HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Քաղաքապետարանի «մտքի» թռիչքը` ի շահ Մայրապետյանի

Պուշկինի 38 հասցեում «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն բազմահարկ շենք է կառուցում: Տարածքը 4 կողմից շրջապատված է բնակելի շենքերով, եւ դրանցից մեկի` Պուշկինի 40 շենքի բնակիչ Անահիտ Բեգլարյանը Երեւանի քաղաքապետին խնդրել է տրամադրել շենքի կառուցման համար ՍՊԸ-ին տրված ճարտարապետաշինարարական նախագիծը:

Քաղաքապետարանը, սակայն, փայլել է մտքի թռիչքով: Ճարտարապետության եւ շինարարության վարչության պետ Քասարյանը գրավոր պատասխանել է, թե նախագիծը համարվում է հեղինակային իրավունքի օբյեկտ, ուստի դրա տրամադրումը կարող է դառնալ հեղինակային իրավունքի խախտում:

«Սա ուղղակի անհիմն պատճառաբանություն է: Ես` որպես բնակիչ, իրավունք ունեմ տեղեկություններ ստանալ իմ կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին, հրապարակված քաղաքաշինական ծրագրերին եւ նախագծերին»,- ասում է մասնագիտությամբ փաստաբան Անահիտ Բեգլարյանը:

Այս ամենը կրկին հիշեցնելով քաղաքապետ Կարեն Կարապետյանին` երկրորդ դիմումով Անահիտ  Բեգլարյանը շեշտել է, որ վերջինս, իբրեւ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, պարտավոր է ապահովել բնակչության տեղեկացվածության իրավունքի իրացումը: Ավելին, մինչ «Լոկալ Դիվելոփըրզին» շինարարության թույլտվություն տալը` քաղաքապետարանը, համաձայն ՀՀ Սահմանադրության, ճարտարապետաշինարարական նախագիծը պետք է ներկայացներ հարակից շենքերի բնակիչների քննարկմանը:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն այս տարվա մայիսին քաղաքապետարանին դատի է տվել, ինչպես ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն է ասում՝ ամեն ինչ գաղտնի, հասարակությունից թաքուն պահելու եւ նմանօրինակ խայտառակ պատասխաններ տալու համար: ՀԿ-ն իր հերթին դիմել էր քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել Կառավարության որոշումներով «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքները, այդ թվում՝ Պուշկինի 38-ն իրացնելու նպատակով կառուցապատողին («Լոկալ Դիվելոփըրզին») տրված ճարտարապետաշինարարական առաջադրանքի նախագծի պատճենը: Վարչական դատարանը գործն արդեն ընդունել է վարույթ:

«Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն 25 հազարական դրամով հիմնադրել են ամուսիններ Սամվել Մայրապետյանը, որն ավելի շատ հայտնի է իբրեւ «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր, եւ Գոհար Քյալյանը` Բժշկական համալսարանի նախկին ռեկտորը:

Ընկերության իրավաբանական հասցեն Տերյան 71-ն է, սակայն այստեղ նման ընկերություն ոչ եղել է, ոչ էլ կա: Այս խոշոր ընկերությունը գրանցված չէ տեղեկատվական ծառայություններում, չի լինում նաեւ 300 խոշոր հարկատուների ցանկում: Չնայած սրան` այս անհասցե ընկերությունով Սամվել Մայրապետյանն իրականացրել եւ իրականացնում է լայնածավալ շինարարական գործունեություն:

ՍՊԸ-ն Հյուսիսային պողոտայի կառուցապատողներից է, վերակառուցելու է Կոզեռն թաղամասը, Կենտրոն համայնքում շահագործել է մի շարք նորակառույցներ, հիմա էլ պետք է օտարի Հյուսիսային պողոտայի հարեւանությամբ գտնվող նախկին «Պիոներ» կինոթատրոնի հատվածը, իրացնի Լալայանց, Կողբացի եւ Տերյան փողոցներով պարփակված տարածքը` Պուշկինի 38-ում կառուցելով բազմաբնակարան շենք: 

Այս ամենը, բնականաբար, Մայրապետյանին վերապահվել է կառավարության «էլիտար» որոշումներով: Քաղաքի կենտրոնում վերը նշված հատվածի օտարումը եւ Պուշկինի 38-ում բազմահարկի կառուցման իրավունքը վերջինիս տրվել է 2007 թ. մարտին` 347-Ն որոշմամբ, որով սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2009 թ. հունվարի 1-ը: Ու քանի որ այդ ընթացքում Մայրապետյանը «գործը» գլուխ չի բերել, Կառավարությունը 2009 թ. փետրվարին ընդունել է նոր որոշում` 168-Ն, եւ վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 2011թ.: Մայրապետյանն այս անգամ Պուշկինի 38-ի շինարարությունը սկսել է` փորել է մեծ փոս եւ անցել շենքի հիմքի աշխատանքներին:

«ԾԻԳ-ի նախկին տնօրենը ժամանակին գրավոր տեղեկացրել է, որ նորակառույցը լինելու է 10 հարկանի: Հիմա 12 հարկանի շենքի մակետ են փակցրել, վաղն էլ կկառուցեն 16 հարկ, ու ինչ ուզում, անում են,- ասում է Անահիտ Բեգլարյանը,- բայց եթե նույնիսկ 10 հարկ կառուցվի, 4 կողմից շրջապատող շենքերը, որ ավելի ցածր են, զրկվելու են արեւի լույսից ու մաքուր օդից: Իսկ նախկինում դա մեր բակն էր` կանաչապատ տարածք, երեխաների խաղահրապարակ»:

Հարակից շենքերի բնակիչները 229 ստորագրությամբ վավերացված դիմում-բողոք են ուղարկել բոլոր պատկան մարմիններին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին: Նրանք մանրամասնել են, որ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի սահմանած գերակա շահի նպատակներից եւ ոչ մեկն այս պարագայում առկա չէ:

Հակառակը, «շենքի կառուցման դեպքում կոտնահարվեն հանրության շահերը, անհնարին կդառնա շրջակա միջավայրի պահպանությունը, հակահրդեհային տեխնիկայի մուտքը Լալայանց 37, Կողբացի 42 եւ Պուշկին 40, Տերյան 19, 23, 25 շենքերի բակ: Կքայքայվի բնակիչների առողջությունը, քանի որ շինարարական աշխատանքները սկսվելուց հետո հատկապես Կողբացի 42 եւ Պուշկին 40 շենքերին հարող մասում խոնավություն է առաջացել, նույն մասում վթարի է ենթարկվել կոյուղին, մի քանի անգամ շինարարական նպատակներով ցանկապատված պատի փլուզումներ են եղել»:

Երկրի նախագահին հասցեագրված նամակով բնակիչները տեղեկացրել են նաեւ, որ «Լոկալ Դիվելոփըրզը» իրենց բակում հատել է մի շարք ծառեր, «իսկ մի քանի ծառ թեպետ չեն հատվել, սակայն հեռացված է վերջիններիս աճի համար անհրաժեշտ հողը, եւ դրանք բնական ճանապարհով կչորանան»:

Քաղաքապետ Կարեն Կարապետյանի ստորագրությամբ «Լոկալ Դիվելոփըրզին» տրված շինարարության թույլտվության մեջ նշված է, որ այն տալուց առաջ անցկացվել է պարզ փորձաքննություն: Քաղաքաշինության նախարարն էլ, անդրադառնալով հարցին, թե ինչու է անցկացվել միայն պարզ փորձաքննություն, նշել է, որ «Հյուսիսային պողոտայի կառուցապատման չափորոշիչները հաստատվել են դեռեւս Կառավարության 2000 թ. նոյեմբերի 25-ի որոշմամբ եւ հետագայում ամրագրվել փորձաքննություն անցած (այդ թվում նաեւ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասով) եւ Կառավարության կողմից  2005 թ. հաստատված Երեւանի գլխավոր հատակագծում»: Ուստի, խնդրո առարկա շենքերի համար կրկին փորձաքննության կարիք չի առաջացել:

Անահիտ Բեգլարյանն ասում է, որ իրականում իրենց շենքերը Հյուսիսային պողոտայի ծրագրում ներառված չեն եղել: Հետեւաբար, շինարարության թույլտվության համար անհրաժեշտ, այն էլ պարտադիր փորձաքննություններ չէին կարող անցկացվել: Իսկ եթե այդպիսիք չեն անցկացվել, ուրեմն «Լոկալ Դիվելոփըրզին» քաղաքապետի տված շինթույլտվության իրավունքն ուղղակի ապօրինի է:

Շենքերի մեջտեղում` Պուշկինի 38-ում, կառուցվելիք բազմաբնակարանը, բնականաբար, գրավիչ չի լինելու գնորդների համար, քանի որ, զրկելով հարակից շենքերին բակից ու կանաչ տարածքից, ինքն էլ է զրկված լինելու դրանցից: Ուրեմն ինչո՞ւ է Մայրապետյանը հենց այս հատվածն ընտրել, երբ, կարծես թե, նա որեւէ պրոբլեմ չունի, ու Կառավարությունը, հանուն նրա, կարող է «գերակա շահ» ճանաչել քաղաքի գրեթե ցանկացած հատված: Պուշկինի 38-ը գտնվում է օտարման տակ ընկած եւ «Լոկալ Դիվելոփըրզին» տրված Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի հարեւանությամբ: Մայրապետյանը, ըստ էության, որոշել է կառուցվելիք բազմաբնակարանում բնակեցնել հիշյալ շենքերի բնակիչներին:

Դեռ 2008 թ. ԾԻԳ-ի այն ժամանակվա տնօրեն Ռոբերտ Հարությունյանը այս երեք շենքերի բնակիչներին հայտնել է, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն պատրաստ է նրանց ունեցած բնակարանի մակերեսով բնակարաններ տրամադրել Պուշկինի 38-ում կառուցվելիք շենքում:

«Մայրապետյան Սամվելը մարդկանց այնպիսի գին է առաջարկում, որ նրանք ստիպված ընտրեն չարյաց փոքրագույնը եւ համաձայնվեն տեղափոխվել այդ նոր կառուցվող շենք: Այսինքն` նա կրկնակի, քառակի շահում է»,- ասում է Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը: Նրա 81 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարանի դիմաց «Լոկալ Դիվելոփըրզն» առաջարկել է մոտ 70 հազար ԱՄՆ դոլար: Սա, ըստ Գերավետյանի, ուղղակի ծիծաղելի գին է` բնակարանի շուկայական արժեքից մոտ 4 անգամ քիչ: Անշարժ գույքի գործակալություններն էլ, Գերավետյանի փոխանցմամբ, երբ իմանում են, որ խոսքը գերակա հանրային շահ ճանաչված շենքերի մասին է, ուղղակի հրաժարվում են որեւէ գնահատում կատարել: Մայրապետյանն ինչպե՞ս է վարվելու Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի հետ, դեռ ոչ ոք չգիտի: Բայց Վարդան Գերավետյանը վստահ է, որ դրանք չեն քանդվելու:

«Որովհետեւ շենքերից ոչ մեկը վթարային չէ: Այսօրվա չափանիշներով` դրանք իսկական էլիտար բնակարաններով շենքեր են` կառուցված Ստալինի ժամանակ: Առաստաղի բարձրությունը 3,3 մետր է, եւ, բնականաբար, Մայրապետյանը նորը չի կառուցելու, ուղղակի այդ 4 հարկանիների տանիքը կքանդի, վրան հարկեր կավելացնի, բնակարաններն էլ շուկայական գներով կվաճառի: Վերջ, սա է գերակա հանրային շահը»,- ասում է Գերավետյանը:

Սակայն «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահն էլ ասում է, որ 4 հարկը վերակառուցելով Մայրապետյանը չի կարող վրան շատ հարկեր ավելացնել: Իսկ քանի որ «բիզնես տեսանկյունից շենքը որքան բարձր, այնքան լավ, գերակա շահն էլ իրականում բիզնես պրոյեկտ է, Մայրապետյանը պարտադիր այդ շենքերը կքանդի եւ կկառուցի շատ բարձրահարկ շենքեր»: Իր ասածները փաստարկելու համար Սեդրակ Բաղդասարյանը հիշեցնում է Կառավարության 774 որոշումը, որով արգելվել է Հյուսիսային պողոտայում Օպերայի երկրորդ հարկից բարձր շենք կառուցել. «Բայց հետո ապօրինաբար, առանց համապատասխան որոշման, Հյուսիսային պողոտան կառուցեցին այնպես, որ ամենացածր շենքի բարձրությունը 30 մետր է»:

Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերնի բնակիչների մեծամասնության հետ «Լոկալ Դիվելոփըրզ» պայմանագրեր դեռ չի կնքել, իսկ կնքողների մի մասը դա արել է այս տարի: Մինչդեռ կառավարության` տարածքը գերակա շահ ճանաչող 2-րդ` 168-Ն որոշմամբ սահմանված ժամկետն այս տարվա հունվարի 1-ին լրացել է: Ստացվում է, որ նշյալ 3 շենքերն այլեւս օտարման տարածքում չեն: Բայց սա, ըստ Գերավետյանի, ոչինչ չի նշանակում, որովհետեւ Կառավարությունը, ի շահ Սամվել Մայրապետյանի, կարող է ընդունել 3-րդ, անհրաժեշտության դեպքում` 4-րդ որոշումը` ժամկետներն անընդհատ երկարաձգելով:

«Ու մեզ պետությունը, ավելի ճիշտ` մի խումբ անձինք, պահում են պատանդի կարգավիճակում: Ով իմանում է` գերակա շահի տակ ենք, ձեռքերը լվանում է: Ոչ կարողանում ենք բնակարանները վաճառել, ոչ բանկն է դրանք գրավ վերցնում` վարկ տալու համար, ոչ էլ նույնիսկ կարողանում ենք մեր տունը վարձով տալ, որովհետեւ հիմնականում մարդիկ ուզում են 1 տարով պայմանագիր կնքել»,- շարունակում է Վարդան Գերավետյանը: Երեք շենքի բնակիչներից 22-ը կառավարության 347-Ն որոշումը միասնական հայցով ներպետական ատյաններում անարդյունք վիճարկել է: Հիմա գործը Եվրադատարանում է, եւ վերցվել է դիտարկման: Վերջիններս ներպետական ատյաններում վիճարկում են նաեւ կառավարության մյուս` 168-Ն որոշումը` պահանջելով այն անվավեր ճանաչել:

Իսկ Պուշկինի 38 հասցեի հարակից շենքերի բնակիչների դիմումով` խնդրով սկսել է զբաղվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Բնակիչները հույս ունեն, որ օմբուդսմենի աջակցությամբ կհասնեն շինարարության դադարեցմանը, եւ «Լոկալ Դիվելոփըրզը» կվերականգնի իրենց կանաչապատ բակը:  

Մեկնաբանություններ (2)

Արարատ
Հարգելի Մարինե, խոսքը 30.12.2010թ. Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված շինարարության թույլտվության մասին է, եւ որեւէ մեկը չի ասում, որ այդ թույլտվությունը կամ, Ձեր խոսքերով ասած՝ «վերջին թույլտվությունը», տրվել է 2009թ.: Նյութում 2009թ. հիշատակումը վերաբերում է ոչ թե քաղաքապետի, այլ կառավարության 168-Ն որոշմանը, որով սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ 2011թ.:
Marine
Duq inqnert grumeq vor verjin tuylatrutyune trvele 2009 tvakanin,is heto nshumeq vor da Karen Karapetyani storagrutyamba?..?..?. Bayc moraceleq erba Karen Karapetyane entrvel qaxaqapet ?hishecnem 2010 dektember

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter