HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Նոր մշակույթների ձևավորումը քաղաքացիական շարժումներում. Ռուզաննա Գրիգորյանի տեսակետը

Եթե քաղաքացիական ակտիվիզմը որոշ մարդկանց համար կարող է ձանձրալի, անհասկանալի ու հատկապես անհետաքրքիր թվալ, ապա դա բոլորվին այդպես չէ Ռուզաննա Գրիգորյանի համար, ով համացանցում առավել հայտնի դարձավ «Ծաղրը որպես քաղաքացիական պայքարի ձև» ակցիայի ժամանակ:

Քաղաքապետարանի դեմ ընթացող ակցիաներից մեկի ժամանակ նա հայտնվեց խաղալիք ատրճանակով՝ հագուստի վրա ծաղրածուի ատրիբուտներ, դրանով ընդգծելով իշխանության և նրան պաշտպանող ոստիկանության գործողությունների անհեթեթությունը։

Բանաստեղծ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ դա Ռուզաննային հատուկ է՝ չափազանց լուրջ ակցիաներից հետո հումորային իրավիճակին փոխակերպվելը:

«Դրանով նա պայքարի մեջ դրական էներգետիկա է դնում,- ասում է նա,- ցանկացած գործողության մեջ Ռուզիկը տեսնում է, թե ինչ կա դրան զուգահեռ տիրույթում և կարողանում է կյանքը փոխել մշակույթով»:

Ռուզաննան «Հետքին» ասում է, որ քաղաքացիական ակտիվ վիճակը բավական ծանր է ու երբեմն հյուծելու աստիճան հոգնեցնում է՝ անվերջ անքուն գիշերների ու ազատ ժամանակի հաշվին արված գործերի պատճառով, սակայն շատ կարևոր է պահպանել բալանսն ու դրական էներգիա կուտակել:

«Որովհետև եթե դու դրական, ստեղծագործ ու կենսուրախ վիճակում չլինես, ոչինչ չես կարող փոխել,- ասում է նա,- հոգնած, ձանձրացած ու հիասթափված մարդը չի կարող ոչինչ փոխել»:

Հայաստանում քաղաքացիական ակտիվի առաջին բուռն ալիքը ակցիաների տեսքով եղել է 2010թ.՝ Մոսկվա կինոթատրոնի Ամառային դահլիճի պահպանման համար, երբ Մայր Աթոռն այն ուզում էր քանդել՝ տեղում սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի կառուցելու համար: Դրանից հետո բազմաթիվ խմբեր ու շարժումներ ստեղծվեցին, որոնցից ամենանշանակալիցը, թերևս, Մաշտոցի պուրակն էր ու «Հարյուրի» շարժումը, որոնք ևս պսակվեցին հաղթանակով:

Ռուզաննան Հայաստանի զարգացման համար չափազանց կարևորում է քաղաքացիական շարժումները, որովհետև բացի այն, որ դրանք համակարգում խնդիր են ձևակերպում ու հարց լուծում, նաև ստեղծում են նոր մշակույթներ, օրինակ՝ երիտասարդների ինքնուրույն կեցության մշակույթը:

«Շատ աղջիկներ քաղացիական շարժումների շրջանակներում սկսեցին ծնողներից առանձնանալ և ինքնուրույն կազմակերպել իրենց կյանքը»,- ասում է նա:

Ռուզաննան ինքը արդեն մի քանի ամիս է, որ մեկ այլ ակտիվիստի՝ Լենա Նազարյանի հետ միասին բնակարան է վարձել և ինքնուրույն տնտեսություն է վարում: Նոր բնակարանում, որտեղ դեռ նոր են տեղափոխվել, իրերը դեռևս ցաքուցրիվ են, իսկ արանքներով վազվզում է կատվի պսլտիկ ձագուկը: Բուռն հասարակական կյանքին զուհագեռ հասցնում են նաև կենդանուն խնամել, որին գտել են շենքի բակում:

Ռուզաննան նշում է, որ քաղաքացիական շարժումներում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում կին-տղամարդ հարաբերություններում, որովհետև այնտեղ անհատը հանդես է գալիս ազատ մտածող քաղաքացու դիրքից, որը դուրս է սովորական մշակութային ընդունված ձևերից:

«Այստեղ կանանց և տղամարդկանց միջև իրական իրավահավասարություն կա,- մեկնաբանում է նա,- այնպես չէ, որ մի քանի «խելոք, ուժեղ, լիդեր» տղաներ ամեն ինչ որոշում են և նրանց հետևում են կատարողները»:

«Այստեղը» այնքան էլ վերացական չէ, ինչքան կարող է թվալ: «Այստեղը», օրինակ, Մաշտոցի պուրակում ստեղծված քաղաքացիական ամբիոնն էր, որը ազատ խոսք իրացնելու տարածք էր: Դա մի ժամանակ էր, երբ քաղաքը մասնակցում էր քաղաքային կյանքին. շաբաթվա ընթացքում հավաքվում էին մշակութային գործիչներ, արվեստագետներ, մարդիկ, ովքեր ասելիք ունեին ու քննարկումներ էին կազմակերպում:

Ռուզաննայի համար Մաշտոցի պուրակի շարժումը իշխանության մի ձև էր, որը չէր ենթարկվում գործող իշխանությանը: «Դա գործող իշխանությունների ազդեցությունից դուրս գտնվող մի փոքրիկ իրականություն էր, և հենց այն բերեց հաղթանակի»,- ասում է նա:

Ընդսմին, նա կարևորում է ոչ թե հաղթանակը, այլ պրոցեսը, ընդ որում՝ երկարաժամկետ պրոցեսը, երբ կա տեսլական ու դրան հասնելու ճանապարհը վերածվում է կենսակերպի:

«Դրա արդյունքում դու սովորում ես հասարակական կյանքում ստեղծագործել,- ասում է Ռուզաննան,- դա անդադար գործողություն է, որին հաջորդում է ռեֆլեսքսիան, գործողություն և ռեֆլեքսիա: Դրանք զուգահեռաբար են ընթանում և լրացնում են մեկը մյուսին: Մտածում ես, գործում ես, խոսում ես տարբեր մարդկանց հետ, դրսից, ներսից, քեզ նման, քեզանից տարբերվող այլ աշխարհայացքով։ Սա անընդհատ շարունակական պրոցես է»:

Ռուզաննան աշխատում է չմիանալ այնպիսի շարժումների, որտեղ տեսնում է պրոցեսի վրա արմատական ազդեցություն ունենեցող հստակ ուղղորդում, քանի որ քաղաքացիական շարժումների ամենակարևոր նախադրյալը և քաղաքացիական կոչվելու համար գործոնը անկախ լինելն է:

«Դու պիտի անկեղծ լինես ինքդ քո առաջ և եթե քաղաքական ամբիցիաներ ունես, ապա հռչակի , որ դու ուզում ես լինել այդ մարդը և եղիր այդ մարդը»,- ասում է նա:

Ռուզաննան նախաճաշի սեղան է պատրաստում՝ հնըթացս ներկայացնելով քաղաքացի եզրի վերաբերյալ ունեղած ընկալումները: Նա շեշտում է, որ մեր իրականությունում առկա խնդիրների մի մասը կապված է հասարակությունում առկա պատրիարխալ ընկալումների հետ. «Բնակչության 52 տոկոսը կին է, իսկ 48 տոկոսը՝ տղամարդ, բայց մեր կյանքի կազմակերպումն ու կարևորագույն որոշումների ընդունումն իրականացվում է տղամարդկանց կողմից, քանի որ այդպես է գործում համակարգը»:

Ռուզաննան ցանկանում է ապրել մի երկրում, որտեղ բոլորը կարող են մտածել տարբեր ձևով և ունենալ միմյանցից տարբեր կարծիքներ, բայց լինեն իրավունքներով և ազատություններով իրար հավասար և հարգեն այդ ազատությունները:

«Դա է երջանիկ հասարակության գրավականը,- մեկնաբանում է նա,- հակառակ դեպքում ինչ-որ խումբ լինելու է արտոնյալ և ճնշելու է այլ խմբերին. Այսինքն՝ մի խմբի երջանկությունը լինելու է մյուսների հաշվին»:

Քաղաքացիական շարժումներից դուրս Ռուզաննան գիտաշխատող է Ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության բաժնում. մասնագիտությամբ բժիշկ է, կրթություն ստացել է սկզբնապես Բժշկական, ապա Ամերիկյան համալսարանում: Աշխատում է մի նախագծում, որը գնահատում է ծանր մետաղներով աղտոտվածության ազդեցությունը մարդկանց առողջության վրա:

Ռուզաննան սիրում է ճանապարհորդել և մագլցել բարձրաբերձ լեռները: «Բայց իմ ամենամեծ կիրքը ճանաչողության կիրքն է,- ասում է նա,- ճանաչել ինքդ քեզ ու քեզ շրջապատող աշխարհը: Ու այդ իմաստով քաղաքացիական ակտիվիզմը շատ օգտակար է»:

Նրա ակտիվությունն սկսվել է Թռչկանի պայքարից հետո, երբ հասկացել է, որ մարդկային մի՝ թեկուզ փոքր խումբ կարող է հավաքվել ու հարց լուծել. «Դա շատ մեծ մոտիվացիա է տալիս»:

Մինչ կսկսենք նախաճաշը, կատվի ձագուկը բարձր մլավոցով պահանջում է իրեն ևս կերակրել, ու մենք նորից տեղափոխվում ենք խոհանոց: Նրա համար հատուկ հավի միս կա խաշած, որը Ռուզաննան թել-թել է անում՝ շարունակելով էնտուզիազմով լի մտքեր ճառագել առ այն, որ ցանկացած խնդրի վերաբերյալ, եթե անձնականության աստիճանի անկեղծ ձևակերպում և մոտեցում լինի՝ ապա այդ հարցն անպատճառ կլուծվի:

«Ամեն հարցի շուրջ եթե մի 5 հոգի լինեն, որոնք հարցը համարեն իրենց անձնականը և մինչև վերջ հետևողականորեն կանգնեն դրա համար, այդ հարցը կլուծվի»,- ասում է նա՝ հավի միսը լցնելով կերակրամանի մեջ, որը արագորեն դատարկվում է:

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն ասում է, որ Ռուզաննան, փաստացի, իր գործունեությամբ Հայաստանում նոր պրակտիկաներ ձևավորող անհատներից է, քանի որ իրացնում է ակտիվիզմը որպես ապրելակերպ ու մտածելակերպ, որը մղվում է ներսից դեպի դուրս՝ անհատականից դեպի հանրային:

«Ներքին մղումից բխող ակտիվությունը շատ կարևոր է,- մեկնաբանում է նա,-սա շատ էական, զարմանալի ու հաճելի մարդկային հատկանիշ է, որը հատուկ է նրան, ու կարծում եմ, որ այդտեղից է գալիս այն զարմանալի ազատության զգացումն ու ոգու ուժը, որը փոխանցվում է իր շրջապատին»:

Ակցիաների ժամանակ ոստիկանությունը Ռուզաննային մի քանի անգամ բռնի ուժով տարել է. արմունկների վրա կապտուկներ կան, սակայն դա նրան որևէ կերպ չի կարող հետ պահել իր բռնած ուղուց:

Մենք արդեն թեյում ենք, իսկ պստլիկ կատվիկը գոհունակությամբ մռլտալով քուն է մտնում մոտակա աթոռին, ու այդ տեսարանից Ռուզաննայի հայացքը պայծառանում է:

«Ուշ ժամի որ գալիս ենք տուն՝ այ սենց օրորվելով ու կիսափակ աչքերով գալիս է դիմավորելու,- ասում է նա,- իսկ քնելուց էլ ինքն է որոշում, թե որտեղ քնի. մի օր բաց ճամպրուկի մեջ էր քնել»:

Իսկ նրանք ուշ ժամի կարող են տուն գալ օրեր շարունակ, քանի որ բոլորի համար ընդունելի որոշման հանգելը չափազանց դժվար ու ահռելիորեն ժամանակատար պրոցես է: «Դա նաև ձևավորում է իրար ընկալելու և հակափաստարկներ լսելու մշակույթ,- ասում է նա,- հակառակ պարագայում մարդիկ պրոցեսից դուրս կմնան»:

Մենք շարունակում ենք քննարկել, թե ինչպես կարելի է հասնել փոփոխությունների և որն է առավել ճիշտ տարբերակը: Զրուցակցիս կարծիքով փոխելու լավագույն ձևը տվյալ պարագայում ոչ թե քանդելն է, որը կբերի պարտության, քանզի դա այն դաշտն է, որտեղ պայքարում ես քեզնից ուժեղի դեմ, այլ նոր՝ իշխանությունից անկախ ու լրիվ այլ նշանային համակարգով մշակույթի ստեղծումը:

«Փաստացի դու ստեղծում ես մի նոր բան, և այդ նորը հնի առաջ երկու հնարավորություն է դնում. կամ նորանալ, որպեսզի հասկանա քո նշանային լեզուն ու սկսի խոսել քեզ հետ, կամ էլ ինքնաբերաբար քանդվի ու շարքից դուրս գա՝ փոխարինվելով նորով»,- մեկնաբանում է նա:

Ինչ վերաբերվում է ավանդական հայ օջախի գաղափարին՝ նա բոլորովին էլ դեմ չէ դրան, պարզապես կարծում է, որ յուրաքանչյուր ընտանիք ինքը պիտի պատկերացնի, թե ինչպիսին է ուզում լինել:

«Պարզապես պիտի լինի ընտրության հնարավորություն, այլ ոչ թե պարտադրվի ավանդական մոդելը,- մեկնաբանում է նա,- ինչքան ընտանիք կա Հայաստանում, այդքան էլ մոդել կարող է լինել: Ինչ-որ կանայք կարող են ընտրել այդ մոդելը, սակայն դա չի նշանակում, որ մնացած 1.5 մլն կանայք պիտի ապրեն այդ նույն կերպ»:

Լուսանկարները՝ Ռուզաննա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter