HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Չարենցավանի դատարանի նորակառույց շենքում դատաքննություններ չեն իրականացվում

Այն բանից հետո, երբ 2010 թ. հոկտեմբերի 4-ին Արդարադատության խորհուրդը դադարեցրեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Պողոսյանի լիազորությունները, Չարենցավան քաղաքի դատարանի դռներն, ըստ էության, փակվեցին:

Ավելի ճիշտ, դատարանը հսկում են դատական կարգադրիչները, եւ նրանք էլ մեզ տեղեկացրին, որ դատարանը չի գործում, քանի որ դատավոր չկա: Հայցադիմումները քաղաքացիները ներկայացնում են մարզկենտրոն Հրազդան քաղաքի նստավայր, որը Չարենցավան քաղաքից 18 կմ հեռավորության վրա է:

Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով կառուցված Չարենցավան քաղաքի դատարանի շենքը շահագործման հանձնելու մասին դատական բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արթուր Թունյանը ավետեց 2010 թ. սեպտեմբերի 18-ին: Այն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի չորս նստավայրերից երկրորդն է, որը կահավորված է դատարաններին ներկայացվող պահանջներին համապատասխան տեխնիկայով:

Շահագործման հանձնված նորակառույց դատարանի շենքը, սակայն, գրեթե չծառայեց իր նպատակին: Շենքի նորամուտից մոտ երկու շաբաթ հետո այս դատարանի միակ դատավոր Կարեն Պողոսյանի, ով քաղաքացիական գործեր քննող դատավոր էր, լիազորությունները դադարեցվեցին: Մամուլը գրեց, որ հրաժարական ներկայացրած Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Պողոսյանն իրականում պաշտոնանկ է արվել` հարբած վիճակում ոստիկանների հետ վիճելու համար: Այդ օրվանից անցել է ավելի քան 9 ամիս, եւ մինչ օրս դատարանի դռները փակ են, քանի որ, ինչպես Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Ստեփանյանն է հայտնել մեզ, մարզի դատարանի Չարենցավանի նստավայրում գործող դատավորի լիազորությունները դադարեցվելու հեեւանքով առաջացել է դատավորի պաշտոնի թափուր տեղ, եւ այն մինչ օրս լրացված չէ: Նշենք, որ ՀՀ Դատական օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործում է 10 դատավորի կազմով, սակայն այս դատարանն ավելի քան 9 ամիս գործում է 9 դատավորի կազմով:

Դատարանի նախագահի տեղեկացմամբ` այս նստավայրում միայն քաղաքացիական գործեր են քննվել, եւ հիմա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրի քաղաքացիական գործերով վարչական տարածքի եւ նրան հարակից գյուղերի (Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան) սպասարկումն իրականացնում են դատարանի այլ նստավայրերի քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորները, որոնք դատական նիստերն առավելապես անց են կացնում Չարենցավանի նստավայրում: «Բացի այդ, դատարանի գրասենյակի գործավարի կողմից իրականացվում են ամենօրյա գործառույթներ` կապված գրասենյակում գործավարության եւ փաստաթղթաշրջանառության հետ»,- հայտնում է պրն Ստեփանյանը:

Նշենք, որ Չարենցավանի նստավայր մեր այցելության ժամանակ դատարանի շենքում միայն դատական կարգադրիչներն էին: Նրանք մեզ տեղեկացրին, որ գրասենյակը նույնպես չի գործում, քանի որ դատավոր չկա, իսկ գրասենյակի աշխատակիցները գտնվում են ժամանակավոր արձակուրդում: Հայցադիմումները ներկայացվում են Հրազդան քաղաքի դատարան: Դատական կարգադրիչները հայտնեցին նաեւ, որ իրենք շենքի եւ արխիվային փաստաթղթերի պահպանությունն  են իրականացնում:

Մեր այն հարցին, թե որքանո՞վ են արդարացված Չարենցավանի դատարանի շենքի պահպանության ծախսերը, ինչպես նաեւ վարչական կազմին ու դատական կարգադրիչներին վճարվելիք աշխատավարձերը, եթե շինությունը չի ծառայում իր նպատակին` դատավարություններ տեղի չեն ունենում այնտեղ, դատարանի նախագահը պատասխանել է. «Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրում դատական կարգադրիչների ծառայությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է դատարանի գույքի, շենքի եւ դրա սպասարկման տարածքի պահպանություն, իսկ դատական նիստերի ժամանակ` նաեւ դատարանի տարածքում հասարակական կարգի պահպանում եւ անվտանգության ապահովում, ուստի ինչպես դատական ծառայողներին, այնպես էլ դատական կարգադրիչներին վճարվող եւ նախատեսված ծախսերն արդարացված եւ հիմնավորված են»:

Բանն այն է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի չորս նստավայրերից միայն երկուսն են համապատասխանում դատարանին ներկայացվող պահանջներին, մասնավորապես` ձայնագրառման համակարգ է տեղադրված Եղվարդ քաղաքի եւ Չարենցավանի նստավայրերում: Հրազդան եւ Աբովյան քաղաքներում գտնվող նստավայրերը զուրկ են տեխնիկական միջոցներից, եւ եթե փաստաբանները որեւէ գործով կարեւորում են ձայնագրառումը, անձամբ պետք է հոգան տեխնիկական խնդիրների մասին: Սակայն, ինչպես նրանք են ներկայացնում, անձնական նախաձեռնությամբ տեխնիկական միջոցներ կիրառելը վերահսկողությանն անսովոր դատավորները տհաճությամբ են ընդունում, հաճախ այն նաեւ անցանկալի այլ հետեւանքներ է ունենում:

Ձայնագրման սարքերի ներդրումը եւ ընդհանրապես դատավարությունների հրապարակայնությունն ապահովելը դատական համակարգի բարեփոխումների ծրագրի առանցքային մասն է: «Ձայնագրման սարքերի օգնությամբ մեծանում է նաեւ դատարանների, այն է` արդարադատության նկատմամբ հասարակական վերահսկողությունը, որի արդյունքում էլ կմեծանա մարդկանց վստահությունը դատարանների եւ դատավորների նկատմամբ: Նախկին` ձեռագիր արձանագրման տարբերակով, այնուամենայնիվ, երբեմն հնարավոր էր այդ գրառումներին կողմնակի անձանց անհարկի միջամտությունը: Սղագրությունը դատարանի ձեռքում է, եւ ինչքան էլ պաշտպանները կանխում էին, ապարդյուն, քանի որ դա երբեմն դատարանի կողմից դիտվում է իբրեւ դատական նիստը խանգարելու փորձ»,- այդ մասին մամուլին  բացատրություններ էր ներկայացրել դատական բարեփոխումների ԾԻԳ-ի գրասենյակի տնօրենը:

Ձայնագրելու անհրաժեշտությունը պայմանավորվեց նրանով, որ դատական նիստերի ընթացքը թե ժամանակի, թե դատական նիստի արձանագրման առումով երբեւիցե չի բավարարել դատավորներին եւ դատավարության մասնակիցներին: Այս թեմայով բողոքները մշտապես եղել են` դատական նիստերը պատշաճ չարձանագրելու, արձանագրության դիտավորյալ բացթողումների, դատավորի կողմից կողմերի նկատմամբ անհավասար վերաբերմունքի, բացատրությունների ժամանակ անհարկի միջամտելու, էթիկայի կանոնների խախտում թույլ տալու եւ այլնի հետ կապված, որը, ձայնագրառման համակարգի կիրառման շնորհիվ, կտրուկ նվազել է, քանի որ դրանով արձանագրվում է դատական նիստի դահլիճում կատարվող յուրաքանչյուր իրադարձություն: Այդուհանդերձ, նման հարց ծագելու եւ բղոքարկումների դեպքում ձայնագրառումը հարցը քննողներին հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվել եւ աչառու լինել:

Ձայնագրառման համակարգի կիրառումը նպաստում է նաեւ դատական համակարգի գործունեության օպերատիվությանը` դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ, գործին մասնակցող անձանց կարող է տրամադրվել դատական նիստից անմիջապես հետո: Այնինչ, դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը տրամադրվում է լավագույն դեպքում` հաջորդ օրը, ավելի հաճախ` կարող է տեւել տասն եւ ավելի օր:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Ստեփանյանի բացատրությամբ` Չարենցավանի նստավայրում դատավորի պաշտոնի թափուր տեղի առաջացումով է պայմանավորված գործերի տեղափոխումը դատարանի այլ նստավայր: Մեր կարծիքով, ճիշտն այն կլիներ, եթե դատավորները գործերի քննությունն իրականացնեին Չարենցավան քաղաքի նստավայրում, քանի որ նորակառույց շենքի տեխնիկական հնարավորությունները վերահսկելի եւ հրապարակային կդարձնեին դատաքննությունները, հանրությունը հնարավորություն կունենար մասնակցելու իրեն հետաքրքրող դատական գործերի քննությանը: Այդ  դեպքում արդարացված կլինեին շենքի պահպանության բոլոր ծախսերը:                               

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter