HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ոստիկանությունը ստուգում է ԿԳՆ-ի լիցենզավորած կրթությունը և կտրում քննությունից

«Բերկուտ» ուսումնական քոլեջն ավարտած հինգ պահնորդներ, ովքեր կտրվել էին սեպտեմբերի 13-ին ոստիկանության կազմակերեպած լիցենզավորման քննությունից, երեկ նամակ էին հղել ՀՀ նախագահին` իրենց լիցենզիա ստանալու կարգը հեշտացնելու խնդրանքով: Նամակի տակ ստորագրել էր հինգ հոգի, սակայն «Բերկուտ»-ի տնօրեն Վահագն Հարությունանի հետ զրույցում պարզվեց, որ քննությունից կտրվել են քոլեջում կրթություն ստացածների կեսից ավելին` 30 հոգի: «50 հոգի քննություն է հանձնել, 30-ը կտրվել է: Հինգ-վեց հոգին է նամակը գրել, բայց մնացածն էլ համակարծիք է գրողների հետ»,- հավաստեց տնօրենը:

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքի»` 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն`  պահնորդները պետք է որակավորման դասընթացներ անցնեն լիցենզավորված կրթական հաստատություններում, ապա աշխատելու նպատակով ստանան լիցենզիա ոստիկանության կողմից: Պետական ուսումնական հաստատություններից պահնորդական կրթություն տալիս է միայն ոստիկանության կրթահամալիրը, իսկ մասնավորներից ԿԳՆ-ն լիցենզավորել է «Բերկուտ» քոլեջը և «Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիան»:

Քննությունից կտրված և նախագահին նամակ հղած պահնորդները ոստիկանության կրթահամալիրի փոխարեն ընտրել էին «Բերկուտ քոլեջը» և անցել 12-օրյա վերապատրաստում: Կտրվողների թվում են ոստիկանության սպայական կազմի նախկին աշխատողներ, փոխգնդապետներ, մայորներ, ովքեր անցել էին թոշակի և աշխատում էին մասնավոր պահնորդական ծառայություններում` նշում է Վ. Հարությունյանը:  Սեպտեմբերի 13-ի քննությունից կտրվելով` նրանք չեն կարող աշխատել, իսկ վերահանձնելու իրավունք ունենալու են երկու ամիս հետո:

«Մինչ օրս մենք, պահնորդ աշխատելով, հոգացել ենք մեր կարիքները, վճարել հարկերը, սովորել քոլեջում պահնորդի գործ, իսկ այժմ զրկվում ենք մեր աշխատանքից և մեր ընտանիքների կարիքները հոգալու հնարավորությունից»,- գրել էին պահնորդները` նախագահին ուղղված իրենց նամակում:

«Ես չեմ կարող ասել` սա դեպի ուր է տանում, բայց եթե շարունակվի որակավորման այսպիսի մոտեցումը դեպի պահնորդները, հնարավոր է` շատ-շատ մարդիկ ուղղակի այդ 80 դրամ աշխատավարձից էլ զրկվեն ու լքեն Հայաստանը»,- ավելացնում է «Բերկուտի» տնօրենը: 

Թեև քոլեջը լիցենզավորող մարմինը կրթության և գիտության նախարարությունն է, սակայն ավարտական քննություններին ԿԳՆ-ից ներկայացուցիչ չի լինում` նշում է Վ. Հարությունյանը: Տնօրենի կարծիքով` պետք  է փոխվի պահնորդներին լիցենզիա տրամադրելու գործընթացը, իսկ առաջարկը հետևյալն է. «Եթե մենք լիցենզավորվել ենք կրթության և գիտության նախարարության կողմից, ուրեմն  թող մեր լիազոր մարմինը լինի անմիջապես կրթության նախարարությունը, այսինքն` իրենք գան, նստեն և մասնակից լինեն քննությանը, այլ ոչ թե էստեղ մի հատ հանձնեն, ստանան վկայական, հետո մի հատ նորից գնան ոստիկանություն, այնտեղ քննություն հանձնեն և այսպիսի պատկեր ստեղծվի»:

Վ. Հարությունյանի խոսքով` քոլեջն իր տված կրթությամբ չի զիջում ոստիկանական կրթահամալիրին, ավելին` քննության 50 հարցաշարերը կազմելը ԿԳՆ-ի կողմից իրենց է լիազորված եղել: «Իհարկե ցանկացած ուսումնական հատատություն ավարտելիս կան լավերը և կան վատերը: Բնականաբար, մարդիկ կլինեն, որ կդժվարնան պատասխանել այդ հարցաշարերին, բայց եթե նրանք զրո լինեին, մեր քոլեջը նրանց ավարտական վկայականներ չէր տա: Նրանք սկզբում մեզ մոտ են քննություն հանձնում, հետո` ոստիկանությունում»,- ավելացրեց տնօրենը:

Լուսանկարը` «Բերկուտ» ուսումնական քոլեջի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter