HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Երևանի բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծումները նախընտրական ծրագրերում. ՀԱԿ, ՕԵԿ

Սկիզբը՝
Երևանի բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծումները նախընտրական ծրագրերում. ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ

Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք «Հայ ազգային կոնգրես» և «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի՝ Երևանի բնապահպանական խնդիրներին ու դրանց լուծմանը վերաբերող դրույթները:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ծրագիրը կազմված է երկու մասից: Առաջինը Քաղաքական ծրագիրն է, որը սահմանադրական կարգի վերականգմանը, Հայաստանի ողջ քաղաքական համակարգի առողջացմանն ուղղված միջոցառումների ծրագիր է: Երկրորդը Երևանի ծրագիրն է, որը տեղական ինքնակառավարման լիազորությունների շրջանակներում մայրաքաղաքի զարգացման ծրագիր է:

Բնապահպանական խնդիրներին անդրադարձ կա ՀԱԿ-ի Երևանի ծրագրում, ըստ որի՝ վերջին տարիներին իրականացված քաղաքաշինական ծրագրերի արդյունքում Երևանը կորցրել է հսկայական կանաչապատ, հանրային օգտագործման տարածքներ:

«Կառավարման նոր մշակույթ» բաժնում ՀԱԿ-ը խոստանում է ստեղծել կանաչ գոտիների պահպանության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող մշտական դիտորդական խումբ, որի իրավասությունները կսահմանվեն իրավական ակտով: Խումբը կունենա անհետաձգելի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու լիազորություն:

«Քաղաքաշինություն» բաժնում նշված է, որ վերջին տարիներին Երևանում կանաչ զանգվածների անթույլատրելի նվազեցումը հանգեցրել է անապատացման ակնհայտ դրսևորումների և օդի աղտոտվածության: «Վերջին տարիներին մայրաքաղաքը կառուցապատվել է «կետային» սկզբունքով և բակային տարածքների, ընդհանուր օգտագործման կանաչ գոտիների, զառիթափ լանջերի հաշվին»,- շարունակում է ՀԱԿ-ը:

Ստեղծված վիճակը շտկելու համար կուսակցությունը քաղաքաշինության ոլորտում առաջարկում է մի քանի միջոցառում, որոնցից բնապահպանությանն առնչվում է հետևյալ երկուսը.

  • կբացառվի քաղաքի «կետային» և բակային տարածքների, ընդհանուր օգտագործման կանաչ գոտիների, զառիթափ լանջերի հետագա կառուցապատումը,
  • կիրականացվի բակերի կառուցապատման համալիր ծրագիր, կստեղծվեն պուրակներ, ջրավազաններ:

Բնապահանական խնդիրներից ամենից մանրամասն անդրադարձ կա ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի «Բնապահպանություն, կանաչապատում, բարեկարգում և աղբահանություն» բաժնում:

«Մայրաքաղաքում աղտոտվածությունը աղետալի է նույնիսկ արդյունաբերական ձեռնարկությունների չգործելու պարագայում: Օդային ավազանի աղտոտվածությունը 3-20 անգամ, իսկ հողերինը տասնյակ անգամ գերազանցում են թույլատրելի սահմանային չափանիշը: Մայրաքաղաքի ջրային ավազանները և հոսող գետերը ծանր մետաղներով, կեղտաջրերով և տարբեր թափոններով աղտոտված են նորմայից մոտ 11 անգամ ավելի»,- գրված է «Բնապահպանություն, կանաչապատում, բարեկարգում և աղբահանություն» բաժնում:

Այս վիճակը շտկելու համար ՀԱԿ-ը խոստանում է ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ վերականգնվելու և ավելացնելու Երևանի կանաչապատ տարածքները` զանգվածային ծառատնկումների, նոր պաշտպանիչ անտառաշերտեր հիմելու միջոցով: ՀԱԿ-ի մյուս խոստումները հետևյալներն են.

  • Կանաչապատման ծրագրերի մեջ տարեկան կներառվի առնվազն 200 հեկտար` Երևանի կանաչ տարածքները աստիճանաբար հասցնելով սահմանված չափանիշներին:
  • Կվերականգնվի բուսաբանական այգին` իր ենթակառուցվածքներով:
  • Կվերականգնվեն կանաչ գոտիները, այդ թվում սիզամարգերը, կկատարվի նրանց գույքագրումը և դասակարգումը ըստ գործառնական նշանակության:
  • Այգիներում և պուրակներում կբացառվի կապիտալ շինություններ կառուցելը:
  • Կվերակառուցվի Աէրացիայի կայանը:
  • Երևանի կանաչ տարածքները, գյուղատնտեսական նշանակության հողերը, պուրակները, այգիները ոռոգելու նպատակով կվերականգնվի և կընդլայնվի մայրաքաղաքի ոռոգման համակարգը: Աստիճանաբար անցում կկատարվի ծառերի «կաթիլային» ոռոգմանը: 
  • Աշխատանքներ կիրականացվեն մայրաքաղաքում մակերեսային ջրերի աղտոտումը կանխելու, ջրամատակարարման ցանցում կորուստները նվազեցնելու համար:
  • Քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների որակը և կազմակերպումը արմատապես փոխելու համար կներդրվի սկզբունքորեն այլ հայեցակարգ, որը կիրառվում է մաքուր քաղաք, ոչ մի գրամ աղբ առանց վերամշակման սկզբունքով:
  • Առանձնակի ուշադրություն կդարձվի Նուբարաշենի աղբավայրին:

«Կոմունալ ոլորտ» բաժնում ՀԱԿ-ը խոստանում է, որ կկիրառվեն էներգախնայություն և շենքերի լայնածավալ ջերմամեկուսացում ապահովող նոր տեխնոլոգիաներ՝ նպատակ ունենալով աստիճանաբար անցնել էկոլոգիական մաքուր համակարգի` կանաչ էներգետիկայի:

«Օրինաց երկիր» կուսակցություն

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը բաղկացած է տարբեր բնագավառներում բարեփոխումներ ներկայացնող 13 բաժնից, բայց չունի բնապահպանությանը նվիրված առանձին բաժին, ինչը ենթադրել է տալիս, որ կուսակցության կողմից կարևորվող առանձին բնագավառների շարքում բնապահպանությունը առավելագույնը 14-րդն է:

Միաժամանակ նշենք, որ տարբեր ոլորտներում ՕԵԿ-ի առաջարկած բարեփոխումների շարքում կան այնպիսի միջոցառումներ, որոնք բնապահպանական ուղղվածություն ունեն:

ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի սկզբում նշվում է, որ «Մաքուր և բարեկարգ մայրաքաղաք» ծրագրի նպատակներից է քաղաքի բնապահպանական նոր քաղաքականության ձևավորումը, կանաչ ճարտարապետության ավանդույթների վերականգնումն ու զարգացումը:

Նախընտրական ծրագրի «Կոմունալ-բնակարանային տնտեսության բարեփոխում» բաժնում թվարկված նախատեսվող միջոցառումների շարքում նշվում են նաև հետևյալները.

  • բնակելի շենքերի բակերում կանաչ գոտիների ձևավորումը,
  • աղբահանության վիճակի կտրուկ բարելավումը, կենցաղային թափոնների վերամշակման ձեռնարկությունների ստեղծումը` բնապահպանական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:

«Կարգավորել Երևանի կառուցապատումը» բաժնում նշված է. «Հանրային նշանակություն ունեցող կառուցապատման և բարեկարգման յուրաքանչյուր նախագիծ պետք է պարտադիր անցնի հրապարակման, հանրային քննարկման, քաղաքաշինական համալիր գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլերը»: Այդ խնդիրը լուծելու համար ՕԵԿ-ն առաջարկվում է մի շարք միջոցառումներ, որոնց չենք անդրադառնում, քանի որ դրանք քաղաքաշինության և ոչ թե բնապահպանության ոլորտից են:

«Երևանի բարեկարգումը» բաժնում ՕԵԿ-ը խոստանում է.

  • բարեկարգման, կանաչապատման աշխատանքների իրականացման առաջնահերթությունը տեղափոխել գլխավոր փողոցներից դեպի քաղաքի ծայրամասերում գտնվող երկրորդական փողոցներ ու նրբանցքներ,
  • հիմնել նոր քաղաքային այգիներ և զբոսանքի վայրեր, պաշտպանիչ անտառաշերտեր` քաղաքի օդային ավազանը բարելավելու նպատակով,
  • կանաչապատման արդյունավետությունը բարձրացնելու համար վերականգնել ոռոգման ցանցը` ժամանակակից ջրագծերի կառուցմամբ,
  • շարունակել շենքերի բակերում կանաչ գոտիների ստեղծումը:

«Կապի, հեռահաղորդակցության և տրանսպորտի հետևողական զարգացում» բաժնում կուսակցությունը նախատեսում է ստեղծել պայմաններ էկոլոգիապես մաքուր, հեծանվային և էլեկտրոմոբիլային տրանսպորտի զարգացման համար:

շարունակելի

Մեկնաբանություններ (1)

gohar
es erkiry sranq chen karox xekavarel petq e sranq rusi lci tak linen vor vaxenan te che irar utum en shat nxanz en espes el kkorcanven

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter