HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի

Դավիթ Փոլադյանը նախկինում «Տավուշ» գինու գործարան ՓԲԸ-ի 60 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն էր: Բայց, ինչպես ինքն է պատմում, շանտաժով ստիպել են գործարանը վաճառել: Այնուհետեւ դատարանների հակասական ու անհավատալի վճիռների հետեւանքով ստացվել է այնպես, որ դեռ մի բան էլ Փոլադյանը պետք է մոտ կես միլիոն ԱՄՆ դոլար վճարի գործարանի նոր սեփականատիրոջը:

«Սա անհավատալի պատմություն է, գժվելու բան: Շատ լուրջ մարդիկ են խառնված, դրա համար էլ էս վիճակն է»,- ասում է Դավիթ Փոլադյանը՝ նախընտրելով «լուրջ մարդկանց» անունները դեռ չհրապարակել: Հիմա նա նախագահ Սարգսյանին անձամբ հանդիպելու ուղիներ է փնտրում՝ հավատալով, որ դրանից հետո ամեն ինչ կփոխվի:

«1996թ. ես Մոսկվայում էի աշխատում: Որպես ծնունդով շամշադինցի՝ որոշեցի այդ գործարանը վերցնել: Կառավարությունն աջակցեց, 460 հազար դոլարի վարկ վերցրի, որից 50 հազարը չծախսեցի ու հետ տվեցի: Շամշադինում բերքահավաք ենք կազմակերպում, սահմանից 100-150 մ հեռավորությամբ այդ գործարանում գինու արտադրություն եմ սկսում եւ 5 հատ ոսկե մեդալ ստանում»,- պատմում է Փոլադյանը:

Ըստ նրա՝ 2000 թ. Բելառուսում ՀՀ դեսպանի հրավերով մեկնել է Մինսկ՝ գինու իրացման հարցերով բանակցություններ վարելու: Սակայն Երեւանից զանգահարել եւ տեղեկացրել են, որ «վարկը ոչ ճիշտ օգտագործելու համար» իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

«Դատախազությունը, հարկայինը, ֆինանսների եւ գյուղատնտեսության նախարարությունները մոտ 8-9 ամիս ստուգումներ անցկացրին, բայց արդյունքի չհասան,- պատմում է Դավիթ Փոլադյանը:- Իրականում չէին թողնում, որ աշխատեմ, ուզում էին գործարանը խլել: Բայց պետականորեն չկարողացան ոչինչ անել. նույնիսկ տուգանք նշանակելու հիմք չկար»:

Նա պատմում է, որ մինչ այդ՝ 1997 թվականին, 3 ընկերոջ հետ ավտովթարի է ենթարկվել, եւ միայն ինքն է ողջ մնացել: Մեծ ծախսերի խնդիրներ են առաջացել, եւ հանկարծ հայտնվել է կնոջ հեռավոր ազգականը՝ Անդրանիկ Այվազյանը՝ առաջարկելով մոտ 90 հազար ԱՄՆ դոլար. «Լրիվ անշահախնդրորեն, բա՝ երբ կլինի, հետ կտաս»:

«Արդեն 2001 թվականի վերջն էր, ուժի զոռով 55 հազար շիշ գինի էի տարել Մոսկվա: Մեկ էլ էս Անդրանիկը եկավ, թե՝ Դավիթ ջան, ստացական ա պետք, գործընկերներիս պիտի ցույց տամ, որ ինձ փող են պարտք: Ասացի՝ կարող եմ անձամբ գալ եւ գործընկերներիդ ասել: Բա՝ չէ, ընդամենը ֆիկտիվ թուղթ ա պետք,- հիշում է Փոլադյանը,- ես լրիվ վստահում էի, ասացի՝ ինչքա՞ն գրեմ՝ մե՞կ միլիոն, երկո՞ւ միլիոն, թե՝ չէ, էդքան շատ չեն հավատա: Հենց օդանավակայանում մի ճղված-մղված թղթի վրա իրա ասած պատահական թիվը (362 հազար դոլար) գրեցի: Հետո հասկացա, որ ես Մոսկվայում էի, ստեղ Անդրանիկի վրա են դուրս եկել ու իմ նախկին գործընկերն էլ նույն Անդրանիկի հետ համաձայնության է գնացել»:

«Տավուշ» գինու գործարան ՓԲԸ-ի 40 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը Վլադիմիր Ադամյանն էր: Փոլադյանի խոսքերով, երբ ինքը վերադառնում է Երեւան, վերջինս եւ Անդրանիկ Այվազյանն իրենից պահանջում են գործարանում իր փայաբաժնից հրաժարվել: Վլադիմիր Ադամյանի փաստաբանն այդ տարիներին Սերգեյ Մկրտչյանն էր: Նա «Հետքին» պատմում է, թե ինչպես են իրադարձությունները զարգացել. «Վլադիմիր Ադամյանն ինձ ծանոթացրեց Անդրանիկ Այվազյանի հետ եւ ասաց, որ արդեն ուզում է նրա հետ գործընկերություն անել: Ասաց, որ Անդրանիկը Ռուսաստանում մեծ կապեր ունի, գինու իրացման հարցերը կլուծի եւ կանի անհրաժեշտ ներդրումները»:

«Ինձ ուղղակի դեմ էին տվել պատին: Ասում էին՝ կամ ստացականում գրված 362 հազար դոլարը տուր, կամ էլ գործարանից հրաժարվիր: Ստիպված համաձայնվեցի»,- շարունակում է Փոլադյանը: Կողմերի բանակցությունները, իսկ հետագայում համաձայնագրի կնքումը կատարվել է փաստաբան Մկրտչյանի ներկայությամբ:

«Դավիթն ընդունում էր, որ մոտ 90 հազար դոլար է պարտք Անդրանիկին: Բայց նա շատ ավելի մեծ գումար էր նշում: Ի վերջո, պայմանավորվեցին, որ Դավիթն իր բաժնեմասը 120 հազար դոլարի դիմաց փոխանցում է Վլադիմիրին: Գումարը պետք է Անդրանիկը տար, բայց ասաց՝ էս պահին մոտս չկա: Որոշեցին, որ 45 օրվա մեջ կվճարի,- պատմում է փաստաբան Մկրտչյանը,- իսկ Վլադիմիրի ու Անդրանիկի խոսակցության համաձայն՝ հետագայում նրանք գործարանի 100 տոկոս բաժնեմասերը հավասարապես պետք է կիսեին: Անդրանիկն ասում էր՝ ես ФСБ-ի գնդապետ եմ, առայժմ չեմ ուզում, որ իմ անունով լինի: Հետո իմացա, որ 100 տոկոսի սեփականատերն էլ Անդրանիկ Այվազյանն է դարձել»:

Ըստ Սերգեյ Մկրտչյանի՝ երբ գնացել են նոտարի մոտ համաձայնագիր կնքելու, Անդրանիկն ասել է, որ ստացականը մոռացել է: Հանդիպել են մեկ ուրիշ օր, սակայն այս անգամ էլ Անդրանիկ Այվազյանը հայտարարել է, որ այն կորցրել է: Ի վերջո, 2002 թ. կողմերի միջեւ կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ Դ. Փոլադյանը «Տավուշ» գինու գործարան ՓԲԸ-ում իր ունեցած 60 տոկոս բաժնեմասն օտարում է Վ. Ադամյանին, փոխարենը վերջինս եւ Ա. Այվազյանը պարտավորվում են 45 օրվա ընթացքում նրան վճարել 120 հազար ԱՄՆ դոլար: Համաձայնագիրը նշյալ 3 անձինք էլ ստորագրել են:

Փաստաբան Մկրտչյանը շեշտում է, որ կողմերից յուրաքանչյուրը գիտակցել է, թե ինչի տակ է ստորագրում, իսկ հետագայում կատարվածը նա բնութագրում է հետեւյալ կերպ. «Ուղղակի Դավիթ Փոլադյանին գցել են»:

«Ես իմ պարտավորությունը կատարեցի, իսկ Անդրանիկ Այվազյանն ընդամենը մաս-մաս 17 հազար 500 դոլարը տվեց: Սկսեց անընդհատ ձգձգել, մեկ էլ մի օր (արդեն 2004 թվականն էր) երկու օպերի հետ մեր տուն եկավ գլխավոր դատախազությունից Արամ Գյոժգյանը, թե՝ հետներս արի: Գնացի դատախազություն՝ բա պարտքիցդ պիտի հրաժարվես, թե չէ վատ կլինի, սենց կլինի, նենց կլինի: Տեսա, որ պետական ապարատն իմ դեմ արդեն լրիվ բացահայտ է աշխատում, օրինական կարգով դիմեցի դատարան»,- պատմում է Փոլադյանը:

Հակընդդեմ հայցով դատարան է դիմել նաեւ Անդրանիկ Այվազյանը եւ ներկայացնելով վերոնշյալ 362 հազար դոլարի ստացականը՝ պահանջել է այդ գումարը Փոլադյանից բռնագանձել: Այվազյանը պատճառաբանել է, որ ինքը եռակողմ համաձայնագիրը կնքել է որպես երաշխավոր, եւ իր 362 հազարից չի հրաժարվել:

Հասնելով մինչեւ Վճռաբեկ դատարան՝ հարցը վերջնականապես փակվել է: Թե՛ վերաքննիչ, թե՛ Վճռաբեկ դատարաններն ապացուցված են համարել, որ համաձայնագիրն իրականում «արտահայտում է կողմերի համաձայնությունը եւ կամքը», իսկ Այվազյանը, ինչպես համաձայնագրում է նշված, Ադամյանի հետ միասին «120 հազար ԱՄՆ դոլարի վճարման պարտավորության ստանձման բացառությամբ՝ անվերապահորեն ընդունել է, որ դրանից հետո որեւէ պարտք ու պահանջ չի ունենալու եւ չի ներկայացնելու Դ. Փոլադյանի հանդեպ»:

Վերջինիս փաստաբան Կարեն Մեժլումյանը մանրամասնում է, որ Անդրանիկ Այվազյանի կնոջ անունով մոտ 2 մլրդ դրամի գույք էր գրանցված, եւ իրենք ապացուցել էին, որ այն ձեռք է բերվել համատեղ կյանքի ընթացքում, այսինքն՝ դրա կեսի սեփականատերն Այվազյանն էր:

«Դատարանը, տույժ-տուգանքները եւ դրամի արժեզրկումը հաշվի առնելով՝ հօգուտ Փոլադյանի մոտ 350 հազար դոլարի բռնագանձման որոշում էր կայացրել: Այվազյանի գույքը դրվել էր աճուրդի, բայց հայտնվեց մեկը, ներկայացրեց ստացական, որ իբր Այվազյանն իրեն 10 մլն դրամ է պարտք: Վերջինիս սնանկ ճանաչեցին, եւ Փոլադյանի գումարն այդպես էլ չբռնագանձվեց»,- ասում է Կարեն Մեժլումյանը:

Նա հիշում է, որ այդ ընթացքում, երբ մնացել էր 6 օր, որ աճուրդի ժամկետը լրանար, իրեն զանգահարել է Այվազյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը եւ հանդիպում խնդրել:

«Հանդիպեցի: Անդրանիկ Այվազյանն էր եւ Վարդան Զուռնաչյանը: Այվազյանն առաջարկեց 200 հազար դոլարով հաշտություն կնքել: Զանգեցի Փոլադյանին, չհամաձայնվեց: Այվազյանն էլ ասաց՝ եթե մերժում է, ես արդեն ում հետ պետք է՝ պայմանավորվել եմ, դիմելու եմ դատարան ու գործերը շահեմ: Որքան էլ աբսուրդ է, բայց այդպես էլ եղավ»,- ասում է փաստաբան Մեժլումյանը:

Իսկ փաստաբան Զուռնաչյանը, որ այլեւս Անդրանիկ Այվազյանի շահերը չի պաշտպանում, «Հետքի» հետ զրույցում վստահեցրեց, որ նման բան չի եղել. «Ո՞նց կարող էր Այվազյանը նման բան ասել՝ այն էլ իմ ներկայությամբ: 200 հազար դոլարի մասին ընդհանրապես խոսք չի եղել: Այդ հանդիպմանն ուղղակի առաջարկվեց հաշտության եզրեր գտնել, բայց մյուս կողմը մերժեց: Այդքան բան»:

Անդրանիկ Այվազյանն, իրոք, դիմել է դատարան, եւ գործը կրկին հասել է մինչեւ Վճռաբեկ: Այս անգամ էլ հիմնավորվել է, որ Այվազյանը համաձայնագիրը ստորագրել է «մոլորության ազդեցության տակ»: Հենց այս հանգամանքից ելնելով էլ նախկին բոլոր վճիռներն ուղղակի բեկանվել են:

«Աբսուրդն այն է, որ վերաքննիչն իր վճռով, իսկ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ արդեն ապացուցված էին համարել, որ համաձայնագիրը կնքվել է կողմերի կամքով, եւ Այվազյանն անվերապահորեն ընդունել է առաջ քաշված պայմանները: Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով՝ դատական ակտերով հաստատված փաստերը լրացուցիչ ապացուցման ենթակա չեն: Այսինքն՝ դատարանները նման գործ քննելու իրավունք չունեին,- ասում է փաստաբան Մեժլումյանը,- մյուս կողմից՝ Փոլադյանը համաձայնվել է գործարանում իր բաժնետոմսերն օտարել հենց այդ ստացականում նշված գումարի՝ 362 հազար դոլարի պատճառով: Ու հիմա եթե որոշել են, որ այդ գումարը Փոլադյանը պետք է վճարի, ուրեմն նրա բաժնետոմսերը պետք է վերադարձնեն: Սակայն մենք ինչքան էլ պնդեցինք այս հանգամանքի վրա, առանց պատճառաբանության ուղղակի աչք փակեցին»:

Տույժ-տուգանքները գումարած՝ այժմ Դավիթ Փոլադյանն իր նախկին գործարանի ներկայիս սեփականատիրոջը պետք է փոխանցի մոտ 500 հազար ԱՄՆ դոլար: Ուշագրավն այն է, որ առաջին դեպքում, երբ վճիռները կայացվել են հօգուտ Փոլադյանի, դատարանները լսել են համաձայնագիրը կնքելուն ներկա բոլոր 4 անձանց՝ 3 կողմերին եւ փաստաբանին: Իսկ երկրորդ դեպքում առաջին ատյանում դատավոր Էդիկ Ավետիսյանը, իսկ վերաքննիչում՝ Տարոն Նազարյանի նախագահությամբ, բավարարվել են բացառապես Անդրանիկ Այվազյանի հայտարարությամբ:

«Ստացվում է, որ մի բան էլ ես եմ պարտք, ինձ ոչ ոք պարտք չէ: Թե գործարանն ո՞ւմ եմ տվել, խի՞ եմ տվել, ոչ մի բան պարզ չէ... Ու հիմա չեմ իմանում՝ ինչ անեմ»,- ասում է Դավիթ Փոլադյանը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այդպես էլ չկարողացա հասկանալ,թե չափահաս մարդը (այն էլ գործարանատեր) ԻՆՉՊԵ՞Ս է 362 հազար դոլարի պարտք ընդունում իր վրա,երբ իրականում 90 հազար դոլար էր պարտք: Այն էլ ԹՂԹԻ՞ վրա. գլուխս չմտավ:........................................ Հայաստանում մարդիկ դեռ պիտի սովորեն բիզնեսը ԱՆՋԱՏԵԼ անձնականից և անձնական զգացմունքներից: Բիզնեսն ու «ախպերականը» իրար հետ չեն գնում:................................................Իսկ Հայաստանի դատական համակարգը ԼՈՒՐՋ կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի. դատավորներին ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՀՍԿՈՂ նոր մեխանիզմներ պիտի ստեղծվեն,որպեսզի ոչ թե ԿԱՇԱՌՔԸ,այլ արդարադատությունը/օրենքը/արդարությունը որոշումները կայացնի: Երևի ժամանակն է,որ Հայաստանի ԲՈԼՈՐ դատավարություններում (քաղաքացիական և քրական) ժուրիի համակարգ մտցվի, որպես քաղաքացիական վերահսկողություն դատարանների հանդեպ: Կաշառք վերցրած դատավորներին մահապատժի ենթարկելն էլ ես ճիշտ և ԱՐԴԱՐ եմ համարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter