HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ՍԱՊԾ-ի արգելած «Արզնի տոհմային ԹՏԽ»-ի արտադրատեսակները դեռ վաճառքում են

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետի 2013 թ. հուլիսի 23-ի թիվ 433-Ա հրամանի հիման վրա «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության: Արտադրատեսակները ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին տարբեր ցուցանիշերով չեն բավարարել, ինչից հետո 2013թ. օգոստոսի 8-ի որոշմամբ արգելվել է դրանց վաճառքը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:

Մինչդեռ այսօր դրանք դեռևս վաճառվում են Էջմիածնի խանութներում: Այսօր մենք շրջեցինք քաղաքի մոտ 15 մթերային խանութներով, որոնցից և ոչ մեկում տեղյակ չէին կաթնամթերքի վաճառքի արգելքի մասին: Ավելին, մի քանի խանութում հենց նոր էին ստացել կաթնամթերք` 13.08/07.09 ժամկետով: Խանութներից մեկում հենց մեր այցելության պահին եկավ «ԱՐԶՆԻ» կաթնամթերքի առաքիչը` բերելով թթվասեր և կաթ: Նա հայտնեց, որ տեղյակ չէ որոշման մասին, և փորձեց կապվել «շեֆի» հետ: Վերջինս, սակայն, ժողովի էր և հանձնարարեց, որ հետ տանեն ապրանքը, մինչև «պարզեն խնդիրը»:

 

Այսպիսով, այցելած 15 խանութից 5-ում դեռևս վաճառվում էին «Արզնի տոհմային ԹՏԽ»-ի որոշ արգելված արտադրատեսակներ (հիմնականում թթվասեր): Այդ խանութներում վաճառողները զարմանում էին. «Ախր ես ինչպե՞ս իմանամ, ո՞վ պետք ա ինձ ասեր… Բա ինչպե՞ս իմանամ, որ արդեն կարելի ա վաճառել…»: Առաքիչը, պարզ է, պարտավոր չէր տեղեկացնել այդ մասին, ուստի փորձեցինք կապվել ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության հետ: Նրանց է ուղարկվել հարցում` կցված համապատասխան լուսանկարներով:

Հարցումով մասնավորապես պահանջվում է պարզաբանել.

  1. Ո՞վ և ինչպե՞ս պետք է տեղեկացներ այդ մասին, և ինչո՞ւ դա պատշաճ կերպով չի արվել, եթե ամսի 14.08-ի դրությամբ Էջմիածնում խանութները դեռ նոր ապրանք (թթվասեր, կաթ) էին ստանում 13.08/07.09 ժամկետով:
    2. Ի՞նչ պատիժ/զգուշացում է լինելու «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ին ՀՀ ԳՆ որոշումը անտեսելու համար, իսկ խանութներին` վաճառքի հանելու:

Տվյալ հարցմանը նրանք խոստացան վաղն անպայման պատասխանել, ինչպես նաև ձևակերպեցին բողոք խնդրի առնչությամբ:

Սա ՀՀ քաղաքացիների առողջությանը սպառնացող խնդիր է, այս հարցում թերացումներն աններելի են և կարող են հանգեցնել վատ հետևանքների:

-Ի՞նչ, հիմա Արզնի միայն հանգստանալու՞,- ժպտալով հարցնում է հաճախորդը:

- Ոչ, նաև կաթնամթերք` խախտումների վերացումից հետո: 

Հ.Գ. Մեր այցելած բոլոր խանութներում, անկախ արտադրատեսակի առկայությունից, զգուշացվել է այդ որոշման և արդեն ստացված ապրանքի հետկանչի իրավունքի մասին: Արգելված բոլոր արտադրատեսակները մեր ներկայությամբ հանվել են վաճառքից:

Տաթև Խաչատրյան

Մեկնաբանություններ (1)

shushanik
ընկերության փոխտնօրեն` Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ վերը նշված արտադրատեսակները ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ-ի փորձարկման լաբորատորիայում E-01-Q-0013-2011 ենթարկվեցին արտադրանքի նմուշների փորձարկման: Եզրակացությունը`նմ.1-7-ի փորձարկման արդյունքները համապատասխանում են ՀՀ Կառ. Որոշում 1925 –Ն աղ.4,կ.կ.4.1,4.6,4.8,4.10,4.15 –ի պահանջներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter