HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Զարդեր, որոնք ստեղծողները կարողանում են մատներով հասկանալ

Ալինան, Աղավնին, Քրիստինեն, Ռուզաննան և երկու Աննան մեկ ու կես ամսվա ընթացքում հուլունքներից ու մակրամեից տասնյակ զարդեր են պատրաստել՝ վզնոցներ, թևնոցներ, ականջօղեր: Հիմա սովորում են մատանի պատրաստել:

«Ֆորտե» հաշմանդամների գիտամշակութային ՀԿ-ի գրասենյակում զարդագործության դասերն անցկացնող այս խմբի կամավոր ուսուցիչը՝ Իզաբելա Սուլթանյանն, ասում է. «Երբ առաջին անգամ դաս արեցի, իրենց միայն մի բան ասացի. չեմ տեսնում ես` չեք տեսնում դուք, չլինի մի բան, որ ասեք` սա չեմ կարող: Եթե ես դա կարողանում եմ, դուք էլ պիտի կարողանաք, որովհետև ես ձեր նկատմամբ որևէ առավելություն չունեմ»:

Իզաբելայի խոսքով՝ զարդեր պատրաստելիս չտեսնելը խնդիր ու խոչընդոտ չէ, զարդագործությունը գիտելիք չի պահանջում, այլ նպատակ, խորաթափանցություն ու շոշափելիքի զգացում, որը շատ հեշտ է զարգացնել, եթե չկա: Նույնիսկ նույն չափն ունեցող քարերը շոշափելիս տարբերվում են: Խմբի մասնակիցներից Ալինան ասեղը թելելիս մատները պահում է անցքին շատ մոտ, զգում և ասեղի անցքը, և թելը:

«Կարողանալ մատներով հասկանալ` ասեղի անցքը ա՞յս կողմն է, թե՞ այն կողմն է: Կամ հասկանալ, թեկուզ չտեսնելով հանդերձ, համադրել քարերը իրար, այսինքն` որը որի հետ կսազի: Չտեսնելով հանդերձ` նման գործի մեջ խրվելը զարգացնում է ամեն ինչ` հիշողություն, ուշադրություն, երևակայություն: Չտեսնողի հույսը իր տեսողությունը չի արդեն. իր հույսը իր ամբողջ բջջային համակարգն է»,- ասում է Իզաբելա Սուլթանյանը:

Ալինան սպիտակ հուլունքները դրել է մի տոպրակում, սևերը` մեկ ուրիշ, ու ըստ դրա կարողացել, առանց շփոթելու, թևնոցի մի շարքը սպիտակ հուլունքներից պատրաստել, մյուսը` սև: Սակայն ասում է, որ երբեմն, այնուամենայնիվ, զարդագործության խմբի աղջիկներին կողմնակի մարդու օգնության պետք է, եթե, օրինակ, նույն տոպրակում մեկից ավելի գույնի հուլունքներ կան:

Իզաբելան արձագանքում է. «Բայց եթե մարդ հայտնվում է այնպիսի մի իրավիճակում, որ ինքը մենակ է ապրելու 3 ամիս, էնպես չի, որ պետք է ձեռքերը ծալի-նստի. ինքը անպայման իր համար ճանապարհ է գտնելու, որ ինքնուրույն որոշի` ինչը ինչ գույն է: Հազար ու մի ձևեր կան. ամաններ կան տարբեր, կամ եթե նույն ամանն է, ինքը կարող է մի նշան անել, ինքը հիշել»:

Զարդագործության խմբի մասնակիցները: Իզաբելան կենտրոնում է:

Իզաբելայի խոսքով՝ մակրամեով (թելով հյուսած քարերով) զարդը կարելի է պատրաստել միջինում 10 րոպեում, ամենաբարդ մոդելը՝ 15-20 րոպեում: Մի քանի օր առաջ նա տնից դուրս էր գալիս, բայց առօրյա ոճի թևնոց չուներ, իր պատրաստածները երեկոյան ոճի էին, և մի քանի րոպեում իր համար թևնոց պատրաստեց:

Իզաբելան վստահ է, որ զարդեր պատրաստելը, քարերի հետ շփվելը, ինչ-որ մի բան ստեղծելը նաև արթ-թերապիա է, որի ժամանակ մարդու ներքին բացասական էներգիան փոխակերպվում է դրականի:

Օգոստոսին զարդագործության դասերը կավարտվեն, քանի որ Իզաբելան Հայաստանից մեկնում է 2 տարով: Խմբի աղջիկներն ասում են, որ արդեն ունեն այնքան գիտելիք, որ Իզաբելայի գնալուց հետո կարողանան ինքնուրույն կիրառել սովորածը:

«Իրենք դեռ չգիտեն իրենց գլխի գալիքը՝ առաջիկա մի 2 շաբաթվա ընթացքում ես իրենց հետ ինչ եմ անելու,- կատակում է Իզաբելան:- Ուղղակի ես իրենց պետք է խնդրեմ, որ արդեն ինքնուրույն աշխատեն: Եթե դու գիտելքը վերցնես ու որևէ տեղ չկիրառես, այն կմարի ու կամ էլ մաքսիմում կմնա այն մակարդակի վրա, որի վրա թողել ես: Անընդհատ պետք է աշխատես քեզ վրա, որ կարողանաս քո իմացածը պահել, նաև զարգացնել: Պիտի ստեղծագործեն: Իրենք պետք է փորձեն անել նույն մոդելի մի քիչ բարձր կամ ցածր, ուղղակի ոչ նույնի կրկնությունը»,- ասում է Իզաբելան:

Երբ նա նկատում է, որ աղջիկներից որևէ մեկն ինչ-որ բան սխալ է արել, չի մատնանշում սխալը, այլ խնդրում է աշակերտին ինքնուրույն գտնել սխալը, քանի որ ինքը միշտ չէ, որ աշակերտների կողքին է լինելու: Հաջորդ քայլում Իզաբելան աշխատելու է, որ աղջիկներն ինքնուրույն գտնեն նաև սխալն ուղղելու ձևը:

Երբ սկսվեցին զարդագործության դասերը, Իզաբելան խմբի աղջիկներին դիտավորյալ հանձնարարում էր պատրաստել ոչ թե պարզ, այլ բարդ զարդեր, քանի որ դժվարությունները պետք է հաղթահարել: Աստիճանաբար հանձնարարությունները դարձան ավելի հեշտ, բայց դրանք արդեն ոչ թե թվում էին հեշտ, այլ թվում էր, թե դու դրան արդեն տիրապետում ես: Խմբի աղջիկներն ասում են, որ դասընթացից առաջ չէին հավատում, որ կկարողանան այդպիսի զարդեր պատրաստել, իսկ հիմա ուզում են որքան հնարավոր է բարդ աշխատանքներ անել:

զարդագործության խմբի մասնակիցների աշխատանքները

Խմբի մասնակիցներից Աղավնին, Քրիստինեն, Ռուզաննան և երկու Աննան հաճույքի համար են պատրաստում զարդեր. նրանք կրում են իրենց աշխատանքներն ու նվիրում: Ալինան ևս նվիրում է իր պատրաստած զարդերը, բայց իր հիմնական նպատակն է վաճառել դրանք: Նա իր աշխատանքների նկարներն ու գները տեղադրել է սոցիալական ցանցում ու որոշ զարդեր վաճառել:

Իզաբելան, ով ևս իր աշխատանքները վաճառում է, կարծում է, որ եթե մարդ զարդեր է պատրաստում միայն կրելու կամ նվիրելու համար, ապա «դա երկար պատմություն չի ունենա», պետք է անպայման նաև տնտեսական, գործնական նպատակ լինի:

«Ես շատ-շատ կուզեի մի հատ փոքրիկ խանութ ունենալ, որտեղ կվաճառվեին հենց նաև աղջիկների աշխատանքները: Իհարկե, եթե այն տեսականուն հասներ, որ կարողանար խանութ լցնել, շատ լավ կլիներ: Եթե չէ՝ նաև իրենց աշխատանքները կդրվեին: Արդեն իրենք չէին խառնվի վաճառքի՝ ում գտնել, ում վաճառել. խանութը կզբաղվեր»,- ասում է Իզաբելան: Նա խոստանում է, որ երբ վերադառնա Հայաստան, զբաղվելու է աղջիկների զարդերի շատ փոքր խանութ ունենալու հարցով:

Ինքը՝ Իզաբելան, ինքնուրույն է սովորել զարդագործություն: Նա բոլորովին այլ մասնագիտություն ունի. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մանկավարժություն և հոգեբանություն ֆակուլտետը, իսկ Երևանի պետական լեզվաբանական համալսարանում ստացել երկրորդ մասնագիտությունը՝ անգլերենի թարգմանիչ:

Հոգեբան աշխատելու ժամանակ Իզաբելան շատերի ինքնագնահատականն է բարձրացրել: «Ամեն անգամ երբ ինչ-որ մեկին ինչ-որ բանով կարողանում եմ օգնել, դա ինձ բավարարում է այդ պահի համար, բայց ոչ կյանքի մեջ: Կյանքի մեջ չեմ կարծում, որ կկարողանամ երբևէ բավարարվել: Եթե ես այսօր բավարարեցի մի պահանջմունք, հաստատ դա ծնելու է մեկ այլը»,- ասում է նա:

Իզաբելան իր այցելուներին սովորեցնում է, որ մարդու կյանքում կատարվող ցանկացած երևույթի համար մարդ ինքն է պատասխանատու, վատ բաներում ինքն է մեղավոր: Հոգեբանը համոզված է, որ խնդիրները չեն լուծվում այն պատճառով, որ մարդիկ միշտ մեղադրում են դիմացինին, ոչ թե իրենք իրենց:

Իզաբելան իր կազմակերպած հոգեբանական խորհրդատվության խմբակներում դասավանդել է ապագա հոգեբաններին, ինչպես նաև հոգեբան է աշխատել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցում: Նա ինքն է հրաժարվել դպրոցում աշխատանքից, որպեսզի լինի այնպիսի միջավայրում, որտեղ ստեղծագործելու հնարավորություն կա:

«Ես չեմ կարող սահմանափակվել ինչ-որ պուճուր շրջանակներում. դրա համար դուրս եկա, որ ավելի ինքնուրույն լինեմ և կարողանամ ինքնուրույն գործել: Եթե ես վախենամ աշխատանք կորցնելուց, կվախենամ նաև ինչ-որ մի նոր բան փորձելուց»,- ասում է Իզաբելան:


թևնոց, որն Իզաբելան պատրաստել է մի քանի րոպեում թևնոց, որն Ալինան պատրաստել է մոտ 30 րոպեում

Զարդեր պատրաստել Իզաբելան սովորել է մեկ տարի առաջ: Նա հավանել է գեղեցիկ ու բարդ հորինվածքով մի զարդ և անպայման ցանկացել սովորել դրանից պատրաստել: Շատ օգնել է մայրը, ով ևս զարդագործության մասնագետ չէ, բայց ինքնուս լավ տիրապետում է հագուստներ հյուսելուն, դրանց վրա տարբեր զարդեր ու նախշեր ամրացնելուն: Իզաբելան նույն կերպ սովորել է նաև մակրամե ու ծղոտագործություն:

«Ամեն անգամ մի նոր բան սովորելիս քո աշխարհայացքը փոխվում է կյանքի նկատմամբ: Ես միշտ մտածում եմ, որ հատկապես կինը պետք է իր ձեռքով կարողանա մի բան ստեղծել: Ինձ թվում է՝ իմ մեջ այդ մղումն է, որ ես մի բան պատրաստեմ ու հասկանամ` սա իմ ձեռքով ստեղծածն է, տարել դրան, որ ես կարողացել եմ ամենամանր բաներից ստեղծել ինչ-որ մի հետաքրքիր բան»,- ասում է Իզաբելան:

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակության կրթվածության մակարդակին՝ նա ասում է. «Ես կարծում եմ՝ մեզանից է կախված: Եթե մենք մեզ ճիշտ դրսևորենք, հասարակությունը ոչ մի խնդիր չունի: Եթե մենք սխալ ենք մեզ մատուցում, իրենք են ընկալողը, իրենք են մեզ վերցնողը այնպիսին, ինչպիսին մենք ենք ներկայանում»:

Իզաբելան միաժամանակ կարծում է, որ եթե ինչ-որ մեկը զարմանում է, որ չտեսնող կամ չքայլող մարդը կարող է ինչ-որ բան անել, ապա դա պայմանավորված է այդ մեկի ներաշխարհի ու մտածողության սահմանափակ լինելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter