HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Հնդկական կինոյի երգերը Պարոնյանի բեմից

Երբ Պարոնյանի թատրոնի բեմից հնչեցին հնդկական երգի հնչյունները, հայ հանդիսատեսը միանգամից էյֆորիայի մեջ ընկավ՝ հիշելով սովետական ոչ վաղ անցյալում մեծ ժողովրդականություն վայելող հնդկական կինոյի երգերը:

Հնդկական կինոարտադրության՝ Բոլիվուդի 100-ամյակի կապակցությամբ և հայ-հնդկական մշակութային համագործակցության շրջանակներում, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը երեկ կազմակերպել էր համերգ՝ Բոլիվուդ գրուպի «Sugar N’ Spice» երգի և պարի խմբի համերգային ներկայացմամբ:  Բոլիվուդը  հայտնի է իր գունագեղ և ֆանտաստիկ ներկայացումներով՝ ուղեկցված կենդանի երաժշտությամբ:

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն նշեց, որ կինոարտադրությունը Հնդկաստանին բերել է միլիարդավոր դոլարների եկամուտ և այդ գործում մեծ դերակատարում ունի Բոլիվուդը:

Բոլիվուդն առաջացել է  Հոլիվուդի և Բոմբեյի խաչասերված անվանմամբ: Բոլիվուդյան ֆիլմերն ունեն մի քանի բնորոշող առանձնահակտություններ, որոնցից մեկն էլ այն է, որ ֆիլմում մեծ տեղ է հատկացվում մյուզիքլին: Սյուժեներում հիմնականում գերակշռում է չարի դեմ բարու պայքարը՝ այդ թվում սիրո, մայրության և այլ ենթատեքստերով:

70-80-ականների սերունդը լավ կհիշի, թե ինչպես էր ժամանակին «հալումաշ» լինում հնդկական կինոյի աստղ Ռաջ Կապուրի համար ու «Թափառաշրջիկից» հնչող երգերը չէին իջնում երիտասարդների շուրթերից:

Պարոնյանի բեմից հայ հին ու նոր հանդիսատեսը՝ տարիների հեռվից լսում էր այդ երգերը՝ նոր կատարմամբ: Իսկ երբ «Դիսկո պարողը» ֆիլմից հնչեց  «I am a disco dancer»-ը՝ հանդիսատեսի հուզմունքը հասավ պիկի: Դա այն ֆիլմն էր, որ Սովետական Հայասատան էր մտել 80-ականների վերջին և որի տոմսը գնելու համար երկար ու անվերջանալի հերթեր էին գոյանում Մոսկվա և Ռոսիա կինոթատրոնների տոմսարկղերի առջև:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ հայ-հնդկական հարաբերությունները շատ խորն են և միտված են առավել խորանալուն: «Այդ հարաբերությունների շրջանակներում մենք նախատեսում ենք Կալկաթայում բացել հայ անտիկ գրքերի ցուցահանդես»,- ասաց նա:

Համերգի երգիչներից  Միքի Նեռուլան «Հետք»-ին ասաց, որ տպավորված է թե Երևանից, թե մարդկանցից: «Թեպետ շատ բան չեմ հասցրել տեսնել, սակայն ինչ-որ տեսել եմ՝ տպավորված եմ և կցանկանայի համագործակցել հայերի հետ»,- նշեց նա:

Միքիի երաժշտությունը մոդեռն և հնդկական երաժշտության միքս էր: «Ես հնդկական ռագաները մատուցում եմ նոր մեկնաբանությամբ»,- ասում է նա:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, որը հոգում էր հրավիրված արտիստների կեցության ծախսերը: Դեսպան Սուրեշ Բաբուն հայ արտիստներին հրավիրեց Հնդկաստան՝ փոխադարձ այցելության:

 

Լուսանկարները՝ Ինգա Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter