HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատավորը չի նպաստում վստահության բարձրացմանը

Արդարադատության պատասխանատուներն անպատասխան են թողել փաստաբանների հարցադրումը

Արդարադատության խորհրդի հոկտեմբերի 12-ի որոշմամբ դադարեցվեցին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանի եւ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատավոր Վազգեն Լալայանի լիազորությունները:

Նույն օրը փաստաբաններ Զարուհի Դանիելյանը, Նաիրա Խաչատրյանը եւ Կարեն Մեժլումյանը Փաստաբանների պալատում ասուլիս էին հրավիրել` ներկայացնելով մեկ այլ դատավորի` Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատավոր Արա Կուբանյանի թույլ տված օրինախախտումներն ու դատավորի վարքագծին ոչ վայել պահվածքը: 

«Դատավորն արդարադատություն իրականացնելիս պարտավոր է համբերատար, արժանապատիվ եւ ճիշտ վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ նա շփվում է ի պաշտոնե: Դատավորը պարտավոր է ապահովել դատարան դիմած փաստաբանի կամ յուրաքանչյուր անձի` դատարանի կողմից լսվելու օրենքով նախատեսված իրավունքները...»,- «Դատավորի վարքագծի կանոնագրքից» արված այս մեջբերումով փաստաբաններն ընդգծեցին Ա. Կուբանյանի ոչ օրինական գործողությունները: 

Փաստաբաններ Զարուհի Դանիելյանն ու Նաիրա Խաչատրյանը տեղեկացրին, որ հուլիս ամսին մասնակցել են սույն դատավորի վարույթում քննվող գործերից մեկին` ներկայացնելով պատասխանող կողմի շահերը: Դատաքննության ժամանակ միջնորդել են հետաձգել դատական նստը եւ 2 օր ժամանակ տրամադրել հակընդդեմ հայց ներկայացնելու համար: Դատավոր Արա Կուբանյանը մերժել է միջնորդությունը` պատասխանողին, փաստորեն, զրկելով հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքից, որը «պատասխանողի անվիճելի իրավունքն է»: Հիշյալ միջնորդության մերժումը փաստաբաններին հարկադրել է առարկություն ներկայացնել դատավորի գործողության դեմ: 

«Նիստի քարտուղարին խնդրեցի արձանագրել իմ առարկությունը, սակայն դատավորն ինձնից պահանջեց զբաղեցնել իմ տեղը, որին ես չենթարկվեցի, քանի որ պարտավոր եմ ենթարկվել դատավորի միայն օրինական պահանջներին»,- հայտնեց Զարուհի Դանիելյանը: Փաստաբանը շարունակել է պնդել իր պահանջը` արձանագրել դատավորի գործողությունների վերաբերյալ իր դիտողությունները, որը կրկին մերժվել է: Ուստի, խնդրել է ընդմիջել դատական նիստը եւ իրեն հնարավորություն տալ բացարկ հայտնել դատավորին: «Դատավոր Կուբանյանը մերժեց նաեւ իմ այս պահանջը` հայտնելով, որ եթե ես «նորմալ փաստաբան» լինեի, կգիտակցեի, որ բացարկի համար կա դատավարական փուլ, իսկ ես նորմալ փաստաբան եմ եւ գիտեմ, որ օրենքը սահմանում է բացարկը հայտնել բացարկի հիմքերի ծագման պահին»,- շեշտեց Զ. Դանիելյանը: Վերջինս տեղեկացրեց, որ իր համառ պնդումներին տեղի տալով` նիստն ընդմիջվեց բացարկը գրավոր ներկայացնելու համար, եւ այն ներկայացվեց դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանին: Սակայն, որոշ ժամանակ հետո իրեն հայտնում են, որ դատավոր Ա. Կուբանյանը եւ նախագահ Ս. Կոստանյանը շենքից հեռացել են, մինչդեռ խոստացել էին նույն օրն իսկ քննարկել այն:

Փաստաբանները տեղեկացրին, որ բացարկի վերաբերյալ իրենց միջնորդությանը մինչ օրս դատարանը գրավոր պատասխան չի տրամադրել, միայն բանավոր հայտնել են, որ այն մերժվել է: Նրանց փոխանցմամբ` քննության չի առնվել եւ որոշում չի կայացվել նաեւ իրենց մյուս` հայցի ապահովում կիրառելու միջնորդության վերաբերյալ: Հետագա դատական նիստի ժամանակ դատավորին խնդրել են հաջորդ դատական նիստը նշանակել 10 -օրյա ընդմիջումով, քանի որ ուզում են օգտվել արձակուրդի իրենց իրավունքից, բայց նա նշանակել է հենց այդ օրերին: Հարկադրված են եղել մեկ այլ փաստաբանի լիազորել նիստերին մասնակցելու համար, որին դատավորը թույլ չի տվել մասնակցելու գործի քննությանը եւ հայտարարել է, որ վճիռը կհրապարակվի հուլիսի 20-ին:

Փաստաբանները նշեցին, որ դատավորը, համաձայն օրենքի, պարտավոր էր վճիռը կողմերին հանձնել այն հրապարակելուց անմիջապես հետո: Սակայն Ա. Կուբանյանը չի տրամադրել ո՛չ այդ օրը, ո՛չ էլ 4 օր հետո: Դատավորի օգնականը փաստաբաններին հայտնել է, որ այն առաքել են փոստով ու խորհուրդ տվել «փաստաբաններով հերթապահել փոստում ստանալու համար»: «Վճիռը փոստային առաքումով ստացել են հուլիսի 28-ին եւ պարզել, որ այն մեկ օր առաջ է հանձնվել փոստ: Այսինքն` վճռի հրապարակման օրը վճիռը պատրաստ չի եղել: Մեզ չտրամադրեցին նաեւ դատաքննության արձանագրությունը»,- տեղեկացրեց Զ. Դանիելյանը: 

Այս միջադեպից հետո Զ. Դանիելյանը երկու այլ հայց է ներկայացրել նույն դատարանին, եւ դատարանի նախագահը երկու հայցերն էլ մակագրել է դատավոր Ա. Կուբանյանին: Վերջինս էլ երկու հայցադիմումները վերադարձնելու որոշում է կայացրել: Փաստաբանները նախորդ դատաքննությունից եկել են այն հետեւության, որ դատավոր Կուբանյանն արդեն որոշակի տրամադրվածություն ունի իրենց անձի նկատմամբ, ուստի, արդարադատության շահերից ելնելով, ճիշտ կլիներ, որ դատարանի նախագահն իրենց ներկայացրած հայցերը չմակագրեր նրան: 

Փաստաբանները հայցադիմումները վերադարձնելու մասին որոշումները բողոքարկել են վերաքննիչ դատարան, որը վերացրել է դրանք` «քանի որ հայցադիմումում պահպանված են քաղաքացիական դատավարության օրենսգրքի բոլոր պահանջները», որից հետո Ս. Կոստանյանը հայցերի քննությունը դարձյալ մակագրել է Ա. Կուբանյանին: «Հայցը փոխառության պահանջին էր վերաբերում, ստացականի բնօրինակը ներկայացրել եմ դատաքննության ժամանակ` հետազոտելու եւ վերադարձնելու համար: Դատավորը հետազոտել է բնօրինակը ու վերադարձրել ինձ, սակայն հայցադիմումը մերժել է` վճռում գրելով. «Քանի որ ներկայացվել է ստացականի պատճենը, ուստի հայցն անհիմն է եւ ենթակա է մերժման»,- տեղեկացրեց Զ. Դանիելյանը:

Փաստաբաններին զարմացնում էր այն հանգամանքը, որ պետության ու դատարանի հեղինակությունը բարձր պահելու երդում տված դատավորը փաստաբանի անձի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը կարող է տարածել քաղաքացու գործի վրա: Ինչու՞ դատավորը չի նպաստում դատարանի նկատմամբ վստահության բարձրացմանը: Այս հարցադրումն ու նշված փաստերը նրանք ներկայացրել են Արդարադատության խորհրդին, Դատարանի նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին, արդարադատության նախարարին եւ միայն նախարարությունից են պատասխանել, որ ճիշտ չէ դիմումն իրենց ուղղելը:

Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանից ավելի ուշ տեղեկացանք, որ հրապարակված փաստերը հանձնել է էթիկայի հանձնաժողովին` քննության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter