HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ծռված շենքերի քաղաքը

- Ես կկարողանամ անցնել այս ճաղերի միջով,- հայտարարեց եւ քանի որ հավատացած էր իր այդ մտքին, սրտի կաթված ստացավ, եւ նրան դուրս հանեցին բանտախցից…

***

Շենքը ի սկզբանե ծուռ էր, եւ դրա համար մի քանի անգամ արդեն դիմել էին քաղաքային իշխանության տարբեր ստորաբաժանումների, բայց ոչ մի արձագանք:

Համապատասխան բաժանմունքի աշխակիցներից մեկը նույնիսկ համարձակվել էր գրել, թե էս խառը ժամանակներում ծուռն ու ուղիղը ո՞րն է, էն էլ շենքի համար, որտեղ արդեն քսան տարուց ավելի է՝ մարդիկ ուղղակի ապրում են:

Էդ «ուղղակի ապրելը» անտանելի ձեւով ծանր էր նստել, ու ամեն օր աշխատանքի գնալուց առաջ տասը րոպե կանգնում էր շենքի դիմաց, փորձում հասկանալ՝ էլի՞ է ծռվել, թե՞ առաջվա պես ճոճվող ծառի պես ուղղակի թեքն է ընկել, քանի ուժեղ քամի չի եղել:

Փորձեց հարեւաններից պարզել, թե միայն իրեն են այսպես խաբել, մտցրել տուն ու չեն թողել նայի, տեսնի՝ շենքը ծո՞ւռ է, թե՞ ուղիղ: Հարեւաններն էլ, որ մինչ այդ նրան տեսել էին առավոտյան շուտ աշխատանքի գնալիս, իսկ վերադարձը երբեք չէին մտաբերում, ներս հրավիրեցին նրան ու մոռացան շենքի ծռությունն էլ, իրենց քսան տարվա ծուռ հատակով սենյակներն էլ ու համ էլ էն, որ երկրաշարժից հետո նման շենքերն էնքան արագ կառուցվեցին, որքան սնկերն են աճում անձրեւից հետո ու միանգամից դատապարտված են մինչեւ հաջորդ անձրեւը կամ փտելու, կամ քաղվելու:

Հարցուփորձ արեցին, թե ինչպես ստացվեց, որ հենց այս շենքում բնակարան գնեց, քանի տարեկան է, ինչու է մինչեւ հիմա միայնակ... Գլխարկը քաշեց գլխին ու սուսուփուս դուրս եկավ շքամուտք... Բոլոր հարցերին կարճ էր պատասխանել. «Չգիտեմ, ստացվեց»:

***

Միզելու անտանելի ցանկությունից կծկվել էր: Ցուրտը նպաստում էր լարված մկաններին ու հնազանդություն պահանջում: Բանտախցում ժանգոտած լվացարանի կողքին զուգարանակոնքն էր, ավելի գարշելի, քան պատերին գրված հայհոյանքներն ու հոտը, որ տարածվել էր արդեն ընդհանուր միջանցքով մեկ:

Հերթապահի ոտնաձայներից նյարդայնացած՝ գլուխը մտցրել էր բարձի տակ ու սրթսրթում էր:

- Սրանց նմաններին ցմահ բանտարկությունն էլ քիչ ա: Պետք ա աչքերը հանեն, ականջներն էլ կտրեն, որ մարդկությունից ընդհանրապես կտրվի, կորչի, գնա:

- Չգիտես՝ հաստատ մեղավո՞ր ա, թե՞ չէ. դեռ դատն ու դատաստանը չեն արել:

- Ինչի տեսքից չես հասկանում, որ սրիկայի մեկն ա... Գլխարկն էլ գլխից չի հանում, ինտելեգենցիա ա խաղում, էլի...

- Ձեններդ, անասուններ,- գլուխը հանեց բարձի տակից ու երկաթե բաժակը շպրտեց ճաղերին:

- Հայրի՜կ, ինչ եղավ... Հայրի՜կ...

- Դու ի՞նչ ես անում էստեղ,- սարսափած աչքերը չռեց խոպոպների վրա ու բռնեց գլուխը,- քեզ ո՞վ է ներս թողել, արեւս, ո՞նց ես հասել էստեղ:

- Բայց էստեղ հասնելու համար ես ընդամենը գլորվել եմ էս ծուռ հատակով, իսկ դու փոխանակ գլորվես ինձ հետ, բղավում ես...

- Լսո՞ւմ էիր էն գարշելի հերթապահների ձայնը:

- Ի՞նչ հերթապահ, հայրիկ...

- Արի, արի, ես քո ականջները կփակեմ. հիմա մենք երկուսով կմտնենք այս բարձի տակ: Սա մեզ կպաշտպանի:

- Հայրի՜կ...

Զգում էր, թե ոնց են խոնավանում փոքրիկի խոպոպիկները, թե ոնց ամբողջ մարմինը ջուր դարձավ, հետո սկսեց կամաց սառչել:

Հանգստացավ, ինքն էլ մտավ բարձի տակ:

- Նայիր էս անասունին: Ամբողջ օրը որքան ուժ ունի, սեղմում է բարձը, հետո հանգիստ պառկում ու սկսում ունեցած-չունեցածը տնտղել:

- Երեւի կարոտել է կիրառելուն:

Մեզի զզվելի հոտը բռնեց ողջ միջանցքը: Հերթապահը սկսեց բարձր հայհոյել միզողին ու, թե տղա եք, մեջներդ պահեք ձեր գարշահոտը, ինչ եք ուզում դրանով ասել, որ կարող եք օդն էլ փչացնել ձեր գոյությամբ:

***

Կեսօրին ճաղերի արանքից ապուր ներս գցեցին ու մի կտոր չոր հաց: Ջուր որքան ուզես, կար, միայն թե այն նույնն գարշահոտ լվացարանից: Հացին մոտ չեկավ. նստել էր սեղանի մոտ, սպասողի կարգավիճակում ու ձեռքերը հանգիստ խաչել:

- Տեսնո՞ւմ ես էս ապուշին: Ինձնից, քեզնից հանգիստ է. ոնց որ թե ես եմ ընտանիքին շանսատակ արել:

- Ասում են՝ գիշերը հանգիստ քնել է ու հեչ պետքն էլ չի, որ մի քանի օրից ցմահ զրկելու են լույսից ու մնալու ա էստեղ, փտի մինչեւ ոսկորները:

- Ներս թողեք նրան, տխմարներ,- առանց շարժվելու բղավեց:

- Էլի հիմարացավ էս անասունը, ոնց շանսատակ կանեի...

- Հանգիստ թող. իր բաժին հացն արդեն կերել է:

Կտրուկ պոկվեց տեղից, վերցրեց ապուրով լի ցինկե ամանն ու ուղիղ հերթապահի ճակատին:

- Ներս արի, սիրելիս... Կներես. այս տխմարներն առավոտից նյարդերս սղոցում են:

Ինչ հիմար դասավորվածություն է. անընդհատ ունենաս քայլող հարեւաններ, որոնք կարծես հերթապահում են կյանքիդ համար ու համ էլ չեն թողնում հանգիստ շունչ քաշես:

-Սիրելիս, ժամանակն է, վեր կաց, արդեն ուշանում ես աշխատանքից: Ես վաղը մեկնում եմ, այսօր պետք է կիսատ հարցերը լուծենք: Բնակարանով կզբաղվի Այդին, արդեն խնդրել եմ, որ Մարիին դպրոց ուղեկցի, իսկ շանդ՝ Լոլային, ամեն օր կես ժամով զբոսանքի տանի:

- Հասկացա...

- Ի՞նչը, սիրելիս..

- Ասում եմ՝ հասկացա... Դու էլ, հա՞... Դու էլ ես մտածում, որ չգիտեմ, թե ուր եմ, շատ լավ էլ գիտեմ, շատ լավ:

Էս փտած բանտախցում ինձնից բացի մեկ էլ դու ես քո հիմար առօրյա խնդիրներով ապրում: Հենց գիտես՝ չեմ հասկանում, որ բոլորի պես ինձ գժի տեղ ես դնում, իսկ երբ գիշեր է, բանտախցի նեղ ճաղերից դուրս ես գցում բարակ ոտքերդ ու էս գարշելիների հետ գզվրտվում ես:

- Ապուշ, ի՞նչ ես քեզ ու քեզ խոսում: Հավաքվիր արագ ու պառկիր տեղումդ,- շպրտեց հերթապահը:

Մատները նյարդերից սկսեցին դողալ: Ուզում էր բերանը բացել, մեկ էլ կինը սեղմեց ձեռքով ու թույլ չտվեց դուրս մղվել: Հետո հանգիստ բռնեց ձեռքերից, տարավ դեպի անկողինը, որտեղ քնած էր աղջիկը:

- Երեխան մեղք է, բարձը վրայից վերցրու...

- Չէ, էսպես լավ է, չի լսում էս անասունների զառանցանքը:

Կինը սկսեց հարդարել բանտախուցը: Հետո սկսեց տաք շունչ փչել սառած մատներին ու ոտքերին, մերսել անզգայացած մասերը:

- Ամեն բան մնացել է կոկորդումս. ո՞նց հարմարվեցինք էդ ծռությանը. ես երկար ժամանակ չէի զգում էդ ամենը... Չէի տեսնում, չէի զգում: Հիմա չգիտեմ...

- Հանգիստ սիրելիս. ամեն ինչ կարգին է:

- Հետո մի գիշեր, երբ դու ու Մարին քնած էիք, դուռը երկու անծանոթ ծեծեցին, ես փորձեցի նախ ստուգել սողնակը, այն բաց էր, հետո կամաց փակեցի ու նույնիսկ չհարցրի, թե ովքեր են:

Երբ մտա հյուրասենյակ, որպեսզի վառեմ ծխախոտս, շունչ քաշեմ, հետո նորից պառկեմ քնելու, նրանցից մեկը քո վարսերն էր շոյում, մյուսը՝ Մարիի: Ես էս անիծյալ շենքի ծռությունից առաջին անգամ չէի կարողանում հասնել ձեր անկողիններին, որպեսզի պաշտպանեմ ձեզ էդ անծանոթ սրիկաներից...

- Սիրելի՜ս...

- Նրանցից մեկը Մարիին դրել էր ոտքերի տակ ու ասում էր՝ ես պաշտպանում եմ քեզ, պաշտպանում եմ... Հետո Մարիի գլուխը չերեւաց, անիծյալ տականքը նրան խեղդամահ էր արել:

- Ես չեմ հիշում այդպիսի բաներ, սիրելիս, քնիր, վատ երազ է...

- Իսկ դու նույնիսկ չէիր զարմացել, որ բնակարանում օտար գարշելի երկու սեւազգեստներ են շրջում: Քեզ համար նրանք սովորական հյուրերի պես էին: Դու նույնիսկ շոկոլադ հանեցիր բարձիդ տակից ու դրեցիր էդ սրիկայի բերանը...

- Առավոտյան սրան բուժզննման կտանեք,- ասաց գլխավոր բանտապահը:

- Բայց նա մեզնից առողջ է, շեֆ, ուղղակի հիմար-հիմար զառանցում է իրենց շենքի ծռության մասին ու անընդհատ ապուշ մտքերով փորձում գրավել մեր ուշադրությունը:

- Ասացի՝ բուժզննում, վերջ...

- Սիրելիս... Ես դուրս կպրծնեմ այս ճաղերից ու առաջին բանը, որը կանեմ մեր ծռված շենքի բնակարանը վաճառելը կլինի: Ես այլեւս չեմ կարող այսպես անպաշտպան տեսնել ձեզ...

14.01.13
Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter