HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Երևանի բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծումները նախընտրական ծրագրերում. «Բարև Երևան», «Առաքելություն»

Ավագանու ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունների նախընտրական ծրագրերի՝ բնապահպանությանը վերաբերող դրույթները տես այստեղ.

Երևանի բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծումները նախընտրական ծրագրերում. ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ

Երևանի բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծումները նախընտրական ծրագրերում. ՀԱԿ, ՕԵԿ

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինք

Երևանի բնապահպանական խնդիրներին նվիրված է դաշինքի նախընտրական ծրագրի «Կանաչ Երևան քարակերտ անապատի փոխարեն» բաժինը, որում գրված է. «Երևանում հանրային զբոսայգիներն ու կանաչ տարածքները կազմում են քաղաքաշինական նորմերով սահմանված չափի ընդամենը 20 տոկոսը, և այդ ցուցանիշը շարունակում է նվազել: Դրա հետևանքով չի արտադրվում մարդու թոքերի համար անհրաժեշտ և բավարար թթվածնի քանակությունը. նորմատիվ համարվող 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին այժմ բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ պակաս կանաչ տարածք, ինչը բազում երևանցիների մոտ սրել կամ հարուցել է սուր շնչառական բնույթի հիվանդություններ»:

«Կանաչ Երևան քարակերտ անապատի փոխարեն» բաժնում նշվում է, որ չոր մայրցամաքային կլիմա ունեցող Երևանը գտնվում է օշինդրային կիսաանապատի գոտում, որին առավել քան անհրաժեշտ է խոշոր, զանգվածային կանաչ տարածքների և ջրային մակերեսների առկայությունը՝ քամիներից պաշպանվելու, օդը խոնավացնելու, փոշուց և թունավոր նյութերից մաքրելու համար. «Երևանի կառուցապատման ու կանաչ տարածքների ոչնչացման ներկայիս քաղաքականությունը սպառնում է անգամ փոխել Երևանի բնակլիմայական գոտին` այն կիսաանապատայինից վերածելով անապատայինի»:

«Բարև Երևան» դաշինքը նշում է, որ անցած 20 տարում Երևանում հանրային կանաչ տարածքները համատարած օտարվել ու անխնա ոչնչացվել են` խեղաթյուրելով դրանց նպատակային նշանակությունը թե իբրև առողջության աղբյուր, թե որպես սոցիալական շփումների ու քաղաքային մշակույթի դրսևորման վայր:

«Մայրաքաղաքի կանաչ և հանրային գոտիների օտարման հաշվին համայնքային բյուջեի համալրումը այլևս չի կարող շարունակվել: Դա վտանգի տակ է դնում Երևանի կայուն զարգացումը: Երևանի գլխավոր հատակագծի շեղումները և կանաչ տարածքների ապօրինի կառուցապատումները հասնում են ահռելի չափերի, և անհրաժեշտ են վճռական քայլեր Երևանը գլխավոր հատակագծի պահանջներին համապատասխանեցնելու համար»,- գրված է «Կանաչ Երևան քարակերտ անապատի փոխարեն» բաժնում:

Ընտրվելու դեպքում դաշինքը խոստանում է առաջնորդվել մայրաքաղաքում լայնարձակ զբոսայգիներ և մեծածավալ ծառածածկ վերականգնողական ու հանգստի գոտիներ ստեղծելու քաղաքականությամբ ու Ալեքսանդր Թամանյանի քաղաք-այգի հայեցակարգ-տեսլականով:

Բնապահպանության ոլորտում «Բարև Երևանի» իրականացնելիք քաղաքականության առաջնահերթությունները 17-ն են: Ներկայացնենք դրանցից մի քանիսը.

  • գերակա նպատակ դնել ընդլայնելու մայրաքաղաքի կանաչ տարածքը՝ մինչև յուրաքանչյուր շնչի հաշվով 20 քառ. մետր առկա 6 քառ. մետրի փոխարեն: Քաղաքի կենտրոնում և յուրաքանչյուր վարչական շրջանում առնվազն 100 հա ընդհանուր մակերեսով 8-10 նոր այգիների հիմնում:
  • Արգելել Երևանի տարածքում գտնվող և համայնքին պատկանող կանաչ գոտիների օտարումը` դրանք սեփականության կամ վարձակալության իրավունքով տրամադրելու աճուրդները, դրանց մի մասը հայտարարել արգելոցային գոտիներ:
  • Երևանի 2013 թ. բյուջեում կրկնապատկել կանաչ տարածքների պահպանությանը հատկացվող գումարները:
  • Երևանի բոլոր հանրային այգիները և պուրակները բարեկարգել համայնքային միջոցներով` բացառելով դրանց տարածքում բետոնապատ կամ ապակեպատ կառույցների, այդ թվում` սրճարանների, զվարճատեղերի տեղադրումը:
  • Ծաղիկապատման գործողություններից անցում կատարել առավելապես Երևանի ծառաշատ այգիների և պուրակների ստեղծմանը և խնամքին:
  • Երևանի կենտրոնական և ծայրամասային զբոսայգիներն աստիճանաբար ազատել մասնավոր տնտեսվարողների կողմից օրենքի խախտումներով կառուցած բետոնե շինություններից, չերկարաձգել ավարտվող պայմանագրերը, խզել այն պայմանագրերը, որոնք կնքվել են օրենքի խախտմամբ:
  • Կենտրոնացնել բազմահարկ բնակելի շենքերի բակերում կառուցված ավտոտնակները ստորգետնյա կամ բարձրահարկ համալիր ավտոկայանատեղիներում՝ ազատված տարածքների հաշվին մեծացնելով բակային այգիները և պուրակները:
  • Դադարեցնել ցանկացած կառուցապատում և «Հայանտառի» հետ համագործակցությամբ վերականգնել Նորքի անտառից մնացած հատվածը, «Հաղթանակ» զբոսայգու անտառից մնացած հատվածը, Ավանի հին և նոր թաղամասերի միջև գտնվող անտառածածկ գոտին, Դալմայի այգիները, այլ կանաչապատ տարածքներ` դրանց համար մշակելով հատուկ ռեաբիլիտացիոն և պահպանման ծրագրեր:
  • Սահմանազատել Կենտրոնի և մյուս վարչական շրջանների միջև մնացած մեծ անտառածածկ հատվածները և դրանք հայտարարել անձեռնմխելի հանրային կանաչ գոտիներ:
  • Բարեկարգել մայրաքաղաքի չխնամվող պուրակները, այդ թվում` մայրաքաղաքի հատակագծով Մաշտոցի պուրակին սիմետրիկ և Գլխավոր պողոտայի մյուս կողմից շարունակվող պուրակը` իր ամբողջական սահմաններում, Վիշապի պուրակը Նոր Նորք վարչական շրջանում, ինչպես նաև հանրային զբոսայգիների անխնամ հատվածները: Հատուկ ուշադրություն դարձնել Կոմիտասի անվան այգուն` Ազգային պանթեոնին՝ ապամոնտաժելով բոլոր անհամապատասխան կառույցները:

«Վերահսկվող, օրինական և խելամիտ կառուցապատում` ապօրինության և քաոսի փոխարեն» բաժնում դաշինքը նշում է, որ մինչ օրս շարունակվում է բազմաթիվ հանրային բակերի, կանաչ տարածքների, այգիների ու պուրակների յուրացումը, և առաջարկում կառավարության կամ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջոցով նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ` քաղաքաշինական նորմերի, պետական մարմինների միջև լիազորությունների ավելի հստակ բաժանման, առավել խիստ շինարարական նորմեր (ներառյալ շինհրապարակի ծառերի ու կանաչ տարածքի պաշտպանության մասով) սահմանելու, շինարարության կամ կառուցապատման ժամանակ դրանք պաշտպանելու վերաբերյալ:

«Մարդավայել կոմունալ սպասարկում և որակյալ հանրային ծառայություններ` նսեմացնող կենսապայմանների փոխարեն» բաժնում գրված է, որ Երևանի՝ որպես հանրապետության մեջ ամենամեծաքանակ աղբը գոյացնող համայնքի աղբահանության հարցերը, վատ կառավարման, փողերի վատնման/լվացման պատճառներից զատ, տարիներով չլուծված են մնում նաև նրա հետևանքով, որ հանրությանն անհայտ պատճառներով չթույլատրվեց միջազգային տարբեր ծրագրերով հիմնել աղբի վերամշակման գործարան, որը պատրաստ կլիներ վերամշակել աղբը, դրանից գոյացող թունավոր արտանետումները և վճարել մատակարարվող աղբի դիմաց: Դաշինքը խոստանում է, ընտրվելու դեպքում, ուսումնասիրել «այս հանցավոր անգործությունը» և գործուն քայլեր նախաձեռնել միջազգային կամ տեղական շահագրգիռ ընկերությունների կողմից աղբի վերամշակման գործարան կառուցելու համար:

«Առաքելություն» կուսակցություն

«Առաքելություն» կուսակցության նախընտրական ծրագիրը ծավալով ամենափոքրն է: Ծրագրի սկզբում կուսակցությունը հայտարարում է. «Մենք տեսնում ենք Երևանը քաղաք, որի բնակիչները կունենան բարեկեցիկ, անվտանգ կյանք, քաղաք, որի այցեքարտը կլինեն հարմարավետությունը և մաքրությունը»:

«Առաքելությունն» այնուհետև թվարկում է Երևանի զարգացման ծրագրային հիմնադրույթները: Դրանցից բնապահպանական բնույթի են միայն հետևյալները.

  • անտառների վերականգնում և հիմնում,
  • Բուսաբանական այգու բարեկարգում,
  • ոռոգման համակարգերի կառուցում, նորոգում:

Թե ինչպես է կուսակցությունը վերականգնելու ու հիմնելու անտառներ, կառուցելու ու նորոգելու ոռոգման համակարգեր, նախընրական ծրագրում նշված չէ: Մյուս ոլորտներում «Առաքելության» նախատեսած բարեփոխումներն իրականացնելու մեխանիզմները ևս նախընտրական ծրագրում նշված չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter