HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

369,600 դրամանոց ՀԴՄ. ՊՈԱԿ-ի տնօրենը գաղտնի է պահում սարքի ներկրման գինը

2012թ. հոկտեմբերի 18-ին կառավարությունը որոշում ընդունեց, որ տնտեսվարող սուբյեկտները 2013թ. հունվարի 1-ից պետք է ունենան նոր չափանիշների համապատասխանող ՀԴՄ-ներ: Հաջորդ ամիս՝ նոյեմբերի 8-ին, կառավարությունը որոշեց, որ ստեղծվելու է «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը, որն էլ զբաղվելու է այդ ՀԴՄ-ների ձեռքբերմամբ և վաճառքով: Թե նոր ՀԴՄ-ները որքան էին արժենալու, վերոնշյալ որոշումներից ոչ մեկում չէր նշվում:

Որոշման իրականացումը հետաձգվեց: Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ նոր ՀԴՄ-ները դեռևս ներդրված չէին, փոխարենը Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) վերջերս հայտարարեց, որ 500 միլիոն դրամ և ավելի իրացման շահույթ ունեցող տնտեսվարող սուբյեկտները մինչև հուլիսի 1-ը պետք է ձեռք բերեն «նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաներ»: Իսկ թե որքան են արժենալու նոր ՀԴՄ-ները, խոշոր հարկատուներին հայտնի դարձավ ձեռքբերման վերջնաժամկետից՝ հուլիսի 1-ից միայն երեք օր առաջ՝ կառավարության հունիսի 27-ի «Թույլտվություն տալու մասին» որոշմամբ, որով էլ «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին թույլ տրվեց խոշոր հարկատուներին վաճառել ՀԴՄ-ները 369,600 դրամով:

Այս օրերին խոշոր հարկատու ընկերություններից մեկի աշխատակիցը՝ Հարություն Սաֆարյանը, զանգեց մեր խմբագրություն և ասաց, որ իրենք դեռ 2012թ.-ից տեղյակ էին, որ նոր ՀԴՄ-ներ պետք է ձեռք բերեն, բայց սարքի գնի մասին խոսակցություններն այս ընթացքում հասել են մինչև 170-180 հազար, և իրենք զարմացել են, որ այդքան շատ պետք է վճարեն:

Այս ընկերությունն ունի 29 մասնաճյուղ, նույնքան թվով ՀԴՄ են ձեռք բերել` մոտ 11 միլիոն դրամի: Հարություն Սաֆարյանի խոսքով` դա իրենց ընկերության համար չնախատեսված ծախս էր:

«Ինչպե՞ս է գոյացել այդ ՀԴՄ-ի գինը: Եթե կառավարությունն ուզում է բիզնես միջավայր ստեղծել, ինչո՞ւ է այդքան թանկ վաճառում շարքային ՀԴՄ-ն: Եվ հետո, խոշոր հարկատուն ընկել է անհավասար պայմանների մեջ միջին հարկատուի հետ: Ո՞նց է որոշվում խոշոր հարկատուն: Այսինքն` եթե 499 միլիոն դրամ ես վճարում, դեռ խոշոր հարկատու չես, հենց 500 միլիոն ես վճարում, արդեն խոշո՞ր ես»,- ասաց Հ. Սաֆարյանը:

Կառավարության որոշմամբ՝ նոր ՀԴՄ պետք է ձեռք բերեն «ամսական ավելացված արժեքի հարկ վճարողները»: Այսինքն՝ այժմ նոր ՀԴՄ-ները պետք է պարտադրվեին բոլոր` ոչ միայն խոշոր հարկատուներին: Հարություն Սաֆարյանի կարծիքով` դա չի արվել, որպեսզի ընդդիմության մեծ ալիք չբարձրանա: «Լավ կլիներ` միանգամից անեին, ավելի մեծ կլիներ ընդդիմությունը: Ընկերությունների մեծ մասը պարզապես կփակվեին, որովհետև այս ՀԴՄ-ի գնի չափով հասույթ նրանք չունեն»,- ասում է նա:

Նոր ՀԴՄ-ի գնի վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան` ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ սարքը խոշոր հարկատուներին վաճառվել է թանկ գնով` հետագայում ՓՄՁ սուբյեկտների կողմից ձեռք բերվելիք ՀԴՄ-ի արժեքի մասնակի փոխհատուցման համար: Պատասխանում նշվում է, որ սարքի գինը` ներառյալ ծրա­գրա­յին ապահովման, ինչպես նաև ՊՈԱԿ-ի պահպանման տարեկան ծախսերը, կազմում է 203 հազար դրամ:  Թե որքան է ՀԴՄ-ի ներմուծման արժեքը առանց ծրագրային ապահովման, պատասխանում չեն նշել:

Նշենք, որ «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի ստեղծման մասին կառավարության որոշման մեջ նախատեսված չէ, որ դրա պահպանման ծախսերը հոգալու են խոշոր հարկատուները: Իսկ ինչ վերաբերում է ՀԴՄ-ների ծրագրային ապահովման գնին, ապա մեզ հետ զրույցում ՀԴՄ վաճառող և սպասարկում իրականացնող ընկերությունները նույնիսկ նշում են, որ իրենց գործունեության ընթացքում ծրագրերն անվճար են տրամադրել ՀԴՄ գնորդներին: «Գուցե էնպիսի ծրագիր են գրել, որ ընդհանուր այդքան արժի, չգիտեմ, բայց մենք ծրագրերի վաճառքով էլ ենք զբաղվել ու երբ ծրագրեր էինք գրում, ՀԴՄ-ի գինը ներառում էր այդ ծրագրի արժեքը»,- ասաց «Վառնա Տրեյդ» ընկերության վաճառքի գծով տնօրեն Արա Վահանյանը: Նա նոր ՀԴՄ-ները գնահատեց մոտ երկու հարյուր դոլար: «Մենք ոչ միայն ծրագրի համար լրացուցիչ գումար չենք վերցրել, այլև պետության պահանջներին համապատասխան` չորս անգամ էլ նոր ծրագիր ենք գրել», - ավելացրեց Ա.Վահանյանը: «Վառնա Տրեյդի» վաճառած ամենաթանկ ՀԴՄ-ն մինչև հիմա ութսուն հազար դրամ է եղել:

Թե ինչու ՀԴՄ-ների ձեռք բերման համար չի հայտարարվել մրցույթ և չի առաջարկվել նվազագույն գին, ՊԵԿ-ը պատճառաբանում է, որ կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող մեքենաների ձեռքբերումը հնարավոր չէր օրենքով սահմանված ժամկետում իրականացնել մրցութային կարգով: Նշենք, որ կառավարությունը նոր ՀԴՄ-ների վերաբերյալ որոշումը կայացրել է 2012թ. հոկտեմբերի 18-ին, իսկ ՀԴՄ-ները ներդրվել են 2013թ. հուլիսին: Այսինքն` որոշումն իրականացվել է դրա ընդունումից մոտ ութ ամիս հետո: Եվ այս դեպքում է ՊԵԿ-ը մեզ պատասխանել, որ մրցույթ հայտարարելու համար ժամկետները բավարար չէին:

ՀԴՄ վաճառող և սպասարկող ընկերությունները մեզ հետ զրույցում նշում են, որ նոր ՀԴՄ-ների` 2012թ. հոկտեմբերի 18-ի որոշմամբ սահմանած չափանիշները ոչ այնքան սարքի, որքան դրա ծրագրային ապահովման կամ նախկին ՀԴՄ-ներին լրացուցիչ սարքավորումներ ավելացնելու խնդիր է: Օրինակ` կառավարությունը սահմանել է, որ նոր ՀԴՄ-ները պետք է ունենան «256 MB. հիմնական հիշողություն և մինչև 32 GB. լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն»: ՀԴՄ վաճառող և սպասարկող «Վառնա Տրեյդ» և «Էլլոդի» ՍՊԸ-ների ներկայացուցիչները նշում են, որ այդ հնարավորությունը ապահովելու համար անհրաժեշտ է նախկին սարքին ընդամենը լրացուցիչ սարքավորում ավելացնել և ոչ թե ձեռք բերել նոր ՀԴՄ:

Խոշոր հարկատուներին ՀԴՄ-ները վաճառելուց հետո «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը ընկերությունների ներկայացուցիչների համար կազմակերպել է դասընթաց` սարքի ծրագրին ծանոթացնելու նպատակով: Սակայն ՀԴՄ-ի 369,600 դրամը չի ներառել հարկատուների` դասընթացի մասնակցության վճարը: Ընկերություններից յուրաքանչյուրը ՊՈԱԿ-ին վճարել է 12 000 դրամ:

Թե ինչպես է «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը զբաղվում առևտրային գործունեությամբ, ՊԵԿ-ից պատասխանել են՝ մեջբերելով ՊՈԱԿ-ների մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, համաձայն որի՝ «Պետական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում եւ գործունեության տեսակներով»:

Նույն հոդվածի երրորդ կետը սահմանում է,  որ ՊՈԱԿ-ին «Ենթաօրենսդրական ակտերով չեն կարող տրվել այնպիսի իրավունքներ կամ արտոնություններ, որոնց հետեւանքով այն կարող է ապրանքային շուկայում գերիշխող դիրք գրավել կամ խախտել տնտեսական մրցակցության մասին օրենսդրության այլ պահանջները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»: 

«ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում գերիշխող դիրք է գրավել ապրանքային շուկայում: ՊՈԱԿ-ի գործունեության պատճառով ՀԴՄ վաճառող և սպասարկող բոլոր ընկերությունները փակվում են, իսկ խոշոր հարկատուներն այլընտրանք չունեն. նրանք, կառավարության որոշմամբ, պարտադրված են ձեռք բերել 369 հազար դրամանոց ՀԴՄ-ն: Մինչև 2015թ.-ը նոր ՀԴՄ-ները պարտադրվելու են բոլոր տնտեսվարող սուբյեկտներին:

ՀԴՄ վաճառող ընկերություններից մի քանիսը չցանկացան իրենց անունից ներկայանալ. նրանք նշեցին, որ փոխելու են գործունեության տեսակը, այլ բիզնեսով են զբաղվելու և չեն ուզում հարկային ծառայության հետ խնդիրներ ունենալ: «Վառնա Տրեյդ»-ը պարզապես փակվելու է. վաճառքի գծով տնօրեն Արա Վահանյանի խոսքով` ընկերությունն ունի 30 աշխատող: «Փակվելու է նաև «Էլլոդի» ՍՊԸ-ն»,- ասաց ընկերության տնօրեն Կարեն Տոնապետյանը: Նա նոր ՀԴՄ-ների գնի վերաբերյալ կարծիք չհայտնեց, ասաց, որ չի տեսել սարքը, բայց ավելացրեց, որ իրենց վաճառած ամենաթանկ ՀԴՄ-ն մինչև հիմա 75 հազար դրամ է եղել:

Թայվանական արտադրության «Mitac MS2351» մոդելի ՀԴՄ-ն էլեկտրոնային վաճառքի խանութներում հնարավոր չեղավ գտնել: Այս մոդելի հսկիչ դրամարկղային մեքենայի մասին տեղեկություն չկա նաև ընկերության՝ «Mitac International Technology Corporation»-ի պաշտոնական կայքում: Փորձեցինք ճշտել նույն պարամետրերն ունեցող թայվանական արտադրության ՀԴՄ-ների գինը էլեկտրոնային խանութներում: Դրանք սկսվում են 115 դոլարից և հասնում առավելագույնը 400 դոլարի (մոտ 165 հազար դրամ):

«ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի (լիազոր մարմին` ՊԵԿ) տնօրեն Գագիկ Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նոր ՀԴՄ-ներն իրենք են ներկրում: Նա հրաժարվեց պատասխանել, թե ինչպես է գոյացել ՀԴՄ-ի 369,600 դրամ արժեքը` ասելով, որ սարքի վաճառքի գինը որոշել է կառավարությունը, և «որոշման մեջ ամեն ինչ պարզ գրված է»: Այն հարցին, թե ինչ գնով է ՊՈԱԿ-ը ներկրել սարքը, տնօրենը պատասխանեց, թե դա գաղտնիք է: Ասացինք, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը պետք է բաց լինի, և մենք չենք զանգահարել մասնավոր ընկերություն: Գ. Մուրադյանը պատասխանեց, որ չգիտի` ինչքան է սարքի ներկրման արժեքը: Թե ինչպես տեղյակ չէ գնից, եթե ներկրողն ինքն է, տնօրենը պատասխանեց. «Եթե նույնիսկ տեղեկություն էլ ունեմ, իհարկե չեմ ասի, ուզում եք` ձայնագրեք, ուզում եք` ոչ: Դա ես չեմ կարող ասել»:

Լուսանկարը` www.taxservice.am-ի

Մեկնաբանություններ (3)

ggfhfghgf
Շատ էլ լավ երկիրա պրոստո տեր կանգնող չկա, սաղիս վախնել բռնածա, գործարան չկա մարդ աշխատի, զատե ՀԴՄ կա 369600 ՀՀ դրամով, ինքնել ՀՀ դրամով,
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վայ, մարդ արդեն չի հասկանում. Հայաստանը մաֆի՞ա է կառավարում, թե՞ օրինական կառավարություն : Էհ,ի՞նչ կա չհասկանալու. մի ԲԼԵՖԱՅԻՆ «ՊՈԱԿ» են ձևակերպել,որի միջոցով դրսից էժան ՀԴՄ-ներ են ներկրում ու ԹԱՆԿ վաճառում մարդկանց/բիզնեսներին: ԿԼԱՆԸ ,օգտագործելով ՊԵՏԱԿԱՆ ռեսուրսը, ՓՈՂ է շփում: Այն տպավորությունն ես ստանում,որ Հայաստանի «կառավարությունը» ԱՄԵՆ ԻՆՉ անում է,որ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը տապալվի: Իսկապես որ էդ երիտ-հայ «նժդեհականները»:
Ettentcchi
Դե տեսնում են երկրում մարդ չի մնացել, փող աշխատելու նոր ձևեր են մշակում: Ես իշխանությունները հո երկիր չեն կառավարում, փող են աշխատում ժողովրդի հաշվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter