HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Հայաստանը լավ երկիր է, եթե թողնեն` աշխատես, իսկ չթողնել չկա»

«Առավոտ` ութ անց կես, էստեղ մարդ եմ տեսել, նստած փողոցում` խմում է: Եթե ես նախագահի տեղն ըլնեմ, ամենին կկախեմ, ամենի՛ն կկախեմ: Կամ ժամը չորսին երիտասարդ մարդիկ նստած են բակի մեջ խմիչքով, չեմ ասում` ես չեմ խմում: Բայց ամեն ինչը ժամ ունի, ձև ունի»,- ասում է սփյուռքահայ Ժորես Փանոսյանը: Մոտ մեկ տարի է արդեն, ինչ նա ընտանիքով՝ կնոջ և տղայի հետ, Իրանից տեղափոխվել է Հայաստան:

Երևանում են ապրում: Աբովյան քաղաքում Ժորեսը խմորեղենի գործարան է բացել այստեղ բնակվող զարմիկի հետ: Սկսել են աշխատեցնել: Կինը՝ Հիլդան է թխում խմորեղենների մեծ մասը և ամեն օր գնում է Աբովյան աշխատանքի: Երևանում բացած իրենց խանութ-սրճարանում էլ վաճառում են խմորեղենը:

«Էստեղ տաքսի ես նստում, վարորդն ասում է՝ ես այսինչի պետն եմ եղել, շեֆ եմ եղել, սենց եմ եղել, նենց եմ եղել… Խի հե՞ր ես եկել, հիմա տաքսի քշում: Ասում է՝ դե, աշխատանք չկա: Ախր ի՞նչ ասեմ ես էդ քոմունիստինը,- շարունակում է Ժորեսը,- առավոտ վեր եք կացեր, ուղիղ գացեր եք մի հատ աշխատավայր, էդտեղ աշխատեր եք, ձեր աշխատավարձը առեր եք, տարին էլ մի ամիս մուֆթա հանգստացեր եք»:

Ժորեսը չի հասկանում` ինչպես կարելի է այդքան երկար հանգստանալ, ասում է` արդեն մեկ տարի երկու-երեք ամիս Հայաստանում աշխատում է, բայց դեռ մի օր չի հանգստացել: «Եթե տղամարդը էդքան հանգստանալու համար կմտածի… Հե՞ր է պետք ինձի հանգստանալ»,- հարցնում է նա:

Ժորեսի խանութի կողքին «Գրանդ Քենդիի» խանութներից մեկն է, բայց, ասում է, դա իրեն չի խանգարում, իրենց տորթը «լրիվ տարբեր է»: Թվում է տարբերությունները. «Կաթի փոշի կամ ձվի փոշի ոչ մի անգամ չենք օգտագործում, համեմունքները լրիվ  բերում եմ Պարսկաստանից: Չես հավատա, որ ներս ես մտնում Սպահանի համեմունքների շուկան, մէ քիչ որ անցնում է, մէ տասը րոպե, իրոք հարբում ես էդ հոտից. էդքան որակով է: Մեր զաֆերանը, դարչինը, հելը… Դրանք ամենը ես բերում եմ: Կարագ շատ ենք օգտագործում: Ամենը մարգարին են խփում, մենք չէ»:

Իրանից է բերում նաև սոդան: Ասում է` մեր շուկայում վաճառվող ռուսական սոդան որակ չունի: «Մէ շաբաթ բեռս ուշ հասավ, սոդան էստեղից առանք, խմորեղեններս լրիվ համ էր տալիս ու հոտ,- պատմում է նա,- էդ ի՞նչ սոդա է, հլը էստեղի ընտիրն է ռուսականը»:

Կինը` Հիլդան խմորեղենի մասնագետ է: Գործարանում երկու հոգու աշխատանքի են վերցրել, բայց խմորեղենի մեծ մասը Հիլդան է թխում: Հիմա Ժորեսը որոշել է Հիլդայի «ուսերից բեռը վերցնել» ու ևս մեկ աշխատող ընդունել: Ասում է` ինքն էլ Հիլդային հավասար գործարանում գործ է անում: «Շատ օրեր կտեսնես ինձի, գոգնոց կապած խմոր եմ անում, վառարանի միջից  խմորեղեն եմ հանում, պետք է լինում, աման եմ լվում, գործից ոչ վախենում եմ, ոչ ամաչում»: Ժամը տասնութից հետո Աբովյանի գործարանից գալիս է Երևան, որ երեկոյան փոխարինի խանութի վաճառողուհուն:  

Լավ երկիր է Հայաստանը, եթե թողնեն աշխատել` ասում է Ժորեսը, իսկ «չթողնելը չկա, պետք է դժվարությունը ջարդես, դնես մի կողմ»:  Նկատել է, որ երբ բիզնես ես սկսում, հարկայինը մի քիչ սեղմում է, բայց մտածում է` բոլոր երկրներում է էդպես: «Որ ասում են մաֆիա, դու մաֆիան արի Պարսկաստանում տես: Պատկերացնում ես՝ Պարսկաստան հիմա տուն կա, որ 55 միլիարդ թուման ունի, էստեղ ասում են՝ Սաշիկը ամեն գործի վրա ձեռքը դրել է, չէ, բայց էնտեղ էլ հենց տենց է, մոլլաները ամենը բաժանել են իրար մեջ»,- ասում է նա:

Հարկայինն արդեն 1200 դոլար տուգանել է Ժորեսի խանութը: «Բայց թուլությունը մեզանից է եղել,- չի դժգոհում նա,- մեր հաշվապահը հաշիվները ճիշտ չէր արել, ժամանակին հարկը չէր տվել, սենց էկել, կուտակվել էր իրար վրա»: Նրա կարծիքով` Հայաստանը հարմար երկիր է հենց փոքր բիզնես դնելու համար: Պարսկաստանից Հայաստան տեղափոխվելու պատճառը հենց այն է եղել, որ կարողանա իր գործը դնել, ինչը Թեհրանում, ասում է, անհնար էր:

Թեև Իրանը 75 միլիոն ժողովուրդ ունի և «քար էլ դնես սառնարանում»` կծախվի, բայց այնտեղ փոքր խանութ դնել չի լինում, բոլորը մեծ բիզնեսներ ունեն` ասում է Ժորեսը: «Հարուստ երկիր է Պարսկաստանը: Հարուստ որ ասում եմ, շա~տ հարուստ է: Ես մի բան ասեմ, կարող է չհավատաս, պատկերացրու, սարի փեշը ճաքեր է, նավթ է դուրս ելնում: Ես իմ աչքովս եմ տեսել: Աշխարհի մեջ միակ տեղն է, որ հողը վերցրու, պղինձ է, կարիք չկա գետինը քանդել: Հարստությունը շատ-շատ է Պարսկաստանում, չես կարողանում դիմանաս»,- ասում է նա: Ավելացնում է, որ Հայաստանում տարածք վարձակալելն էլ է էժան. եթե այստեղ խմորեղենի խանութի վարձակալության համար 1200 դոլար է վճարում, ապա նույն տարածքի համար Իրանում կտար 3000 դոլարից ոչ պակաս:

Ասում է` չի ուզում վատաբանել Իրանը, այնտեղ էլ լավ էր, հայերն ունեն իրենց դպրոցները, եկեղեցիները, ոչ մի ճնշում չկա, բայց ուզում է, որ Արենը` տղան Հայաստանում մեծանա:

«էլ ոչ մի ժամանակ Հայաստանից չեմ գնա, եթե դրությունը մի քիչ լավանա և առևտուրը շատանա: Ազատ երկիր է: Դու էս հագուստով Պարսկաստանում չես կարող դուրս գալ, չադրա պիտի հագնես, խմիչք չես կարող խմել: Պարսկաստանը նարկոտիկը ահավոր շատ է: Միլիոն ձևի նարկոտիկ կա էնտեղ, ինչ ձև ուզես: Մի տեսակ կա, որ եթե մարմինդ շատ ուժեղ էլ էլնի, երկու տարի ես հազիվ դիմանում, հետո մահանալուց մարմինը չեն լվանում, որովհետև քանդվում է: Աղջիկները շատ վատ դրության մեջ են: Իրավունք չունի հանգիստ դուրս գա, շատ կողպ է, ամեն ինչը տուների մեջ է, տուների մեջ էլ ամեն ինչ պատահում է», -պատմում է Ժորեսը:

Ասում է` իր «ազգուտակի մեծ մասը»` հորեղբայրներից մեկը, հորեղբոր տղաները, հորաքույրը տեղափոխվել են Ամերիկա: Բայց ինքը չի ուզում գնալ, որովհետև Ամերիկայի կյանքն իր «մտքի մեջ չի տեղավորվում»:

«Հորեղբորս թոռը մի քսան օր առաջ եկել էր Հայաստան բասկետբոլի խաղերի, անգլերեն է խոսում, չի կարողանում էդ էրեխեն հայերեն խոսի,- ասում է նա,- կամ իմ մտքերիս մեջ չի, որ եթե օրերից մի օր ներս մտնեմ, Արենը ինձի չբարևի կամ տեղից չշարժվի: Մե քիչ իմ համար ծանր է տենց բաները: Կարող է՝ սխալ եմ, չեմ ասում ճիշտ եմ, բայց… Հիլդան էլ չի սիրում»:

Արենը հիմա Իրանի դեսպանատան դպրոցում է սովորում: Ժորեսը նրան անցած տարի տարել է իրանական դպրոց, որ եթե հանկարծ ուզեր վերադառնար Իրան, Արենը դպրոցից հետ չմնար: «Բայց էս տարի, որ ոտքիս տակ պնդացավ, կբերեմ հայկական դպրոց»,-ասում է նա:

Մտածում է բացի խմորեղենի վաճառքից ուրիշ գործ էլ սկսել. «Բա պետք է անես, որ ապրես: Լավ, ես հինգին էրթամ տուն, դու կգա՞ս ինձի երկու կոպեկ փող տաս, ես պետք է աշխատեմ, որ ընտանիք պահեմ, վերջ»: 

Մեկնաբանություններ (5)

Աննա
Երեւանում խանութը ո՞ր փողոցի վրա է, անունն ի՞նչ է.....անպայման պիտի այցելեմ: Շնորհակալություն, Ժորես, Հիլդա...հիացանք ձեր մասին կարդալով: Առողջ եղեք ու հաջողակ:
drizzle
էս ինտերվյուից հետո հարկայինը երևի փողերդ հետ վերադարձնի, ավելի բարձր ատյաններն էլ` պարգևատրեն... Welcome to Armenia!
Սարդ
Կասյան-Կոմիտաս հատվածում է և անունն էլ Փամոնա է:
Ed
Mek tarov Hayastan ei aytselel, ...karotel ei tnakan dzevov sarqadz khmoreghenner@. Yerevanum ham spasarkman vorakn e shat-shat vat, ham el uteliqneri. Yerani im Hayastan yeghadz jamanak ays khanut@ batsvadz liner.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանում հարկային ծառայությունը ես նմանեցնում եմ սոված ու անկուշտ բորենիների/հիենաների ոհմակի հետ:Ինչպես գիտեք,հիենաները հիմնականում սնվում են լեշերով կամ ուրիշների կողմից արդեն սպանված կենդանիներով. ոհմակներով հարձակվում են մեծ կատվազգու որսի վրա ու խժռում: Հիենաները մեծ հեռավորություններից արյան/լեշի հոտն առնելու կարողություն ունեն ու մի հիենա միանգամից մինչև 150 կգ միս կարող է արագ լցնել ստամոքսը:......................................................... Այսօր Հայաստանում,ՊԵՏԱԿԱՆ մակարդակով,ամեն ինչ արվում է,որ ԱՆԿԱԽ փոքր-միջին ու միջին բիզնեսներ ՉԶԱՐԳԱՆԱՆ: Օլիգարխիային միացած Հայաստանի իշխանությունները ՎԱԽԵՆՈՒՄ են,որ ԱՆԿԱԽ տնտեսական ուժերը կարող են վերածվել ԻՐԵՆՑ ԴԵՄ քաղաքական ուժերի: ՍՅՈՒՆԻՔՈՒՄ դասական ՀԱՆՔԱՅԻՆ ՄԱՖԻԱՆ է բոլոր պետական հաստատությունների հսկիչ-կառավարիչը:...................................................Ես ուրախ եմ,որ տարածաշրջանի ՀԵՏԱՄՆԱՑ երկրներից հայերը գալիս են Հայաստան: Բայց Իրանի պես երկրներից եկած հայերը իրենց հետ ՆՈՐ ու առաջադիմական ՔԱՂԱՔԱԿԱՆ արժեքներ ՉԵՆ ԲԵՐՈՒՄ: Խմորեղեն սենց թե նենց էլի մի խանութից կառնես.մի խմորեղենի խանութ Երևանում ավել թե պակաս. ո՞րն է տարբերությունը :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter