
Գորիսում օրն ավարտվում է երթուղային տաքսու վերջին պտույտով
Մարիամ Մաթևոսյան
«Ամեն անգամ թատրոն կամ որևէ այլ միջոցառման գնալիս ստիպված եմ կիսատ թողնել, որպեսզի հասցնեմ քաղաքային տրանսպորտով տուն վերադառնալ, քանի որ վերջին ուղերթն ավարտվում է ժամը 18-ին»,- ասում է Նելլին:
Գորիս քաղաքում գործում է քաղաքային տրանսպորտի չորս երթուղի, որոնք սպասարկող միկրոավտոբուսներն աշխատանքն սկսում են առավոտյան ժամը 8-ից մինչև 18:30՝ բացի կիրակի և տոն օրերից: Անգամ Ամանորին քաղաքային տրանպորտը չի գործում:
Գորիսի համայնքային իշխանությունը, ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 16-ի N 762 որոշման պահանջների համաձայն, կազմակերպում է ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, վերահսկում երթուղիներն ու չվացուցակները:
«Գորիս քաղաքի համար նախատեսված հինգ երթուղուց չորսը պարբերաբար ուղևորափոխադրումներ են իրականացնում քաղաքում: Ներկայումս երթուղին սպասարկում են «Լաստ» և «Սամուել տրանս» ՍՊԸ-ները` յուրաքանչյուրը երկուական միկրոավտոբուսով: Մեկ երթուղային գիծ մնացել է թափուր, քանի որ այլ տրանսպորտային կազմակերպություն մանակցության հայտ չի ներկայացրել որևէ մրցույթում»,- ասում է Գորիսի քաղաքապետարանի մրցույթային հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Տիգրան Բարխուդարյանը:
Արդեն 8-րդ տարին է, ինչ «Լաստ» ՍՊԸ-ն ուղևորափոխադրումներ է իրականացնում քաղաքում: «Վերջին անգամ մրցույթը կայացել է 2012թ. ապրիլին, մեր կազմակերպությունն ընտրվել է երեք տարի ժամկետով: Աշխատում ենք 8:30-ից մինչև 18:30-ը, հատուկ չվացուցակով՝ կես ժամը մեկ հաճախականությամբ»,- ասում է ընկերության տնօրեն Սմբատ Արզումանյանը: Նրա խոսքով՝ հաճախ են նախատեսված ժամային գրաֆիկից հետ ընկնում մարդկանց հոսքի պակասի պատճառով: Դրա հետ միասին Ս. Արզումանյանը նշում է, որ տասներեք հոգու համար նախատեսված միկրոավտոբուսը հիմնականում տեղափոխում է 20 և ավելի ուղևոր:
Ներհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքնային գրաֆիկը սահմանում է քաղաքապետարանի միցութային հանձնաժողովը՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ: Թեև համայնքի ղեկավարը երթուղիների համար աշխատանքային ժամ է սահմանել առավոտյան 8:00-ից մինչև 21:00-ն, բայց իրականում տրանսպորտն աշխատում է մինչև 18:30-ը:
Ինչո՞ւ երթուղին սահմանված ժամանակացույցով չի աշխատում: Տիգրան Բարխուդարյանը պարզաբանում է. «Աշխատանքային մեկ օրվա համար սահմանել ենք 18 երթ, վերջին երեքը խտացվում է, քանի որ օրվա ավարտին պահանջարկը մեծ է լինում»:
Ստացում է այնպես, որ քաղաքապետարանի մշակած չվացուցակի համաձայն՝ միկրոավտոբուսը պետք է շարժվի ժամը մեկ, բայց տրանսպորտային կազմակերպություններն առավել շահավետ աշխատելու համար երթերը խտացնում են:
«Օրենքը մեզ թույլ է տալիս ութժամյա աշխատանքից դուրս ևս չորս ժամ ընդհանուր առմամբ աշխատել, որից ութ ժամը հիմանական աշխատաժամանակ, իսկ չորս ժամը՝ լրացուցիչ աշխատաժամանակ, որը հավելյալ վճար կպահանջի, բայց ընկերությունն ի վիճակի չէ արտաժամյա աշխատանքի համար վճարել», -ասում է «Լաստ» ՍՊԸ-ի տնօրենը:
Մեկնաբանել