HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Հայրական խստության, ԱՍԱԼԱ-ի և Հայաստանի մասին. Վալերի-Աշխեն Գործունյան

Օրեր առաջ կապ հաստատեցի Հայաստանից վիրավորված եւ մեծ աղմուկով երկիրը լքած հայրենադարձ բիզնեսմեն Վալերի- Աշխեն Գործունյանի հետ:

Զրույցը երկար տեւեց. բազմաթիվ ճամփորդություններով, անձնական յուրօրինակ պատմություններով հագեցած կյանքը նրա համար ցավոտ հարցեր առաջ քաշեց, որոնցից եւ ոչ մեկից զրուցակիցս չխուսափեց:

Մի քանի հարցադրումներ պարազապես ամբողջացան մեկ պատասխանի մեջ, որոնք առանձնացրեցի ենթավերնագրերով: 

Ճարտարապետ Վալերի- Աշխեն Գործունյանը 

Ճարտարապետություն սովորեցի եւ շատ էի սիրում տարբեր կոնստրուկցիաներ գծագրել, բայց վաղ ամուսնացա եւ տեղափոխվեցի Մոսկվա:

Ամուսնալուծությունից հետո վերադարձա Փարիզ. այդ ժամանակ ուզում էի հագուստի մոդելավորմամբ զբաղվել եւ զարգանալ այդ ուղղությամբ, բայց կրկին ամուսնացա եւ մայր դարձա...Բոլոր գործերին փոխարինելու եկավ «մայրական գործը»:

Հետո հորս անհրաժեշտ էր վստահելի մեկը Փարիզի իր գրասենյակի համար. ինձ ուղարկեցին մեկ այլ ընկերություն մեկ տարով, որպեսզի սովորեմ սուրճի գործը, եւ շուտով արդեն հորս ընկերությունում զբաղվեցի սուրճի հումքը (կանաչ սուրճի մասին է խոսքը) միջազգային շուկայում վաճառելու գործով, որն ինքը ներկրում էր Կամերունից: 

Կյանքի կարեւորագույն դրվագներն` առանց խմբագրման 

Կարեւոր դեպքեր կյանքումս շատ էին. հայրիկիս հետ Կամերունում էինք` վայրի կենդանիների արգելոցներում, հետո տպավորիչ մեկ այլ բան կատարվեց. առաջին ցույցը տեսա Եգիպտոսում ` մարդիկ դուրս էին եկել պայքարելու հացի թանկացման դեմ:

16 տարեկանում Մոսկվա-Հայաստան ճամփորդությունս էր. սիրահարվեցի Հայաստանին եւ չէի ուզում վերադառնալ Ֆրանսիա, միաժամանակ մեծ հպարտություն էի զգում, որովհետեւ հայրս Պատվո հյուպատոս էր եւ բազմաթիվ հուշամեդալներ ուներ գործունեության համար:

Հետո ավելի նեղ անձնական հիշողություններ են գալիս` առաջին տղաս, որ ծնվեց եւ մեռավ Մոսկվայում (Արա Բաբաջանյանի (Առնո Բաբաջանյանի տղայի) հետ ամուսնության ժամանակ):

Ես ծանր հիվանդություն ստացա եւ մորս էի սպասում. նա տանսհինգ օր հետո միայն կարողացավ գալ Մոսկվա. ասաց` լաց եղիր աղջիկս, դու հիվանդ ես, բայց կփրկվես ու էլի երեխա կունենաս:

Իրականում այդ տասնհինգ օրը Արան եւ նրա ընտանիքը թաքցնում էին, որ երեխան մահացել է…Իմ ամուսնությունն Արայի հետ, ինձ թվում է, այդ օրը մեռավ:

Այնուհետեւ հիշողությանս մեջ արթնանում է Հայ գաղտնի բանակի առաջին ակցիան Փարիզում, երբ սպանվեց թուրք դեսպանը:

Ամուսնացա երկրորդ անգամ` Մայքլի հետ` հերոս Մոնթեի ընկերոջ, եւ ծնվեցին իմ երկու տղաները:Հաջորդեց ամուսնալուծությունս:

Սարսափելի բան կատարվեց, երբ իմացա` քաղցկեղ ունեմ, բայց ամբողջ ուժով պայքարեցի դրա դեմ:

Երրորդ ամուսինս, երբ իմացավ դրա մասին, դավաճանեց, եւ երեւի թե իմ կյանքի ամենացավալի դավաճանությունն էր. մարդ, ով եկավ ապրելու ինձ հետ, որ ոչինչ չուներ, որի համար հաշիվ բացեցի, ու դրա փոխարեն ինքը դավաճանեց ինձ:

Հաջորդ կարեւոր եւ ցավալի իրադարձությունը ինձ համար հորս մահն էր` նա իմ սիրո ամենամեծ մարմնավորումն էր:

Գիտես, Անուշ, ինձ միշտ ասում են, թե շատ միամիտ եմ եւ շուտ եմ հավատում:

Մայրս ինձ պատմում է, որ փոքր ժամանակ եկեղեցում բոլորի հետ խոսում էի, եւ ինքն ինձ խրատում էր ամենքի հետ չխոսել, բայց ես պատասխանում էի, որ հայ եմ:

Դեռ այդ ժամանակ մեջս արմատավորվել էր միտքը, որ եթե մեկը հայ է, ուրեմն լավն է, բայց տեսար` ես ամենամեծ դավաճանությունը տեսա հայերից… 

Հայրական խստության եւ ԱՍԱԼԱ-ում ունեցած գործունեության  մասին 

Հայրս խիստ էր եւ իսկապես շատ խիստ. դրված օրենքներ կային, որոնք ուղղակի պետք էր հարգել, եւ ճիշտ է` նա երբեք իմ կամ եղբայրներիս վրա ձեռք չի բարձրացրել, բայց իր նայվածքից արդեն հասկանում էինք, որ սխալ ենք վարվել:

Այդ խստությունն էր թերեւս, որ իմ մեջ արմատավորեց այդքան մեծ հպարտություն հայի եւ հայկականի հանդեպ:

Ես ինձ միշտ հարուստ եւ երիտասարդ էի զգում, որովհետեւ երկու մշակույթ ունեի` ֆրանսիականը եւ հայկականը:

Տանը մշտապես հայկական մթնոլորտն էր` մենք գիտեինք, որ պետք է լավ սովորենք, հայ լինելով `պարտավորված էինք ավելի տաղանդավոր լինել:

Հենց երկու մշակույթների զուգահեռների արանքում էլ ես ուսումնասիրեցի հայոց պատմությունը, հասկացա, որ իրավունքն այդտեղ երբեք էլ պաշտպանված չի եղել եւ դրանից հետո էր, որ մտա հայկական պայքարի մեջ` Ցեղասպանության ճանաչման հարցն առաջ տանելու մղումով:

Երբ  Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը երկու ակցիա արեց եւ գրավեց Ֆրանսիայում Թուրքայի հյուպատոսարանը, ես դիմեցի համապատասխան մարմիններին` տղաներին բանտում այցելելու համար եւ կարծում եմ` միակը եղա, ով ստացավ այդ իրավունքը:

Դրանից հետո ամեն օր աշխատում էի այն ուղղությամբ, որ տղաները քաղբանտարկյալի կարգավիճակ ստանան, եւ ստացան:

Հաջորդիվ եղավ այն, որ պետք էր նամակ տանել Բեյրութ, եւ, չնայած պատերազմական վիճակին, գնացի:

Ինձ համար հերոսներ էին այդ տղաները. անշուշտ մայրս եւ հայրս դեմ էին այդ ամենին, բայց վստահ եմ` հոգու խորքում հպարտանում էին իրենց աղջկա հայրենասիրությամբ:

 

Պայքարը մինչեւ հիմա էլ դժվար է. այն սկզբունքները, որ ես ժառանգեցի ընտանիքիցս որպես հայ, կարեւոր են` աշխատասիրությունը, մեծերի հանդեպ հարգանքը, ընտանիքի կարեւորությունը, չդվաճանելը, չգողանալը, չխմելը, խաղամոլությանը չտրվելը եւ աշխատանքով միայն առաջ ընթանալը: 

Հայասատանյան իրականությունը` կեցության 16 տարիների ընթացքում 

Շատ ուշ հասկացա, որ արդարությունը հիվանդ է Հայաստանում, իմացա, որ, եթե տղամարդ ես, կարող ես գնալ ուտել-խմելու, դրանից հետո` պոռնիկների մոտ, որ պետական մեծ այրերի հետ սուտ, տկար հարաբերություններ կարող ես ունենալ, եւ ես` որպես սփյուռքահայ միամիտ էի եւ այդ իրականության մեջ կորցրեցի ամեն ինչ:

Այո, Հայաստանում բնականոն բիզնեսային օրենքներով առաջնորդվելն անհնար է, որովհետեւ ամբողջ համակարգը հարկային դաշտի անարդարությունից փլուզում է երկիրը, եւ այն սկզբունքերը, որի մասին խոսում էի հարցազրույցի սկզբում, ցավոք, տեսա, որ Հայաստանում ամենեւին էլ չեն գործում:

Կանայք ավելի աշխատասեր են, քան տղամարդիկ, եւ առավոտյան մեծամասամբ կանանց էի տեսնում աշխատանքի շտապելիս, իսկ տղամարդիկ շարունակում էին չհարգել նրանց, հետո առաջ եկավ այն մտայնությունը, որ Հայաստանը չի փոխվի, եւ հույս այլեւս չկար:

Չգիտեմ…Ահավոր է:

Մենք բախտ ունեցանք քսաներեք տարի առաջ երկիր ունենալու եւ ի՞նչ արեցինք մեր մտածելակերպի, բարդույթների, ցուցամոլության պատճառով. մենք մեր ձեռքով երկիրը տապալեցինք:

Այո, սփյուռքն էլ է մեղավոր այս հարցում, բայց սփյուռքը այլ մոտեցում ուներ. մեզ համար հայրենիքը խորհրդանիշ էր, եւ ինձ պես շատերը եկան, խաբվեցին եւ գնացին:

Երեւի ամենքս էլ մեղավոր ենք:

Ես շատ հիասթափված եմ, բայց պետք է փորձեմ շարունակել պայքարել իմ իրավունքի համար մինչեւ վերջ` ինչքան որ ուժ կունենամ:

Ես մեծ սիրով եկա, իմ որակյալ սուրճը բերեցի Հայաստան եւ ստացա փոխադարձ սեր իմ հաճախորդներից, իմ ժողովրդից, իսկ մնացածը, ովքեր ինձ ավելի մոտ էին, ովքեր մտերմություն էին անում իմ ամուսնու հետ, նրա հետ միասին տապալեցին ստեղծածս:

Միամտությունս այն էր, որ չէի կարող եզրակացնել նման անարդարության մասին, որովհետեւ ես էի օգնել իրենց, բայց նրանց արարքը չափից շատ վիրավորական էր…Իմ հայրենասիրությունը իրենք չեն կարող հանել իմ մեջից, եւ համոզված եմ, որ մի օր ես ինքս ճշմարտությունը ջրի երես կհանեմ: 

«Փրկությունը Հայաստանից պետք է լինի, ոչ թե սփյուռքից» 

Օր ու գիշեր հետեւում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին:

Ինձ թվում է` ժողովուրդը հիմա ավելի ակտիվ է, երիտասարներն`առավել եւս:

Այս ընտրություններից հետո կարծես թե տիրող վախի մթնոլորտն անցավ, եւ ցուցաբերվեց դժգոհություն, բայց,  ինքդ էլ այդտեղ ես, տեսնու՞մ ես` ուր է հասել մեր երկիրը: Այս ի՞նչ վիճակ է:

Ես դուրս եմ բոլոր ազգային կուսակցություններից եւ այժմ «Հայկական վերածնունդ» ասոցիացիայի անդամ եմ Փարիզում, որը «Սարդարապատի» համակիրն է:

Երեւանում կատարվող ամեն ակցիային հետեւում եմ. օրը երկու, երեք անգամ կապ եմ հաստատում ընկերներիս հետ, տասնյակների հետ խոսում եմ ցանցի միջոցով:

Հայաստանն իմ թթվածինն է եւ, եթե կարողանայի, Երեւանում կլինեի այս պահին էլ, բայց այժմ կարեւորվում է պայքարը, որովհետեւ արդեն անհնարին է գոյությունը շարունակել այս վիճակում:

Ես միշտ եմ ասել եւ ասում եմ, որ փրկությունը Հայաստանից պետք է լինի, ոչ թե սփյուռքից, իսկ սփյուռքը, առանց Հայաստանի, գոյություն չունի: 

«Երեւանյան մթնոլորտ Փարիզում անհնար է ստեղծել» 

Երեւանի «Փարիզյան սուրճի» միջավայրը շատ կարեւոր եւ հաճելի էր ինձ համար:Ուզում եմ Փարիզում էլ մի այդպիսի անկյուն ունենալ, որ սուրճ վաճառեմ, բայց առայժմ փնտրում եմ մի այդպիսի հետաքրքիր տեղ, չեմ շտապում:

Այն միջավայրը, որ կար Երեւանում եւ կապված էր հայության հետ, այստեղ նույնը ստեղծելը շատ դժվար է: Հույս ունեմ` մի վայր կգտնվի Փարիզում, որին կսիրահարվեմ եւ կհիմնեմ սրճարանս: 

-Եթե մի նախադասությամբ բնորոշելու լինեք անցած կյանքն ու առատ փորձը: 

Սեր եւ դավաճանություն: 

Եվ ի՞ նչ եզրակացության եք եկել այդ երկուսի հետեւանքով: 

Ոչ մի եզարակացության: Հավատա` ոչ մի բան չի փոխվել:Ես նույնն եմ:

Մեկնաբանություններ (5)

henri
Xntir harucogh ishxanutyunnere karayri tar gabrin isg xntirnere lucel ashxadogh darrere 21rt tari savag en, uremn nor metod bedk e voronel aylabes havidyans aysbes gsharunagvi.
JACK
Ashxen-in ches karcum tann@ erexakit u amusnut hok taneir u ko mayrakan partakanutyunn katareir lav gliner cez u ko shrjapatin.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հետաքրքիր էր: Իմ կարծիքով Սփյուռքահայ գործարարների (և ոչ գործարարների) սխալն այն է,որ սկսում են հարմարվել ու գործել Երևանյան-Հայաստանյան ձևով/մեթոդներով: Մեծ սխալ: Եղիր/մնա/ քեզ զգա ՀԱՅ,բայց գործիր ամերիկյան,ֆրանսիական,հոլանդական,X-ական սկզբունքներով: Միայն այս դեպքում դրական փոփոխություն կլինի Հայաստանում: ՀԳ. Հայրենասիրությունը ՔԵԶ սիրելն է:
Անժիկ
Չճանաչելով Աշխենին, միշտ հավանել եմ նրան, մտածելով, որ աշխույժ, բաց, սիրառատ, լավատես ու բարի մարդ է: Կարծում եմ՝ չեմ սխալվել: Ուրախ եմ, որ չի հուսահատվել ու փոխվել: Աստված նրան ուժ ու եռանդ թող տա:
henri
Աշխէնը կը ճանչնամ մանկութենէն։ ընտանեկան բարեկեցութիւնը զինք երբեք չէ շփացուցած՜իր զոյգ մանչերուն մայրական բոլոր խնամքները շռայլած է իր բուռն հայրենասիրութիւնը զինք մղած է ազատագրական պայքարին մէջ նետուելու երբ կրնար շատ հանգիստ կեանք մը ապրիլ ։Հայաստան հաստատուած էր խրախուսելու համար սփիւռքի խաւերը իրեն օրինակին հետեւելու։Զինք հասկցան բայց հալածեցին եւ կողոպտեցին անհիմն զրպարտութիւններով ոչ ոք քաջութիւնն ունեցաւ զինք բացայայտ պաշտպանելու որպէսզի հանգիստ թալանէին իր հարստութիւնը։Երանի շատ Աշխէններ ունենայինք երկիրը հոս չէր հասներ։Խրատ տւողները լաւ կ`ընեն օրինակ առնեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter