HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Ուզում եմ իմ մասը ներդնել ազատագրված հողերում»

«Ինձ ոչ մի խոստում չի հետաքրքրում, ես իմ կամքով եմ գնում: Գիտեմ, որ այնտեղ դժվար պայմաններ են»,- ասում է սիրիահայ Շահեն Բալեոզյանը, ով նոյեմբերի 1-ի առավոտյան երեք բժիշկների հետ մեկնեց Քաշաթաղ:

Վիրաբույժ Շահենը հեռուստատեսությամբ լսել է, որ Քաշաթաղում բժիշկների կարիք կա եւ, արձագանքելով կոչին, որոշել է մեկնել Բերձորի հիվանդանոցում աշխատելու: Դրանից մեկ օր առաջ Երեւանում Բերձորի  հիվանդանոցի տնօրեն Արցախ Բունիաթյանը հանդիպել էր հեռուստատեսությամբ տրվող հայտարարությանն արձագանքած 14 բժիշկների: Հանդիպման ժամանակ նրանք բոլորն էլ խոստացել էին հաջորդ առավոտյան գալ Ղարաբաղի ներկայացուցչության մոտ՝ միկրոավտոբուսով մեկնելու Բերձոր: Բժիշկները տեղում պետք է ծանոթանան աշխատանքային եւ կենցաղային պայմաններին եւ կայացնեն վերջնական որոշում: Առավոտյան պայմանավորված վայրում էր միայն չորս բժիշկ: Նրանցից մեկն էլ հենց հալեպցի Շահեն Բալեոզյանն է: 

«Ես 1970 թվականից սովորել եմ Երեւանի բժշկական համալսարանում վիրաբույժի մասնագիտությամբ, հետո աշխատել եմ Հալեպում: Հիմա որ հեռուստացույցով լսեցի, որ այնտեղ բժշկի կարիք կա, ուզեցի գալ մասնակցել, իմ մասը ներդնել այնտեղ ժողովուրդին համար, մեր ազատագրած հողերում»,- ասում է վիրաբույժը: 

Մոտ 27 տարի նա վիրաբուժությամբ է զբաղվել. 7 տարի աշխատել է Սիրիայի բանակում, այնուհետեւ՝ սեփական կլինիկայում եւ Սիրիայի տարբեր հիվանդանոցներում: 

«Հիմա գործս ուզում եմ թեթեւացնել եւ ներդրումս դնել իմ հայրենիքին: Կին եւ երկու երեխաներ ունեմ: Երեխաներիցս մեկը բժիշկ է, մյուսը Երեւանում իրավաբանականում է սովորում: Կինս եւ երեխաս Հալեպում են: Տեսնենք պայմաններն ինչպես կլինեն, հնարավոր է ընտանիքով գնանք Քաշաթաղ»,-ասում է Շ. Բալեոզյանը

Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում վերջին ամիսներին կարծես թե սկսել է իրավիճակը փոխվել: Ղարաբաղի իշխանությունները սկսել են կարեւորել Քաշաթաղի նշանակությունը եւ որոշակի քայլեր են նախաձեռնել իրավիճակը շտկելու համար: Մեկ տարի առաջ վիճակն աղետալի էր, եւ դրան «Հետքը» բազմիցս անդրադարձել է: 

«Հավանականությունը շատ մեծ է, որ մնամ, որովհետեւ ես քաղաքից դուրս շատ տեղեր եմ աշխատել եւ երկար ժամանակով: 34 տարի աշխատել եմ երրրոդ կլինիկական հիվանդանոցում: Այնպես որ, ես գնում եմ մնալու նպատակով: Թերապեւտ-կարդիոլոգ եմ: Տարիքի բերումով չեմ աշխատում, բայց ես պատրաստ եմ աշխատելու»,- ասում է Արուսյակ Մարտիրոսյանը:  

«Այնտեղ շատ դժվար է, պատկերացնու՞մ եք՝ ուր եք գնում»,- հարցնում եմ: 
«Ես եթե երեք ամսական երեխաս ձեռքիս գնացել եմ Ղրղզստան ու էնտեղի դժվարություններից չեմ վախեցել, Ղարաբաղում չեմ վախենա: Ես բոլոր դժվարությունները հաղթահարել եմ դեռ երիտասարդ տարիներից, վախ չունեմ»,- պատասխանում է Ա. Մարտիրոսյանը:

Բժիշկներին Քաշաթաղի վարչակազմը խոստացել է ապահովել բնակարանով: Լիլիթ Գինոսյանը որոշել է Քաշաթաղ մեկնել երկու դուստրերի հետ, նա իր հետ Բերձոր էր տանում հինգ տարեկան Նանեին, որպեսզի վերջինս էլ ծանոթանա տեղի պայմաններին:

«Երեխային էլ եմ հետս տանում, մեծ աղջիկս տասներորդ դասարանում է սովորում, եւ գնում ենք մնալու նպատակով, գնանք տեսնենք ինչպես է, մեծս  դպրոցում է սովորում, պետք է տեղափոխեն, էդ հարցերն էլ պետք է լուծեմ: Գնում ենք ապրելու, աշխատելու նպատակով: Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց ցանկացած տեղ դժվարություն կա, դժվարությունը նրա համար է, որ մարդիկ հաղթահարեն: Նորակառույց տեղ է, պիտի ծաղկի ու բարգավաճի, մենք պիտի դա անենք նաեւ: Ես էլ սիրում եմ ամեն ինչ ծաղկի ու բարգավաճել տամ»,- ասում է բժիշկ-թերապեւտ Լիլիթ Գինոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter