HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանցիները Թուրքիայում

Արթուրի հետ ծանոթացա վերջերս: Նա կոշիկի ֆաբրիկայից որոշ պատվերներ էր բերում ամուսնուս հարազատներին: Նրան նկատեցի, քանի որ Ստամբուլում ակամայից նկատում ես բոլոր հայերին: Ինձ զարմացրեց նրա տարիքը:

Մի օր մուտքում տեսնելով նրան` հրավիրեցինք տուն: Բավական հմայիչ դիմագծերով ու փոքրամարմին երեխան ընդամենը 12 տարեկան է: Նա համարձակ էր եւ հարցերին պատասխանում էր հստակ: Զրույցից պարզվեց, որ Արթուրը մեկ տարի առաջ Հրազդանից է եկել Թուրքիա` իր մոր մոտ: Աշխատում է կոշիկի ֆաբրիկայում` առավոտյան 9.00-23.00: Ֆաբրիկատիրոջ հանձնարարությամբ ապրանք է տանում հաճախորդին կամ ֆաբրիկա բերում կատարված պատվերները:

- Հեռուստացույց դիտու՞մ ես,- հարցրեցի: 
- Ժամանակ իբր ունենու՞մ եմ գլուխս բարձրացնեմ,- պատասխանեց նա:

Արթուրն արդեն բավական լավ տիրապետում է թուրքերենին: Հարցերին պատասխանելու ժամանակ, չկարողանալով գտնել համապատասխան հայերեն բառը, շփոթվում էր, հետո պատասխանում թուրքերեն: Ստամբուլում նա ապրում է մոր եւ քրոջ հետ: Մայրն էլ է աշխատում կոշիկի ֆաբրիկայում, իսկ 15-ամյա քույրը` արծաթագործության սրահում. 

- Ես շաբաթական 100 մլն եմ ստանում (100 մլն լիրան համապատասխանում է մոտ 75 դոլարին), մայրս` 100 դոլար, քույրս էլ` 100 մլն: 

Ստամբուլում տան վարձակալությունը սկսում է 200-250 միլիոն լիրայից:

- Բավարարու՞մ է,- զարմացած հարցրեցի նրան: 
- Մի կերպ յոլա ենք գնում, քույրիկի փողը հեչ չի հերիքում իրեն, ես էլ պերերիվ լոքանտայում (ճաշարանում) եմ անում, պատրոնս (տնօրեն) է տալիս փողը: 

Արթուրը սովորել է Հրազդանի թիվ 11 դպրոցում:

- Մինչեւ 6-րդ դասարան գնացել եմ, բայց չէի ուզում, միշտ ժամը 1-ին փախնում էի, 9-ին դասերը սկսում էր մինչեւ 6-ը, ես չէի ուզում գնայի այդ դպրոցը, մի օր էլ մաման ասեց` ուզու՞մ ես գաս մոտս, ասի` ինչի չէ, ու քույրիկիս հետ եկանք: Այստեղ ինչ գործ ասես արել եմ: Մինչեւ էս գործը 50 միլիոնով էլ եմ աշխատել: 

Հայաստան վերադառնալ տղան չի ուզում, գտնում է, որ դպրոցն էլ պետք չէ, իսկ իր աշխատած գումարը չի կարողանում հավաքել.
- Մամային եմ տալիս: 

Ֆաբրիկատերը խոստացել է աշխատավարձը դարձնել 150 մլն լիրա: 
- Ո՛չ թուրքերին, ո՛չ էլ քրդերին չեմ սիրում, պատրոնիս ինչ ասես ասում եմ, ես ոչ մեկից չեմ վախենում:

Արթուրը հպարտությամբ նշում է, որ մթությունից էլ չի վախենում, աշխատանքից հետո գնում է ինտերնետ ակումբ` խաղալու.

- Մինչեւ 1-ը հայերի մոտ բաց է լինում, հենա էնտեղ եմ լինում: 

Թուրքիայում արգելվում է ինտերնետ ակումբների գործունեությունը ժամը 24.00-ից հետո:

- Իսկ մայրդ ոչինչ չի ասու՞մ:

- Հենց տնեցիք քնում են, ես դուրս եմ գալիս, չեն իմանում:

- Երբ ուշ ես տուն վերադառնում մայրդ չի՞ բարկանում: 

- Ո՛չ,- հնչեց կտրուկ պատասխան: 

Արթուրի հայրը Հայաստանում է վեցամյա քրոջ հետ: Ըստ նրա` ծնողները բաժանված չեն, ու որպես ապացույց` արագ ավելացրեց.

- Հեսա նրանք էլ գալու են Թուրքիա: 

Ստամբուլում հայկական դպրոցներ կան, սակայն այդտեղ կարող են հաճախել միայն Թուրքիայի քաղաքացիություն ունեցողները, իսկ մոտ 13 հազար հայաստանցիներ զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից, միայն Կետիկփաշա թաղամասի Հայ Ավետարանական եկեղեցուն կից գործում է գաղտնի վճարովի դպրոց հայաստանցի երեխաների համար: Արթուրն այդտեղ չի ցանկանում հաճախել, նախընտրում է ինտերնետ ակումբները.

- Չե՞ս ցանկանում կոմպյուտեր սովորել,- առաջարկեցի ես: 

- Ես ամեն ինչ գիտեմ, կարում եմ մտնեմ խաղի մեջ, ամեն ինչ փոխեմ:

Արթուրը միակը չէ այս քաղաքում, բայց այն քչերից է, ով գրեթե մատնված է բախտի բարեհաճությանը: Այս երկրում նա ապագա չունի, այստեղ նա չի կարող որեւէ բան նախաձեռնել, եթե մնացած ողջ կյանքն անգամ ապրի այս քաղաքում, միեւնույն է չի կարող ձեռք բերել քաղաքացուն հարիր որեւէ իրավունք, քանի որ նա քրիստոնյա է, առավել եւս` հայ: 

- Մեկ-մեկ 1 միլիոնանոց մանր-մունր բաներ եմ առնում, տանում 3 միլիոնով ծախում եմ,- հպարտանում է նա,- կամ որ պատրոնս փող է տալիս ապրանք բերելու, մի քիչ էժան եմ ճարում, մեջը մի 10 մլն մնում ա:

Բավական ուշ էր արդեն, մենք խնդրեցինք փոքրիկին տուն գնալ, քանի որ Ստամբուլը վտանգավոր է, մանավանդ գիշերով: Նա գնաց` խոստանալով նորից գալ: Գնաց` իր հետեւից թողնելով մի տարօրինակ լռություն: 

Ստամբուլ

Հերմինե Ադամյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter