HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Իտալացի և հայ մասնագետներն ուսումնասիրում ու բարեկարգում են Արուճի տաճարը (լուսանկար)

Արագածոտնի մարզի Արուճի տաճարում հայ և իտալացի մասնագետները կատարում են պեղման, ուսումնասիրման, մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Արդյունքում 2013թ. վերջում իտալական կողմը կառաջարկի տաճարի վերականգնման կամ ամրակայման նախագիծ:

Այս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը 7 մլն դրամ է հատկացրել աշխատանքների համար: Երբ 2013-ի վերջում նախագիծը պատրաստ կլինի, պարզ կդառնա, թե էլ որքան գումար է պետք:

Արուճի տաճարը

«Արուճում ունենք բոլոր բաղադրիչները: Ունենք հուշարձան, որը շատ հետաքրքիր է պատմական տեսակետից: Ունենք հուշարձան, որը ունի շատ տարբեր խնդիրներ, որոնք բավական տարածված են Հայաստանում: Շատ հետաքրքիր պեղավայր ունենք և որմնանկար: Հուշարձանը բավական հարմար է, որովհետև մոտիկ է քաղաքին»,- ասում է Գայանե Կազնատին:

Նա «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ասպարեզում» կրթամշակութային ծրագրի ղեկավարն է: Արուճում աշխատանքները կատարվում են այս ծրագրի շրջանակներում, Հայաստանի մշակույթի նախարարության և Իտալիայի արտգործնախարարության միջև 2011թ. կնքված համաձայնագրի հիման վրա:

Արուճի տաճարի դռներից մեկը Արուճի տաճարը ներսից

Արուճի տաճարը հայ ճարտարապետության նշանավոր հուշարձաններից է: Այն 7-րդ դարի 60-ականներին կառուցել է հայոց կառավարիչ Գրիգոր Մամիկոնյանը և դարձրել է աթոռանիստ:

2011թ.-ից սկսած, երբ կրթամշակութային ծրագիրը մեկնարկեց, գրեթե 40 դասախոս է Հայաստան ժամանել Իտալիայից, մեծ մասը` Միլանի պոլիտեխնիկից:  Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ հայ ուսանողները սովորում են դասընթացը, հետո անպայման մասնակցում հուշարձանի ուսումնասիրման, վերականգնման գործնական աշխատանքների:

արձանագրություններով, քանդակներով բեկորներ
ու խաչքարեր Արուճի տաճարում
Արուճում տեղադրված գործիք, որը չափում է` ճաքը կանգնե՞լ է, թե՞ շարունակվում է

Ծրագրում ընդգրկված վերապատրաստման դասընթացներից են` նախագծում ճարտարապետական վերականգման ոլորտում, շինհրապարակի կազմակերպում, հնագիտություն, որմնանկարի, քարի, խեցեղենի, մետաղի վերականգնում և այլն: Դասընթացներում ընդգրկված է 100 ուսանող: Այս մարտին հայ ուսանողների մի խումբ վերապատրաստվել է Միլանում:

Ծրագիրը ֆինանսավորում են Իտալիայի ԱԳՆ-ն և Միլանի պոլիտեխնիկը: Հայկական կողմից աջակցում են մշակույթի նախարարությունը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը (ԵՃՇՊՀ), «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Ազգային պատկերասրահի վերականգնման լաբորատորիան և պատմության թանգարանը:

Գայանե Կազնատի Լիա Խաչիկյան

ԵՃՇՊՀ ասպիրանտ Լիա Խաչիկյանը փետրվարից մասնակցում է դասընթացների: «Մենք ծանոթանում ենք ոչ միայն իտալացի, այլև արտասահմանյան ամբողջ փորձին վերականգնման ոլորտում և ճարտարապետության, և հնագիտության տեսանկյունից, միևնույն ժամանակ նորագույն տեխնոլոգիաներին, կատարման տեխնիկային»,- ասում է Լիան:

Նրա խոսքով` իրենց բուհից մոտ 50 ուսանող է մասնակցում ճարտարապետների և շինհրապարակը կազմակերպող շինարարների դասընթացներին: Հետո ուսանողները պատրաստելու են հուշարձանի վերականգնման ուսումնական նախագիծ:

Ջիանանդրեա Սանդրի Մաուրիցիո Բորիանի

«Անգամ եթե հուշարձանները գտնվում են պահպանվածության վատ վիճակում, դա մեզ չի վախեցնում»,- ասում է Իտալիայի արտգործնախարարության համագործակցության զարգացման ընդհանուր վարչության կենտրոնական տեխնիկական միավորման փորձագետ Ջիանանդրեա Սանդրին:

«Արուճը գործող եկեղեցի չէ, ավերված չէ, և վերականգնման հայեցակարգը այն չէ, որ պետք է նորացնել հուշարձանը: Հետքերը, այն բոլոր նշանները, որ թողել է ժամանակը հուշարձանի վրա, շատ կարևոր են և հուշարձանին տալիս են վեհություն, ինչպես սպիտակ մազեր ունեցող մարդիկ միշտ համարվում են ավելի հարգելի և ներկայանալի»,- ասում է Հայաստանում ճարտարապետական վերականգնման գծով կրթական ծրագրի տնօրեն Մաուրիցիո Բորիանին:

Նրա խոսքով` հայ և իտալացի ճարտարապետների մեթոդների տարբերությունն այն է, որ Իտալիայում ավելի շատ են կատարվում ուսումնասիրություններ և տարբեր վերլուծություններ` պարզելու կառույցի պատմությունը, շերտերի խորությունը:

Հովհաննես Սանամյան Աննա Լուկկինի

Մինչդեռ ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանը կարծում է, որ և հայ, և իտալացի մասնագետների աշխատելու մեթոդները նույնն են. Հայաստանում հուշարձանը վերականգնում են միջազգային խարտիաների, ԻԿՈՄՕՍ-ի ընդունած որոշումների հիման վրա:

«Ասել, որ հայ հնագետներին, հայ վերականգնող ճարտարապետներին որևէ բան պակասում է, սխալ է, որովհետև այսօր ՀՀ-ում բավական բարձր մակարդակի մասնագետներ ունենք, որոնք գնահատվում են դրսի մեր կոլեգաների կողմից»,- ասում է Հովհաննես Սանամյանը:

Միաժամանակ նա նշում է, որ իտալացիները բերել են թանկարժեք սարքավորումներ` խոնավաչափեր, չափագրող, պատերի վիճակը հետազոտող ժամանակակից գործիքներ, որոնք հայկական կողմը չունի, և ուսանողներին ծանոթացնում են դրանց:

Արուճի տաճարի որմնանկարները Կառուցվում են փայտամածեր` բարձրանալու և որմնանկարներն ուսումնասիրելու համար

Ծրագրով նախատեսվում է նաև ամրակայել Արուճի տաճարի որմնանկարները, որոնք ևս 7-րդ դարի են: Բայց նախևառաջ Միլանի պոլիտեխնիկի դասախոսները պետք է ուսումնասիրեն դրանք:

«Արուճի որմնանկարները առանձնահատուկ են նրանով, որ վերաբերում են 7-րդ դարին, իսկ 7-րդ դարի որմնանկարներ շատ քիչ են պահպանվել առհասարակ ամբողջ աշխարհում: Անգամ եթե Արուճի որմնանկարները շատ վատ են պահպանված, մեր խնդիրը ոչ թե դրանց թարմացումն է, վերանորոգումն է, այլ դրանց ամրակայումը»,- ասում է որմնանկարի վերականգնող Աննա Լուկկինին:

Արուճի տաճարում որմնանկարները պահպանվել են միայն խորանի վերևում, բայց ենթադրվում է, որ մյուս պատերին էլ են եղել:

Պեղումներ Արուճում

Արուճում զուգահեռաբար ընթանում են նաև պեղումներ, որոնց նպատակն է գտնել տաճարի և դրա կողքին կառուցված պալատի ժամանակագրական կապը: Ըստ պատմական վկայության` պալատը ևս կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը:

«Մեծ մասամբ պեղածոները հաստատում են, որ պալատը Գրիգոր Մամիկոնյանն է կառուցել, 6-7-րդ դարերի: Կարևոր կետը, որ բացահայտեցինք այս պեղումների արդյունքում, այն է, որ պալատը իրականում ավելի մեծ է եղել, քան մենք պատկերացնում էինք մինչև պեղումներ նախաձեռնելը»,- ասում է Միլանի պետական համալսարանի հնագետ Մատիլդե Մարձուլլոն:

Արուճի պալատը

Պեղումներն ընթանում են գրեթե մեկ ամիս: Մաքրվել ու պեղվել է նախատեսվող 450 քառ. մետրից 100-ը: Պեղումների արդյունքում ամենից շատ գտնվել են թաղումներ, քանի որ ամբողջ տարածքը եղել է քրիստոնեական դամբարանադաշտ:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի հնագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Դիանա Միրիջանյանի խոսքով` այս մի քանի օրվա ընթացքում պեղել են բազմաթիվ խեցեղեն նմուշներ, ոսկորներ, քիչ քանակությամբ միջնադարյան երկաթի գտածոներ:

Մատիլդե Մարձուլլո Դիանա Միրիջանյան

«Քանի որ Արուճը Գրիգոր Մամիկոնյանի իշխանական նստոց է եղել, այստեղ է կենտրոնացված եղել նաև հոգևոր իշխանությունը: Ինչպես բոլոր միջնադարյան կենտրոններում, հոգևորն ու աշխարհիկը գտնվում էին մի տեղում: Այստեղ տաճարը կառուցվեց, անմիջապես կից կառուցվեց նաև կաթողիկոսի պալատը: Մենք նման պալատներ տարբեր հուշարձաններում ունենք»,- ասում է Դիանա Միրիջանյանը:

Լրագրողների այցի ժամանակ պեղումներ անողները հիմնականում Երևանի պետական համալսարանի ուսանողներ էին: ԵՊՀ հնագիտության բաժնի ուսանող Սոնա Մանուկյանը սկզբում մասնակցել է ծրագրի հնագիտության դասընթացներին, հետո սկսել աշխատել պեղավայրում:

Սոնա Մանուկյան Սոնա Մանուկյանը ցույց է տալիս իր պեղած թոնիրը

«Փորձում եմ օգնել ինչ-որ նոր բաների բացահայտմանը գիտության համար: Հնագիտությունը սիրում եմ»,- ասում է Սոնան: Արուճում մի քանի թոնիր է պեղվել, որոնցից մեկն էլ Սոնան է պեղել:

Գայանե Կազնատին նշում է, որ հուլիսի 15-ից սկսվելու է քարի վերանորոգման դասընթացը, որի ընթացքում կամրակայվի այն, ինչ պեղվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter