HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Միրաքյան 50 տան բնակիչները զրկվել են տնամերձ հողամասից

Միրաքյան 50 հասցեի (Natuzzo կահույքի սրահի հարևանությամբ) բնակիչները զրկվել են տնամերձ հողատարածքից: Երկար ժամանակ նրանք նույնիսկ սեփական տուն մտնելու հնարավորություն չունեին. պարսպի վրայով էին ներս մտնում:

Պատճառն այն է, որ «Անի» ՍՊԸ-ն քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերով դարձել է այդ տարածքի սեփականատերը, մինչդեռ նույն այդ հողակտորի համար մինչև վերջերս հողի հարկ էին վճարում Միրաքյան 50 տան բնակիչները: Այդ տան սեփականատերը Ռոմելա Բենգոլյանն է, ով ամուսնու` Գառնիկ Բալայանի հետ երկար տարիներ բնակվում է այդտեղ: Ամուսինների խոսքերով, իրենք տնամերձ այգի ունեին, որը ներառված է եղել իրենց տան հատակագծի մեջ, սակայն, երբ «Անի» ՍՊԸ-ն ձեռք է բերել այդ տարածքի սեփականության վկայական, իրենք զրկվել են ոչ միայն այգուց և հողակտորից, այլ նաև սեփական տուն մուտք գործելու, ինչպես նաև ավտոմեքենան ավտոտնակ մտցնելու հնարավորությունից:

«4 տարի վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանը մեզ տարավ-բերեց, նույնիսկ անձամբ եկավ այստեղ, տեղում ուսումնասիրեց գործը: Քաղաքապետի աշխատակցի հետ եկավ, ասաց` այս հողը Բենգոլյան Ռոմելայինն է: Սակայն վերջին օրը, երբ արդեն պետք է վճիռը հրապարակվեր, պարիսպը քանդվեր, մեր վնասն էլ փոխհատուցվեր, մերժեց: Տվեցինք վերաքննիչ դատարան, նա էլ մերժեց: Տվեցինք գործը Վճռաբեկ դատարան, որն էլ մեկ ամիս անց, առանց դատ անելու, գործը հետ ուղարկեց մեր տուն»,- ասում է Գառնիկ Բալայանը:

Նրա խոսքերով, ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ 2003 թվականին օրենք հանեցին, որ պետք է բոլոր հողերը սեփականաշնորհվեն: Իրենք դիմում են գրել կադաստր տնամերձ հողակտորի համար նոր սեփականության վկայական հանելու համար: Այդ ժամանակ իրենց ասել են, որ այդ տարածքը, որի համար իրենք դեռ հարկ էին վճարում, վերցրել են. այն արդեն «Անի» ՍՊԸ-ի նախագծի մեջ է: Ճարտարապետն այդ տարածքը հատակագծում նշել է որպես ազատ տարածք, քաղաքապետարանն էլ դրա հիման վրա 25 տարվա վարձակալության թույլտվություն է տվել «Անի» ՍՊԸ-ին: Բայց այդ գծագրի մեջ նշված չէին մոտակա տները, որոնցից մեկը Ռոմելիա Բենգոլյանինն է: 

Հետաքրքրական է նաև այն, որ վարձակալության պայմանգիրը հետագայում վերածվել է սեփականության պայմանագրի՝ նույն փաստաթղթի վրա ջնջում կատարելու օգնությամբ` «վարձակ. է 25 տ. ժամկետով»-ը փոխվել է «սեփականություն» բառով: 

«Անի» ՍՊԸ-ն իր սեփականացրած տարածքը պարսպապատել է, ինչի արդյունքում էլ Միրաքյան 50 տունը մասամբ մեկուսացվել է արտաքին աշխարհից: Քաղաքապետարանի թույտվությամբ կառուցված պարիսպը բնակելի տնից կես մետրից էլ քիչ հեռավորությամբ է կառուցված: 

«Անձևրևաջրերը գալիս են, տեղ չկա գնալու, ամբողջը լցվում է տանս տակ»,- ասում է Գառնիկ Բալայանը: 

Պահպանված անդորրագրերը վկայում են, որ 1966 թվականից մինչև 2012 թվականը իրենք հողի հարկ են մուծել: «Կադաստրն ասում է` քոնն է, թաղապետարանն ասում է հողի փողը մուծի, իսկ քաղաքապետարանն ասում է` իրենցն է»,- ասում է Գառնիկը:

Նրա խոսքերով, շենքի տերը` Արմեն Մխիթարյանը, իրենց առաջարկել էր

2000 դոլար գումար վարչական դատարանից գործերը հետ վերցնելու համար, սակայն վերջիններս հրաժարվել են 150 քառակուսի մետր հողը 2000 դոլարով զիջելու պայմանից:

«16 տարի ես իրենց պահակն էի, որպեսզի պատի վրայով չթռնեմ տուն մտնելու համար, ասացին՝ այս մի պատը քանդիր ազատ ելումուտ անելու համար: Քանդեցի, ինձ քաղմաս տվեցին պատ քանդելու համար: Դրանից հետո աշխատանքից ազատվեցի: 

«Բալենու ծառս 70 թվից կա, իմ հողամասում խաղողի վազեր էլ ունեմ: Նա ասաց`քո բալենին ինձ պե՞տք է, կբերեմ «Բելառուսով» ամբողջը հողին կհավասարեցնեմ: Ասացի` չես կարող, որ աղքատ եմ, թոշակառու եմ, դու էլ փողատեր ես, եկել ես հողս վերցրել ես, հետո՞»,- ասում է Գառնիկ Բալայանը:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Նարեկ ջան, ըսենց բաներ ենք արել! Էդ ծերուկների համար արժե քյալլա տալ, հլա թող շնորհակալ լինեն որ գլխներին դեռ տանիք ենք թողել: Հայերս ահագին էլ խղճով ենք! Բա խանութ չսարքենք, երկիր չծաղկեցնեք, չհարստանանք? Չե որ ոսկեբերան մեր նխագահն ինքն ասաց - հարուստ լինելն ամոթ բան չի! Որեմն հառաջ! Պարտեզ - մարտեզ, օրենք - մօրենք, թուղտ, դատարան - այ ախպեր, ինչ էս կորցրել? Պիտի ուտենք, խժռենք մեկս մյուսին, մինչեւ մի կողմը վերջանա, կամ էլ մյուսը տրաքվի! Սրանից էլ հեշտ ղեկավարման սիստեմ? Այսինքն՝ որտեղ կտրի կապը, էնտեղ էլ տիրու պապը! Սա է իրականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter