HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք ասենք տուք կիրեք, տրանից մեզ հի՞նչ օգուտ, կարո՞ղ ա մեր ճիրին հարցը լուծվի… »

«Ֆինանսական միջոցների բացակայությունը փակուղի է ստեղծում անգամ ամենահրատապ հարցերի լուծման համար»

Ալեքսան Սողոմոնյանը Ալվանք է տեղափոխվել 90-ականների սկզբին: «Ծնողներս մենակ էին ապրում, եկա նրանց խնամելու ու մնացի, եթե հիմա 10 միլիոն էլ տան, քաղաք չեմ վերադառնա»,- ասում է Ալեքսանը: Նա պատմում է, որ վերջերս Երեւան էր գնացել նախկին ծանոթներին, բարեկամներին հանդիպելու եւ այն տպավորությունն ուներ, որ բոլորը հիվանդ են, հյուծված ու անտրամադիր:

«Էնպես չի, որ գյուղում կյանքը հալած յուղի նման է, բայց մի քանի գլուխ քաղաքացիներից լավ ենք ապրում: Մեղրիի ճանշինում էլ եմ աշխատում, վատ չի, բայց խնդիրներ էլ շատ կան»,- ավելացնում է Ալեքսանը:

Խնդիրներից ամենակարեւորները, ըստ Ալվանքի համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Զվարթ Գեոգջանյանի, ընդգրկվել են Ալվանքի 2012-15 թթ. զարգացման ծրագրում:

«Քառամյա ծրագիրը համայնքի գործունեության լավագույն ուղեցույցն է. քննարկում ենք, ըստ խնդիրների կարեւորության՝ դրանք ընդգրկվում են ծրագրում, առանձին հաշվարկներ ենք կատարում, հիմնավորումներ ներկայացնում, բայց հետո կանգնում ենք ամենակարեւոր փաստի առաջ` ֆինանսական միջոցների բացակայությունը փակուղի է ստեղծում անգամ ամենահրատապ հարցերի լուծման համար»,- ասում է Զվարթը:

Ալեքսան Սողոմոնյանը Զվարթ Գեոգջանյանը

Աշխատակազմի քարտուղարը, ով ներկայումս փոխարինում է արձակուրդում գտնվող համայնքապետին, զարմացնում է համայնքային խնդիրների առաջնահերթությունների վերլուծության իր հմտություններով: Նրա խոսքով` հիմնականում փախստականներով բնակեցված համայնքի բյուջեն այնքան սուղ է, որ աշխատակազմում որոշ հաստիքների կրճատում են կատարել, օրինակ, համայնքի ղեկավարի տեղակալի պարտականություններն ինքն է կատարում:

Ալվանքի քառամյա ծրագրի ընդունումից անցել է մեկ տարի, սակայն դրանցից եւ ոչ մեկը, ըստ աշխատակազմի քարտուղարի, չի լուծվել, եւ ֆինանսական ներդրումների որեւէ ակնկալիք էլ չկա: Համայնքային խնդիրները քառամյա ծրագրում ընդգրկելու, դրանց հանրային հնչեղություն հաղորդելու մասին թերահավատ կարծիք է հայտնում Ռայա Վելիխանովնան. «Ամիսը տասը ժուռնալիստ ա կյամ, մենք՝ ասենք, տուք` կիրեք, տրանից մեզ հի՞նչ օգուտ, կարո՞ղ ա մեր ճիրին հարցը լուծվի… »:

Ալվանքում խմելու ջրի մասին մտահոգություն են հայտնում շատերը: Գյուղում ջրամատակարարում կատարվում է բնական աղբյուրների` քահրիզների միջոցով, որոնք տարեկան գոնե մեկ անգամ պետք է մաքրվեն, եւ ինչպես ներկայացնում է աշխատակազմի քարտուղարը, դրա համար անգամ միջոցներ չկան, բացի այդ՝ վերանորոգման ենթակա է նաեւ ջրամատակարարման ներքին ցանցը:

Թվարկված կարեւոր խնդիրների թվում են նաեւ կոյուղու կառուցումը, ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը, դպրոցի շենքի հիմնանորոգումն ու մանկապարտեզի կառուցումը: Վերջիններս, ըստ քառամյա ծրագրի, ամենածախսատարն են, եւ նախնական հաշվարկներով խնդրի լուծման համար 110 մլն դրամ է անհրաժեշտ:

Զոյա Համբարձումյանը Վերա Սեւումյանը

Դպրոցի տնօրեն Զոյա Համբարձումյանի կարծիքով` 400 աշակերտի համար 70-ականներին կառուցված դպրոցի վերանորոգումն անիմաստ է այն առումով, որ հիմա ընդամենը 30 աշակերտ ունեն, եւ ավելի նպատակահարմար է առանձին նոր շենք կառուցել:

«Մի քանի անգամ տարբեր պաշտոնյաներ են եկել, չափումներ կատարել, բայց դրանք մնացել են թղթի վրա, եւ չեմ էլ հավատում, որ հնարավոր է՝ խնդիրը լուծվի»,- ասում է տնօրենը:

Շենքային անմխիթար պայմաններից բացի, Ալվանքի դպրոցի ուսուցիչները նաեւ իրենց դժգոհությունն են հայտնում այն մասին, որ օրենքով նախատեսված կարգի համաձայն գյուղական դպրոցներում ուսուցիչների վճարումը կատարվում է կախված աշակերտների թվից: «Եթե դասարանում մեկ աշակերտ է սովորում, ապա պարապող ուսուցիչը վարձատրվում է դրույքի 0.25 տոկոսի չափով»,- ասում է Վերա Սեւումյանը:

Նրա խոսքով, իշխանությունները պետք է տարբեր միջոցներով խրախուսեն, որ գյուղական դպրոցներն ապահովվեն ուսուցիչներով, մասնավորապես՝ Ալվանքի նման սահմանամերձ գյուղերի համար լրացուցիչ վարձատրեն, բայց իրականում նա քառակի պակաս աշխատավարձ է ստանում, քան քաղաքում:

«Շատերի աշխատավարձն ամսական 20 հազար դրամից չի անցնում: Նման անմխիթար պայմաններում՝ առանց կոյուղու ցանցի, բնական է, որ ծնողները մեկնում են գյուղից՝ ձգտելով իրենց երեխաների համար կրթության գոնե նվազագույն պայմաններ ապահովել»,- նշում է Վերան: Նա նաեւ պատմում է, որ գործընկերներից մեկը որոշել էր նամակ գրել կրթության նախարարին՝ հարցնելու, թե որքանով են մեղավոր ալվանքցի դպրոցականները, որ գրչի մի հարվածով արգելվել է դպրոցում արտադասարանական խմբերի պարապմունքներ կազմակերպել:

Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի սահմանից մի քանի հարյուր մետր, իսկ հանրապետության մայրաքաղաքից 415 կմ հեռու գտնվող Ալվանքում կարեւորում են նաեւ գյուղատնտեսության զարգացման համար բավարար պայմանների ապահովումը:

Սերգեյ Գրիգորյանի խոսքով` Կառավարությունն առավել ուշադրություն է դարձնում դաշտավարությանը, իսկ պտղի արտադրությանն աջակցելու համար գրեթե քայլեր չի ձեռնարկում: Նրա ասելով՝ ժամանակն է, որ պետությունը նախաձեռնի գյուղատնտեսության ապահովագրության կազմակերպման գործը, այդ դեպքում, նրա կարծիքով, իրենք որոշակի փոխհատուցում կստանային այգիների ցրտահարությունների դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter