HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գոշի հրապարակը՝ Վերանյանի հրապարակ

Գոշ գյուղի նախկին համայնքապետ Հովսեփ Վերանյանը տասնամյա պաշտոնավարումից հետո, 2012 թ. սեպտեմբերին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքներով հարկադրված եղավ պաշտոնը զիջել իր մրցակցին: Սակայն մինչեւ լիազորությունների դադարեցման վերջին օրը՝ հոկտեմբերի 19-ը, համայնքապետի պաշտոնն անմնացորդ ծառայեցրեց իր ընտանիքին: Այդ օրը կայացրած որոշումներից մեկով նա օրինականացրել է Գոշի հրապարակում իր որդու՝ Սենիկ Վերանյանի նախաձեռնած ինքնակամ շինարարությունը:

1970-ական թվականներին «Գոշավանք» վանական համալիրի վերանորոգման եւ շրջակա պեղման գոտու տարածքում աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով համալիրին մոտակա տնամերձ հողամասերից պետության կարիքների համար հողամասեր են վերցվել, որի արդյունքում ստեղծվել է ներկայիս հրապարակը: Այս օրինակով, 40 տարի անց, Հ. Վերանյանը ոչ միայն հանրային հրապարակն է ծառայեցրել սեփական կարիքներին, այլեւ իր որոշումով համագյուղացի Միշա եւ Յաշա Գրիգորյանների փաստացի հողամասի մի հատվածն է վերցրել սեփական կարիքների համար: Գոշի հրապարակը ներկայումս կիսով զբաղեցնում են Հովսեփ Վերանյանի բիզնես կառույցները՝ աջ եւ ձախ կողմերում հյուրատուն է, ռեստորան, իսկ կենտրոնում, նախկին կանգառի տեղում, նրա որդու անավարտ շինությունը:

Հրապարակը շուրջկալ արած կառույցների շնորհիվ՝ զբոսաշրջության ցանկից դուրս են մնացել «Գոշավանք» վանական համալիրի դիմացի բլրակին գտնվող Ս. Հոգի փայտակերտ եկեղեցին եւ Ս. Համբարձման մատուռ-դամբարանը: Այստեղ է   թաղված իմաստուն օրենսգետ, հմուտ առակախոս եւ ուսուցչապետ Մեծ Մխիթար Գոշը (1130-1213), որի անձով է նշանավորվել ոչ միայն Գոշ գյուղը, այլեւ վանական համալիրն ընդհանրապես: Դամբարանի կողքին կանգնեցված քարին փորագրված՝ «Հիշե՛ք, հայ դպրության անխոնջ նվիրյալին», պատգամը, լիովին անտեսված է: Նախկին համայնքապետ Հ. Վերանյանի բիզնես կառույցներն այնպես են դասավորված հրապարակում, որ զբոսաշրջիկները վանական համալիրից հետո Գոշում իրենց շրջագայությունը պետք է ավարտեն նրա հյուրատանը: Դրանք մի կողմից` փակել են հրապարակից դեպի Մեծ օրենսգետի դամբարանը տանող ճանապարհը, մյուս կողմից` վանական համալիր շբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսներին զրկել են կանգառելու հնարավորությունից:

Այս հանգամանքը չի մտահոգել ոչ մշակույթի նախարարությանը, ոչ էլ Տավուշի մարզպետարանին, որը պարտավոր էր կանխելու հանրային տարածքում տարիներ շարունակ ծավալվող ապօրինի շինարարությունը: Հետաքրքիր է, որ Տավուշի մարզպետարանն այդ ժամանակամիջոցում հսկողություն է իրականացրել Գոշի համայնքապետարանում (հսկողությունն ընդգրկել է 2011թ. եւ 2012թ. դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածը), եւ մարզպետ Արմեն Ղուլարյանին ուղղված Գոշի բնակիչ Միշա Գրիգորյանի բողոքն անգամ չի պարտավորեցրել նրանց չշրջանցել համայնքապետի ապօրինությունները: Հսկողության արդյունքում կազմված արձանագրության մեջ նշվել է, որ « ... համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ սահմանված կարգով կատարվել է վերահսկողություն եւ «ինքնակամ շինարարության դեպքեր չեն կատարվել»: Մինչդեռ, գյուղի կենտրոնական հրապարակը, որը Հողային օրենսգրքի 60 հոդվածով ներառված է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում եւ բնակավայրի ընդհանուր օգտագործման հող է համարվում, ներկայումս կիսով զբաղեցնում են Հ. Վերանյանի շինությունները:

Ի տարբերություն  Տավուշի մարզպետարանի, Միշա Գրիգորյանի դիմումի հիման վրա քաղաքաշինական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժինը ուսումնասիրել եւ պարզել է, որ Մ. Գոշի փողոցի 78/1 հասցեում Սենիկ Վերանյանն իրականացրել է հասարակական սպասարկման օբյեկտի ինքնակամ շինարարություն: Ոստիկանության Դիլիջանի բաժնում 2012թ. մայիսի 14-ին ինքնակամ շինարարության վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն եւ այն ուղարկվել է վարչատուգանային հանձնաժողով՝ Ս. Վերանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Գոշ համայնքի ղեկավարը հարկադրված է եղել  ինքնակամ շինարարությունը դադարեցնելու որոշում կայացնել, սակայն ոչ միայն վարչական պատասխանատվությունը չի կիրառել, այլեւ չի քանդել շինությունը:

Գոշի հրապարակի նախկին տեսքը

Ավելին, Գոշի ավագանու 2012 թ. ապրիլի 2-ին կայացրած՝ «Գոշ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրի 128,64 քմ հողակտորը 60 տարով վարձակալությամբ եւ կառուցապատման իրավունքով վարձակալության հանձնելու մասին որոշման հիման վրա, հունիսի 15-ին իբրեւ մրցույթ է կազմակերպել, որին մասնակցել են նրա կինն ու որդին: Ըստ փաստաթղթերի՝ ընտանեկան մրցույթում որդին ավելի առատեձեռն է գտնվել եւ փոքր ինչ ավել գումար վճարելով հաղթել է մորը: Այդպիսով, որդին գյուղի հրապարակի մի հատվածի հետ միասին 60 տարով վարձակալել է նաեւ Միշա եւ Յաշա Գրիգորյանների հողամասը:

Հ. Վերանյանը չի ընդունում Գրիգորյաններից հողամասը խլելու փաստը եւ հայտնել է, որ 2000 թ.-ին կատարվել է հողերի ճշգրտում եւ քարտեզագրում, որի արդյունքներով  նրանք ունեն երկու հողակտոր՝ մեկը 930 քմ, մյուսը 520 քմ: Նրա ասելով՝ 520 քմ-ը նրանց տրամադրվել է 1970-ական թվականերին:

Շուրջ երկու տարի ընթացող դատական վեճը դեռեւս հանգուցալուծում չի ստանում, Հ. Վերանյանը դատարանին փորձում է համոզել, որ Գրիգորյանների տնամերձ հողամասի պակասորդը լրացվել է անտառում գտնվող 520 քմ հողակտորով: Քույր եւ եղբայր Գրիգորյանները՝ 8 անձով ներկայանում են դատարան, որպեսզի հաստատեն, որ իրենց  ծնողները 520 քմ մակերեսով տնամերձ հողամաս չեն ունեցել, եթե ունենային, անպայման կմշակեին եւ իրենք էլ կիմանային այդ հողակտորի մասին:

Գրիգորյաններն իրենց սեփականությունը յուրացնելու համար նախկին համայնքապետի հետ միասին մեղադրում են նաեւ Կադաստրին՝ 520 քմ հողամասի սեփականության կեղծ վկայական տրամադրելու համար, որպեսզի լրացվի Մ. Գոշի 78 հասցեի տնամերձ հողամասից պակասող մասը«Մեզ հայտնի չէ հողամասի տեղը, բազմիցս փորձել եմ Կադաստրից ստանալ այդ հողամասի կադաստրային քարտեզը, սակայն չի տրամադրվել»,- ասում է Միշա Գրիգորյանը: Նրա տեղեկացմամբ, դեռեւս 2011 թվականի սզբներին Վերանյանն իրեն հայտնել է, որ իր ցանկապատի ներսում գտնվող հողամասի մի մասն անցել է համայնքին եւ իրենն է ու ինքը շինարարություն է սկսելու այդ տարածքում: Այդ է պատճառը, որ ինքը 2011 թ.-ին դատարան է դիմել եւ պահանջում է վերականգնել ծնողներից ժառանգած հողամասի սահմանները:

Միշա Գրիգորյանն ասում է, որ նախկին համայնքապետը հողամասի փաստացի չափը միտումնավոր է կադաստրային քարտեզում 79 քմ-ով պակասեցրել: «Ըստ Գեոդեզիայի եւ քարտեզագրման կենտրոն ՊՈԱԿ-ի 2011թ. հուլիսի 6-ի չափագրման՝ հողամասը կազմում է 1120 քմ: 1970-ականներին հողամասը պետության կարիքների համար վերցվելուց հետո այն 4-5 մետր հետ է տարվել, ապա քարերով հիմնապատվել է: Տնամերձ հողամասն այդ ժամանակվանից առ այսօր, առանց չափերի եւ սահմանների փոփոխության, գտնվում է նշված հիմնապատի եւ նախկինից մնացած ցանկապատի ներսում, Ճանապարհից 1-1,5 մետր բարձրության վրա եւ հնարավոր չէր այն սխալ չափագրել»,- ասում է Մ. Գրիգորյանը:

Պակաս ցույց տրված մասը նախկին համայնքապետի որոշումներից մեկով դարձել է համայնքային սեփականություն: 2011թ. մայիսի 27-ին Հ. Վերանյանը կայացրել է թիվ 10 որոշումը, որով պետք է դիմեր Կադաստրի պետական կոմիտեի Դիլիջանի ստորաբաժանում՝ բնակավայրի հողերից 79 քմ մակերեսով հողմասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու համար: Այդ որոշման մեջ առանձին կետով նշել է նաեւ, որ հողամասը Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերին չի պատկանում: Մ. Գրիգորյանի բողոքների արդյունքում կասեցվել է 79 քմ-ը Կադաստրում, որպես համայնքային սեփականություն գրանցելու վերաբերյալ Հ. Վերանյանի որոշումը:  

Վարչական դատարանում ընթացող քննության ժամանակ գրություններից մեկով Հ. Վերանյանը դատարանին հայտնել է, թե Միշա եւ Յաշա Գրիգորյանների պահանջած հողամասը ընդհանուր օգտագործման հողամաս է եւ գտնվում է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի տակ: Այսինքն՝ համայնքի ղեկավարը իրարամերժ բովանդակությամբ երկու փաստաթուղթ է տրամադրել, որոնցից առնվազն մեկը կեղծ տեղեկություն է պարունակում:

Մեկնաբանություններ (1)

Անահիտ
Սակայն մինչեւ լիազորությունների դադարեցման վերջին օրը՝ հոկտեմբերի 19-ը, համայնքապետի պաշտոնն անմնացորդ ծառայեցրեց իր ընտանիքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter