HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեր բակում արցունքաբեր գազ կար

Տեսարաններ եթեր հասած հեղափոխությունից

Նոյեմբերի 7- էր: Երեւան-Թբիլիսի երթուղայինը մոտեցավ Սադախլո անցակետին: Օդանավակայանի թռիչքների սրահ հիշեցնող նորակառույց շենք, կոկիկ զուգարաններ, ապակեպատ կրպակում նստած սահմանապահ, հետո քաղաքավարի ժպիտով ինձ «Բարի գալուստ»-ով դիմող մաքսավոր:

Աշնանային սառն անձրեւի տակ մի քանի րոպե գտնվելուց հետո նոր անցակետի տաք սրահում հայտնվելն այնքան հաճելի չէր, որքան այս անսպասելի, ընդգծված քաղաքավարի վերաբերմունքը: Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղղությամբ հաճախ գնալ-գալուս ընթացքում վրաց մաքսավորների կամ սահմանապահների հետ իմ բախումներն արդեն մի տեսակ դարձել էին սահմանն անցնելու արարողության պարտադիր մասը: Ասենք, հունիսին, երբ վերադառնում էի Թբիլիսիում ապրող ծնողներիս հերթական այցելությունից հետո, սկսեցի պահանջել սահմանապահից, որ ինձ հետ արեւածաղիկ ուտելով չխոսի եւ իրենց այդ անցակետ-վագոնից մեզ մոտ հողաթափերով դուրս չգա: 
Հիմա ես հայտնվել էի նախաշոկային վիճակում: Ի պատասխան լայնորեն ժպտացի երիտասարդ մաքսավորին, եւ մտածեցի, որ նրա, այնուամենայնիվ, դժվար հասկանալի ռուսերենն արդեն ինձ գրեթե զվարճացնում է: 

Անցակետում տիրող հանգստությունից կարելի էր անել երկու հետեւություն. կամ, որ նոյեմբերի 2-ից Թբիլիսիում սկսած ցույցերն արդեն ավարտվել են, ընդդիմությունը որոշել է «գնալ տուն», կամ էլ, որ այստեղ արդեն հանգիստ են վերաբերվում քաղաքական ուժերի միտինգա-ցույցային գործելաոճին: 

Թբիլիսիի մերձակայքում էլ ոչինչ չէր մատնում այն ամենը, ինչ պետք է տեղի ունենար բառացիորեն մեկ ժամ անց, քաղաքի կենտրոնում: 

Մերոնք գամված էին հեռուստացույցին, մի ալիքից մյուսին էին անցնում ու հետեւում հենց այդ պահին ցուցարարների ու վրացական ներքին զորքերի ստորաբաժանումների բախումներին: Ընդդիմադիր «Իմեդի» հեռուստատեսությունից բացի, իրադարձությունների զարգացմանը ուղիղ եթերով կարելի էր հետեւել նաեւ իշխանամետ «Ռուսթավի 2» ալիքի միջոցով (չնայած, Շեւարդնաձեի օրոք նրան անխնա քննադատող այս ընկերության լրագրողներն այժմ իրենց համարում են ոչ այնքան իշխանամետ, որքան «լոյալ ներկա իշխանությունների նկատամբ»): Դաժան, անկանոն բախումներ: Մի տեղ ցուցարարները, հիմնականում երիտասարդներ, ոտքի տակ էին գցել մի ոստիկանի, մեկ այլ պատկերում ամբոխը փախչում էր նրանց ետեւից ընկած դագանակավոր օրինապահների խմբից, երրորդ տեսարանում ջրի շիթի ուժից վայր ընկած միջին տարիքի կինը ձեռքերով փորձում էր փակել ականջները: Մեր տունը եթերը լցրել էր հարվածների ու խաչաձեւ հայհոյանքների ձայներով: «Ռեալիտի շոուի» տպավորությունս միանգամից չքվեց, երբ գնացի բացելու բակի դուռը եւ զգացի սուր ծակոցներ աչքերիս մեջ: Հավլաբարի տարբեր փողոցներով անկանոն փախչում էին ցուցարարները տարբեր ուղղություններով: Փախչում էին մի քանի թաղամաս այն կողմ նրանց դեմ բաց թողնված արցունքաբեր գազից: Գազը մեր բակն էլ էր հասել...

Այդ պահին կարծես ողջ քաղաքը բաժանվել էր երկու մասի, նրանց, ովքեր փողոցներից տուն էին գնում, կամ՝ հակառակը, հեռուստահաղորդումներով բոլորի տուն ներխուժած այս տեսարաններից գրգռված գնում էին դեպի իրադարձությունների կիզակետը: 

Շուտ մթնեց, եթերում հնչում էին «Իմեդի» հեռուստատեսության մեկնաբանի ճիչերը, նա «Ռուսթավի 2-ի» լրատվական ծրագրի իր գործընկերներին մանրամասն պատմում էր ուղիղ եթերի ժամանակ տաղավար մտած ոստիկանների գործողությունների մասին, թե ինչպես են նրանք հրամայել բոլորին պառկել գետնին, այդ վիճակում պահել որոշ ժամանակ, հետո դադարեցրել հեռուստակայանի աշխատանքը: «Իմեդիի» դարպասների մոտ շտապող ցուցարարները փորձում էին մտնել շենք, օգնության գնալ պատանդի կարգավիճակում հայտնված լրագրողներին: Պարբերաբար ուղիղ եթերը ընդհատվում էր օրվա ընթացքում տեղի ունեցած այլ իրադարձություններից հատվածների կրկնությամբ: Մեկը մյուսին հաջորդող ու իրարամերժ հայտարարությունների, ելույթների ու հավաստումների տարափ, որից ավելի անկանխատեսելի էին թվում իրադարձությունների հետագա զարգացումները: 

Հաջորդ օրը երկրում 15 օրով արտակարգ իրավիճակ հաստատելու մասին որոշման հետ հանրությանը ծանոթացրեց ...Վրաստանի տնտեսության նախարարը: Այս որոշումով տեղեկատվության փոխանցում, հավաքում ու տարածում թույլատրվում էր միայն Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը: Բացի գեղարվեստական ֆիլմերից ու երաժշտությունից վրացական մնացած հեռուստաալիքներով այլես ոչինչ տեսնել ու լսել հնարավոր չէր: 

Տարածաշրջանում դեռ ոչ մի նախագահ, եւ նույնիսկ աշխարհում քիչ են ղեկավարները, որոնք գնացել են այս քայլին, դադարեցրել իրենց լիազորություները եւ նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ: «Մենք պաշտպանեցինք ժողովրդավարությունը Վրաստանում եւ փրկեցինք վրացական պետականությունը», - ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց նախագահ Սահակաշվիլին: 

Թե հատկապես ումից կամ ինչից էր առաջին հերթին փրկվել Վրաստանը, միանգամից պարզ էր դառնում հեռարձակվող նյութերից: Ընդդիմադիր ղեկավարները՝ Կոնստանտին եւ Ցոտնե Գամսախուրդիաները (Վրաստանի նախկին նախագահ Զ.Գամսախուրդիայի որդիները), Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շ.Նաթելաշվիլին, Վրաստանի կոնֆլիկտների լուծման նախկին պետնախարար Գ. Խաինդրավան հանդիպումներ եւ զրույցներ են ունեցել Ռուսաստանի դեսպանատան մի քանի աշխատակիցների հետ: Եթերում հեռարձակվում էին նրանց եւ ռուսական գաղտնի ծառայությունների աշխատակիցներ ներկայացվող անձանց զրույցների ու հանդիպումների գաղտնալսումներն ու նկարահանումները: 

Վրաստանի Հանրային հեռուստատեսության եթերում մյուս երկու օրերի ընթացքում ամենից հաճախ ցուցադրվող ժապավենը ավարտվում է հետեւյալ գրությամբ. «Աստիճանաբար մեր Հայրենիքը վերականգնում է իր վաղեմի փառքը»: Ժապավենում վրաց-աբխազական սահմանում վերջերս տեղի ունեցած միջադեպից հետո այստեղ ժամանած Մ. Սահակաշվիլին խստորեն խոսում է ռուս խաղաղապահների հետ: Այնուհետեւ մի քանի անգամ կրկնվում են վրաց զինվորականների քայլերի տակ ռուսների նահանջի կադրերը: Հենց այստեղ է, որ հայտնվում է Վրաստանի վաղեմի փառքի վերականգնման մասին գրությունը: 

Երեւան-Թբիլիսի-Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter