HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Կրթությունը կուսակցությունների նախընտրական ծրագրերում («Բարև Երևան», «Առաքելություն»)

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ  գործում է  160 կրթական հաստատություն՝ 145 հիմնական, 11 միջնակարգ, 2 հատուկ, 1 խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների, 1 կույրերի երեկոյան դպրոց, և 161 մանկապարտեզ: Ավագանու թեկնածու բոլոր քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում ունեն «Կրթություն» բաժիններ` համապատասխան ենթակետերով, բացի «Բարև Երևան» և «Առաքելություն» կուսակցություններից: Վերջիններս կրթության ոլորտում իրենց անելիքներին անդրադարձել են մեկ նախադասությամբ:  Բայց երկու կուսակցությունների ներկայացուցիչներն էլ ասում են, որ ձևակերպել են կրթությանն առնչվող առաջնային խնդիրը:

«Բարև Երևան» դաշինքն իր նախընտրական ծրագրում նշում է. «Համայնքային ծառայության իրականացումը, կրթական ու նախակրթական հաստատությունների, համատիրությունների գործունեությունը պետք է ապակուսակցականացվի»:

Կրթության ապակուսկացականացումը, «Բարև Երևանի» անդամ, ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանի կարծիքով, «շատ համապարփակ առաջարկ է», որի հետ կապված է ոլորտին առնչվող մնացած խնդիրների լուծումը: «Դա նշանակում է, որ կրթության ոլորտի կառավարումը պետք է հանձնել համապատասխան մասնագետների: Երևանն իր ենթակայության տակ գտնվող կրթական հաստատություններում պետք է ապակուսակցականացնի ղեկավարող օղակների գործունեությունը»,- նշում է Ա. Բախշյանը: Նա ավելացնում է, որ «ապակուսակցականացնել» չի նշանակում, որ, օրինակ, դպրոցի տնօրենները չեն կարող հարել որևէ քաղաքական ուժի: «Պարզապես այդ քաղաքական ուժը չպետք է  հովանավորի կամ հարվածի տակ դնի նրանց գործունեությունը: Դպրոցներում տնօրենների գործունեությունը պետք է ուղղված լինի երեխաների կրթությանը»,- ասում նա:

«Առաքելություն» կուսակցությունը հանրակրթական դպրոցների հետ կապված որևէ ծրագիր չունի: Կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանի հետ զրույցից պարզվեց, որ նրանք «կրթության հետ կապված հարցերը կարևորում են», բայց ծրագրում ներառել են այն խնդիրները, որ «բնակչության մեծ մասին են հուզում»: Ստացվում է, որ կուսակցության կարծիքով, կրթությունը բնակչության «մեծ մասին չի հուզում»: «Մենք ծրագրում ավելի առաջնային խնդիրներն ենք ներկայացրել»,- ասում է Մ. Առաքելյանը և շարունակում, որ իրենք ավելի շատ կարևորում են նախակրթարանների հարցը, և ճիշտ համարում  կրթական հարցերի լուծումը վաղ փուլում՝ մանկապարտեզից սկսած:    «Առաքելությունը» նախընտրական ծրագրում կրթության ոլորտում նախատեսում է իրականացնել միայն «Մանկապարտեզներում սպասարկման և սննդի որակի էական բարելավում»: Մեսրոպ Առաքելյանը նշում է, որ իրենց կուսակցությունը կարևորում է նաև նախակրթարանների շենքային պայմանների բարելավման հարցը, սակայն նշենք, որ նման կետ կուսակցության ծրագրում չկա:

Մյուս կուսակցությունների նախընտրական ծագրերի «Կրթություն» բաժիններին կանդրադառնանք առաջիկայում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter