HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի դատարանի շենքը կառուցող շինարարները աշխատավարձ ստանալու համար դիմել են դատարան

Հունիսի 17-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում քննվում էր Գորիս քաղաքի բնակիչ Անատոլի Տոդորովի հայցն ընդդեմ «Սերժ Մկրտչյան» ՍՊԸ-ի` 3 մլն 100 հազար դրամ գումար աշխատավարձի պահանջի մասին: Ըստ հայցվորի, նա 2008 թ. հուլիսի 3-ից մինչեւ 2010 թ. օգոստոսի 31-ը աշխատել է «Սերժ Մկրտչյան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի վերակառուցման, ապա նաեւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի նոր կառուցվող շենքի շինարարությունում` որպես շինտեղամասի պետ, նաեւ` համատեղության կարգով արտադրատեխնիկական բաժնի ինժեներ, ինչպես նաեւ իրականացրել է նշված կառույցների, շինարարական ընկերության կողմից կառուցվող այլ շինօբյեկտների նախագծային եւ տեխնիկական փաստաթղթերի թղթավարությունը: Հայցադիմումի համաձայն` շինարարական աշխատանքները ժամանակին ավարտելու համար Ա. Տոդորովն  աշխատել է նաեւ հանգստյան եւ տոնական օրերին: Ըստ հայցվորի, այդ մասին վկայում են շինարարության կատարման ամենօրյա վարման մատյանում կատարված գրառումները, ՍՊԸ-ի տնօրինությանը ներկայացրած շինարարությունում ընդգրկված բանվորների աշխատավարձերի կարգագրերը, որոնց մեջ լրացված են աշխատանքային օրերի հաշվառման թերթիկները:

Անատոլի Տոդորովը դատարանում նշեց, որ ՍՊԸ-ի տնօրինությունը նախապես սահմանել էր 200 հազար դրամ աշխատավարձ` հիմնական աշխատանքային պարտականությունների եւ 50 հազար դրամ` համատեղությամբ իրականացրած աշխատանքների համար: Աշխատանքային պայմանագիրը կնքվել է մեկ օրինակից, որը գտնվում է գործատուի մոտ: «Պայմանագրում որեւէ նշում չի կատարվել աշխատավարձի չափի մասին, քանի որ ընկերության տնօրենը, պատճառաբանելով, որ շտապում է, խոստացավ  հետագայում գումարի չափը նշել եւ պայմանագրի պատճենն ինձ հանձնել, սակայն մինչեւ այժմ չեմ ստացել»,- դատարանին տեղեկացրեց Ա. Տոդորովը: Վերջինիս խոսքով աշխատավարձը մշտապես վճարվել է ուշացումներով, չի ստացել նախատեսված աշխատավարձի մեծ մասը, ինչպես նաեւ չի վճարվել համատեղությամբ իրականացված պարտականությունների համար: Նրա ասելով, մասնավորապես դատարանի շենքի կառուցման ընթացքում աշխատավարձ չվճարելու համար բանվորները մի քանի անգամ գործադուլ են արել: Անատոլի Տոդորովի` դատարան ներկայացրած հասանելիք աշխատավարձի հաշվարկներով` գործատուի պարտքը կազմում է 3 մլն 100 հազար դրամ, որը ներառում է 2008-2010 թթ. չվճարված աշխատավարձը, աշխատանքից ազատվելու դիմաց կատարվող վերջնահաշվարկը, ինչպես նաեւ 48 հանգստյան օրերի համար ՀՀ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված կրկնակի աշխատավարձը: 

Քաղաքացիական գործի քննության առաջին դատական նիստում, գործը քննող դատավոր Մուրադ Հովակիմյանը հայտարարեց, որ պատասխանող կողմը, թեպետ պատշաճ կարգով ծանուցվել է դատական նիստի մասին, այնուամենայնիվ, չի ներկայացել, սակայն դատարանին գրավոր տրամադրել է իր առարկությունները, ըստ որի «հայցվորի պահանջն անհիմն է, քանի որ  Ա. Տոդորովի համատեղությամբ աշխատելու մասին որեւէ հրաման չի եղել, եւ հայցվորը 2010 թ. մայիսից ինքնակամ աշխատանքի չի ներկայացել»: Ի պատասխան այս առարկության, հայցվորը դատարանում նշեց, որ ինքը երբեւէ աշխատանքից ազատվելու դիմում չի ներկայացրել, սակայն աշխատանքի չներկայանալուց 2 ամիս հետո իրեն ազատել են «իր դիմումի համաձայն»:

«Սերժ Մկրտչյան» ՍՊԸ-ի տնօրենը դատարանին ներկայացրած առարկության մեջ նշում է նաեւ, որ հայցվորը համատեղությամբ երկու պաշտոն չի զբաղեցրել ընկերությունում. այդ մասին «հրաման կամ կարգադրություն չի եղել եւ այն չի ձեւակերպվել հաշվապահական փաստաթղթերով»: Այս առթիվ Ա. Տոդորովը նշեց, որ աշխատանքային գրքույկը` համապատասխան գրանցումով կցված է հայցադիմումին:

Ըստ պատասխանող Սերժ Մկրտչյանի առարկության, Ա. Տոդորովին չվճարված աշխատավարձը կազմում է ընդամենը 200 հազար դրամ, որը կվճարվի, եթե հայցվորը հրաժարվի հայցի մյուս պահանջներից: Վերջինս, սակայն դատական նիստում պնդեց իր պահանջը, հավելելով, որ «Սերժ Մկրտչյան» ՍՊԸ-ի դեմ աշխատավարձի վճարման պահանջով դատարան են դիմել նաեւ ընկերության նախկին այլ աշխատակիցներ, որոնց մի մասը  մինչ այդ նամակով դիմել է նաեւ Սյունիքի մարզի դատախազին, նշելով, որ ընկերությունը «շատ աշխատողների հետ աշխատանքային պայմանագրեր չի կնքել, բարձր վարձատրվող  աշխատողներն աշխատավարձ ստացել են ՍՊԸ-ի տնօրեն Սերժ Մկրտչյանի գրպանի բլոկնոտում ստորագրելով»: Դատախազին հղված նամակում նաեւ նշվում է, որ ընկերության տնօրենը լսելով, որ նախկին աշխատակիցները պատրաստվում են դիմել դատարան, հայտարարել է. «Գնացեք եւ դիմեք, ինչի՞ պիտի հասնեք, ինձ ո՞վ է գումար տալիս, որ ես էլ ձեզ տամ»:

Լսելով հայցվոր կողմի պնդումը պատասխանողի առարկություններին, դատավոր Մուրադ Հովակիմյանի որոշումով դատական նիստը հետաձվեց մինչեւ հունիսի 29-ը, որպեսզի դատարանը ապացույցները բաշխելու համար ժամանակ ունենա, սակայն այդ օրը դարձյալ պատասխանողը չներկայացավ դատական նիստին: Նիստի քարտուղարի տեղեկության համաձայն` նա նաեւ առարկություններ չէր ներկայացրել հայցվորի ներկայացրած ապացույցների դեմ, որոնք դատարանը պահանջել էր նախորդ դատական նիստում: Հայցվոր Ա. Տոդորովի միջնորդության հիման վրա որոշվեց պատասխանող Սերժ Մկրտչյանից ապացույցներն ստանալ դատական ակտերի հարկադիր կատարման միջոցով: Գործի քննությունը հետաձգվեց մինչեւ հուլիսի 9-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter