
Սիրիահայ գործարարը կաշառքի փոխարեն հարկ է տալիս Հայաստանին
Սիրիահայ Հովիկ Բաղդասարյանին ընկերներն ասել են, որ ինչքան էլ հաջողության հասնի Հայաստանում, «պիտի ցույց չտա, պիտի լացի անպայման, ասի՝ չկա, չունի, ձևն այդպես է»: Ծիծաղելով հարցնում է՝ իսկապես այդպես պետք է անել, հետևի խորհրդին, թե չէ:
Ժամը 20:00-ն անց էր. փակ էին մոտակայքի բոլոր խանութները, իսկ Հովիկը դեռ առևտուր էր անում: Արդեն հինգերորդ ամիսն է, ինչ աշխատեցնում է Երևանում բացած իր խանութը:
Նա նկատել է, որ հայերը «Հայաստանին մեջ չեն աշխատեր, ուզում են նստին, լավ դրամ շահեն»: Բայց եթե նույն հայը Հայաստանից, օրինակ, Ֆրանսիա է գնում,ասում է, ավելի շատ է աշխատում և անում է ցանկացած գործ: Հալեպում Բաղդասարյանների ընտանիքը «ամենամեծն էր կոշիկի գործով»:
Անցած տարի օգոստոսին ընտանիքով Սիրիայից «պատերազմեն փախան», երբ մահմեդականները սկսեցին հարձակում գործել նաև Հալեպում գտնվող իրենց տան վրա: Որոշել էին Հայաստանում մնալ մեկ ամսով, բայց քանի որ իրավիճակը չշտկվեց, այստեղ են մինչև հիմա:
Հովիկն ասում է, որ ինքը վարժվել էր աշխատելուն. մի ամսից ձանձրացավ անգործ մնալուց ու որոշեց կոշիկի խանութ բացել:
1988թ-ից Հովիկի հայրը կոշիկի գործով է զբաղվել Հալեպում: Այնտեղ կոշիկի ֆաբրիկա են ունեցել և խանութներ: Հիմա ֆաբրիկան փակ է, իսկ խանութներից միայն մեկն է աշխատում: Ասում է, որ Հալեպում իրենց ֆաբրիկան միակն էր, որ նաև բժշկական կոշիկներ էր կարում: «Պզտիկներ կան, որ ոտքերնին տակ շիտակ կըլլա, փոս չունի, մենք այնպես բոթեր էինք կարում, որ ոտքը շտկվի: Կամ կան մարդիկ, որոնց ոտքերնին տակ շատ խորունկ կըլլա, երբ որ կքալեն, կրունկներն ու մատները կցավին, մենք անոնց համար ալ կոշիկներ կշինեինք: Մենք գործիք մը ունեինք, այդ գործիքի վրա կելլեին, կչափեինք ու ոտքին կոխվածքին համեմատ կոշիկ կկարեինք: Մեր ամենամեծ գործը դա էր»,- պատմում է Հովիկը: Նրա խոսքով` Սիրիայում երկրորդ այդպիսի ֆաբրիկան գործում է Դամասկոսում. դարձյալ հայեր են աշխատեցնում:
Հիմա Հալեպում Բաղդասարյանների խանութներից մեկն է գործում՝ օրական 3-4 ժամով: «Անոր մեջ էլ դրել եմ միայն հայ գործավորները, որպեսզի ամսականներ ստանան, իրենց ծախսը հանեն: Բոլոր արաբները գործեն հանեցի»,- ասում է Հովիկը:
Արդեն չգործող ֆաբրիկայում կարված կոշիկները հիմա տեղափոխել ու վաճառվում են նաև Երևանի խանութում: Ապրանքանիշը «Hovig» է, իսկ ներբանների տակ էլ գրված էր «Kevork». Հովիկի ազգականներից մեկի անունն է: Խանութում վաճառվում են նաև Դուբայից ու Չինաստանից ներկրված կոշիկներ:
Հովիկը Ֆրանսիայում տուն ունի: Ասում է՝ կարող էր նաև այնտեղ տեղափոխվել ընտանիքով, բայց չի ուզում: «Կուզենամ հոս ապրիլ, որովհետև Ֆրանսիայի անունը մեծ է, բայց կյանքեն համ չես առներ. հոս ավելի Սուրիայի պես է, կնստիս մարդու հետ կխոսիս, կխնդաս, ավելի հանգիստ է: Ամառները Ֆրանսա կանցնենք: Բայց վերջնական ապրելը չեմ ուզեր: Չեմ ուզեր, որ իմ պզտիկներս Ֆրանսայի մեջ մեծնան»,- ասում է նա:
Երևանի կենտրոնում գնած բնակարանում հիմա ապրում է կնոջ, երկու դուստրերի, մոր և հոր հետ: Բաղդասարյանները արմատներով մշեցի են: Հովիկի պապը Մուշից է, իսկ տատը՝ Վան քաղաքից: Աղջիկներից մեկի անունը տատի՝ Վանուհու անունով Վանա է դրել: Խանութի անունն էլ է «Վանա»:
Երեխաներից մեկը մանկապարտեզ է գնում, իսկ մյուսը դպրոցական է, «Կիլիկեան վարժարանում» է սովորում: Կինը՝ Նաիրին է հիմնականում զբաղվում երեխաների հարցերով: Հովիկը չէր հիշում, օրինակ, թե աղջկան դպրոց տանող ավտոբուսներին ինչքան են ամսական վճարում: «Նաիրին կիմանա դա»,- ասաց նա:
![]() |
Հովիկի մայրը` Անտուանետը |
Մայրը՝ Անտուանետն օգնում է Հովիկին խանութն աշխատեցնելու գործում: Ցերեկները երբեմն ինքն է առևտուր անում, Հովիկը գալիս է երեկոյան:
«Վանա»-ն ընտանիքի նախաձեռնությունն է, որ պահում է նրանց Հայաստանում: Հալեպի խանութում աշխատող հայերը, ասում է Հովիկը, «կարողություն չունեին երկիրեն դուրս ելլելու» հենց նրա համար, որ Հայաստանը սիրիահայի համար շատ թանկ է, և եթե Սիրիայում իրենք սովոր էին 150 դոլարով 3-4 հոգի մեկ ամվա հացը ապահովել,ապա «հոս 150 դոլարը մեկ շաբաթ չբավեր»:
Խանութի դռան մոտ՝ դրսից երևացող մասում, Հովիկը դասավորել էր գունավոր կոշիկներ՝ վառ դեղին, վարդագույն: Ասում է՝ թեև վարդագույն կոշիկը մնում է տեղում, և վաճառվում են նույնի մոխրագույնն ու սևը, բայց այդ գույները հաճախորդին դրսից խանութ են բերում:
Խանութ մտած հաճախորդին անպայման պետք է առաջարկել, որ «սրտին ուզածի չափ» փորձի կոշիկները, մինչև որևէ մեկը հավանի: Դա նշանակում է, որ եթե «ատ օրը չառնե, երկու-երեք օր հետո կգա-կառնե, վերջը կուգա, կառնե»: Ավելացնում է, որ Հայաստանի խանութներում «աշխատողները շատ չոր-չոր պատասխաններ կուտան, կոշտ կվարվեն» հաճախորդների հետ, ինչը բիզնեսի կանոնների մեջ չի մտնում. «Եթե նույնիսկ առնելեն ետքը ետ կբերե կոշիկը, դրամը ես ետ կուտամ»:
Բիզնես գիտելիքների մեջ չի մտնում կաշառք տալը` ասում է նա: Հովիկի կարծիքով` «հեչ դժվար չէ» Հայաստանում օրինական բիզնեսով զբաղվելը. «Ինչ ծախես, ՀԴՄ պիտի տաս, ամսվա վերջը ինչ-որ ծախել ես, հարկը կվճարես, ի՞նչն է դժվար»:
«Սիրիայում հայերը արաբներուն շատ լավ դրամ գիտեն տալ: Կառավարությունն ալ մեզի շատ լավ կնայեր: Ամեն գործում հայերին առաջ կտանեն, որովհետև գիտեն, որ մենք իրենց ամենալավ դրամ տվողն ենք: Բայց մենք հային չենք գիտեր դրամ տալ: Հալեպին մեջ հայը հայի դրամ չառներ: Կամչնան: Ես հայի կաշառք տալ չեմ գիտեր»,- ասում է նա:
Առաջին նկարում` Հովիկն ու կինը` Նաիրին
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել