HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գոմեշի միսը հայտնաբերել են այն ուտող զինվորները

ՊՆ-ում մարսե՞լ են գոմեշի միսը

ՊՆ քննչական ծառայության աշխատակից Մերի Սարգսյանը «Հետքին» հայտնեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակում հայտնաբերված գոմեշի մսի գործով նախաքննությունը մոտենում է ավարտին: Քրգրծով կա հինգ մեղադրյալ՝ կապանցի գործարար, «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, ՊԲ կենտրոնական ենթակայության պահեստի (այն զորամասի կարգավիճակ ունի) պետը (փոխգնդապետ), նյութատեխնիկական գծով նրա տեղակալ մայորը եւ այդ զորամասի պահեստարանի պետ ենթասպան, ինչպես նաեւ ՊԲ պարենային ծառայության պետը (փոխգնդապետ): Բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, չնայած գործարարն ու 4 սպաները նախկինում կալանավորված էին:

Հիշեցնենք, որ Օհանջանյանի նկատմամբ գործ է հարուցվել Քր.օր.-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասով («Խարդախությունը (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»), իսկ զինվորականների հանդեպ՝ 376-րդի 2-րդ մասով («Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով»):  

Առաջին եւ հիմնական մեղադրյալ Ա. Օհանջանյանը կալանքի տակ եղած ժամանակ երկու անգամ սրտի կաթված էր տարել: «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ մի որոշ ժամանակով հոսպիտալում է հայտնվել նաեւ ՊԲ պարենային ծառայության պետը, որն այսօր շարունակում է ծառայությունը: Իսկ մյուս 3 զինվորականները, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի տեղեկացմամբ, հեռացվել են բանակի շարքերից:   

ՊԲ-ում «Հետքի» աղբյուրը փոխանցել է, որ գոմեշի միսը հայտնաբերել են հենց իրենք՝ Մարտունի-2 զորամասի զինվորները: Մսի կտորների վրա նրանք նկատել են գոմեշի մսի պիտակներ: Այնուհետեւ պարզվել է, որ 11 տ կշռով տվյալ խմբաքանակի 30 տոկոսի վրայից պիտակները պոկված չեն եղել, ինչն էլ դարձել է տավարի փոխարեն գոմեշի մսի մատակարարման բացահայտման առիթ:

Պաշտպանության բանակը շատ սննդատեսակներ, այդ թվում՝ միս, ստանում է ՊՆ Երեւանի պարենային բազայի պահեստից: Այլ կերպ ասած՝ ՊԲ զինվորականները միայն ընդունող են, սակայն հենց նրանք են այսօր մեղադրվում քրեական հոդվածներով:

«Քրեական գործի նախաքննությունն ավարտական, դատարան ուղարկելուց առաջ ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատման փուլում է»,- մայիսի 18-ին հայտարարել է զինդատախազությունը: Դատելով դրանից՝ նոր մեղադրյալներ գործում չեն ներգրավվի:

«Գլխից պիտի բռնենք, մեծերին»,- ասում էր գերագույն գլխավոր հրամանատարը անցյալ տարի՝ ՀՀ կառավարության սեպտեմբերի 15-ի խորհրդակցության ժամանակ: Ծիծաղելի է. փաստորեն «մեծերն» այս դեպքում երկու փոխգնդապետ, մի մայոր ու ենթասպա եւ մի գործարա՞ր են: Իսկ ի՞նչ եղավ գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը, որը պատասխանատու էր բանակի սպառազինության եւ գնումների համակարգի համար:

Անցյալ տարի նախարար Սեյրան Օհանյանը «Հրապարակ» թերթի հարցին ի պատասխան ասել էր. «Ես քրեական պատասխանատվության համար պատասխանատու չեմ, իսկ մնացածը պաշտպանության նախարարի հրամանով պատժվել են. ծառայողական քննություն է անցկացվել, եւ համապատասխան տույժեր են ստացել, բայց պաշտոնից, բացի Փայտյանից, այլ ազատումներ չեն եղել»:          

Եթե Փայտյանը, ինչպես Սերժ Սարգսյանն է հայտարարել ՊՆ-ում սեպտեմբերի 26-ին անցկացված խորհրդակցության ժամանակ, 200.000 դոլար «պարտք» է վերցրել (նույն Սարգսյանի այլ բնորոշմամբ՝ «ատկատ») մատակարարից եւ ազատվել բարձր պաշտոնից, ինչու՞ է քննչական ծառայությունը բավարարվել նրան ընդամենը իբրեւ վկա լսելով: Բայց մյուս կողմից էլ, մեղմ ասած, թերահավատորեն ես մտածում, որ ՊՆ քննիչները առանց «վերեւների» թույլտվության կարող են հոդված առաջադրել որեւէ գեներալի, եւ ուրեմն ենթադրում ես, որ այդ «դաբրոն» չի եղել: Այսինքն՝ «վերեւները» գոմեշի մսի շուրջ բարձրացած աղմուկից հետո բավարարվել են շտաբի հնաբնակ Փայտյանին գործից ազատելով: Հետո էլ չմոռանանք, որ 2012-ի աշնանը, երբ կառավարությունն ու ՊՆ-ն Սերժ Սարգսյանի քննադատության թիրախ էին դարձել, եւ Սեյրան Օհանյանը խոստանում էր, որ «ամեն մանրուքի վրա ուշադրություն են դարձնելու», հաջորդելու էին 2013-ի փետրվարյան նախագահական ընտրությունները:        

Եվ վերջում. ըստ մեր տեղեկությունների՝ պաշտոնանկ արված գեներալ Փայտյանը կարող է վերադառնալ ՊՆ՝ իբրեւ նախարարի խորհրդական: Երեւի ՊՆ-ում արդեն մարսել են գոմեշի միսը: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Պարզ ճշմարտությունը սա է. Հայկական բանակն այսօր էլ ԴԵՌ բիզնեսմեն-'գեներալների' բիզնես-զոնան է : Իսկ ՀՀ նախագահն ու Պ.նախարարը սրա դեմ ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՉԵՆ անում. կամ չեն կարողանում,կամ չեն ցանկանում:.................................................. ՀԳ.Բայց ջանք ու եռանդ չեն խնայում Արտակ Բուդաղյանին «հանցանք» կպցնելու համար. ԿԼԱՆԻՆ ազնիվ հրամանատարներ պետք չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter