HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանում «երազում» են գոնե «B» ստանալու մասին

Առողջապահության նախարարությունը դեռ չի ոչնչացրել դեղորայքակայուն տուբերկուլյոզով հիվանդների բուժման համար նախատեսված մոտ 150 հազար դոլար արժողությամբ ժամկետանց դեղորայքը, որը դրամաշնորհի շրջանակներում Հայաստանին հատկացրել էր «Գլոբալ հիմնադրամը»:

«Հետքը» հոդվածաշարով անդրադարձել էր այս խնդրին, ինչից հետո կառուցվածքային եւ կադրային փոփոխություններ եղան ինչպես «Գլոբալ հիմնադրամի» հայաստանյան խմբում, այնպես էլ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի գրասենյակում: Գրել էինք, որ ծրագրի ոչ արդյունավետ  կառավարման հետեւանքով «Գլոբալ հիմնադրամը» ծրագրի արդյունավետությունը ցածր էր գնահատել (C) եւ 68%-ով կրճատել հատկացվող ֆինանսավորումը: Հրապարակումներից հետո փոխվել են երկու մարմինների ղեկավարները, եւ հիմա վերջիններս փորձում են շտկել իրենց նախորդների բացթողումները:

Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի գրասենյակի նորանշանակ ղեկավար Արմեն Հայրապետյանը զարմացավ՝ լսելով 68%-ով ֆինանսական միջոցների կրճատման մասին. «Միգուցե այդ 68%-ի կրճատումը կապված է ոչ թե ծրագրի անարդյունավետության, այլ «Գլոբալ հիմնադրամի» ծրագրի ֆինանսական ընդհանուր կրճատմա՞ն հետ»: Հավաստիանալով, որ գումարի կրճատումը ծրագրի ցածր գնահատականի  արդյունք է, ավելացրեց. «Ամեն դեպքում, մենք հիմա լուրջ ուսումնասիրություն ենք կատարում բոլոր ոլորտներով, կարիքների գնահատում է արվում, որպեսզի գումարների կրճատման հետեւանքով ծրագիրը չտուժի»:

Ինչ վերաբերում է ժամկետանց դեղերին, Ա. Հայրապետյանի խոսքերով՝ մոտ 2 ամիս բավականին լուրջ ուսումնասիրություն է արվել բոլոր այն օղակներում, որտեղ կարող էր ժամկետանց դեղ լինել: Ամեն ինչ վեր է հանվել, գումարային հստակ հաշվարկ է արվել, որը շատ քիչ է պակաս 150 հազ. դոլարից:

«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ տուբերկուլյոզի ծրագրի գծով ժամկետանց դեղերի խնդիր չլինի, քանի որ միշտ հայտը ներկայացվում է նախատեսվածից ավել քանակով, որպեսզի նոր հիվանդներ լինելու եւ այլ գործոնների դեպքում ծրագրի անընդհատությունը չխախտվի: Իրականում այդ բուֆերային պաշարը պետք է ունենայինք»,- դեղորայքի անպիտան դառնալու փաստն արդարացրեց Արմեն Հայրապետյանը: Այն հարցին, թե Հայաստանը կարո՞ղ էր իրեն թույլ տալ 150 հազար դոլարի «շռայլություն», ազգային գրասենյակի տնօրենն ասաց, թե նախորդների աշխատանքը չի կարող գնահատել:

Արմեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ ներկայումս ծրագիրն ավելի արդյունավետ է իրականացվում, եւ 2010 թ. վերջին «Գլոբալ հիմնադրամն» արդեն ծրագրի կատարումը գնահատել է ավելի բարձր՝ B: Ապրիլին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 11 հոգանոց գնահատող փորձագիտական խումբ է ուղարկել Հայաստան, որոնք ուսումնասիրել եւ գնահատել են ծրագրի իրականացումը եւ ներկայացրել որոշ առաջարկություններ, որպեսզի տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագիրն ավելի արդյունավետ աշխատի: Արմեն Հայրապետյանի խոսքերով՝ ներկայումս ծրագրվում է ավելի հզորացնել լաբորատոր ախտորոշման համակարգը, շուտով ձեռք կբերվեն ախտորոշման նոր սարքավորումներ:

Ծրագիրն արդեն ղեկավարվում է մեկ համակարգչային ցանցի միջոցով, եւ հաշվետվությունները ներկայացվում են օնլայն տարբերակով, ինչը նպաստում է, որ տեղեկատվությունն արագ ու ճիշտ ժամանակին հասնի Ազգային գրասենյակ: Ժամկետանց դեղերի սկանդալից հետո Ազգային գրասենյակն աշխատանքի է ընդունել դեղերի բարձրակարգ մասնագետների, իսկ դեղորայքի ամբողջ մատակարարումն իրականացվում է մեկ պահեստից՝ տուբերկուլյոզի ազգային ծրագրի (ՏԱԾ) գրասենյակի միջոցով: Մարզերից եւ Երեւանից հայտերը ստանում են, իսկ մատակարարումն իրականացնում է ՏԱԾ-ն, որպեսզի նախ՝ վերահսկողությունը մեծ լինի դեղորայքի նկատմամբ, հետո էլ՝ հեշտացվի մարզերի տուբկաբինետների աշխատանքը:

Առողջապահության նախարարության տուբերկուլյոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ մալարիայի դեմ պայքարի «Գլոբալ հիմնադրամի» ծրագրերի համակարգող խմբի նորանշանակ ղեկավար Հասմիկ Հարությունյանը նույնպես դժվարացավ պատասխանել, թե ինչու է Հայաստանում տուբերկուլյոզի ծրագիրը ցածր գնահատականի արժանացել: Ըստ նրա՝ ժամանակը մի փոքր կարճ է հստակ գնահատականներ տալու համար: «Հիմա դեղակայուն տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրի, որը Round 8 դրամաշնորհով է ֆինանսավորվում, այս ժամանակահատվածում անցում ենք կատարում առաջին փուլից երկրորդին:

Իմ նշանակումն այս պաշտոնում համընկավ հենց այս շրջանի հետ եւ միանգամից մասնակցեցի այս գործընթացին: «Գլոբալ հիմնադրամ»-ն էլ հիմա դժվարություն ունի, իրենք տեսնում են առաջընթացը, բայց այս կարճ ժամանակահատվածում, որի ընթացքում տեղի են ունեցել մի շարք կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ, դժվար է դրական գնահատել: Իրենք էլ կդժվարանան միանգամից հիմնավոր բաներ գտնել, որ արձանագրեն այդ առաջընթացը»,- ասում է Հ. Հարությունյանը:

Նա նշեց, որ արդեն որոշ հաջողություններ են արձանագրել ծրագրի իրականացման առումով, իսկ իրենց մասով պարտավորությունն ամբողջությամբ կատարված է, ինչից «Գլոբալ հիմնադրամը» բավարարված է: «Իրենց հետ շփումների արդյունքում այնպիսի տպավորություն ենք ստացել, որ այս անգամ գնահատականը ցածր չի լինի, եւեւի կլինի B1»,- ավելացրեց Հ. Հարությունյանը: Նա ասաց, որ կարեւոր է այդ բարձր գնահատականը ստանալը, քանի որ առանց «Գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսական աջակցության Հայաստանն ինքնուրույն չի կարող պայքարել տուբերկուլյոզի դեմ:

Round 8-ի երկրորդ փուլի համար ծրագիրը գնահատման շեմին է: Բոլոր փաստաթղթերը ներկայացվել են «Գլոբալ հիմնադրամ»-ին եւ ակնկալվում է, որ մինչեւ հուլիսի վերջ առաջին փուլի գնահատականը պաշտոնապես կհնչի: Այն բարձր լինելու դեպքում երկրորդ փուլը կմեկնարկի, որն արժե 2.5 մլն եվրո: Հաստատվել է նաեւ տուբերկուլյոզի դեմ պայքարի մեկ այլ դրամաշնորհային ծրագիր՝ Round 10-ը, որը դարձյալ ֆինանսավորելու է «Գլոբալ հիմնադրամ»-ը: Այս հնգամյա ծրագիրը մեկնարկելու է 2012 թ. հունվարից: Ծրագրի արժեքը 8 մլն 300 հազար եվրո է: Ինչպես Round 8-ը, այնպես էլ Round 10-ը ուղղված է տուբերկուլյոզի դեմ պայքարին, եւ որպեսզի վերահսկողությունը մեծանա, Հասմիկ Հարությունյանի ասելով՝  Հայաստանն առաջարկել է Round 8-ի երկրորդ փուլը հաստատելուց հետո այն միացնել Round 10-ի առաջին փուլին եւ ծրագրի մեկնարկ սահմանել 2012 թ. հունվարի 1-ը: «Գլոբալ հիմնադրամ»-ն առաջարկն ընդունել է:

Տիկին Հարությունյանը դժվարացավ պատասխանել՝ արդյոք հնարավոր չէ՞ր խուսափել ցածր՝ C գնահատականից եւ դրամաշնորհի գումարների 68%-ով կրճատումից: ««Գլոբալ հիմնադրամ»-ի ծրագրերը ղեկավարելը բարդ է, քանի որ ֆինանսական հատկացումները տրվում են եռամսյակային կտրվածքով: Դա կարճ ժամանակահատված է եւ հնարավոր է եռամսյակում դժվարություններ առաջանան: Իմ կարծիքով՝ C-երը, որ եղել են ծրագրի գնահատման ժամանակ, պլանավորման, կազմակերպչական բնույթի բացթողումներ են եղել, ինչպես նաեւ՝ փորձի պակասը: Եթե շարունակում են մեզ ֆինանսական միջոցներ հատկացնել, նշանակում է՝ այնքան էլ անհույս չէ մեր վիճակը:

Դեղերի ձեռքբերումն էլ դժվար գործընթաց է: Հայտ ներկայացնելուց հետո 4-6 ամիս է տեւում, մինչեւ այն Հայաստան է հասնում: Այն ժամանակ մեկ հայտով մեծ քանակության դեղորայք է ձեռք բերվել բուժման շարունակականությունն ապահովելու համար, բայց այդ ընթացքում դեղորայքի ժամկետները ճիշտ չեն հաշվարկել, եւ հակառակ արդյունք է ստացվել»,- ավելացրեց Հ. Հարությունյանը:

Այժմ դեղորայքի համար «Գլոբալ հիմնադրամ»-ին հայտ է ներկայացվում 6 ամսվա կտրվածքով: Հասմիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Ազգային գրասենյակում աշխատակազմի գնահատման ընթացակարգ է ներդրվել, եւ առաջիկայում աշխատավարձերը կսահմանվեն՝ ելնելով աշխատողների աշխատանքի արդյունքներից: «Այլեւս բարձր աշխատավարձեր չկան: Իմ աշխատավարձը 600.000 դրամ է, որը նախորդի աշխատավարձի ուղիղ կեսն է կազմում: Հուլիսին աշխատակազմի գնահատումից հետո աշխատավարձերը պետք է վերանայվեն»,- ասաց Հ. Հարությունյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter