HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինչ-որ ուժերի խնդիրը Հայաստանին ընտրությունից զրկելն է»

Այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը կազմակերպել էին քննարկում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

 ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ երբ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը բացատրում են անվտանգության խնդրով, և երբ ասում են, թե տարածաշրջանում կա ուժերի բալանս, ապա առնվազն պետք է գիտակցել, որ պետք է պահպանել այդ բալանսը:

«Այնպես չէր, որ բոլորս վստահ էինք, որ նախագահը հայտարարելու է այն, ինչ որ հայտարարեց՝ միանալու Մաքսային միությանը: Գիտակցում էինք, որ կան ճնշումներ, գիտակցում էինք, որ ճանապարհը հեշտ չէր: Միգուցե լիներ մի գաղափար, որտեղ Վիլնյուսում կարող է չստորագրեինք, բայց միացում Մաքսային միությանը՝ մի բանի, որը լիակատար հակասում է Սահմանադրությանը, այդ տեսակի գաղափար ոչ մեկ չէր սպասում, ինձ թվում է՝ նույնիսկ նախագահն էլ  չէր սպասում»,- ասաց Թ. Պողոսյանը:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ նշեց, որ թեև վալսը պարում են երկուսով, բայց ստեղծված իրավիճակում այն կարող են պարել 20-ով: «Հենց հիմա, այս րոպեներին Ֆյուլեն Երևանում է, ակնհայտ է, որ ինչ-որ բան կատարվում է: Նույն չինովնիկներն անում են տարբեր հայտարարություններ: Տեսնենք, թե ինչպես է արձագանքում Եվրոպան: «Եվ... և»-ի և «կամ... կամ»-ի պատմությունը դեռ չի վերջացել, կոմպլեմենտարիզմը դեռ չի ավարտվել»,-նշեց Ալ. Իսկանդարյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով Մաքսային միության տնտեսական հնարավորություններին, հիշատակեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի ելույթը, որտեղ արձանագրում է, որ Մաքսային միությունը չի աշխատում: «Եթե տնտեսական առումով Մաքսային միությանը միանալու Հայաստանի նպատակն առևտրի խթանումն է, այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ, որովհետև ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը վավերացրել է Սանկտ-Պետերբուրգում ստորագրված ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, որը ներառում է ոչ միայն այս պահին Մաքսային միության անդամ-երկրները՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, այլև ԱՊՀ մի շարք երկրներ՝  Ուկրաինան,  Մոլդովան, Ղրղզստանը, և նախատեսում է անմաքս առևտրի բավական մեծ ծավալ»,- ասաց Ն. Փաշինյանը:

Նա կարծում է, որ քաղաքական առումով էլ շատ բաներ պարզ չեն, օրինակ, թե ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի վրա Մաքսային միությանն անդամկցելը, արդյո՞ք այդ երկրների ներքաղաքկան միտումները չեն տարածվի Հայաստանի վրա: «Նկատի ունեմ մասնավորապես այն, որ վերջին 10-15 տարիներին Մաքսային միության երկրները կատարել են սահմանադրական այնպիսի փոփոխություններ, որոնք վերաբերում են նախագահի կարգավիճակին: Ռուսաստանը երկարացրել է նախագահի լիազորությունների ժամկետը՝ 4-ից դարձնելով 6 տարի, իսկ Բելառուսն ու Ղազախստանն ընդհանրապես հանել են սահմանադրական այն դրույթը, որով սահմանվում է, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում»,- նշեց նա:

Ընդդիմադիր պատգամավորը պատահական չհամարեց նաև այն, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանն անմիջապես ձեռնամուխ եղավ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախաձեռնող հանձնաժողովի ստեղծմանը: Ն. Փաշինյանը չբացառեց, որ, Մաքսային միությանը միանալով, Ս. Սարգսյանը կարող է հետապնդել ներքաղաքական նպատակներ:

Իր ելույթի վերջում պատգամավորն անդրադարձավ քննարկման վերնագրին՝ «Հայաստանի նոր ընտրությունը»՝ ասելով, որ չի կարծում, թե տեղի է ունեցել ընտրություն, որը կարել է վերագրել Հայաստանին: «Ցավոք, Հայաստանը հիմա այն վիճակում չէ, որ կարողանա ընտրություն կատարել, և պնդումները, թե ինչ-որ ուժերի նպատակը հենց սա էր, երբեմն չափազանց հիմնավոր են թվում: Նրանց խնդիրն է Հայաստանին զրկել ընտրությունից, ընտրության հնարավորությունից: Ըստ այդմ՝ մեր նպատակը պետք է լինի ուղիղ հակառակը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter