HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Տանկիստ չկար, տանկը պայթեցնում էինք»

Չէր ուզում պատմել. «Հա, պատմես, բայց ընկերոջդ մասին, ոչ թե քո...»

Չէր ուզում` իր մասին նյութ տպագրվեր. «Հասկանում ես` եթե գնացել ես, կռիվներին մասնակցել ես, չպիտի գաս, տժվժիկ սարքես...»

Oրերը, երբ բազմաթիվ ջոկատներ էին ստեղծվում ու մեկնում ռազմադաշտ

«Էդ ջոկատների իննսուն տոկոսը միայն թալանելով էր զբաղված, մեքենաներ գողանալով, սրան-նրան վախեցնելով: Մենք նրանց անվանում էինք «ասֆալտի ֆիդայիներ», որովհետև բացի ասֆալտից ուրիշ տեղ չէին գնում (ծիծաղում է)»,-պատմում է Կարեն Մարտիրոսյանը: Նա կարող էր հայտնվել այդպիսի ջոկատում, որովհետև նախապես չգիտեր, թե ովքեր են լինելու զինակից ընկերները, բայց, ասում է, բախտը բերեց ու մտավ Շուշիի հատուկ նշանակության առանձնակի գումարտակ... Բացատրելու համար, թե ինչու «բախտը բերեց», ասաց հրամանատարի անունը` Ժիրայր Սեֆիլյան: «Մեր Ժիրոն...- պատմում է,-  հավ  էինք գողացել կերել էդ օրը: Ու... ժողովուրդը  բողոքել էր Ժիրոյին: Ի~նչ դրեց գլխներիս էդ օրը: Մի հավի պատճառով մի ամբողջ գումարտակ երկու օր պատժվեց: Բա որ հանկարծ տեսներ` թուրքի դիակի վրայից մատանի, ժամացույց ենք հանում... Տեղում կգնդակահարեր: Ուզում եմ ասել` եթե հրամանատարդ առաքինի է, գումարտակի ներսում ընկերների միջև վատ հարաբերություններ չեն կարող լինել»...

Մինչև պատերազմն էլ, ասում է, լավ ընկերներ ուներ, միասին խմբակ էին բացել ու խմբի տղաներով ամեն ապրիլի 23-ին թռուցիկներ էին տարածել` «Լավագույն թուրքը մեռած թուրքն է»... Մի տարի էլ նույն բովանդակությամբ թռուցիկը դարձրել են երեսուն մետրանոց պաստառ ու փակցվել էր Երևանի` Նար-Դոսի անվան դպրոցի պատին: «Արտակարգ իրավիճակի» մնացած մասը բարձր տրամադրությամբ պատմում է Կարենը. «Դե սովետի ժամանակ ո՞վ էր նման բան տեսել, հրշեջ մեքենաներ բերեցին, թուղթը թրջեցին, որ մաքրվի. ուրիշ ձևով հնարավոր չէր»...

Պատերազմը, որ սփյուռքը հասցրեց Հայաստան 

Կարենը զարմանում է, երբ ասում են, թե մեր տղաները պատերազմի ժամանակ իրար հետևից զոհվեցին. «Համենայն դեպս մեր ջոկատից քչերը ընկան. երևի պատճառն այն էր, որ փորձառու էինք. մեզ մարզում էր ամերիկահայ Կարո Քեբաբջյանի  Հայ սև գոտիների միությունը»: Ազատամարտիկը հիշում է, թե որքան մանրամասն էին ջոկատին մարզում արտասահմանից եկած հայրենակիցները: Քողարկում է կոչվում այն գործողությունների շարքը, որոնց մասին  ինձ մի քիչ  պատմեց Կարենը. «Շրթներկի նման, բայց երկկողմանի մի իր կար, մի կողմը` մուգ, մյուս կողմը բաց կանաչ գույներով. քսում էինք դեմքներիս, որ խոտերի մեջ անտեսանելի լինենք... Կամ, օրինակ, եթե շորիդ վրա փայլուն կոճակ լինի, արևից  փայլի, հաստատ խփելու են, պիտի արագ ցեխ սարքես, քսես վրան... Ժամացույց չպիտի ունենաս, լապտեր, ծխախոտ»...

Պատերազմը, որ  բացի ազատագրված տարածքներից Կարենին տվեց ընկերներ 

Թալինում զինվորական պարապմունքների առաջին օրերն են: Ապագա ազատամարտիկները նստել են ճաշի: Կարենը դեռ չգիտի, որ կողքին նստած լիբանանահայ Գոքոն իրենց հրամանատարն է լինելու. «Ձեռքս երկարացրի, որ վարունգ վերցնեմ, մեկ էլ տեսնեմ ` դեմս դրած ամանով ճաշը չկա. Գոքոն էր տարել, թարս-թարս նայում, մտածում եմ` չէ՞ր կարողանում համբերեր` իրանը  բերեին»: Կարենը ծիծաղելով գրեթե բեմականացրեց  իր ու Գոքոյի միջև  սեղանի շուրջ եղած երկխոսությունը. «Ճաշս ուտում է, ինձ էլ առաջարկում է միանալ իրեն, ասում եմ.

-Չէ’, չեմ ուզում...

- Ուրեմն,- նեղանում է, - կզզվի’ս...

-Չեմ զզվում, չէ’, կե’ր...

-Չես զզվի`  դե կե’ր, ուրեմն կզզվի'ս»:

Ու քանի որ Կարենը ընկերոջից «կզզվի», Գոքորը նրան, որպես պատիժ, մի ամբողջ ցուրտ գիշեր կանգնեցնում է դրոշի պահակ...

«Էլի մարզումների առաջին օրերն էին,-  հիշում է,- անձրևոտ օր է, մեզ էլ էնքա~ն են վազեցնում: Դե թալինցիք վազում են, գյուղի տղերք են, էլի, ուժեղ են, ես` Երևանից, տրոլեյբուս նստել, էկել եմ. էնքան եմ հոգնել: Մեկ էլ զգում եմ, որ ուսապարկս թեթևացավ: Պտտվեցի , տեսնեմ` մեր տղերքից մեկը ձեռքը դրել է ուսապարկիս տակ, որ հեշտ վազեմ, ծանր չլինի»: Մի քիչ լռեց Կարենը. կարծես պատմել էր, բայց մտքում ընկերոջ գործողությունը դեռ չէր ավարտվել, դեռ նրան էր տեսնում. հետո ասաց`  «բա»… ու շարունակեցինք զրույցը:

Տեղափոխվեցինք այն օրը, երբ զինվորները սովորում են լռել, ու, ասում է, մարզումների ժամանակ ձայն չհանելը վազելուց էլ դժվար է. «Բայց թե պիտի սովորեինք, գնում, թշնամու թիկունքն ես շրջանցում. մի հատ ձայն հանես, քո պատճառով ամեն ինչ ջուրը կընկնի: Հենց խոսում ենք, պատժում են, նորից են վազեցնում, մի բառ` նորից... »: Որոշում են, որ վերջ, հաստատ էլ ոչ ոք չի խոսելու: Երկար ժամանակ լուռ վազել են, կարծում են` հիմա-հիմա հրմանատարները իրենց հանգիստ կտան, մեկ էլ. «Վաթսուն տարեկան մի մարդ կար Թալինից, կամավոր էր, ոտքը սայթաքեց, ընկավ սուր փշերի վրա, ասաց` ա~խ, ու մեր հրամանատարը նորից` վազքով մա~րշ: Հիմա խեղճ մարդը բացատրում է, որ փշի վրա ընկավ. ո՞նց սուս մնար»: Թեև  պապիկը մեղավոր էր հոգնեցուցիչ վազքը վերսկսելու համար, բայց երիտասարդներից ոչ ոք, ասում է, նաև ինքը  չեն դժգոհել: Փոխարենը հիացել էին, պատմում է, թե այդ տարիքում թալինցին «ի~նչ էլ լավ դիմանում է» ...

Երբ արդեն Արցախում էին` Մարտունիում, երբ արդեն սկսվել էր պատերազմը, և փորձնական մարզումները փոխարինվել էին իսկական փոխհրաձգությամբ, Կարենը ավելի լավ պատկերացրեց, թե ինչ է ընկերությունը: Իրենից հաղթանդամ մի ըկեր ուներ, ու երբ սկսվում էին փոխադարձ կրակոցները հրթիռներից. «Ինձ բրդում , գցում էր, պառկում էր վրես... Այսինքն` ես իմ կաշվի վրա զգացել եմ, թե ինչ է ընկերությունը, իմ կաշվի վրա, մեջքիս վրա զգացել եմ ընկերոջս ծանրությունը: Հետո, որ խաղաղվում էր, գնում , կռիվ էի անում, ասում էի` ինչի վրես պառկեցիր, ասում էր` ա~յ մարդ ես որտեղ ուզում եմ ` պառկեմ, գալիս ես, ըտեղ ես պառկում»:

Օրվա ընթացքում զինվորների համար առաջին ուրախությունը կենդանի մնալն էր, երկրորդը` երեք տուփ պահածո ստանալը: Երեքից երկուսը ճաշեր էին, մեկը` խտացրած կաթ: «Սաքոն խտացրած կաթ շատ էր սիրում: Էրեխա էր Սաքոն, տասնութ տարեկան էր. ճաշերը թողում էր, մենակ խտացրած կաթն էր ուտում»,- պատմում է Կարենը: Ու չնայած Կարենն էլ էր «էրեխա», բայց երկու տարով մեծի հոգատարությամբ Սաքոյին տալիս էր նաև իր խտացրած կաթը, որ ընկերը քաղցած չկռվի... Եթե  Սաքոն  իր նման դաշնակցական չլիներ, դարձյալ չէր զրկվի խտացրած կաթից. «Մեր գումարտակում բոլորս դաշնակցականներ էինք, չէ, բայց Մարտունիում մեզ կցել էին Մոնթեի ջոկատին, որովհետև, հասկանո՞ւմ ես,  կռվի ժամանակ դաշնակ, հնչակ, էդպիսի բաներ չկային, բոլորս ընկերներ էինք, բոլորս հավասար էինք»: Պատմում է, որ դա մի անգամ ապացուցեց Շուշիի գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղևոնդյանը. շտապօգնության վարորդը վախենում էր գնալ` վիրավորված զինվորին ականապատված դաշտից բերելու. «Պետոն  վարորդին իջեցրեց, ինքը գնաց, փոխհրամանատար մարդ, բայց գնաց  զինվորին փրկելու, ու ականի վրա պայթեց... Էս տեսակ էր մեր ընկերությունը, ես չեմ տեսել, որ Պետոն հրաման տար, ասելու ձևը էնքան լավն էր, էնքան ճիշտ, որ դու չուզենայիր էլ, կանեիր»...

Կարենը չմոռացավ պատմել կանանց ընկերության մասին: Մյուրիշեն գյուղում էին: Մի շինությունում էին մնում, որ կտուր չուներ, քանդվել էր: Էլ չանդրադարձավ քանդված կտուրի անհարմարությանը, որովհետև այդ բացը ծածկում էր գյուղապետ Ագոյի կնոջ բարությունը. «Պատկերացնում ես, հարյուր քսան հոգի էինք, ու էդքանիս համար ամեն օր, լավ եմ հիշում, ամեն օր հաց էր թխում: Մեղքս գալիս էր, շատ լավ կին էր »:

Պատերազմը, երբ մարդուն տեսնում ես ոչ միայն մահացած, այլև մահանալիս

«Աղդամի ուղղությամբ օպերացիայի ժամանակ տեղացիներից ուղեկցողներ ունեինք, «վալադներ» էինք ասում: Մի ջահել տղայի էին հատկացրել մեր ջոկատին, որ լինի մեր ուղեկցողը»,- պատմում է Կարենը: Կրակոցներ չկային, զգույշ առաջ էին շարժվում, պետք է բարձրանային դիմացի սարը` հակառակորդի համար ծուղակ դնելու, առջևից գնում էր «ջահել վալադը»: Կարենն երկար էր պամում, մանրամասն, կարծես ուզում էր խոսքով, որքան հնարավոր է, երկարացնել այդ տղայի կյանքը:  «Էդպես գնում էինք…Գիտես երևի, ուղեկցողն ինչ անում է, դու էլ պիտի անես, զգուշանալու համար կանգնում է, դու էլ պիտի կանգնես, սողալով է գնում, ուրեմն ավելի մեծ վտանգ կա, դու էլ պիտի պառկես…Էդպես…Խոսել չկա, ամեն ինչ` ժեստերով»: «Հետո էս ուղեկցողը ծունկը դրեց գետնին, թեքվեց կողքի ու պառկեց, մենք էլ նույնը արեցինք,- ազատամարտիկը առաջին անգամ էր մարդուն մահանալիս տեսնում,- հինգ րոպե է արդեն` չի շարժվում: Հետախույզներից մեկը սողալով մոտեցավ նրան ու մեզ նշան արեց, որ... մեռած է: Ո՞նց մեռած է… Շատ հեռվից կրակած, այսինքն ` ոչ նշանառու գնդակ էր էկել, ուղիղ սրտին էր կպել»… Առաջին անգամն էր, ասում է Կարենը, սառել էր, հետո, իհարկե, սովորեց աչքի առաջ ընկերներ կորցնելուն:

Պատերազմը, որ սխալներ չի հանդուրժում

Երբ որ մահացած ուղեկցողին տարան թաղելու, ամբողջ գյուղը հավաքվել էր. «Պիտի թաղեինք առանց ձայնի , առանց լացելու, առանց երաժշտության, որովհետև թշնամին կիմանար, որ հարյուր հոգի մի տեղ է հավաքվել, ու հաստատ էդտեղ ռումբ կգցեր»: Երբ որ Եռաբլուրում են թաղում զինվորին, համազարկ են տալիս. դա ընդունված է: Զինվորներից մեկը մոռացել էր, որ ինքը Եռաբլուրում չէ. «Արարատ էր անունը, դմբո-դմբո համազարկ տվեց, Էդ ուղղությամբ սկսեցին ռումբ գցել, մի հատ տուն սկսեց վառվել, վազեցինք, սկսեցինք կրակը հանգցնել, որովհետև եթե ծուխը բարձրանար, կիմացվեր, որ տարածքը բնակավայր է , ու ավելի շատ ռումբեր կգցեին: Լավ էր, Էժան պրծանք. զոհեր, վիրավորներ չկային: Ուզում եմ ասել, որ պատերազմի ժամանակ մարդիկ ավելի շատ սխալներից են զոհվում»:

Պատերազմը, որ մի քիչ առևտրի նման է 

Գրավել էին թուրքական դիրքերը: Ամբողջ օրն անձրև էր եկել , ու թշնամու խրամատի մեջ թուրք վիրավոր զինվորը թրջվել էր. «Ջահել տղա էր, արդեն խռխռում էր, տղերքից մեկը ասեց` խփենք`հանգստանա»: Եթե մի քիչ էլ հույս ունենային, որ թուրքը կապրի, ասում է, հաստատ առաջին օգնություն ցույց  կտային, բժիշկները կտանեին, կբուժեին, որովհետև դա իրենց օգտին է. «Գերիներին փոխանակում էինք իրենց մոտ գերի ընկած մեր զինվորների հետ»: Բայց փոխանակվում էին ոչ միայն կենդանի գերիները, այլև դիակները, օրինակ` զենքի հետ. « Հա... Մի’ զարմացի...Ոնց որ առևտուր, իրենք էլ էին նույնը անում, բա էն ժամանակ զենք չկար: Առաջին անգամ, որ Երասխավան գնացի, որսորդական հրացան էր ձեռքիս. հիսուն մետրից էն կողմ չէր կրակում, գիտեինք, չէ,  թուրքերը երկու հարյուր մետրից էն կողմ են , բայց ստից կրակում էինք, մեզ հույս էինք տալիս, չկար, զենք չկար, կապ չկար, շրջիկ ընկերներ կային, որ վազում էին էստեղ-էնտեղ»...

                                                                      ****

Կարենը չի հասցրել բարձրագույն կրթություն ստանալ, որովհետև դպրոցն ավարտելուց հետո բանակ է գնացել. «Երբ եկա, իմաստ չուներ սովորելը. չգիտեինք` էս երկիրը մերն է լինելու, թե չէ: Տարիներս թռան, հետո էլ չմտածեցի սովորելու մասին»: Պատմություն է ուսումնասիրել, կիթառի նվագակցությամբ երգեր է կատարում, բայց այդ ամենը սովորել է  մինչև 1993 թիվը. դրանից հետո կանտուզիա է տարել, նախկին երգերը բառ առ բառ հիշում է, բայց նոր բան դժվարությամբ է սովորում. «Եթե դու հիմա դուրս գնաս, հարցնեն` ինչ գույնի շոր էիր հագել, չեմ հիշի... Մի քիչ ցրվածություն կա: Դե հիմա, էդ ամենը անհետևանք չէր էլ անցնի»,- հանգիստ ասում է նա:

Եթե նորից պատերազմ սկսվի, Կարենն էլի կմասնակցի. «Մի քսան հոգու էլ կարող եմ վարժեցնել: Մեր ժամանակ էդ քսանը անփորձ էին գնում: Դե պատկերացրո’ւ, տանկիստ չունեինք ու տանկը պայթեցնում էինք: Չէ, հիմա ավելի լավ վիճակում ենք»...

Մեկնաբանություններ (2)

Եսայան Գոռ
Իսկական ՀԱՅ, լավ ընկեր, մարդ, որից մեր մատաղ սերունդը պետք է օրինակ վերցնի, նման տղերքի կարիք միշտ էլ ՀԱՅ ժողովուրդը ունի: Կարեն ջան պինդ կաց, եղբայր լավ է լինելու:
ARPINE GYURJINYAN
UXAKI CHEM KAROX AYS PAHIN INDZ ZSPEL EV CHGREL...... HETAQRQIRN AYN E YURAQANCHYUR MARD ANKAX TARIQIC U SERIC OV 10 ROPE ANGAM NSTUM E EV LSUM AYS PATMUTYUNNER@ @NKERNERI U PATERAZMI MASIN... KOROVOV U YURAHATUK KAMQI UJI DZERQBERUMOV PATRASTAKAM E LINUM PATERAZMI..... (ASTVAC CHANI IHARKE)... ES INQS AYN ERJANIKNERIC EM OV DZMRAN@,XARUYKI KOXQIN VAYELEL E KARENI ERG@ HAMATEX GITAROV.....( MI XUMB ERITASART ERGICH-ERGCHUHINERI HET GNACEL EINQ ZANGELAN) . HPART KLINEM LSEL VOR DER CNVELU EN NMANNER@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter