HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Վտանգավոր «Նարինեն» մեկ օր վաճառքում է եղել

ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արգելել է «Պանացեա» ընկերության «Նարինե կաթնաթթվային մթերքի» և «Նարինե բակտերիալ խտանյութի» արտադրությունը: Թեև արգելանքի հրամանը ծառայության պետը ստորագրել և հրապարակել է հունիսի 21-ին, բայց երեկ երեկոյան երևանյան որոշ դեղատներում դեռ վաճառվում էր «Պանացեա»-ի «Նարինե» կաթնաթթվային մթերքը (մածունը)՝ հունիսի 22-ի արտադրության:

Հիշեցնենք, որ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, կրկնակի փորձաքննության ենթարկելով «Պանացեա» ընկերության «Նարինե կաթնաթթվային մթերք» արտադրանքը, հայտնաբերել է ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Նարինե բակտերիալ խտանյութում»՝ եւ՛ ԱՑԽՄ, եւ՛ խմորասնկեր ու բորբոսասնկեր:

«Պանացեայի» տնօրեն Անի Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր պատրաստվում է դիմել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ «Նարինե կաթնաթթվային մթերք» եւ «Նարինե բակտերիալ խտանյութ» իրենց արտադրանքը կրկնակի լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար: Նա նշեց, որ լաբորատոր փորձաքննությունները կատարվել են մայիսի 30-ին և հունիսի 11-ին, և երկրորդ անգամ փորձաքննություն կատարելու համար ընկերությունից նոր նմուշառում չի կատարվել, «հետևաբար լաբորատոր փորձարկման ժամանակ արտադրանքը ժամկետանց է եղել»:

Սննդամթերքի անվտանգության ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Ռոզա Ավագյանը նշեց, որ իրենք փորձաքննությունը կատարել են՝ գործող կարգի համաձայն:

«Երբ որ փորձարկումը սկսվել է, «Նարինե» բակտերիալ խտանյութը, որում մի քանի շեղումներ են հայտնաբերվել (ԱՑԽՄ, խմորսանկեր, բորբոսասնկեր), եղել է ժամկետի մեջ: Արձանագրությունը հրապարակվել է հունիսի 14-ին, որովհետև փորձարկման գործընթացը բավական երկար է տևում, բայց արձանագրությունը կապ չունի ոչ նմուշառման, ոչ փորձաքննության սկզբի հետ: Առաջին փորձաքննությունը եղել է մայիսի 31-ին, երկրորդը՝ հունիսի 6-ին. այդ ժամանակ արտադրանքը եղել է ժամկետի մեջ»,- նշեց Ռ. Գրիգորյանը:

Նա ավելացրեց, որ իրենք որևէ ընկերության գովազդով կամ հակագովազդով չեն զբաղվում, և փորձաքննության նպատակը ընկերության արտադրանքի որակը բարելավելն է:

«Նարինե» կաթնաթթվային մթերքի արտադրությամբ շուկայում զբաղվում է ոչ միայն «Պանացեա»-ն: Դեղատներում և սուպերմարկետներում վաճառվում է նաև «Անիչկա Մադոյան» ԱՁ-ի և «Զովետի» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե» կաթնաթթվային մթերք: Անիչկա Մադոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ընկերությունում սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը առնվազն երեք անգամ ստուգում է իրականացրել. նմուշառում կատարելուց և ուսումնասիրելուց հետո, նրա խոսքով, իրենց արտադրած «Նարինե»-ի մեջ որևէ խախտում չի հայտնաբերվել: Ընկերության պատմությանն մեջ չի գրանցվել որևէ դեպք, որ դադարեցվի արտադրությունը թեկուզ մի քանի օրով: «Զովետի» ՍՊԸ-ն արտադրում է և՛ «Նարինե» խտանյութ, և՛ կաթնաթթվային մթերք: «Հստակ չեմ հիշում, բայց մոտ երկու շաբաթ առաջ կատարեցին նմուշառում: Լաբորատոր անալիզից հետո մենք ստացանք ակտը, որ ամեն ինչ նորմալ է»,- նշեց ընկերության տնօրեն Նեյման Հայկը:

Ռոզա Ավագյանը նշեց, որ «Պանացեայից» նմուշառում է կատարվել՝ սանիտարահիգիենիկ պայմաններից ելնելով, և եթե նույնիսկ ընկերության արտադրանքի վրա արգելանք չդրվեր, ապա, միևնույն է, հանձնարարական էր տրվելու՝ բարելավելու արտադրության վերաբերյալ որոշ պայմաններ: «Իհարկե, լաբորատոր փորձաքննությունը նույնպես դեր խաղաց, բայց առանց դրա էլ մեր գործողությունը լինելու էր համանման, այսինքն՝ միևնույն է, հանձնարարական էր տրվելու, գուցե միայն արգելանքը չլիներ»,- ասաց Ռ. Գրիգորյանը:

Վտանգավոր որակված «Նարինեն», փաստորեն, մի քանի օր վաճառվել է դեղատներում (տեսուչի ուսումնասիրությունն ընկերությունում կատարվել է հունիսի 18-ին): Ռ. Գրիգորյանի խոսքով՝ պատճառն այն է, որ արգելանքի հրամանը, որով հաստատվում էր կաթնաթթվային մթերքում և խտանյութում վտանգավոր նյութերի առկայությունը, տրվել է հունիսի 21-ին՝ աշխատանքային շաբաթվա վերջին օրը, իսկ այդ մասին ընկերության տնօրենին տեղեկացրել են միայն այսօր առավոտյան առաքիչի միջոցով: «Պանացեայի» վերջին՝ հունիսի 22-ի արտադրանքը, տնօրեն Անի Թորոսյանի խոսքով, այսօր արդեն հետ է կանչվել վաճառքի կետերից:

Ա. Թորոսյանը նշեց նաև, որ իրենք ստացել են սննդամթերքի անվտանգության ծառայութան պետի հանձնարարականը ընկերության արտադրանքի որակի բարելավման վերաբերյալ: «Ունենք վերանորոգման խնդիրներ, անսարք ջերմաչափ, պետք է այդ ամենը կարգավորենք»,- ասաց նա:

Մեկնաբանություններ (1)

Ani Gabrielyan
Amot dzez.vonc kareli e etexaneri kyanki het xax anel.Aranc ajn el ajs erkrum bacakajum e mankakan snnudy.duk el npastum ek,vorpeszi aroxchanalu poxaren erexanery dzer patcharov aroxchakan xndirner unenan.Xixch unecek verjapes

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter