HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Երևանի ավագանու ընտրություններ. միակ և անկրկնելի խոստումները նախընտրական ծրագրերում

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու և առհասարակ որևէ ընտրության մասնակցող թեկնածուների նախընտրական ծրագրի խոստումները հաճախ նման են. բարեփոխումների գոնե ոլորտները (աշխատատեղերի ստեղծում, աշխատվարձերի բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար, բնապահպանական վիճակի բարելավում) համընկնում են: Նախընտրական ծրագրերում տարբեր են այդ բարեփոխումներին հասնելու համար խոստացվող կոնկրետ միջոցառումները և ստեղծված իրավիճակի մեջ մեղադրվողները:

Այս հրապարակման մեր ներկայացնում ենք մայիսի 5-ին Երևանում կայանալիք ընտրություններին մասնակցող 6 կուսակցության և 1 կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրերի այն դրույթները, խոստումները, որոնք ոչ մի ուրիշ թեկնածուի նախընտրական ծրագրում չկան:

«Առաքելություն» կուսակցությունը խոստանում է.

  • մետրոպոլիտենի ուղեվարձի նվազեցում` 50 դրամ, դպրոցականներին, ուսանողներին` անվճար սպասարկում,
  • տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի խստացնող նորմ պարունակող վերանայում ոչ շուտ, քան 3 տարին մեկ անգամ, մեղմացնող փոփոխությունների պարագայում՝ տարեկան մեկ անգամ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախատեսում է.

  • էկոլոգիապես վտանգավոր և վնասակար արտադրությունների վերացումը կամ դրանց համապատասխանեցումը գործող բնապահպանական պահանջներին,
  • կանաչապատման ոլորտում միամյա կուլտուրաները փոխարինել բազմամյա կուլտուրաներով,
  • կանոնակարգել հանրային տարածքներում իրականացվող բացօթյա ապօրինի առևտուրը,
  • բացառել վերջին տարիներին մի շարք անբարեխիղճ շինարար-գործարարների կողմից նույն բնակարանները մի քանի անձանց վերավաճառելու և գերշահույթներ ստանալու պրակտիկան՝ խնդիրը կարգավորելով իրավական դաշտում, և բարեխիղճ գնորդ քաղաքացիներին վերադարձնել իրենց սեփականության իրավունքը,
  • բացառել տաղավարների, կրպակների և նմանատիպ այլ ժամանավոր շինությունների անհարկի ապամոնտաժումը և այդ կարգի այլ ոտնձգությունները՝ առանց օրենքով սահմանված կարգով համապատասխան փոխհատուցումների և համարժեք քաղաքակիրթ այլընտրանքի առաջարկման,
  • իսպառ բացառել դրամահավաքը դպրոցներում,
  • ստեղծել 18-30 տարեկան երիտասարդների նասնակցությամբ Երիտասարդական խորհրդարան՝ խորհրդատվական գործառույթներով:

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը խոստանում է.

  • Բազմահարկ բնակելի շենքերի բակերում կառուցված առանձնատների ապամոնտաժումը՝ բնակմակերեսի տարբերությունը փոխհատուցելու պայմանով, և ազատված տարածքների հաշվին բակային այգիների, պուրակների, մանկական խաղահրապարակների մեծացումը:
  • Երևանի գլխավոր ճարտարապետին զերծ պահել բացառապես սեփական ստեղծագործական նախագծերի իրականացումից, պաշտոնի չարաշահումից ու շահերի բախումից:
  • Հատուկ ուսումնասիրել, թե ինչու չթույլատրվեց աղբի վերամշակման գործարան հիմնել միջազգային տարբեր ծրագրերով, որոնք պատրաստ կլինեին ոչ միայն վերամշակել աղբը և դրանից գոյացող թունավոր արտանետումները, այլև վճարել մատակարարվող աղբի դիմաց:
  • Պարտադրել հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին՝ ապահովելու շուրջօրյա սպասարկում, հատկապես գիշերային, ոչ աշխատանքային ժամերին ու հանգստյան օրերին՝ արագ արձագանքման, ջրագծի, կոյուղագծի վթարի, խցանման վերացման համար:
  • Հետիոտնի անցման հարմարավետության ապահովում՝ մայթերի նախանշված լայնությունը սահմանափակող օբյեկտների տեղափոխում ոչ հետիոտնային գոտիներ:
  • Հասարակական տրանսպորտում տեղադրել տոմս վաճառող սարքեր, վարորդներին ազատել տոմսի գումար հավաքելու գործառույթից, ինչպես նաև գծատիրոջը «պլան» մուծելու փոխարեն տալ արժանավայել աշխատավարձ:
  • Վերագործարկել դեպի Նորք-Մարաշ տանող ճոպանուղին և ապահովել դրա պատշաճ ու անխափան գործունեությունը:
  • Սահմանել սուպերմարկետների առավելագույն քանակություն, որ կարող է գոյություն ունենալ տվյալ տարածքում:
  • Բնակելի հատվածներում սննդի ու գիշերային օբյեկտներում բարձրահունչ երաժշտության և աղմուկի թույլատրելի մակարդակի խախտումների համար խստացնել պատասխանատվությունը սահմանված տուգանքների չափի ավելացմամբ:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ծրագիրը կազմված է երկու մասից՝ Քաղաքական ծրագիր և Երևանի ծրագիր:

Քաղաքական ծրագրով ՀԱԿ-ը խոստանում է.

  • կարճ ժամանակում քաղաքական մեխանիզմներով հասնել խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների միջոցով երկրում լեգիտիմ իշխանության ձևավորմանը և սահմանադրական կարգի վերականգնմանը։

Երևանի ծրագրով ՀԱԿ-ը խոստանում է.

  • Երևանում կստեղծվի մալուխային (կաբելային) հեռուստատեսություն, որով հեռարձակվելու հնարավորություն կստանան բոլոր ցանկացող հեռուստաընկերությունները, այդ թվում նաև նրանք, որ փակվել են իշխանությունների կողմից:
  • Կձևավորվի քաղաքաշինական միասնական, բոլորի համար մատչելի տեղեկատվական շտեմարան:
  • Երևանում կներդրվի առողջապահական «հիմնական ծառայությունների փաթեթից» (անվճար բուժօգնությունից) օգտվելու և անվճար դեղորայք ստանալու հնարավորություն տվող էլեկտրոնային վճարահաշվարկային անհատական քարտերի համակարգ:
  • Մայրաքաղաքում խստորեն կկիրառվեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջները:
  • Փոստային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցությամբ մայրաքաղաքում կվերականգնվի երևանցիներին անհատական փոստային ծառայություններ մատուցելու համակարգը:

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության նախընտրական խոստումները հետևյալներն են.

  • Երևանի մասին օրենքի համաձայն՝ ստեղծել հասարակական կարգի պահպանության համայնքային ծառայություն՝ մունիցիպալ ոստիկանություն:
  • Համաքաղաքային նշանակության նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար կիրառել պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկման, փոխառությունների ներգրավման և այլ ձևեր:
  • ֆինանսական աջակցություն տրամադրել հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ներին:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախատեսում է.

  • Հրանտ Մաթևոսյանի թանգարանի հիմնում,
  • Կրկեսի շենքի կառուցում,
  • ժամանակակից արվեստի թանգարանի նոր շենքի կառուցում,
  • ժամանակակից հյուրանոցային ցանցի ընդլայնում,
  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մասնաշենքի վերանորոգում,
  • Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի կառուցում,
  • քարաթափման կանխարգելիչ միջոցառումների ծրագրեր,
  • «Ուսանողական Երևան» նախագծի մշակում,
  • Երևանը` եվրոպական բարձրագույն կրթության տարածքի կենտրոն,
  • գեղասահքի զարգացման ծրագրի իրականացում և համապատասխան մարզադպրոցի կառուցում,
  • Կենդանաբանական այգու ամբողջական վերանորոգում, արդիականացում,
  • միջուկային բժշկության տարածաշրջանային գերազանցության կենտրոնի գործարկում,
  • համայնքային ծառայողի առողջապահական պարտադիր ապահովագրում:

«Օրինաց երկիր» կուսակցությունը նախընտրական հետևյալ խոստումներն է տալիս.

  • ստեղծել աշխատանքի տեղեկատվական կենտրոն, որտեղ կմեկտեղվեն պետական ու մասնավոր սեկտորի առաջարկությունները աշխատանք փնտրողների համար,
  • հետևողական նվազեցնել ջրի սակագինը,
  • բնակելի առանձնատների հոծ կառուցապատման տարածքներում կառուցել դպրոցներ, մանկապարտեզներ և պոլիկլինիկաներ,
  • երթևեկության կանոնները հսկող արագաչափերի և տեսախցիկների արձանագրած վարչական տույժերի հավաքագրման արդարացի համաչափությունը ապահովելու նպատակով՝ դրանց որոշակի մասը ուղղել քաղաքային բյուջե` ճանապարհաշինական կարիքները հոգալու նպատակով,
  • մշակել և իրականացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների ֆիզիկական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագիր,
  • ստեղծել Երևան-սփյուռք հարաբերությունները համակարգող ստորաբաժանում քաղաքապետարանում:

Մեկնաբանություններ (1)

kamo
voch voq chi andradarnum poxocnerum anorinakan gorcox avtokayanatexerin nranq 100%-ov gorcum en stverum ev gorc unen hskayakan dramakan mijocneri het.jisht klini ete sranq veranan ,vorovhetevanorinakan en.varordneric dram gandzelu iravunq unen miayn ayn kayanatexer, voronq kahavorvac en hamapatasxan sarqavorumnerov kam hdm-nerov ev unen licenzia. aha qaxaqapetarani byujen hamalrelu lavaguyn axpyurneric [email protected] voreve poqr u mec chinovnik porci ays harc@ bzbzi,ir harc@ klutzen amenabarcr atyanneric.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter