HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

4-րդ աստիճանի վթարային տանը՝ 11 հոգով

Սեմյոնովկա գյուղում՝ Խուդաբաշյանների տան սենյակի մեջտեղում այս եղանակին դեռ դրված է փայտի վառարանը: Սեմյոնովկայում ամռանն էլ է ցուրտ լինում, իսկ 4-րդ աստիճանի վթարային տանը նույն եղանակն է, ինչ դրսում: Խուդաբաշյաններն իրենց տան (Սեմյոնովկա փ.1, շ.15) տեխնիկական վիճակը հաստատող փաստաթուղթ ունեն:

Համաձայն դրանում` շենքի վնասվածության մակարդակը նկարագրող կետերի, Խուդաբաշյանները պետք է պարզապես փակեն իրենց տան դուռը և դուրս գան, բայց գնալու տեղ չունեն և 11 հոգով շարունակում են ապրել այդտեղ: Մխիթար և Սիլվարդ Խուդաբաշյանները այդ տանն ապրում են երկու որդիների, հարսների և հինգ թոռների հետ:    

Եղանակային պայմանների պատճառով Սեմյոնովկայում գյուղացիները հող չեն մշակում: Գյուղը գտնվում է Արեգունի և Գեղամա լեռների արանքում` ծովի մակարդակից 2114մ բարձրության վրա: Գյուղապետ Դավիթ Մնացականյանի խոսքով` գյուղում մշակովի հողատարածքը շատ է` մոտ 2600 հա, բայց ոչ մի հեկտար չի մշակվում:

«Հիմա ձյունը դեռ գետնի վրա դրած է, էլ երբ մշակեն»,- ասում է գյուղապետը: Սեմյոնովկայում գյուղացիների եկամուտի աղբյուրը անասնապահությունն է: Խուդաբաշյանները երեք կով են պահում ու դրանով ապրում: Ընտանիքում ոչ ոք չի աշխատում:

«Էս գյուղը ժամանակին շատ լավ գյուղ է եղել: Հիմա շատ է խեղճացել,- ասում է Մխիթարը,- հիմա առաջվա ժողովուրդը չկա, աշխատանք չկա: Հիմա գյուղապետը ինչ անի, որ ես էթամ աշխատեմ, գնամ ի՞նչ անեմ: Որտե՞ղ գնամ աշխատեմ, որ կարողանամ երկու կոպեկ օգուտ բերեմ: Ուզում եմ թոռներիս պահեմ, բայց գործ չկա, որտեղ աշխատեմ»:

Վերջին անգամ աշխատել է գյուղում գազաֆիկացում անցկացնելու ժամանակ, բայց դեռ չի վարձատրվել: Սեմյոնովկայում գազաֆիկացման աշխատանքները կիսատ են մնացել: Անցած տարի գազի խողովակները գյուղի տները հասցնելու համար մի քանի փողոցների երկայքնով 50-60 սմ խորությամբ փոսեր են փորվել: Այդ աշխատանքը կատարել են վեց գյուղացիներ: Այնուհետև գազաֆիկացման աշխատանքները դադարեցվել են, իսկ վեց գյուղացիներն իրենց աշխատանքի համար դեռ չեն վճարվել:

Մխիթարը պատմում է, որ միայն ինքը, որդին և ընկերը 450 հատ այդպիսի փոս են փորել. նրանց ասել են, որ յուրաքանչյուրի համար 500 դրամ կվարձատրվեն: Մինչև հիմա սպասում են: Գեղարքունիքի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ Սեմյոնովկա գյուղում 2012թ. 18,5 միլիոն դրամ է տրամադրվել Ծովագյուղից Սեմյոնովկա միջին ճնշման գազատար կառուցելու համար: 2013թ. համար նախատեսված է մարզպետարանի` պետբյուջեի հրատապ ծրագրով փոխանցված միջոցներից տրամադրել ևս մոտ 30 միլիոն դրամ` ցածր ճնշման գազատար կառուցելու և գազաֆիկացման աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Գյուղապետ Դավիթ Մնացականյանն ասում է, որ 6 գյուղացիները, այդ թվում` Մխիթար Խուդաբաշյանը,  կվարձատրվեն իրենց կատարած աշխատանքի դիմաց գազաֆիկացման աշխատանքների երկրորդ փուլի մեկնարկի ժամանակ, որ նախատեսվում է հունիսին: Գազաֆիկացման երկրորդ փուլի աշխատանքների մրցույթը շահած ընկերությունը դեռ հայտնի չէ, և հնարավոր չեղավ ճշտել՝ թե կոնկրետ երբ են վարձատրվելու վեց գյուղացիները:

Խուդաբաշյանների ամսական եկամուտը 60 հազար դրամ է: 30 հազարը երեխաների նպաստն է, մյուս 30-ը՝ Մխիթարի զոհված տղայի՝ զինկոմիսարիատից ստացվող թոշակը: «Չգիտենք` էդ լույսին տանք, անասուն պահողին տանք. ես ծխող մարդ եմ, բայց հո ամեն օր կռիվ չեմ անի, ասեմ գնա, ինձ պապիրոզ բեր:  Լավ է, խանութի աշխատողները լավ մարդիկ են, նիսյա տալիս են: Բայց թե ամաչում ես»,- ասում է Մխիթարը:  Տան պատերից մեկին ամրացված է նրա` արցախյան պատերազմի ժամանակ զոհված որդու լուսանկարը: 1997թ. է զոհվել Քարվաճառում` Օմարում:  «Մենք էդ ժամանակ ուեցվածք ունեինք, կինս մի կիլո ոսկի ուներ: Բոլորը ծախեցինք: Երկու ամիս գնում-գալիս էի Քելբաջար. էրեխես ձյան տակ էր մնացել,-պատմում է Մխիթարը,- էնքան գնացինք, որ հանկարծ շակալները դիակը չուտեն: Ամեն անգամ էլ մի ավտո ուտելիք ու պապիրոզ էինք տանում սալդատներին. ասում էի մի երկու բառ բերաններից քաշեմ էլի, կարող է իմանան՝ տղես ուր է: Ես իմ էրեխի դիակը գտա, ես իմ ձեռքով տարա, հողին հանձնեցի»:

Նրանց տան տեխնիկական եզրակացության մեջ թվարկվում են «բնականոն շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ մեծածավալ ուժեղացման աշխատանքները»:

Գյուղապետի խոսքով` այդ աշխատանքները պետք է իրականացվեն պաշտպանության նախարարության աջակցությամբ: Տեխնիկական եզրակացության ակտն ու մնացած անհրաժեշտ փաստաթղթերը հանձնվել են ՊՆ: Դեռ անցած տարի նախարարությունից խոստացել են գումար տրամադրել տան վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար, բայց մինչև հիմա չեն հատկացրել: «էս տարի էլ խոստացել են մինչև սեպտեմբեր գումար տրամադրել, տեսնենք»,- ասում է գյուղապետը:

1, 4, 5, 6-րդ լուսանկարները` Էրիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter