HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Սիրիահայերը փորձում են հաղթահարել հայաստանյան խոչընդոտները

Սիրիահայ Նուշիկը Երևան գալուց հետո սկսել է մատուցողուհի աշխատել, հետո «բոսերը սկսել են շատ վստահել» իրեն, ու հիմա նա նույն սրճարանի ընդհանուր մենեջերն է:

Այդ սրճարանում հիմնականում սփյուռքահայեր են լինում, արտասահմանցիներ. ազատ սեղան գրեթե չկար: Զրույցի ընթացքում Նուշիկին անընդհատ կանչում էին. գնում, արագ գործերը կարգավորում, հետ էր գալիս: «Մեկ-մեկ հոգնում եմ, միշտ վազվզում եմ,- ասաց նա,- բայց սիրում եմ գործս»:

Նա նկատել է, որ հայաստանցի աղջիկները խուսափում են մատուցողուհի աշխատելուց, բայց չի հասկանում՝ ինչու: «Երբ որ մեկը իր գործից ամաչում է, տեղ չի հասնի, -ասում է նա,- եթե էս իմ գործն է, ես շատ հաճույքով կասեմ, որ այդ գործն եմ անում, բայց, անշուշտ, եթե շնորհքով գործ լինի: Եթե մատուցող ես աշխատում ու էսպիսի քաֆե-շոփում, դա քեզ համար շատ լավ բան է»:

«Հալեպում վիճակն արդեն շատ վտանգավոր է դարձել»,- ասում է Նուշիկը: Մոտ տասը ամիս է, ինչ նա մոր և եղբոր հետ Սիրիայից տեղափոխվել է Հայաստան: Քիլէճիանների ընտանիքը Հալեպում խանութներ ու վարսավիրանոցներ է ունեցել: Հիմա բոլորը փակ են: Վարսավիրանոցը վաճառել են, իսկ տանն ու ապրանքներով լիքը փակ խանութին հետեւում է Նուշիկի հայրը: «Հայրս չէր կարող գալ: Հալեպում տուն ունենք, խանութ ունենք, չենք կարող թողնել էս ամենը, գալ: Ամեն ինչ քարուքանդ կանեն: Ոչ մի բան մեզ չի մնա: Վտանգավոր է, բայց ուրիշ ճար էլ  չունենք»,- ասում է նա:

Սկզբում Հայաստան են տեղափոխվել Նուշիկն ու մայրը, նրանք արդեն Հայաստանի քաղաքացիություն ունեն: Հետո եկել է նաև Նուշիկի եղբայրը` Ներսեսը: Նա նույն սրճարանում բարմեն է աշխատում: Պատմում է, որ ուզում էր մնալ հոր հետ` Հալեպում, բայց վիճակը շատ վատացավ. «Պապաս կապարով զարնվեց ձեռքից Հալեպին մեջ: Բայց բան չեղավ, հիվանդանոց գնացինք, ամեն ինչ նորմալ էր: Մամաս ամեն օր կըսեր՝ ձգե, եկուր: Եկա, բայց պապաս մնաց խանութի ապրանքներին համար»:

Նուշիկը չի հասցրել մասնագիտություն ստանալ: 12-րդ դասարանում սովորելիս է եղել, երբ պետք է տեղափոխվեր Հայաստան: Հիմա 21 տարեկան է, ուզում է ընդունվել Ամերիկյան համալսարան: «Էնտեղ մի քիչ դժվար է, պետք է էս տարի մի քիչ սովորեմ, որ քննություններս հանձնեմ: Նայեմ` ոնց կլինի: Ուզում եմ սովորեմ, ուսումս էստեղ անեմ: Որ ընդունվեմ, միայն ամառները կգնամ Հալեպ. նայած էնտեղ վիճակը ոնց  կլինի»,- ասում է նա:

«Հայաստանցի երիտասարդները աղվոր են, հաճելի է իրենց հետ շփվելը,- ասում է Նուշիկը, հետո ծիծաղելով ավելացնում է,- բայց տղաները՝ չէ… Տղաները վատ-վատ նայում են մեզի, չգիտեմ` ինչի: Շատ քիչ հայաստանցի ընկերներ ունեմ, էն էլ գործի ընկերներս են»:

Ներսեսն էլ նկատել է, որ Հայաստանում «սաղ երիտասարդները կուսանին», ու «գործ սիրող երիտասարդ չի տեսավ» այստեղ: Նա պատմում է, որ Սիրիայում երիտասարդները գիտեն, որ դպրոցում «ուսանելեն վերջ» պետք է աշխատեն:

Հալեպում ամռան արձակուրդներին Նուշիկը հագուստի իրենց խանութն է աշխատեցրել: Ներսեսն էլ դպրոցը ավարտելուց հետո չորս տարի Հալեպում դեղատանն է աշխատել որպես օգնական, հետո գնացել է Լիբանան, մեկ տարի վարսավիրություն է սովորել: Կանանց վարսահարդար է: Ասում  է` սիրում է իր գործը: Հիմա բարմեն է աշխատում, բայց օրվա երկրորդ կեսին հասցնում է նաև վարսավիրությամբ զբաղվել: «Հալեպի հաճախորդներս էստեղ են: Առավոտից մինչև ժամը չորսը սրճարանում եմ աշխատում, հետո գնում եմ հաճախորդներիս տուները, էլի իմ գործս անում եմ»,- ասում է նա: Ներսեսի մայրն էլ է վարսավիր և գումար է աշխատում` հաճախորդների տները այցելելով:

«Մենք լավ ենք ապրում,- ասաց Նուշիկը,- բայց Հայաստանում սիրիահայեր կան, որ շատ վատ վիճակում են` հայերեն չգիտեն, չեն կարողանում շփվել և աշխատանք գտնել»: Ընտանիքը Երևանի կենտրոնում երկսենյականոց բնակարան է վարձակալել ամսական 350 դոլարով: Բրոքերների համար սիրիահայերը հարուստ զբոսաշրջիկներ են: «Ահավոր փող են վերցնում»,- ասում է Նուշիկը: Բայց տուն գտնելու այլ տարբերակ չունեն. «Անծանոթ ենք էստեղ, ոչ ոք չունենք, ոնց որ դու գաս Սիրիա: Սովորական տունը ինչո՞ւ են 400 դոլարով մեզ տալիս: Մեր աշխատավարձը ինչքա՞ն է, որ այդքան վարձ տանք»,- ասում  է Նուշիկը` ավելացնելով, որ սիրիահայերին շատ են օգնում ոչ այնքան տեղացիները, որքան «դրսից եկած հայերը»:

Ներսեսը պատմեց, որ երբ Հալեպում էր ապրում, երազում էր Ամերիկա գնալ: Հայաստան գալուց հետո նրա երազանքը դեռ չի փոխվել, բայց իր «բոսերը»` սրճարանի տերերը, հորդորել են մնալ այստեղ: Սրճարանի սեփականատերերը արտասահմանցիներ են. նրանցից մեկը Շվեյցարիայից է, մյուսը` ԱՄՆ-ից: «Ասում են՝ մի գնա, բայց տեսնեմ, ուզում եմ գործ սկսեմ, եթե լավ լինի, կարող է մնամ, ինձ էլ է դուր գալիս Հայաստանը»,- ասում է Ներսեսը: Նա փորձել է մի քանի վարսավիրանոցներում աշխատել, բայց չի հարմարվել, որովհետև «Հալեպում սովոր էր, որ վարսավիրանոցը իր սեփականը լինի»: Հիմա ծրագրել է Երևանում մոր հետ վարսավիրանոց բացել և աշխատեցնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter