HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Կրթությունը միայն դպրոց վերանորոգելը չէ. Աննա Գալստյան

Կրթության փորձագետ Աննա Գալստյանը Երևանի ավագանու թեկնածու կուսակացությունների նախընտրական ծրագրերը ուսումնասիրելուց հետո նշում է, որ դրանցում կրթությանը վերաբերող առաջարկները հիմնականում կրթական տարածքների (դպրոցներ, մանկապարտեզներ) վերանորոգման մասին են: «Հրաշալի կլիներ, եթե կրթական ծրագրերով հանդես գալուց առաջ կուսակցությունները  ավելի լավ ծանոթանային խնդիրներին և լուծումները չփնտրեին միայն տարածքների վերանորոգման և ընդլայնման մեջ»,- ասում է նա:

Դպրոցների և նախակրթարանների  շենքային պայմանների բարելավման առաջարկով իրենց նախընտրական ծրագրերում հանդես են եկել «Հայ ագային կոնգրես» (ՀԱԿ), «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի հանրապետական կուսակցությունները:

ՀԱԿԿ. «Ուսումնական հաստատությունների մարզադահլիճները և մարզահրապարակները կհամապատասխանեցվեն ժամանակակից պահանջներին»։

ԲՀԿ. «Անհրաժեշտ է, որպեսզի քաղաքի կառավարման առաջիկա քառամյա շրջանում  վերանորոգման կարիք ունեցող բոլոր դպրոցները և մշակույթի օջախները հիմնանորոգվեն և ապահովվեն ժամանանակից տեխնիկական և համակարգչային միջոցներով»:

«Կարևոր ենք համարում նաև նախակրթարանների շենքային և կենցաղային պայմանների բարելավման, ինչպես նաև դրանց շենքային մակերեսների ավելացման խնդիրները»:

ՀՀԿ. «Մանկապարտեզների և դպրոցների, արտադպրոցական հաստատությունների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման շարունակականության ապահովում»:

«Անկեղծ, որևէ անբարեկարգ դպրոց Երևանում չեմ տեսել»,- նշում է Ա. Գալստյանը: Փոխարենը փորձագետի խոսքով, օրինակ, թվային տեխնոլոգիաները կարող են առանցքային դեր խաղալ կրթության մեջ, իսկ կուսակցական ծրագրերում անդրադարձն այդ խնդրին «զուտ տեսական բնույթ» ունի: Կրթության ոլորտում ՏՏ-ի ներդրմանը թեկնածու կուսակցություներից անդրադարձել են երեքը՝ ՀԱԿԿ-ը, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը:

ՀԱԿԿ. Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանները կհամապատասխանեցվեն ժամանակակից պահանջներին, կապահովվեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով, համապատասխան նյութատեխնիկական բազայով, կնորացվի դպրոցական գույքը։

Երևանի դպրոցների գրադարանային ֆոնդը կհամալրվի գեղարվեստական, մեթոդական և մասնագիտական գրականությամբ։  Կստեղծվեն Էլեկտրոնային գրադարաններ։ 

ՕԵԿ. Դպրոցների, միջին մասնագիտական կրթության հաստատությունների նյութատեխնիկական բազայի արդիականացումը, համակարգչային և  ինտերնետային միասնական ցանցի ձևավորումը,

ԲՀԿ. Անհրաժեշտ է, որպեսզի քաղաքի կառավարման առաջիկա քառամյա շրջանում  վերանորոգման կարիք ունեցող բոլոր դպրոցները և մշակույթի օջախները հիմնանորոգվեն և ապահովվեն ժամանանակից տեխնիկական և համակարգչային միջոցներով:

Այս առաջարկներում, Աննա Գալստյանի խոսքով, նորություն չկա: «Միասնական կրթական ցանցեր, ֆորումներ, կրթական ծրագրերի շտեմարաններ արդեն կան, և շատ դեպքերում ոլորտից անտեղյակ մասնագետների պատճառով դրանք չեն կիրառվում»,- նշում է նա: Կրթության ոլորտի մասնագետների մոտ ՏՏ-ի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար ավագանու ընտրված կուսակցությունները ֆինանսական մեծ միջոցների կարիք չեն ունենալու` ասում է Ա. Գալստյանը: «Նորարարությանն ինտեգրվելու համար պետք չէ սպասել ֆինանսական աջակցության»,- նշում է նա և ավելացնում, որ մասնագետն ինքը պետք է նախաձեռնող լինի, իսկ քաղաքական ուժերի գործը պետք է ուղղված լինի  մասնագետների նախաձեռնողականության բարձրացմանը, ինչը ոչ այնքան ֆինանսական մեծ ներդրումների, որքան ընտրված քաղաքական ուժի ճիշտ գործունեության հետ է կապված:

«Բարև Երևանի» և ՀԱԿԿ-ի ծրագրում նշվում է կրթության ոլորտի ներկայացուցիչների ապաքաղաքականացման հարցը, ինչը Աննա Գալստյանի կածիքով, «միանշանակ հնարավոր» է, եթե կուսկացությունները ընտրվելուց հետո ցանկանան իրականացնել ծրագրում գրվածը: Փորձագետը նկատել է, որ ԲՀԿ-ն միակն է, որ անդրադարձել է ներառական կրթության խնդիրներին:

ՕԵԿ-ն իր նախընտրական ծրագրում անդրադարձել է այն հարցին, որ կրթության, գիտության և տնտեսության միջև փոխշահավետ կապի ամրապնդման համար բուհերում պետք է ստեղծվեն կարիերայի կենտրոններ: Բայց ինչպես նշում է Ա. Գալստյանը, երևանյան «կրթական շատ հաստատություններում այս գործընթացն էլ արդեն լուծված է»:

«Խնդիրն այստեղ այն է, որ շատ քիչ դեպքերում են արդի գործատուները դիմում կարիերայի կենտրոններին, քանի որ դրանց կապը աշխատաշուկայի հետ բացակայում է»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի ծրագրին, ապա դրանում ընդհանրապես չկան կրթությանն առնչվող նոր խնդիրներ` նշում է փորձագետը, քանի որ «ըստ նրանց նախընտրական ծրագրի` պետք է ընդամենը ընդլայնել արդեն իսկ եղածը»:

«Առաքելություն» կուսակցությունն իր ծրագրում կրթության մասին մեկ նախադասություն ունի. «Մանկապարտեզներում սպասարկման և սննդի որակի էական բարելավում»: Աննա Գալստյանը հույս ունի, որ կուսակցության կողմից կրթական հարցերը այդչափ կարևորելը միայն վրիպակ է, և նրանք ընտրվելու դեպքում կվերանայեն իրենց անելիքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter