Նրանց վկայությամբ, ուշ աշնանը իրենք ոռոգել են իրենց հողատարածքները. եւ այդ ընթացքում խողովակները փակված չեն եղել: Նրանց ենթադրելով, խողովակները զոդել են ձմռան նախաշեմին, որպեսզի նախապատրաստեն աճուրդին:

Ռաֆիկ Հայրապետյանն ասաց, որ իրենք գյուղացիներին ոռոգման ջուր տվողը չեն եւ կապ չունեն խողովակների անցքերը զոդելու հետ:

«Մեր կառավարությունը նման է «Քաջ Նազարի» այն կառավարությանը, որը հրավիրում է իր նազիր-վեզիրներին, ասում է` թագավորությանս մեջ գողություն չլինի, բայց թալանները լավ տեղավորեք: Ահա ձեզ ապացույցը, սրանից լավ թալան ես չեմ տեսնում»,-«Հետքի» հետ զրույցում ասաց մասնագիտությամբ գյուղատնտես Էդիկ Բեգլարյանը:

Նա նույնպես բողոքավորների շարքերում էր եւ բղավում էր, որ կառավարությունը սթափվի, քանի որ 3000 հա հող անջրդի է մնալու: Ըստ նրա` այդ  խողովակաշարը Արարատյան դաշտավայրի արյունատար անոթներն են եւ դրանց մոնտաժումը վերջ կդնի այդ տարածքի գյուղատնտեսության զարգացմանը:

Բնակիչները լսել են, որ այդ խողովակաշարերով ՀԷԿ են կառուցելու եւ դրա հետեւում կանգնած է ՀՀ նախագահի եղբայր` Ալեքսանդր Սարգսյանը:

«Մետէքսիմ» ՍՊԸ-ի տնօրենը «Հետքին» տեղեկացրեց, որ ապամոնտաժված խողովակները հավաքվում են իրենց բազայում եւ իրականությանը չի համապատասխանում այն խոսակցությունները, թե իրենք խողովակները գնում են այլ մարդու համար:

Գյուղացիները հասան նրան, որ խողովակների մոնտաժման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին, մինչեւ պատասխանատուներից պարզաբանումներ ստանան:

Նրանք զանգահարում էին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, որպեսզի նա էլ գա եւ պաշտպանի իր համայնքի բնակիչների շահերը, սակայն ապարդյուն. քաղաքապետը հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Զվարթնոցի բնակիչները պատրաստվում են նույն ակտիվությամբ բանվորներին դիմավորեն նաեւ երկուշաբթի:

Մեկնաբանություններ (6)

Otar hay
Joxovurd Mnuma Hayastane caxen hayerov handerz urish azgerin hangstana karavarutyune . Edqan banic heto drsi hayerinel heta Kanchum, het gan inch anen ? El Hayastanen toxel vor het gan. Mi imastun mard asela .. Mard Mardu Vra ishxuma miayn ir vnasi hamar.
Վ. Առաքելյան
Կառավարությունը բոլոր այլ երկրներում իր գյուղացի թե քաղաքացի մարդկանց ծառայելու նպատակն ունի և ոչ երբեք հակառակը:
ԴԱՏԱՍՏԱՆ!
1 - ին: Ավազակաբարո ծառաներն սպանեցին իրենց տիրոջ որդիներին եւ քար ու քանդ արեցին նրա շեն ագարակները: Խոզերն ուտում են պտուղներն ու արմատից ոչնչացնում ծառը: ԱՅՍՏԵՂ ԵՆՔ ՀԱՍԵԼ!
hasmik
իշխաննությունների միակ նպատակը գռփելն է բոլոր հնարավոր եղանակներով, թե չէ ինչ գյուղացի, ինչ ոռոգման ջուր և ամենացավալին, որ դա հովանավորվում է ամենաբարձր մակարդակով
susan
thqem dzer karavarutyan hor qyalin!!!!
Դարդ-անելի
Բա քննադատում են խորհրդային պետությանը։ Ուտում-ուտում են այդ պետության ստեղծածները ու չեն կշտանում։ Մի բան էլ իրենք ստեղծեն, որ իրենցից հետո ուտեն և քննադատեն, թե հարիֆ չեն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter