HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը. ճանապարհ փակող գյուղացիներն ու Ամբերդի հէկերում բաժնեմաս ունեցող գեներալը

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը-12

Արագածոտնի մարզի 12 գյուղ ջրի խնդիր ունի: Պատճառը փոքր հիդրոէլեկտրակայաններն են, որոնք կառուցվել են այդ գյուղերը սնուցող և ոռոգման ջրով ապահովով Ամբերդ գետի վրա: 

Ավելի քան երկու ամիս է` այս գյուղերի բնակիչները ահազանգում են, որի հէկը շահագործողները կտրում են իրենց ջուրը` օգտագործելով այն էլեկտրաէներգիա ստանալու համար: Դեռ ավելին, հիմա էլ երրորդն են կառուցում: 

Ապրիլի 30-ին 12 գյուղի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի գլխավոր մայրուղին իրենց բողոքն արտահայտելու և իրենց խնդրի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Նրանք դժգոհում էին, որ հէկերն ամբողջ ջուրը վերցնում են, իսկ գետում մնում է չնչին մասը, որը 12 համայնքի, բնականաբար, չի հերիքի: Իսկ այդ համայնքների հողերը ոռոգվում են հենց Ամբերդի ջրով: Այդ օրը մարզպետարանի աշխատակիցների միջամտությամբ հարցը կարգավորվել է: Սակայն խնդիրը հատկապես սրվում է ամռան ամիսներին, երբ գյուղացիները պետք է ոռոգեն իրենց այգիները: 

Օրգովի գյուղի վարչական տարածքում են գործում «Ամբերդ հէկ» ՍՊԸ-ի երկու հէկերը, երրորդ` կառուցվողն էլ է այնտեղ գործելու: Գյուղապետ Արայիկ Մանուկյանն ասում է, որ ջրի վերաբերյալ հիմնական խնդիրն առաջանում է հատկապես հուլիս ամսին, երբ «ջուրը նստում է». «Հիմա նրանով է նորմալ, որ ձնհալ է»,- ասում է նա: Իսկ Օրգովի դիրքն այնպիսին է, որ գյուղացիներն օգտվում են գետի երկու կողմից, նույն կերպ էլ խմելու ջրի հարցն է:  «Եթե ջուրը լցվում է խողովակի մեջ, բնապահպանական հոսքն էլ քիչ է լինում, բնական է, որ մեր աղբյուրների վրա ազդում է»,-ասում է գյուղապետը: 

Արայիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ երրորդ` կառուցվող հէկի համար շինթույլտվություն կա, բայց շահագործման թույլտվություն չկա: Իսկ կադաստրի սեփականության վկայական հէկը դեռևս չունի: Սակայն շինարարությունն արդեն ընթանում է: 

«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ից «Հետքին» հայտնեցին, որ հէկն անցել է փորձաքննությունը: Սակայն երբ ասացինք, որ ուզում ենք ծանոթանալ փորձաքննության փաստաթղթերին ու եզրակացությանը և պատրաստ ենք հենց այս պահին գնալ ՊՈԱԿ-ի գրասենյակ, տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանն ասաց, որ գրավոր դիմենք, «նախատոնական օր է, մարդ էլ չկա արդեն», չնայած ժամը դեռ 14:00-ն էր: 

«Ամբերդ հէկ» ՍՊԸ-ն արդեն իսկ գործող երկու հէկ ունի Արագածոտնի մարզի Ամբերդ գետի Ամպուր վտակի վրա: Նույն գետի վրա ևս երկուսի համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը լիցենզիա տրամադրել է: Դրանք արդեն ՀԾԿՀ-ի` կառուցվող հէկերի ցանկում են:   

Որպես հէկի սեփականատեր շոշափվում է Իրանի քաղաքացի ոմն Փավրիզ Նոսրաթի Ալամդարի անունը: Սակայն այս ընկերությունում բաժնեմաս ունի նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: 

Ըստ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների` Փավրիզ Նոսրաթի Ալամդարը ընկերությունում 49 տոկոսի բաժնետերն է: «Ամբերդ հէկ» ՍՊԸ-ում 16 % բաժնեմաս ունի Ռոբերտ Օխանյանը: Վերջինս հայտնի է դեռևս Թռչկան ջրվեժի հէկի պատմությունից:  Եվս երկու հէկ նա շահագործում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում: Մոտ 5 տոկոսի բաժնետերն էլ ոմն Լիլիթ Հովհաննիսյանն է: Իսկ մնացյալ 30 տոկոս բաժնեմասի սեփականատերը գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանն է` ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետը: 

Մեկնաբանություններ (3)

hayrenik
everything is done to sell water to the villagers in highest price.. village Mayor is part of the problem !
Armen_yan
So, army general has a foreign partner, Pavriz Nosrat Alamdar? Isn't it concern for national security?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Armen_yan(2) - I totally agree. Եթե ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը բիզնեսային համասեփականատեր է օտարազգի/օտար պետության քաղաքացու հետ,ապա ԱՆՄԻՋԱՊԵՍ 2 պիտի բան արվի` ա) կամ պիտի անմիջապես գեներալ-մայորին ազատել պաշտոնից,բ) կամ գեներալը պիտի անմիջապես իր բիզնեսային մասից ազատվի: Սրանով պիտի անպայման ՀՀ ԱԱԾ-ն զբաղվի: Առավել ևս որ այդ օտար սեփականատերը Հայաստանի հետ սահման ունեցող երկրի քաղաքացի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter