HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Տաքսիստներն ասում են, որ խախտումից մեկ ամիս անց «ճամպրուկով» ակտեր են ստացել ՃՈ-ից

Երևանի Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում՝ Շիրվանզադեի անվան դպրոցի առջև, իրենց տաքսիները կայանող 13 տաքսիստները «ճամպրուկով»՝ «3 հատով, 7 հատով», ստացել են ճանապարհային ոստիկանության (ՃՈ) ակտերը տաքսիներն այդ վայրում կայանելու համար: Տաքսիստներին վրդովեցրել է այն, որ միայն մայիսի վերջին են ստացել ապրիլի վերջին տեսախցիկի նկարահանած խախտումների ակտերը:

Մինչդեռ եթե ակտերը ստանային խախտումն անելուց մի քանի օր և ոչ թե մեկ ամիս հետո, կամ որևէ ճանապարհային ոստիկան մոտենար իրենց ու զգուշացներ, որ տեսախցիկն արձանագրում է այդտեղ կայանելը, ապա մեքենան այդտեղ չէին կայանի, և ակտերն ու տուգանքներն էլ չէին կուտակվի:

Խաչմերուկի այդ մասում որևէ զգուշացնող նշան չկա, որ տաքսիներ կայանելն արգելվում է:

Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկը գործում է 2012 թ. հունվարի 16-ից, և այս 1,5 տարվա ընթացքում, վարորդների պնդմամբ, ակտեր չեն եղել, մինչդեռ վերջին մեկ ամսում իրենք բազմաթիվ ակտեր են ստացել՝ բոլորն էլ այդ խաչմերուկում տաքսին կայանելու համար:

«Մի օրվա մեջ անձամբ իմ մեքենայի վրա էկել ա 7 ակտ: Մի օրվա մեջ: Գնացել-եկել եմ, դիրքավորվել եմ, նկարել են, նորից գնացել-եկել եմ, կանգնել եմ, նկարել են»,- ասում է տաքսիստ Գրիտել Վերդյանը:

Նա, ինչպես և այլ տաքսիստներ, իր տաքսին այդ խաչմերուկում կայանում է արդեն 13 տարի, և սա առաջին դեպքն է, որ միանգամից այդքան ակտեր ստանա: Գրիտել Վերդյանի ակտերն ամենաշատն են՝ 42 հատ, տուգանքի ընդհանուր գումարը՝ 210 հազար դրամ (յուրաքանչյուր ակտով տուգանքի չափը 5 հազար դրամ է):

«Էս մի ջարդված մեքենան պահում ա 10 հոգու օրվա յոլա: Ես ինչի՞ տեր եմ, որ 210 հազար դրամ տանեմ էսօրվա օրով մուծեմ»,- ասում է Գրիտելը: Նա ապրում է կնոջ, տղայի, հարսի ու 3 թոռների հետ, ինչպես նաև տաքսուց ստացած եկամուտով օգնում վարձով ապրող աղջկան, փեսային ու թոռանը: Գրիտելն ասում է, որ վերջին 5 տարում մոտ 4000 դոլարի հարկ է մուծել պետությանը:

Տաքսիստների խոսքով՝ եթե տաքսին վարում են վարձակալական հիմունքներով, ապա օրական տուն են տանում 3000 դրամ: Իսկ իրենց սեփական մեքենան վարող տաքսիստները վաստակում են 6-7000 դրամ, բայց հաշվի առնելով մեքենայի սարքինության վրա ծախսվող փողերը` տուն են տանում առավելագույնը 4-5000 դրամ:

«Էդ ո՞ւմ ես տուգանում` մանթաշովների՞ն, թե՞ քըրք քըրքորյանների՞ն: Սրանք 3000 դրամանոց վարորդներ են օրը, փախցնում, հացի փող են առնում: 20 հազար դու որ նկարել ես, գրել ես, ուղարկել ես, որտի՞ց ա տալու էս մարդը»,- ասում է մեկ այլ տաքսիստ Արշակ Սարգսյանը և զարմանում, թե ինչպես կարող է պետությունը նվազագույն աշխատավարձը սահմանել 45 հազար դրամ ու տաքսիստներին շատ ավելի բարձր տուգանք նշանակել:

Արշակ Սարգսյանը ևս տան միակ աշխատողն է: Նա ապրում է կնոջ, աղջկա, փեսայի և երկու թոռան հետ: Աղջիկն աշխատանք չի կարողանում գտնել, փեսային կրճատել են: «Փափազյանի վրա բուդկա ունեինք, էկան, էն մի քաղաքապետը հանեց-շպրտեց, ասեց` «դուք ստեղ իրավունք չունեք դնելու», ինքն էլ գնաց Մոսկվա»,- ասում է Արշակ Սարգսյանը:

Խաչմերուկի մեկ այլ տաքսիստ Կարո Կիրակոսյանը 16 ակտ ունի: Նա 9 ակտ ստացել է, հետաքրքրվել-իմացել է, որ ևս 7-ը կա: Կարոն մտավախություն ունի, որ այդ 16 ակտը կարող է ավելանալ, քանի որ իրեն ասել են, որ տեսախցիկի տեսագրությունը վերծանելու են և տեսնեն, թե մյուս օրերին էլ ի՞նչ խախտումներ է արել:

Կարո Կիրակոսյանն օրավարձ է մուծում տաքսին վարելու համար: «Ես մեքենա չունեմ, ես էս երկրի մեջ ոչ մի բան չունեմ: Էղածն էլ ինչ որ ունեի, ծախել եմ: Վերջ»,- ասում է Կարոն: Նա 8 տարի եղել է Ռուսաստանում: Հիմա չգիտի` պարտքե՞րը վճարի, վա՞րկը մարի, թե՞ 16 ակտի 80 հազար դրամ տուգանքը մուծի: Նույնիսկ կոմունալ վարձերն է, իր խոսքով, կիսատ-պռատ կարողանում մուծել:

Կարո Կիրակոսյանը միակ աշխատողն է ընտանիքում: Ապրում է կնոջ և որդու հետ, որոնք երկուսն էլ շաքարախտով հիվանդ են, բայց նպաստ չեն ստանում: Տաքսիստը փող չունի, որ կնոջն ու որդուն հիվանդանոց պառկեցնի: Կարոն, ով մասնակցել է արցախյան պատերազմին, պաշտպանության նախարարությունից նպաստ չի ստանում, քանի որ հաշմանդամություն չունի` չնայած 3 անգամ վիրավորվել է: Վիրավորված ժամանակ հիվանդանոցի բժիշկները փող են ուզել 1 տարի ժամկետով հաշմանդամության 3-րդ կարգ տալու համար, Կարոն էլ հրաժարվել է:

Կարո Կիրակոսյանը փորձել է աշխատել 3 տաքսի ծառայությունում, բայց առողջությունը թույլ չի տվել առավոտյան` ժամը 8-ին, նստել ղեկի առջև մինչև գիշերվա ժամը 1-ը, ու հաջորդ առավոտ նորից նույնն անել: Ուստի, որպես անհատ տաքսիստ է աշխատում: «Հիմի ոնց եմ տալու էդ փողերը` չեմ իմանում»,- ասում է Կարո Կիրակոսյանը:

Տաքսիստ Հայկ Մանուկյանն արդեն ստացել է 10 ակտ տարբեր օրերի մեքենան խաչմերուկում կայանելու համար: Նա ՃՈ-ից իմացել է, որ ևս 5 ակտ ունի: Օր է եղել, որ Հայկը չի եկել տաքսի վարելու, այդ պատճառով էլ իր ակտերը համեմատաբար քիչ են:

Տաքսիստ Աշոտ Առաքելյանը, ով 5 տարի է, մեքենան կայանում է նույն խաչմերուկում, Հայկից է իմացել, որ 25 ակտ էլ ինքն ունի: «Ինձ ակտ չեն ուղարկել: Ահագին ժամանակ ա՝ մենք ստեղ կանգնած ենք, մի հատ ակտ մեր վրա չի էկել: Միանգամից 25 հատ ակտ պատկերացնո՞ւմ եք: 125 հազար փող ես որտո՞ւց տանեմ-տամ»,- ասում է Աշոտ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ տուգանքը մուծելու համար կամ պետք է մեկ ամսվա ողջ աշխատածը վճարի, կամ էլ տաքսին վաճառի: «Ես չեմ մուծելու: Ուզում ա տանեն դատեն ինձ»,- ասում է Աշոտ Առաքելյանը: Նա ապրում է կնոջ, որդու, հարսի ու երկու թոռան հետ և ասում է, որ տաքսին ընտանիքի եկամուտի միակ աղբյուրն է:

Տաքսիստների խոսքով՝ այս շաբաթներին տուգանքները համատարած են, և «Հայփոստի» ամեն փոստատար զբաղված է տաքսիստների տներ ՃՈ տասնյակ ակտեր տանելով:

«Հիմա ստեղ` 13 վարորդ, էն մի խաչմերուկում` 23 վարորդ, էս քաղաքում… Դուք գնացեք, ման էկեք` որ դռանը մեքենա կա կանգնած, զանգ տվեք, ասեք` քանի ակտ ունես դու մուծելու: Մենակ մեր խնդիրը չի»,- վստահեցնում է Արշակ Սարգսյանը:

Վարորդների խոսքով՝ եղել են դեպքեր, որ ճանապարհային տեսուչները կանգնեցրել են իրենց, բայց տեսնելով, թե որքան շատ ակտեր են ունեցել, խղճացել են և նոր տուգանք չեն նշանակել:

Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի տաքսիստներից շատերը դիմում են գրել ՃՈ-ում՝ խնդրանքով, որ տուգանքի մուծումը հետաձգվի 6 ամսով, բայց տարաժամկետումը հարցի լուծում չեն համարում, քանի որ 6 ամիս հետո էլ ի վիճակի չեն լինելու վճարել:

«Ուզում ա 6 ամիս չէ, 60 ամիս էլ լինի, չեմ կարալու մուծեմ: Եթե դրա համար դատ ա հասնում, թող ինձ դատեն»,- ասում է Գրիտել Վերդյանը:

«Ես էսօր (հուլիսի 2-ին - հեղ.) գնացել եմ, 3 հատ դիմում եմ գրել, որ գոնե երկարացնեմ էլի 6 ամսով: Ես որ գնացել եմ ԳԱԻ, իմ պես երևի մի 30 հոգի կային տվյալ պահին: Ժամը 12-ի կողմերն եմ գնացել էսօր: Առավոտվա 9:30-ից լցվում են վարորդները: Ակտերի համար բողոքարկում են, դիմում են գրում, որ սխալ ակտավորում են կատարել»,- ասում է Հայկ Մանուկյանը:

«Պիտի կանգնես հերթ, որ քո հերթը հասնի, որ մի հատ դիմում գրես: Ցանկացած ավտոյի կանգնացնենք, որը որ կանցնի: Արի քեզ տանեմ ԳԱԻ զապրավկա, սաղ վարորդները կանգնած, կանգնի հարցրու, 5 րոպե չես կարա կողքները կանգնես. մարդիկ մղկտում են դրա համար: Ֆուտբոլի ստադիոն տանեմ, քանի հատ վարորդ կա, թող ասի` ինչ ա կատարվում»,- հավելում է Արշակ Սարգսյանը:

Տաքսիստները մտավախություն ունեն, որ եթե չվճարեն տուգանքը, ապա 6 ամիս անց այն կկրկնապատկվի, ՃՈ-ն իրենց դատի կտա, դատարանը կբավարարի հայցը, հետո ԴԱՀԿ-ը կբռնագրավի իրենց տան գույքը:

Վարորդները դժգոհում են, որ հանրապետությունում չկան վարորդների իրավունքների պաշտպանությամբ իրապես զբաղվող կազմակերպություններ, որ իրենք վարորդներով հավաքվեին ու բողոքեին, իսկ «խելոք մարդիկ» քննարկման դնեին այն հարցը, որ եթե վարորդներին չի թույլատրվում տվյալ վայրում կանգնեցնել տաքսին, ապա որտե՞ղ կանգնեցնեն:

Վարորդների պնդմամբ` տաքսիների կայանելու տեղն էլ է բիզնես, և իրենց թույլ չեն տա տվյալ թաղամասում իրենց ուզած տեղում կայանել տաքսին: Բացի դրանից՝ հարևան խաչմերուկներում էլ կայանում են տաքսիստներ, ովքեր իրենց պես օրվա ապրուստ են վաստակում:

Ոստիկանությունը Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի տաքսիստներին խորհուրդ է տալիս բողոք գրել

Խնդրի վերաբերյալ ՃՈ-ի դիրքորոշումն իմանալու համար զանգահարեցինք ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն: Վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը տաքսիստների անուններն իմանալուց և ՃՈ-ի հետ խորհրդակցելուց հետո ասաց, որ տաքսիստներին պետք է խորհուրդ տալ գնալ ՃՈ և գրավոր բողոք գրել տեղում, որպեսզի յուրաքանչյուր բողոք ուսումնասիրվի:

«Իրենք ուրեմն վարչական իրավախախտում են թույլ տվել, որ կազմվել է արձանագրությունը և ուղարկվել է: Կարող է՝ նախկինում գծանշում չի եղել, հիմա կա, և այլն: Համենայն դեպս, որպեսզի իրենք չտուժեն, իրենք թող գնան, բողոք գրեն այնտեղ»,- ասաց Արմեն Մալխասյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր բողոքի ուսումնասիրությունից հետո կպարզվի, թե ինչ խնդիր է:

Մեկնաբանություններ (1)

Վ.Առաքելյան
ՃՈ-ն պաշտոնապես հովանավորվող 21-րդ դարի քարավան կտրողներն են: Անապատների ավազակները պետք է սրանց նախանձեն, քանի որ սրանց կազմած օրինական համարվող ակտի գումարի զգալի տոկոսը ակտ կազմողի օրինական աշխատավարձն է: Երթևեկեք հանրապետության որևէ ճանապարհով և յուրաքանչյուր ճանապարհային նշան չունեցող ճանապարհի եկամտաբեր հատվածում կնկատեք անօրինաբար օրինական ակտ կազմող միլիցիայի համազգեստով մեկին: Սա իսկական թալան է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter