HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիանի քաղաքապետարանը հարկերը գանձում է նաեւ դատարանի օգնությամբ

Սեյրան Սարգսյանի անվամբ Սիսիանի քաղաքային համայնքում սեփականության իրավունքով հաշվառված է 0,27 հա ջրովի եւ 0,81 հա անջրդի գյուղատնտեսական նշանակության վարելահող: Սակայն այն պատճառով, որ հողի սեփականատերը չի կատարել իր հարկային պարտավորությունները եւ հողի հարկի գծով ապրիլի 1-ի դրությամբ Սիսիանի համայնքային բյուջեին պարտք է 86 հազար 549 դրամ, կարող էր զրկվել սեփական հողատարածքներից:

Այս տարվա մայիսի 5-ին Սիսիան քաղաքային համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանը հայց է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նշված հողամասերի նկատմամբ Սեյրան Սարգսյանի սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջով: Միայն այն  բանից հետո, երբ Ս. Սարգսյանը պարտավորվել է վճարել հողի հարկի պարտքը, հայցվոր Սիսիանի համայնքապետարանը հրաժարվել է հայցից` դատարանին խնդրելով կարճել քաղաքացիական գործի վարույթը:

Սեյրան Սարգսյանը միակը չէ, ում դեմ Սիսիանի քաղաքային համայնքը հայց է ներկայացրել հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջով: Ըստ Սիսիանի քաղաքապետարանի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ Արկադի Հովհաննիսյանի, ով նաեւ քաղաքային համայնքի ներկայացուցիչն է դատարանում, «մինչեւ այժմ դատարան է ներկայացվել 23 հայց` ընդամենը 1 մլն 200 հազար դրամ գանձելու պահանջով»:

Հունիսի 24-ի դրությամբ հայցերից չորսը բավարարվել է. սեփականության իրավունքից զրկվել է հողի 4 սեփականատեր, 7 գործ կարճվել է, քանի որ պատասխանող կողմը պարտավորվել է վճարել տարիների ընթացքում կուտակված պարտքը, 2 հայցի առնչությամբ` քաղաքացիական գործով պատասխանողներ Լավրենտ Հարությունյանի եւ Մարատ Մարկոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն` պատասխանողի գտնվելու վայրի անհայտ լինելու դեպքում դատարանը գործը պետք է քններ պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագություն ստանալուց հետո: Սակայն, այս դեպքում Սիսիանի համայնքային իշխանությունը, որը նաեւ հայցվոր կողմն է, պատասխանողների պատշաճ ծանուցումը չի ապահովել, ուստի հունիսի 21-ին կայացած դատական նիստում դատավոր Իգնատ Բեգլարյանն իր առարկությունը ներկայացրեց առանց պատասխանողների հայցի քննություն իրականացնելու համար:

«Սեփականության իրավունք եմ դադարեցնում, չունենք ապացույցներ, որ պատասխանող կողմերին ծանուցագրերը հանձնվել են, ուստի արդարացի կլինի ապահովել նրանց մասնակցությունը»,- հայտարարեց դատավորը  եւ բավարարեց հայցվորի միջնորդությունը` քաղաքացիական գործով պատասխանող Լավրենտ Հարությունյանին, մեկ այլ նիստով նաեւ Մարատ Մարկոսյանին հայտարարել հետախուզում` կասեցնելով քաղաքացիական գործերի վարույթը` մինչեւ պատասխանողների գտնվելը: Դատարանի որոշմամբ պատասխանողներին հետախուզում հայտարարելու մասով որոշումները բողոքարկման ենթակա չեն:

Քաղաքացիների` հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման պահանջի մասին Սիսիանի քաղաքապետարանի հայցերը, հայցվորի ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանի խոսքով, հիմնավոր են, քանի որ բխում են Հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելը եւ չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելը կարող է հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարեցման հիմք լինել: «Համայնքային իշխանությունը մինչեւ դատարան դիմելը մի քանի անգամ տեղական լրատվամիջոցներով հայտարարություն է տարածել, որով հողի սեփականատերերին  հիշեցվել է պարտքերը վճարելու մասին: Արձագանքողներ շատ են եղել, բայց, ինչպես տեսնում եք, նրանց մի մասի համար ստիպված էինք դատարան հասնել»,- ասում է քաղաքապետարանի ներկայացուցիչը: Ըստ նրա` խնդիրը նաեւ հոգեբանական ազդեցություն է ունենում, քանի որ դատական գործընթացի ժամանակ եղել են հողի սեփականատերեր, ովքեր խնդրել են պարտքի վճարման ժամանակացույց կազմել եւ կարճել գործը:

Սիսիան քաղաքի հողի սեփականատերերի դեմ հարուցված դատական գործերի մասին մի խումբ քաղաքացիներ նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` նշելով, որ ճգնաժամի պատճառով շատ հողատարածքներ նախորդ տարիներին չեն մշակվել, որի արդյունքում չեն վճարել հողի հարկը: Նամակում նշվում է, որ այժմ, երբ պետությունը քայլեր է ձեռնարկում գյուղատնտեսության զարգացումը խթանելու, չմշակվող հողատարածքները կրճատելու ուղղությամբ, իրենց նկատմամբ իրականացվում է «ֆինանսական ճնշում», եւ հանրապետության նախագահին խնդրում են «կասեցնել հողազավթման դատական գործընթացը»:

Ինչպես տեղեկացրեց Ա. Հովհաննիսյանը, հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման պահանջով առաջիկայում նոր հայցեր կներկայացվեն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ չկա երաշխիք, որ ինչպես արդեն քննված գործերում, հետագայում եւս պատասխանողները դատարանում կհայտնվեն առանց փաստաբանի: Մինչդեռ վերջիններիս մասնակցությունը հնարավոր է, որ նպաստի մարդկանց սեփականության իրավունքի պաշտպանությանը. Քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածով նախատեսված հայցային վաղեմության կիրառումը կարող է փրկօղակ լինել սեփականությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած մարդկանց համար:

Հ.Գ. Երբ հունիսի 21-ին կայացած դատական նիստում խնդրեցի գործը քննող դատավորի թույլտվությունը լուսանկարելու համար, թե հայցվորը եւ թե դատավորը հայտնեցին, որ դրա համար պետք է «վերեւների» համաձայնություն-թույլտվությունը ստանան, առաջինը` քաղաքապետի, երկրորդը` հավանաբար ընդհանուր իրավասության դատարանի նախագահի: Կարծում ենք,  «դաբրո» ստանալու մասին արված նրանց հայտարարությունն ավելի խոսուն տեղեկատվություն է, քան այն, ինչ պիտի լուսանկարեի:                       

Մեկնաբանություններ (1)

Արա
Քաղաքապետարանի ներկայացուցիչը փաստերը ճիշտ չի ներկայացնում: Ես տեղական ՍՅՈՒՆԻ հ/ը ղեկավարն եմ և նման հայտարարություն չեմ հեռարձակել: Այս քաղաքապետը լրատվամիջոցներով սուտ խոսելն ու մարդկանց խաբելը դարձրել է կյանքի նպատակ: Ես արդեն սրա զազրախոսություններին ուշադրություն չեմ դարձնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter