HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

ՕԵԿ-ը լուծելու է հանրակացարանային հարցը, ՀՀԿ-ն երիտասարդներին «կտրելու է քաղաքականությունից»

«Օրինաց երկիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրի կրթություն բաժնում ներառել է «Ուսանողական հանրակացարանների բարելավմանն ուղղված նպատակային ծրագրերի մշակում» կետը: Կուսակցության անդամ, ավագանու թեկնածու  Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ «նպատակային ծրագիր»  ասելով` իրենք նկատի ունեն ուսանողական գործող հանրակացարանների վերաշինումը, նոր հանրակացարանների կառուցումն ու դրանց սենյակները մատչելի գներով ուսանողներին տրամադրելը: «Այսօր բուհերի մեծ մասը կենտրոնացած է Երևանում: Բայց մարզերից եկած ոչ բոլոր ուսանողներն են կարողանում լուծել իրենց բնակարանային խնդիրը»,- նշեց նա:

Հ. Հովհաննիսյանը Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանն է: Նա պատմեց, որ իր ֆակուլտետի ուսանողներից մեկը թեև սոցիալապես անապահով ընտանիքից է և ունի կացարանի խնդիր, բայց չի կարողանում սենյակ ձեռք բերել Զեյթունի ուսանողական հանրակացարանի` ակադեմիայի հարևանությամբ գտնվող մասնաշենքում: «Խնդիրն այն է, որ տեղերը սահմանափակ են,- նշեց Հ. Հովհաննիսյանը,- ցավոք սրտի, ուսանողական հանրակացարանների մի մասը սեփականաշնորհվել են: Մենք առաջարկում ենք Երևանի չօգտագործվող համապատասխան շենքերը բարեկարգել և տրամադրել ուսանողներին որպես հանրակացարաններ»:

Թեկնածուն ավելացրեց, որ սենյակները ուսանողներին տրվելու են վարձակալությամբ տրվող բնակարանների արժեքից շատ ավելի ցածր գնով. կուսակցությունը հաշվարկել է, որ ուսանողից ակնկալվող նվազագույն վարձավճարը կօգնի լրացնել քաղաքապետարանի բյուջեն:

Ծրագրում նախատեսվում է նաև բուհերում կարիերայի կենտրոնների ստեղծում: Երևանում գործող բուհերի մեծ մասում արդեն ստեղծվել են կարիերայի կենտրոններ: Հ. Հովհաննիսյանը հաստատեց, որ կարիերայի կենտրոն կա նաև Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում: Այն հարցին, թե այդ դեպքում ո՞րն է ծրագրային կետի նորությունը, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոչ բոլոր բուհերում կան այդպիսի կենտրոններ, իրենք ուզում են շատացնել:

«Եվրոպական բոլոր համալսարաններում այսօր արդեն գործում են կարիերայի կենտրոններ: Նրանք ունեն իրենց կադրերի բազան»,- նշեց Հ. Հովհաննիսյանը` ավելացնելով, որ բուհ-աշխատաշուկա կապն ապահովվում է հենց կարիերայի կենտրոնի ճիշտ գործունեության դեպքում, իսկ Հայաստանում կրթությունն այնքան էլ «նպատակային չէ, բոլորը ուզում են դառնալ իրավաբաններ և տնտեսագետներ»:

Այն հարցին, թե ինչպես է ավագանին իրականացնելու բուհերի հետ կապված ծրագրերը, եթե դրանք գտնվում են կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո, Հ. Հովհաննիսյանը, որպես պատասխան, ցանկություն հայտնեց, որ ապագայում «բուհերի վրա քաղաքապետարանը նույնպես իր ազդեցության շրջանակները ունենա»: Կուսակցությունն իր ծրագրում ևս մեկ կետ է նախատեսել, որի իրականացումը ավագանու լիազորությունների շրջանակում չէ` համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի»:

«Նախատեսում ենք կրթական հաստատությունների, այդ թվում բուհերի և գիտական հաստատությունների շենքերի սեփականաշնորհման արգելքի պահպանում»` գրված է ծրագրում: Հիշեցնենք, որ ավագանին կարող է զբաղվել միայն դպրոցներով ու նախակրթարաններով: Կուսակցության նախընտրական ծրագրում ներառված ներքոնշյալ կետերի իրականացումը անմիջապես առնչվում է կրթության նախարարության գործառույթներին:

  • Կրթության, գիտության և տնտեսության միջև փոխշահավետ կապի ամրապնդումը, այդ նպատակով ԲՈՒՀ-երում կարիերայի կենտրոնների ստեղծումը:
  • ԲՈՒՀ-երի`ոչ միայն որպես կրթական, այլև գիտակրթական կենտրոնների զարգացման նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը, ուսանողական գիտական ինքնակազմակերպման բոլոր ձևերի գործունեության, նորարարական նախաձեռնություններին ու հետազոտություններին քաղաքային իշխանության կողմից  աջակցության ցուցաբերումը:
  • Բարձրագույն կրթության հաստատությունների գործառույթների և նրանց շրջանավարտների գիտելիքների որակի գնահատման չափորոշիչների մակարդակի բարձրացումը:

Այս կետերը, ըստ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի, կարող են հանդիսանալ նաև բուհերի ղեկավար մարմինների գործունեության արդյունք, բայց ոչ ավագանու նախաձեռնություն: Բարձրագույն կրթությունը կարգավորվում է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքներով և գտնվում է Կրթության և գիտության նախարարության պատասխանատվության ներքո:

ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի՝ կրթությանն առնչվող հատվածի վերաբերյալ «Հետքի» հարցերին պատասխանեց ՀՀԿ-ի Երևանի ավագանու «Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի» մշտական հանձնաժողովի անդամ Լևոն Իգիթյանը, ով ավագանու այս ընտրություններում կուսակցության ներկայացրած ցուցակի 10-րդ անդամն է:

«Ուսանողական Երևան» նախագծի մշակում», ի՞նչ է ենթադրում այս ծրագիրը:

Կարող եմ ասել, թե ես այդ ծրագրում ինչ գործ ունեմ անելու: Մենք երկար ժամանակ քննարկել ենք այս ծրագիրը, և գաղափարն առաջացել է մեր երիտասարդ տարիների փորձից:

Երևանում մի սրճարան կար, որ երևի միակն էր ամբողջ Սովետական Միությունում: Նկարիչների միության կողքին էր գտնվում: Այդտեղ ամեն օր նստած էին լինում Կոստան Զարյանը, Երվանդ Քոչարը, Լևոն Ներսիսյանը, Սերգեյ Փարաջանովը, այսինքն` կենդանի հանճարներ: Մեր սերնդի բախտը բերեց: Բոլորը համաշխարհային կշիռ ունեցող մարդիկ էին, ինտելեկտուալներ էին, ծայրաստիճան զարգացած, բանիմաց, հանրագիտարան էին: Մեզ իրենք դաստիարակեցին: Իհարկե, մենք Երվանդ Քոչար ու Կոստան Զարյան չենք, բայց նրանց բագաժը մենք կրում ենք: Գիտե՞ք ոնց էր, առանց որևէ բան իմանալու չէիր կարող գնալ այդ սրճարան: Զրույցի ժամանակ երբ նրանք տեսնում էին, որ պատրաստ չես, պատահական եկել, նստել ես, քեզ հետ չէին խոսում, ուշադրություն չէին դարձնում, անտեսում էին: Դա մեզ ստիպում էր, որ ամեն զրույցից հետո գնանք, գրքեր ճարենք: Հանրային գրադարանի այն ֆոնդից, որ շրջանառության մեջ էլ չէր, ծանոթի միջոցով մի գիշերով գիրք էինք տանում տուն, կարդում, որ նրանց հետ զրուցելիս խայտառակ չլինենք: Այսինքն` իրենք էնպես էին անում, որ մենք զարգանանք: Ուզո՞ւմ ես նրանց կողքին նստել, ուրեմն պիտի իմանաս: Էդ սրճարանը մեր սերնդի համալսարանն էր:

Մենք նստում, լսում էինք նրանց զրույցները, հետո սկսում էինք միջամտել. դա մեծ երևույթ էր: Մեր սերունդը սովետական տարիներին էդ «համալսարանի» շնորհիվ փրկվեց: Դա մեր բնական վիճակն էր. ցերեկը գիտեինք, որ բոլորս գնում ենք էնտեղ: Էնպես էր լինում, որ թաղի «խուժան տղերքն» էլ էին գալիս էդ սրճարան, էդ վարակը նրանց էլ կպչում, տարածվում էր: Ու դա էր պատճառը, որ քաղաքի հոգևոր կլիման լրիվ այլ էր, այսօրվա պես չէր: Չնայած ասեմ՝ էսօր լուրջ համերգներին  երիտասարդություն եմ տեսնում. էնպես հանգստանում եմ, լավ եմ զգում:

Հիմա ծրագրի մասին: Ես հավաքել եմ արդեն 60-ից ավել անուններ. մեր էսօրվա արժանի մարդիկ են` ռեժիսոր, նկարիչ, կոմպոզիտոր, բժիշկ: Էդ սրճարանը վերացավ, այլևս չկա, բայց մենք ունենք Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ  արդեն 140 աթոռ ենք ստացել մեր ընկերների, ծանոթների միջոցով: Ուզում ենք պայմանական ասված այդ համալսարանը ավելի լայնացնել: Օրինակ` մի օր որևէ ռեժիսորի հետ հանդիպում կկազմակերպենք: Ես մի 5-10 րոպե կներկայացնեմ նրան, հետո ինքը կսկսի խոսել իր գործից: Հանդիպմանը կգան ուսանողներ, դպրոցների բարձր դասարանցիներին էլ կընդգրկենք: Այդտեղ դասախոսություններ չեն լինելու, պարզապես այդ սրճարանի վիճակը պետք է ստեղծենք, պետք է տեղի ունենան երկխոսություններ: 

Մի քանի անուններ կնշե՞ք: Ովքե՞ր են թանգարանում ուսանողների հետ հանդիպումներ ունենալու:

Օրինակ` Մարտուն Իսրայելյանը, Աշոտ Զոհրաբյանը, Սուրիկ Զաքարյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Էդուարդ Հայրապետյանը: Էսօր նրանց աշխարհում գիտեն, բայց մեզ մոտ այդ երաժիշտներին գրեթե չեն ճանաչում: Բոլորի անունները չասացի, բայց այս կարգի մարդիկ են լինելու: Մեր էսօրվա հզոր նկարիչների հետ պիտի հանդիպեն, ռեժիսորների… Օրինակ` Արմեն Խանդիկյանը, Արա Երնջակյանը… Ես լավ ֆիզիկոսների գիտեմ, որոնց չեն ճանաչում, բայց նրանց գործերը դրսում են տպում: Շատ լավ բժիշկներ կան: Այսինքն` եթե ունենք այդպիսի մարդիկ, ուրեմն նրանք պետք է ազդեցություն ունենան հասարակության վրա: Երիտասարդներին պետք է  քաղաքականությունից կտրել: Դա դեստրուկտիվ վիճակ է ստեղծում: Իմ հետաքրքրության սահմաններն ուրիշ են:

Երևանի ավագանու անդամ լինելը ինչո՞վ է օգնում Ձեզ հետաքրքրող ծրագրերը իրականացնելուն:

Կոնկրետ ինձ ոչինչ չի տալիս, բայց թանգարանին օգուտ տվել է: Անցած տարի` մի հանդիպման ժամանակ, Տարոն Մարգարյանը նկատեց, որ տրամադրությունս լավ չէ: Այդ ժամանակ թանգարանը ջեռուցում չուներ, բոլոր կտավները փչանում էին: Ասացի, որ կուզեի` թանգարանում ջեռուցման համակարգ անցկացվեր: Հաջորդ օրը քաղաքապետարանի ֆինանսական բաժնից զանգեցին, ասացին, որ 5 միլիոն դրամ կփոխանցեն: Հետո մասնագետները ասացին` որպեսզի ջեռուցման առանձին համակարգ անցկացվի, և ոչ թե գազը բերվի մոտակա շենքի խողովակներից, ավելի շատ գումար է պետք` մոտ 9 միլիոն դրամ: Նորից դիմեցի քաղաքապետարան, լավ էր, տրամադրեցին գումարը: 

Իսկ երիտասարդներին ինչպե՞ս եք պատրաստվում կտրել քաղաքականությունից:

Մենք այդ ուժը ունենք, արվեստը մեծ բան է: Մի փիլիսոփա ասել է, որ արվեստը այն միջոցն է, որ մարդուն իրականությունից պետք է մի քիչ փրկի, և բոլոր ժամանակներում էլ իր այդ դերը կատարել է: Սովետական ժամանակներում մի կուսակցություն էր, չէ, բայց Կենտկոմի բոլոր ղեկավարները գիտեին, որ մեր առաջնորդները իրենք չեն, սերունդը արվեստի մարդիկ էին դաստիարակում, ինտելեկտուալները և հաշվի էին նստում նրանց հետ:

«Երևանը եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կենտրոն» կետ ունեք ծրագրում, ի՞նչ եք նախատեսում անել:  

Ես, ճիշտն ասած, ծրագրի այդ կետին այնքան էլ ծանոթ չեմ, բայց մեկ ուղղություն գոնե գիտեմ, որ անում է շատ կարգին մարդ` Ռուբեն Վարդանյանը (գործարար, «Տրոյկա Դիալոգ» խմբի տնօրենների խորհրդի նախագահ-Մ.Մ.): Խոսքը Դիլիջանի ուսումնական կենտրոնի մասին է: Սա շատ լուրջ երևույթ է: Ես որքան գիտեմ, դա լինելու է տնտեսագիտության միջազգային կենտրոն: Նա մեծ բիզնեսմեն է, նրա հայրը ճարտարապետ է, ում ես գիտեմ. նրա հետ աշխատել եմ: Շինարարությունը արդեն սկսվել է: Տեղն էլ ճիշտ են ընտրել: Ամեն ինչ չպետք է Երևանում լինի: Նա աշխարհի լավագույն մասնագետներին է բերելու Հայաստան: Եվ միջազգային է լինելու, որովհետև ուրիշ տեղերից էլ են գալու այդ կենտրոն սովորելու: Այդ բուհը տարածաշրջանում միակն է լինելու:

Բայց եթե Դիլիջանում է կառուցվում, Երևանի ավագանու գործունեությանն ինչքանո՞վ է առնչվում:

Դե, դա նշանակում է, որ նախարարության հետ պետք է համագործակցենք: Հո անտարբեր չե՞նք մնալու: Օրինակ` ես մտածում եմ, գյուղմինիստրությունը ինչո՞ւ է Երևանում: Կարո՞ղ եք բացատրել: 

Ծրագրում գրված է Երևանը` բարձրագույն կրթության տարածքի կենտրոն:

Ուրեմն խոսքը համագործակցության մասին է: Հայաստանի բնակչության 1/3 մասը Երևանում է: Դա լավ չէ, բայց այդպես է: Մենք փոքր երկիրը հավասարաչափ զարգացնելու կարիք ունենք:

Լուսանկարում (ձախից)՝ Հովհաննես Հովհաննիսյանը և Լևոն Իգիթյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter