HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Շարքային կողբեցու նվիրումի արդյունքը. գյուղի պատմության թանգարանը եզակի է ողջ Տավուշում (լուսանկար)

Կողբի մշակույթի կենտրոնի տնօրեն Արման Տեր-Արսենյանն ասում է, որ եթե 80-ամյա Սուրեն Աբովյանի առողջությունը ներեր, ապա հիմա էլ Կողբի պատմության թանգարանում կաշխատեր նույն երիտասարդի ոգով: «Օրը երևի մի 3-4 անգամ մենք հեռախոսազրույց ենք ունենում: Անընդհատ ինձ ասում է` «ինչ կա անելու, ինչով օգնեմ, ինչ անեմ, դու ինձ ասա, երեխու պես վազեմ»,- պատմում է Արման Տեր-Արսենյանը:

Սուրեն Աբովյանը Կողբի պատմության թագարանը հիմնադրել է 1970թ.: Նա 1946-ից 1999թ. եղել է Կողբի մշակույթի տան տնօրենը, իսկ այնուհետև մինչև 2009 թվականը` ֆոնդապահ: Այժմ կողբեցի Սուրեն Աբովյանը թանգարան է գալիս, երբ առողջական վիճակը թույլ է տալիս:

Սուրեն Աբովյան Արման Տեր-Արսենյան

Սուրեն Աբովյանն ինքն է շատ գտածոներ բերել թանգարան, բայց նվիրատվություններ ևս շատ են եղել: Թանգարանի ցուցանմուշները հիմա էլ համալրվում են: Ստացված վերջին ցուցանմուշը լուսանկարչական հին ապարատ է, որը պատկանել է Կողբի մի բնակչի: Լուսանկարչական ապարատի տերը ընդամենը 3-4 տարի առաջ է դադարել օգտագործել այն:

«Համայնքի բնակիչները, իրենց տներում հայտնաբերելով հին իրեր, չեն տանում տանը գցում կամ անտարբերությամբ չեն ջարդում: Բերում-նվիրատվություն են անում մեր թանգարանին»,- ասում է Արման Տեր-Արսենյանը: Ցուցանմուշների մի մասն էլ հայտնաբերվել է պեղումների, շինաշխատանքների, վար ու ցանքի ժամանակ:

Կենտրոնոմ գունգ է` կավե խողովակ, 1901թ.: Կողբում
կա թաղամաս, որը մինչ այսօր ջուր է ստանում այս
խողովակներով և կոչվում է «Գունգ»:
Լոռու Դավիթ Անհողին թագավորի անունից արված արձանագրություն, 995թ.

Թանգարանը տեղակայված է մշակույթի կենտրոնի երկրորդ հարկում և որպես գյուղական թանգարան` եզակի է ողջ Տավուշի մարզում այն առումով, որ ներկայացնում է այժմ 4530 բնակիչ ունեցող Կողբի ամբողջ պատմությունն ու կյանքը: «Չկա մի շերտ, չկա մի բնագավառ, որ այս թանգարանում ներկայացված չլինի»,- վստահեցնում է Արման Տեր-Արսենյանը:

Թանգարանի բոլոր ցուցանմուշները գտնվել են բացառապես Կողբի տարածքում: Դրանցից ամենահինը 3 հազար տարվա պատմություն ունի. Կողբի գերեզմանատներից մեկի քարե դամբարանում գտնված մետաղյա թուր է, որը թվագրվում է մ.թ.ա. 9-րդ դարով:

թանգարանի ամենահին ցուցանմուշը` մ.թ.ա. 9-րդ
դարի մետաղյա թուր
1991-94թթ. հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ կողբեցիների պատրաստած ինքնաշեն հրացաններից

Թանգարանի ցուցատախտակներին ներկայացված են նաև 20-րդ դարից մինչև մեր օրերի նշանավոր կողբեցիների լուսանկարերը` քաղաքական և մշակութային գործիչներ, գիտնականներ, բարձրաստիճան սպաներ, պատգամավորներ, մարզիկներ, գյուղական դպրոցի, մանկապարտեզի աշխատակիցներ, բժիշկներ:

Կողբում է հիմնվել Հայաստանում առաջին գյուղական հիվանդանոցը (1920թ.), որի պատմությունը ևս ներկայացված է թանգարանում: Գյուղական բժշկուհի Լուսյա Դիլոյանը (1932-2000թթ.) բնիկ Թբիլիսիից էր, գործուղվել էր Կողբ ու մինչև կյանքի վերջ աշխատեց Կողբում: Մշակույթի տան տնօրենի խոսքով` բժշկուհին ամուսնության շատ առաջարկներ է ստացել, բայց մերժել է դրանք, որպեսզի չհեռանա Կողբից, ու մնացել է միանյակ` բոլորի ընտանիքների հետ:

Թանգարանում ուշադրություն են գրավում Հայրենական պատերազմի կողբեցի մասնակիցների նամակները հարազատներին ու գյուղ եկած «սև թղթերը»: Պատերազմին Կողբից մասնակցել է 750 մարդ, որոնցից միայն 276-ն է վերադարձել: «Ցավոք, այս վերջին մայիսի ինը նրանցից ընդամենը 4 հոգու հետ միասին մենք նշեցինք»,- ասում է Արման Տեր-Արսենյանը: Կողբեցի Ջահան Կարախանյանը դարձել ԽՍՀՄ հերոս, գյուղի երկու միջնակարգ դպրոցից մեկը նրա անունով է:

Հայրենական մեծ պատերազմի կողբեցի մասնակիցների նամակները հարազատներին և գյուղ եկած «սև թղթերը»

Թանգարանում կան Արցախյան ազատամարտում անհետ կորած, ինչպես նաև շարժման ժամանակ խորհրդային բանակի գործողություններից զոհված կողբեցիների նկարներ: Պատերազմին մասնակցել է ողջ սահմանամերձ Կողբը: Արցախյան պատերազմում 21 տարեկանում անհետ կորել է կողբեցի Գրիգոր Ղարագյոզյանը, ով մասնակցում էր մահապարտների «Արծիվ» ջոկատի կռիվներին: 21 տարեկանում անհետ կորել է նաև կողբեցի ազատամարտիկ Կարեն Ղարախանյանը:

Թանգարանի հենց մուտքի մոտ Սուրեն Աբովյանին նվիրված անկյունն է: Ցուցադրվում են Կողբ գյուղի պատմության (368-2000թթ.) մատյանները, որոնք միայն միջնակարգ կրթություն ունեցող Սուրեն Աբովյանն իր ձեռքով է կազմել` օգտվելով տարբեր աղբյուրներից: Կողբի մասին հիշատակել են դեռ Փավստոս Բուզանդն ու Մովսես Խորենացին: Ցուցադրված է նաև Սուրեն Աբովյանի հեղինակած «Կողբ գյուղի պատմությունը» գիրքը: «Հող իմ հայրենյաց, երկիր դրախտավայր»,- գրքի ենթավերնագիր է ընտրել հեղինակը:

Կողբ գյուղի պատմության մատյանները, որոնք կազմել է Սուրեն Աբովյանը

Ցուցադրված են նաև գործիքները, որոնք նվագում է Սուրեն Աբովյանը` քյամանչա, սազ, դուդուկ, զուռնա: Երաժշտական գործիքներին ևս թանգարանի հիմնադիրը ինքնուրույն է տիրապետել: «Աբովյանը ինչ արել է, լրիվ ինքնուս է սովորել»,- ասում է Արման Տեր-Արսենյանը:

Կողբի Մշկավանքը (12-րդ դար) գյուղի ամենալավ պահպանված հուշարձաններից է: Դրա` թանգարանում ցուցադրված մանրակերտը Սուրեն Աբովյանը պատրաստել է լուցկու 1400 տուփից: Իսկ Կողբի կենտրոնական եկեղեցին (Սբ. Աստվածածին, 5-րդ դար) քանդել են 1936թ.: Այժմ լրիվ ավիրված այս եկեղեցու մանրակերտը Սուրեն Աբովյանը պատրաստել է լուցկու 700 տուփից:

Մշկավանքի մանրակերտը Կողբի կենտրոնական եկեղեցու մանրակերտը

Թանգարանն ունի ընդհանուր առմամբ մոտ 1700 ցուցանմուշ: Բոլորը ցուցադրելու հնարավորություն չկա: Կողբի կենտրոնում կա նախկին մշակույթի տան շենք, որը ժամանակին հանձնվել է Մայր աթոռին` եկեղեցի կառուցելու նպատակով: Սակայն մինչ այսօր եկեղեցի չի կառուցվել, և շենքը քանդվում է: Ուստի, Կողբի համայնքապետը գրություն է ուղարկել հանրապետության նախագահին` խնդրելով շենքը վերադարձնել համայնքի հաշվեկշռին: «Նպատակ ունենք այդտեղ բացելու ավելի մեծ թանգարան: Մեզ համար հիմնական խնդիրը այս պահին տարածքն է»,- ասում է Արման Տեր-Արսենյանը: Նախագահից պատասխան դեռևս չկա:

Մշակույթի տան գույքը խորհրդային տարիների է, մաշված, միայն տնօրենի սենյակի գույքն է փոխվել «Զիկատար» գիտափորձարարական կենտրոնի միջոցներով: Թանգարանի առաստաղը լավ վիճակում չէ: Արման Տեր-Արսենյանի խոսքով` մշակույթի կենտրոնի ամբողջ շենքը ներառվել է սոցներդրումների հիմնադրամով վերանորոգվելիք շենքերի ցանկում, և կվերանորոգվի այս կամ եկող տարի:

Սուրեն Աբովյանի նվագած երաժշտական գործիքները թանգարանին կողբեցու նվիրած լուսանկարչական խցիկը

Բացի պատմության թանգարանից` Կողբի մշակույթի կենտրոնում գործում են ժամանակակից պարի, ասեղնագործության, ժողգործիքների, սեղանի ձևավորման և հագուստի մոդելավորման անվճար խմբակներ, որտեղ հաճախում է մոտ 100 երեխա:

Մշակույթի կենտրոնն ունի 15 աշխատող, նրանցից տասը ստանում է 35 հազար, երկուսը` 45 հազար, ևս երկուսը` 50 հազար, իսկ տնօրենը` 70 հազար դրամ աշխատավարձ: Մշակույթի կենտրոնի աշխատակիցներին վճարում է Կողբի գյուղապետարանը: Որևէ ուրիշ ֆինանսական աղբյուր, այդ թվում նաև մշակույթի նախարարությունից, գյուղի մշակույթի կենտրոնը չունի: Պատմության թանգարանի մուտքն անվճար է:

Թանգարանի ցուցանմուշներից

Մշակույթի կենտրոնի բոլոր աշխատողներն էլ, տնօրենի խոսքով, անկախ աշխատանքի բնույթից, պահպանում են Սուրեն Աբովյանի ստեղծածը: «Դժվարը ստեղծելն է եղել: Ստեղծելուց հետո մենք բոլորս պարտավոր ենք թանգարանը պահպանել»,- ասում է Արման Տեր-Արսենյանը:

Թանգարանի ոչ մի ցուցանմուշ չի ուղակվել վերականգնման, թանգարանն էլ նման մասնագետ չունի: Թանգարանում չկա նաև թանգարանային հիմնական մասնագետ, այդ պատճառով շատ ցուցանմուշներ թվագրված չեն: Այս պատմության թանգարանը, ըստ էության, իրավական առումով Կողբի մշակույթի կենտրոնում գործող ցուցասրահ է, քանի որ չունի առանձին իրավաբանական անձի կարգավիճակ: Տնօրենի խոսքով` իրենց ձգտումն է Կողբի պատմության թանգարանին առանձին իրավաբանական անձի կարգավիճակ տալ այն բանից հետո, երբ թանգարանը կվերաբացվի նոր շենքում:

Մեկնաբանություններ (3)

Գեւորգ
Այսպիսի հազվագյուտ, անշահախնդիր, համեստ ու ,,տարօրինակ,, մարդկանց աշխատանքի արդյունքում է պատմություն, մշակույթ ու ազգ պահպանվում եւ ոչ ճոռոմ խոսքերի, ագահությունից կուրացած կառավարիչների, կեղծ բարեպաշտների շնորհիվ: Հոդվածագրին անչափ շնորհակալություն!
Tigranuhi
Hrachali e, erb aysor @ntercoxin e nerkayacvum naev ayspisi andznver asxatanq, shnorhakalutyun hodvacagrin !!!
Սոնա Ավագյան
Հարգելի ընթերցողներ, շնորհակալ եմ Կողբի պատմության թանգարանի ու իմ հոդվածի վերաբերյալ ձեր արտահայտած կարծիքների և «Հետքում» նյութեր կարդալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter