HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Յուշամատեանը» վերականգնում է Օսմանյան կայսրության հայերի կյանքի պատկերը

Լիբանանահայ Վահէ Թաշճեանը պատահաբար իմացավ, որ Սիսում իր պապի հոր տունը դեռ կանգուն է 

Գերմանիայում ապրող լիբանանահայ պատմաբան Վահէ Թաշճեանի բարեկամներից մեկը՝ մասնագիտությամբ հնագետ, տարիներ առաջ աշխատանքով գնացել էր Սիս և ինչպես շատ զբոսաշրջիկներ, իջևանել Սիսի միակ բարձրակարգ հյուրանոցում՝ «Յավերին կոնաք»-ում: Հետո բարեկամը Վահէին ցույց է տվել հյուրանոցի լուսանկարը, թե նայիր՝ ինչ գեղեցիկ հյուրանոց է, որ ժամանակին ինչ-որ հայի տուն է եղել:

Վահէ Թաշճեանը միանգամից ճանաչել է իր պապի հոր՝ Գրիգոր Մճրգեանի ապարանքը՝ մինչ այսօր կանգուն, հյուրանոց-ռեստորանի վերածված: Վահէն ասում է, որ ապարանքի լուսանկարը միշտ պահվել է իրենց ընտանիքի արխիվներում. նախնիներն էին բերել Սիսից: Բացի դրանից՝ Սիսի հին լուսանկարներից շատերում երևում է Գրիգոր Մճրգեանի ապարանքը, քանի որ մարդիկ լուսանկարել են Սիսի կաթողիկոսարանը, և ապարանքը, կառուցված լինելով կաթողիկոսարանի հենց առջևում, հայտնվել է լուսանկարներում:

Հյուրանոցում դրված է ապարանքի լուսանկարը, նույնիսկ նշված է տանտիրոջ՝ Գրիգոր Մճրգեանի անունը, բայց ներկայացված կարճ պատմությունը խեղաթյուրված է: Հյուրանոցում գրված է, թե Գրիգոր Մճրգեանը տունը ժառանգություն է թողել իր անդրանիկ զավակին՝ Խաչիկ Մճրգեանին, ով «տունը 1923թ. վաճառել է այսինչ թուրքին»:

Իրականությունը բոլորովին այլ է եղել. Գրիգոր Մճրգեանը լավ կապեր է ունեցել տեղական «Իթթիհատ» կուսակցականների հետ և հաջողել է ցեղասպանության տարիներին իր տանը մնալ, բայց 1918թ. հենց այդ կուսակցության անդամներից երկու թուրք ապարանքի առջև սպանել է Գրիգոր Մճրգեանին:

«Արդէն 1919թ., երբ ֆրանսացիները եկած են Սիս, մինչեւ 1920 թուականը տակաւին հայկականութիւնը մնացած է անտեղ, եւ միայն 20 թուին է, որ բոլորն ալ դուրս կուգան, նաեւ իմ ընտանիքս անտեղից դուրս կուգայ: Ինչ որ աւելի յետաքրքրական է, երբ որ կաշխատէի ֆրանսական արխիւներու մէջ (Նանտ քաղաքի մէջ ֆրանսական Կիլիկիոյ բոլոր արխիւները գոյութիւն ունին), գտայ հենց Գրիգոր Մճրգեանի սպաննողներին դատական ծրարը: Ֆրանսացիները յաջողած են բռնել այս երկու սպաննողները, ուզած են դատել, բայց յետոյ քաղաքական պատճառներով աւելի յարմար նկատած են բաց թողել»,- պատմում է Վահէ Թաշճեանը:

Խաչիկը, ինչպես և Գրիգոր Մճրգեանի մյուս բոլոր երեխաները, ծնվել էր այդ ապարանքում: Նրանք բոլորը ողջ են մնացել ցեղասպանության ժամանակ և գաղթել Կիպրոս, հետո Բեյրութ:

«Գրիգոր Մճրգեանի տղան՝ Խաչիկը, որ մեծ հայրս է, 1960-ական թուականներուն կապ հաստատած է իր հին-հին թուրք դրացիներուն հետ, որոնք Սիս կապրէին, եւ գացած է Սիս՝ պարզապէս տունը տեսնելու, տունը լուսանկարած է, վերադարձած է, արդէն քանի մը տարի յետոյ (չգիտեմ՝ պատճառը ադ է կամ ադ չէ, այսինքն՝ սրտնեղութիւն մը ունեցած է) մահացած է արդէն: Այսինքն՝ տունը վերջին անգամ ալ տեսած է, յետոյ մահացած է»,- պատմում է Վահէ Թաշճեանը:

Երբ «Յուշամատեանի» կայքում Սիսի բաժինը պատրաստ լինի, Գրիգոր Մճրգեանի, նրա ապարանքի պատմությունն ու լուսանկարն էլ հավանաբար կտեղադրվեն:

Օսմանյան կայսրության հայերը թողել են ավելի քան 300 հուշամատյան

Վահէ Թաշճեանը

Վահէ Թաշճեանը «Յուշամատեան» ծրագիրի տնօրենը և գլխավոր խմբագիրն է: «Յուշամատեան» միությունը հիմնադրվել է 2010-ին Բեռլինում և ունի ավելի քան 20 անդամ: «Յուշամատեանը» «օսմանյան հայերի քաղաքների ու գյուղերի կյանքը վերականգնելու նախագիծ» է, որի նպատակն է ներկայացնել, թե հայերն ինչպես էին ապրում 1915-ի Ցեղասպանությունից առաջ: Այս կյանքի պատկերը վերականգնվում է հենց իրենց՝ Օսմանյան կայսրությունում ապրած և Ցեղասպանության հետևանքով կամ դրանից առաջ գաղթած հայերի թողած հուշերի միջոցով:

«Յուշամատեանի» հիմնական սկզբնաղբյուրները ավելի քան 300 հուշամատյաններն են, որոնցում վերապրողները, 1920-ականներից սկսած, պատմել են իրենց գյուղի, քաղաքի մասին, ինչպես նաև 19-րդ դարում Պոլսում, Թիֆլիսում տպված նույն թեմայով գրքերն են, Պոլսի, Թիֆլիսի, Բաքվի հայկական մամուլը:

Այս աղբյուրների նյութերի միջոցով «Յուշամատեանը» հետազոտում ու ներկայացնում է Օսմանյան կայսրության հայերի պատմության բոլոր բնագավառերը՝ ընկերային և առօրյա կյանքի պատմություն, բարբառներ, գրականություն, երգ-երաժշտություն, արհեստեր, տոներ, կրոնական բարքեր, խոհանոց և այլն։

«Յուշամատեանը» ձգտում է օգտվել միայն հայալեզու հայկական աղբյուրներից, քանի որ մեծ թերություն է համարում օսմանագիտության մեջ ընդունված այն պրակտիկան, որ կայսրության հայերի պատմությունը հաճախ գրվում է՝ միայն օսմանյան, անգլիական, ֆրանսիական աղբյուրներ գործածելով: Բացի դրանից՝ օսմանագիտության մեջ հայերի կյանքը, առօրյան շատ քիչ են լուսաբանվում:

Ցեղասպանությունը վերապրածների սերունդները հաճախ «Յուշամատեանին» տրամադրում են հին լուսանկարներ, փաստաթղթեր, ինչպես նաև «Յուշամատեանի» կայքում տեղադրելու համար լուսանկարում նյութական մշակույթի այլ իրեր, որոնք նախնիներն իրենց հետ են բերել: Վահէ Թաշճեանի խոսքով՝ իրը կրում է տվյալ ընտանիքի ամբողջ հիշողությունը, բայց ընտանիքը հաճախ կարող է չզգալ այդ իրի կարևորությունը:

«Անցեալ ամառ կատարեցինք առաջին շրջուն առաքելութիւնը. գացինք Բեյրութ եւ այնտեղ Հայկազեան համալսարանի հետ գործակցաբար նստանք Բեյրութի հայկական թաղամասի՝ Պուրջ Համուդի դպրոցի մէջ, ժողովրդին կոչ ըրինք, որ ահաւասիկ «Յուշամատեանի» խումբը եկած է Բեռլինէն, ով որ հին նմուշ մը ունի, հին իր մը ունի, լուսանկար մը ունի, նոթագրութիւն մը ունի, որեւէ բան ունի, որ իրենց տատիկը կամ պապիկը կամ աւելի նախահայրերը բերած են Օսմանեան կայսրութենէն, թող տան, մենք տեղուն վրայ կը լուսանկարենք եւ կը վերադարձնենք տիրոջը»,- պատմում է Վահէ Թաշճեանը:

Արդյունքում շատ լիբանանահայեր «Յուշամատեանին» պարզապես նվիրեցին նման իրեր, որոնք այժմ Բեռլինում են: Մարտի 27-ին Բեռլինում՝ Կանաչների կուսակցության մշակութային կենտրոնում, բացվեց «Յուշամատեանի» առաջին ցուցահանդեսը, ուր երկու շաբաթ շարունակ կցուցադրվեն հիմնականում լուսանկարներ, նաև որոշ թվով նման իրեր:

«Յուշամատեանը» հետազոտում է ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև ընդհանրապես Օսմանյան կայսրության բոլոր այն բնակավայրերի (օրինակ՝ այսօրվա Թուրքիայի մաս համարվող արևմտյան տարածքները՝ Կոնիա, Զմյուռնիա, կամ արաբական նահանգները՝ Բաղդադ, Հալեպ, Երուսաղեմ) պատմությունը, որտեղ օսմանյան շրջանում հայեր են ապրել: Մեծ թվով հուշամատյաններ գրված են ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլև այդ մյուս տարածքներում ապրած հայերի մասին: Վահէ Թաշճեանը դրանով է բացատրում «Յուշամատեան» կայքում «օսմայնան հայեր», «օսմանյան հայկական» և ոչ թե «արևմտահայեր», «արևմտահայկական» բառակապակցությունները գործածելը:

Ցեղասպանության ժամանակ լեռնաբնակ հայերը զենք վերցրին, իսկ քաղաքաբնակները փորձեցին լեզու գտնել թուրքերի հետ

Քեսիրիկ գյուղի Յակոբ քահանայ Տէր Յակոբեանն ու իր ընտանիքը
(աղբյուր՝ Վահէ Հայկ), լուսանկարը վերցված է houshamadyan.org-ից

«Յուշամատեանի» նյութերն ուսումնասիրելով՝ Վահէ Թաշճեանը միշտ էլ հետաքրքրական նորություններ է իմանում: Օրինակ՝ Արևմտյան Հայաստանի գյուղերում տները մեկ հարկանի էին, իսկ եթե մեկ հարկանի չէին, ապա կամ պատուհան չունեին, կամ վերևում միայն մեկ փոքր լուսամուտ ունեին: Նորությունն այն է, որ 1908-ից հետո այդ մեկ հարկանի տները դարձան երկհարկանի, և պատուհան սկսեց բացվել:

«Պատուհան ունենալ կը նշանակէ՝ դուրսը քեզի պիտի նայի: Առաջ դրսեցին չէր կրնար ներս նայիլ, այսինքն՝ դրացի քիւրդը կամ թուրքը պիտի սկսէ դէպի ներս նայիլ: Եւ իրենց համար ադ հոգեբանական փոփոխութեան պահը կը ստեղծուի 1908-ից յետոյ»,- ասում է Վահէ Թաշճեանը:

Շատ կարճ ժամանակ անց՝ 1909-ին, Ադանայի հայերի ցեղասպանությունը փոխեց այդ նոր կյանքի հույսը. ավելի վաղ շրջանում ԱՄՆ գաղթած և ընտանիքներով Արևմտահայաստան վերադարձած հայերից շատերը 1909-ից հետո, բոլորովին հուսալքված, նորից գնացին ԱՄՆ կամ Եգիպտոս:

Անդրադառնալով հարցին, թե Օսմանյան կայսրության հայերի նախաեղեռնյան ընկերային միջավայրը, հայերի առօրյան հուշո՞ւմ են, որ տարիներ անց այս մարդիկ ցեղասպանության են ենթարկվելու, թե՞ ամեն ինչ խաղաղ է՝ Վահէ Թաշճեանը կարծիք է հայտնում, որ հայերը կամ չէին ուզում տեսնել այն հսկա ալիքը, որն իրենց պիտի ոչնչացներ, կամ չէին կարողանում լավ հասկանալ, թե դեպի ուր է ընթանում այդ ալիքը, քանի որ հայերն ամենից թույլ տարրն էին մի կայսրությունում, որը սկսել էր ընթանալ ցեղասպանության ակտի ուղղությամբ:

Միաժամանակ նա նշում է, որ երբ դեռևս չկան պատերազմ և քեզ ոչնչացնելու գործնական քայլեր, հեշտ չէ հանկարծ որոշել թողնել հայրենի տունդ: Հայերի առաջին նպատակն էր մնալ Օսմանյան կայսրությունում և ապահով, լավ ապրել: Նրանք մտածում էին, թե ինչո՞ւ այս իշխանությունը մեր կյանքի և գույքի ապահովությունը չի երաշխավորում քուրդ բեյերի կեղեքումներից, փնտրում էին այդ նույն իշխանության և դրան ծառայող հայկական հաստատությունների օժանդակությունը: Երբ այստեղ էլ լուծում չգտնվի, նոր կամաց-կամաց սկսում ես մտածել բոլորովին այլ լուծումների մասին: Այդպիսի լուծումներից մեկը ներկայացրել է Խրիմյան Հայրիկը: Բայց մեկ օրում չես կարող վերցնել «երկաթե շերեփն» ու գործածել:

Հարցին, թե «Յուշամատեանի» նյութերն ուսումնասիրելով՝ պարզվե՞լ են տարբերություններ ինքնապաշտպանություն կազմակերպած և չկազմակերպած հայկական բնակավայրերի կենցաղում, Վահէ Թաշճեանը պատասխանում է, որ լեռնցիները, ովքեր ապրել էին ինքնանկախ և դրսի հետ հարաբերություն շատ քիչ էին ունեցել (օրինակ՝ Մուսալեռում, Զեյթունում, Շատախում), ընդվզեցին, զենք վերցրին ու պայքարեցին, երբ իրենց ասացին, որ հիմա տունդ, գույքդ պետք է այստեղ թողնես ու գնաս: Իսկ քաղաքներում ապրող հայերը փորձեցին լեզու գտնել, իրենք իրենց համոզել, որ սա ժամանակավոր գաղթ է, հավատացին համայնքային հայկական հաստատություններին, որոնք ևս, ազդված լինելով իշխանություններից, ասում էին, որ հետո բոլորս վերադառնալու ենք:

Թուրքիայի դեսպանատունը հետաքրքրված է «Յուշամատեանով», Հայաստանի պետությունը՝ ոչ 

Կոստանեան ընտանիքը Խարբերդ քաղաքից (աղբյուր՝ Զապէլ
Գալուստեան Կօշկարեանի հավաքածու), լուսանկարը վերցված է
houshamadyan.org-ից

Վահէ Թաշճեանի խոսքով՝ և ՀՀ-ում, և սփյուռքում մոռացված է Արևմտյան Հայաստանի կենցաղի, մշակույթի պատմությունը: Այժմյան հայերը թերևս կարող են ասել, թե իրենց պապերը որտեղից են եկել, իսկ թե իրենց պապերն ինչպես էին ապրում, շատ լավ գիտեին 50 տարի առաջ ապրողները, բայց այդ սերունդն արդեն գնացել է, և առաջ է եկել նոր, վերակառուցված պատմություն: Հայկական նոր պատմագրության մեջ տեղական պատմություններն այնքան էլ տեղ չունեն:

«Յուշամատեանի» տնօրենը կարծում է, որ ՀՀ-ն՝ որպես անկախ պետություն, բավարար աշխատանք չի կատարում Արևմտյան Հայաստանի պատմությունն ուսումնասիրելու համար: Ցեղասպանությունն ուսումնասիրվում է, իսկ 1915-ից առաջ հայերի կյանքի մասին ուսումնասիրությունները հազվագյուտ են: Մանավանդ ՀՀ արխիվներում արևմտահայ ժառանգության մասին շատ նյութեր կան, բայց այդ բոլորը պետք է պեղել, հետազոտել, հրատարակել:

Այս տարվա վերջին «Յուշամատեանը» Բեռլինում լույս է ընծայելու իր առաջին գիտական հրատարակությունը՝ «Օսմանյան հայեր» 1-ին հատորը: Գիրքը պարունակելու է մոտ 10 մասնագիտական հոդված և լուսանկարներ՝ հայերի սոցիալական կյանքի, մշակույթի մասին: «Յուշամատեանի» հետագա ծրագրերից է նաև դասախոսություններ, համագումարներ, ցուցահանդեսներ կազմակերպելը:

Հայաստանի իշխանությունների որևէ ներկայացուցիչ, այդ թվում նաև սփյուռքի և արտաքին գործերի նախարարություններից, չի հետաքրքրվել «Յուշամատեանի» աշխատանքով: Փոխարենը Գերմանիայում Թուրքիայի դեսպանատնից ցանկացել են իմանալ, թե ինչով է զբաղվում «Յուշամատեանը», ովքեր են դրա անդամները, և խորհուրդ են տվել ցեղասպանություն բառը չնշել:

«Յուշամատեանի» կայք ամենից շատ այցելում են ԱՄՆ-ից, այնուհետև ՀՀ-ից և Թուրքիայից, մանավանդ Թուրքիայի գավառներից:

«Յուշամատեանը» ֆինանսավորում են անհատ բարերարները՝ սփյուռքահայ ընտանիքներ: Բացի հիմնական աշխատակազմից՝ միությունն ունի կամավորների ցանց: Հիմնական խնդիրը, որին հանդիպում է «Յուշամատեանը», ֆինանսների և հետաբար մարդուժի պակասն է: Բայց Վահէ Թաշճեանն ասում է, որ չնայած դրան՝ աշխատանքը գոհունակություն պատճառող է, քանի որ իրենք մի աշխարհ են վերակերտում:

1-ին լուսանկարում Սիսն է: Գրիգոր Մճրգեանի տունը ձախում է՝ տաճարի հենց ներքևում: Լուսանկարը տրամադրել է Վահէ Թաշճեանը:

Մեկնաբանություններ (6)

Shaque tarjan
The accomplishments of Houshamadyan are to regarded as a treasure! I am endlessly grateful for its efforts! Weren’t for the vision of this fine group the culture of the Armenians of Ottoman Turkey would eventually vanish into thin air.....
Leo Keoshian, M.D.
Thanks for all your good work! Please note my new email address. I would like to continue to be informed.
Barbara Armo
Did the Turkish Embassy have another suitable term to express the concept of eliminating an entire race of people?
Վահէ Թաշճեան
«Յուշամատեան կայքէջին մասին Հետքին մէջ լոյս տեսած յօդուածին վերաբերեալ կը փափաքիմ ճշդում մը կատարել։ Ճիշդ է գրութեան այն հատուածը երբ կ՚ըսուի թէ Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութիւնը եւ կառավարական որեւէ այլ մարմին մեզի հետ կապ չէ հաստատած մեր գործունէութեան ծանօթանալու նպատակով։ Բայց ասոր կողքին պէտք է աւելցնել որ, Յուշամատեան կայքէջի գործակից հաստատութիւններու շարքին են Հնագիտութեան եւ Ազգագրութեան ինստիտուտն ու Հայոց Ցեղասպանութեան թանգարան – ինստիտուտը, որոնք պետական հաստատութիւններ են։ Ասոնց հետ մեր համագործակցութիւնը կը նպատակադրենք արդիւնաւէտ դարձնել եւ չմնալ զուտ անուանական-խորհրդանշական մակարդակի վրայ։
GAYTZAG PALANDJIAN
Շւարած եմ: Մէկ կողմէ 1915-1920 թւականներու Հայ կալւաղքներու մասին կը խօսինք,միւս կողմանէ իմ/մեր Ժառանգած ԵՐԵՔ (երկուսը, բառիս բուն իմասով)պալատներ զոր հայրս-հոեղբայրս գնած են-1948ականներուն, ոչՀ.Հանրապետութեան Արտնախարարութիւն կուզի յանձն առնել ՎԵՐԱՏԻՐԱՆԱՆՔ(այո մէկ շէնք կամ նոյնի մէկ լման հարկ Հ«.Հանրապետութեան Դեսպանտան նւիրաբերելով(անշուշտ երբ վերատիրանանք..ուր են մեր Հ.Հանրապետութեան Արդարարութեան Նախարարութիւն (փոխ-նախարարին,-Իրավաբան է-գրեցիշ երեք շաբաթ առաջ) եւ ոչ մի պատասխան:Իսկ Նախագահ Սէրժ Սարկսեանի Չ՞ՈՐՍ ամիս առաջ«..Ատենին Փրօֆ. Ռիչարդ Հովհաննիսեան ինձ ըսեց-անձամբ խոսելով-Իրավաբան Վահէ Թաշճեան մը կայ Պէրլին եւ Եպիսկոպոս մը Վիէննայ զոր թերեւս կարենան համագործակցիլ,աես առթիւ ինձ հէտ:Հորղբոր աղջիկս(մահացած)- Կայքէջի վրայ դեռեւս *www.rebecca palandjian,-զոր կարելի է տեսնալ , չը յաջողեցաւ տեղ հասցնել..Իսկ ես,Էղբաերս եւ քոյրս Պուտափէսթ երկու ջաստապաններ վարձելով նոյնպէս չե յաջողեսանք...ՍԱԿԱՅՆ ՀԻՄԱՅ որ Սաֆարօւին Հունկարիոյ (նոյնպէս մեղսակից) կառավարութիւն յիշեալին ազատ արձակեց...չեք կարծէ լեզունին կարճցած է...եւ եթէ(իմ խորհածս)Class Action lawsuit սկսինք,թէ Հայրենիքից եւ թէ Տեղւոյն Հայ Համեանքին մեզ միանալով(Խմբական) ձեւին տակ առնւազն յաջողցնենք Մ Է Կ Lanmark Building ԻՆ ՎԵՐԱՏԻՐԱՆԱԼ...Հոշոքթարայ Հրապարակին վրայ է -աըել է Պուտափեստի Գլխաւոր Հրապարակի: Իմ հասցէս է [email protected]..գրեցէք խնդրեմ
Krikor
I do understand the position of the Armenian Government. Why should we Armenians put money in developing Turkish properties when Armenia is in dire need of investments from diaspora especially now when 10,000 Suriahai are there

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter